Գրքեր

Սարկաւագական ձեռնադրութիւն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Դեկտեմբերի 25-ին` Սուրբ Ստեփանոս նախասարկաւագ եւ առաջին մարտիրոսի տօնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցուեց սուրբ եւ անմահ Պատարագ, որի ընթացքում կատարուեց նաեւ սարկաւագական ձեռնադրութիւն:

Նախորդ օրը` երեկոյեան ժամերգութեան ընթացքում, տեղի ունեցաւ կիսասարկաւագութեան եւ դպրութեան տվչութեան արարողութիւն: Դպրութեան աստիճան ստացան Գեւորգեան հոգեւոր ճեմարանի տասներկու եւ Քահանայից պատրաստութեան լսարանի երեք ուսանողներ:

Տօնի առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում օրհնութեամբ Ամենայն Հայոց Հայրապետի Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Յակոբեանի ձեռամբ սարկաւագական ձեռնադրութեան արժանացան Գեւորգեան Հոգեւոր ճեմարանի քսան սաներ, ինչպէս նաեւ մէկական սպասաւոր` Արարատեան Հայրապետական թեմից եւ Գեղարդաւանքից:

Ձեռնադրութիւնից յետոյ Սրբազան Հայրը հաւատաւոր ժողովրդին ներկայացրեց տօնի խորհուրդն ու Ս. Ստեփանոսի նահատակութեան պատմութիւնը:

Սրբազանն այս առիթով շնորհաւորեց նաեւ իր անդրանիկ ձեռնադրեալներին եւ Հայ Եկեղեցու ողջ սարկաւագաց դասին: Այնուհետեւ անդրադառնալով սարկաւագական կոչմանն ու ծառայութեանը` Հովնան Սրբազանը մասնաւորաբար նշեց. «…Հոգեւոր աստիճանը փառքի, ինչքեր կուտակելու, հպարտութեան աստիճան չէ, այլ` խոնարհութեան, ծառայութեան եւ նուիրումի: Սարկաւագական աստիճանն ընկալւում է ոչ միայն քարոզչութիւն անելու, Սուրբ Սեղանին ծառայութիւն բերելու առումով, այլ նաեւ` ժողովրդի մէջ առաքելական շնորհը փոխանցելու, դիակոնիայ անելու, ծառայութիւն մատուցելու, անհաւատներին դէպի Եկեղեցի բերելու, փոքրերին Աստծու Ս. Տաճարը առաջնորդելու, հիւանդներին, հաշմուածներին, բանտարկեալներին, տարէցներին այցելելու համար, ինչպէս նաեւ` ծառայութիւն մատուցելու այն բոլոր անձանց, ովքեր ունեն Աստծոյ խօսքի կարօտը»: Մայր Աթոռի լուսարարապետը սարկաւագներին յորդորեց այս գիտակցութեամբ նուիրեալ ծառայութեան ուխտ անել եւ իրենց կեանքը բոլորանուէր կերպով ի սպաս դնել Հայ Առաքելական Եկեղեցուն` մաղթելով նրանց կեանքի քաջառողջ օրեր եւ հոգեւոր ծառայութեան երկար ուղի:

Իր խօսքում Հովնան Սրբազանը նաեւ իր որդիական երախտագիտութիւնը յայտնեց Գարեգին Բ Հայրապետին` Հայ Եկեղեցուն նոր սպասաւորներ պարգեւելու այս գեղեցիկ բարեպատեհ առիթն իրեն ընծայելու համար:

Ս. Պատարագի աւարտին եկեղեցականաց դասը եւ ներկայ ժողովուրդը հնարաւորութիւն ունեցան համբուրելու տօնի կապակցութեամբ Մայր Տաճարի աւանդատուն-թանգարանից հանուած Ս. Ստեփանոսի մասունքով Աջը եւ ստանալու նրանից ճառագող օրհնութիւնը:

Նոյն օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռի սարկաւագներին ու նորընծաներին` ուղեկցութեամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետի:

Այս առիթով սարկաւագաց դասը երգեց «Ստեփանոս, քաղցրիկ տատրակ» շարականը, ապա Նորին Սրբութիւնը, Ս. Ստեփանոսի տօնի կապակցութեամբ շնորհաւորելով սարկաւագներին, Իր հայրապետական պատգամը փոխանցեց ամէնքին: Հայոց Հովուապետը յորդորեց սարկաւագներին անհողդողդ մնալ իրենց հաւատքի մէջ եւ շարունակել իրենց բերած օգտակար եկեղեցանուէր սպասաւորութիւնը` աչքի առջեւ մշտապէս ունենալով Ս. Ստեփանոսի աստուածահաճոյ կերպարը:

Հանդիպման աւարտին Նորին Սրբութիւնը «Պահպանիչ» աղօթքով օրհնեց սարկաւագաց դասին:

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ունի 162 սարկաւագներ, որոնցից 121-ը` միաբանութեան շարքերում, իսկ 41-ը` Գեւորգեան հոգեւոր ճեմարանում:

25.12.14
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․