3 Դեկտեմբեր, Գշ
- Հա՛յր, թեպետև հասկանում եմ, թե աղոթքը որքան օգտակար է, սակայն չեմ կարողանում մշտապես աղոթել:
- Երբ դժվարանում ես աղոթել, կամացուկ սաղմոսերգիր: Դա նույնպես աղոթք է: Սաղմոսերգությունը մեղմում է սիրտը, քաղցրացնում ու ջերմացնում իր հոգևոր էներգիայով: Եվ այդկերպ լավագույն պայամաններն է ստեղծում, որպեսզի մարդը ախորժի աղոթքը: Մի քիչ ընթերցանությունը, ջերմեռանդ աղոթքը, երկրպագությունները, սաղմոսերգությունը ինձ համար լծակ են հոգևոր կյանքում:
- Հա՛յր, ձեռագործով զբաղվելիս չեմ աղոթում, թեկուզ և շուրջս լռություն լինի:
- Ձեռագործով զբաղվելիս աշխատիր որքան հնարավոր է աղոթել ու մեղմիկ սաղմոսերգել: Հիմա, մի որոշ ժամանակ, ձեռագործիդ մեկ երրորդի ընթացքում նաև աղոթիր, իսկ մնացած երկու երրորդի ընթացքում այն շարականները երգիր, որոնք քեզ դուր են գալիս: Այդպիսով Աստծու շնորհը կպահպանես քո մեջ:
- Հա՛յր, երբ սրտնեղած եմ լինում, կոպիտ եմ վերաբերվում քույրերին, իսկ հետո ավելի եմ սրտնեղում իմ վատ պահվածքից:
- Մեղմիկ սաղմոսերգությունը քեզ շատ կօգնի: Կամացուկ երգիր, երբ խցում ես և երբ հնազանդություն ես կատարում: Սաղմոսերգությունը խաղաղեցնում է հոգին: Այն անգամ վայրի գազաններին է սանձում, իսկ մարդուն՝ առավել ևս: Երբ առյուծը կամ գայլը սաղմոս են լսում, գառնուկի պես լուռ նստում են: Նկատի չունեմ, թե դու վայրի ես, սակայն բանսարկուն ճնշված վիճակիցդ օգտվելով՝ քեզ դրդում է քույրերին վատ վերաբերվելու: Ուստի, եթե կամացուկ երգես՝ բերկրանք կզգաս սրտումդ և արդեն այլկերպ կնայես քույրերին՝ սիրով:
- Հա՛յր, երբ խորհուրդներիցս սրտնեղում եմ, այլևս չեմ կարողանում ո՛չ կարդալ, ո՛չ աղոթել:
- Իսկ չե՞ս կարող մեղմիկ երգել: Նման դեպքերում, երբ մարդը երգում է, նմանվում է հողագործի, որը պետք է կիզիչ արևի տակ ցորենի արտը հնձի, որում նաև փշեր են աճել, և հողագործն աշխատանքը միշտ երգով է սկսում: Երգով նա մոռանում է ծանրությունը և աշխատանքն արդեն ուրախությամբ է ավարտում: Հավաքած սակավ բերքն էլ նրան օգուտ է բերում, և նա այլևս ծանրություն չի զգում:
- Հա՛յր ժամանակ առ ժամանակ ինչ-որ ծանրություն եմ զգում հոգումս: Փորձությունի՞ց է:
- Գիտե՞ս՝ ինչ արա: Երբ այդ ծանրությունն ես զգում, նշանակություն մի՛ տուր, այլ ասա. «Огорчися, ад, огорчися!»(1) և մեղմիկ երգիր: Այդկերպ փորձությունը կհեռանա: Սուրբ Հովհաննես Սանդուղքն ասում է, որ սաղմոսերգությունը վանականի զենքն է, որը հեռու է վանում թախիծը (2): Ես էլ եմ խորհուրդ տալիս հոգևոր զանազան երգեր երգել նրանց, ովքեր փարձության կամ վշտի մեջ են:
- Հա՛յր, երբեմն մի կպչուն անպատշաճ միտք է այցելում ինձ: Ինչպե՞ս այն հեռու վանեմ:
- «Достойно есть»-ը(3) երգիր և կտեսնես, թե բանսարկուն ինչպես է իր եղած-չեղածով չքվում: Սաղմոսերգությունը արհամարհանք է սատանայի նկատմամբ:
1. Տե՛ս՝ Иоанн Златоуст, Слово на Святую Пасху. PG 59, 723.
2. Տե՛ս՝ Ἀγίου ´Ιωάννου τοῦ Σιναῖτου. Κλῖμαξ. Λόγοσ ΙΓ´ παρ. μ´, ί Σ.81.
3. Սուրբ Աստվածածին նվիրված ուղղափառ աղոթք (թրգմ.):
Պաիսիոս Աթոսացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը