Սատանայի հետ զրույցի չբռնվենք

Բոլորս էլ ժառանգաբար փոխանցված կրքեր ունենք, բայց դրանք ինքնուրույն մեզ չեն վնասում: Միևնույնն է, թե մարդն, օրինակ, դեմքին խալով է ծնվում, որն էլ նրան յուրահատուկ գեղեցկություն է տալիս: Բայց եթե այդ խալն անընդհատ փորփրես, ապա հնարավոր է, որ ուռուցք գոյանա: Պետք չէ թույլ տալ, որպեսզի սատանան փորփրի մեր կրքերը: Եթե թույլ տանք, որ նա փորփրի մեր թուլությունն, ապա մեր մեջ (հոգևոր) քաղցկեղ կսկսվի:

Պետք է հոգևոր արիություն ունենալ, արհամարհել սատանային ու նրա բոլոր խորամանկ «հեռագիր»-մտքերը: Սատանայի հետ զրույցի չբռնվենք: Եթե նույնիսկ աշխարհի բոլոր փաստաբանները հավաքվեին միասին, ապա չէին կարողանա նույնիսկ մի փոքր դևի հաղթել: Բանսարկուի հետ կապերը խզելու և գայթակղություններից խուսափելու համար պետք է նրա հետ բոլոր զրույցները դադարեցնել: Ինչ-որ բա՞ն է պատահել մեզ: Անարդարացիորե՞ն են մեզ հետ վարվել: Վիրավորե՞լ են մեզ: Քննենք, արդյոք ինքներս մեղավոր չե՞նք: Եթե մեղավոր չենք, ապա մեզ վարձք է սպասվում: Այդտեղ պետք է կանգ առնել. խորանալու կարիք չկա: Եթե մարդը շարունակի զրուցել սատանայի հետ, ապա նա մարդու համար այնպիսի ժանյակներ կհյուսի*, այնպիսի խառնաշփոթ կստեղծի… Սատանան ներշնչում է, որպեսզի կատարվածն իր՝ սատանայի, «ճշմարտության» օրենքներով քննես և դա մարդուն դաժանացնում է:

Հիշում եմ. Հունաստանից հեռանալուց իտալական զորքերն իրենց ետևից ձեռքի նռնակներով լի վրաններ թողեցին, վառոդի կույտեր: Մարդիկ վերցնում էին այդ վրաններն ու այն ամենն ինչ դրանց մեջ կար: Երեխաները խաղում էին նռնակներով ու գիտեք, թե որքա՜ն անմեղ զոհեր եղան: Մի՞թե կարելի է նռնակով խաղալ: Այդպես էլ մենք, խաղե՞ր ենք խաղալու սատանայի հետ:

 

* Այսինքն սատանան մարդուն «նուրբ ձեռագործով» է զբաղեցնում՝ մտքեր է ներշնչում, որպեսզի մարդն անընդհատ «զբաղված» լինի, անտրամադիր վիճակում գտնվի ու չկարողանա հոգևոր աճ ունենալ: Այդ կերպ սատանան ավելի է թուլացնում մարդուն:

 

 

Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

 

25.12.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․