25 Ապրիլ, Շբ, Հինանց ԻԱ օր
Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ,
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցն այսօր զարդարել է ուրախալի ու աստվածապարգև մի տոն, որը հայոց առաջին հայրապետ Սուրբ Գրիգոր Լուսավորչին նվիրված երեք տոներից մեկն է և կոչվում է «Գյուտ նշխարաց», այսինքն՝ նշխարների գյուտ:
Սիրելի´ քույրեր և եղբայրներ, վստահ եմ` բոլորդ էլ գիտեք Հայ և Ընդհանրական Եկեղեցիների նշանավոր ու ամենասիրելի սրբերից մեկի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասին, որը Աստծու կենարար ու ամենափրկիչ լույսը սփռեց Հայոց աշխարհում, մի ամբողջ ժողովուրդ մկրտեց ու սիրելի դարձրեց մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի առջև: Լուսավորիչ բառի հիմքը, սիրելինե՛ր, «լույս» արմատն է, որն էլ, ըստ էության, աստվածային է ու բխում է Կենսատու Արեգակից, և տեսնում ենք, որ Սուրբ Գրիգոր Լուսավորչի ողջ գործունեությունը, այսինքն՝ լուսավորչությունը, ուղղված էր մարդկանց հոգիները մաքրելու, վեր բարձրացնելու ու սրբագործմամբ հասցնելու մեր գոյության գլխավոր նպատակին՝ Աստծուն միավորվելուն:
Իր այս մեծագույն ու աստվածահաճո առաքելությունն ավարտելուց հետո Աստծու երանելին առանձնացավ Սեպուհ լեռան վրա գտնվող Մանեի այրում, որտեղ էլ ճգնում էր, մինչև հոգին խաղաղությամբ ավանդեց ի Տեր: Նրա մարմինը գտան Սեպուհ լեռան շրջակայքում գտնվող հովիվները և չիմանալով ով լինելը` ծածկեցին մի քարակույտով։ Հետագայում Սուրբ Գրիգոր Լուսավորիչը իր աշակերտներից Գառնիկ Բասենցուն տեսիլքով հայտնեց իր նշխարների տեղը, և որն էլ քարայրից հանեց սրբի անուշաբույր մարմինը, տեղափոխեց և ամփոփեց Բարձր Հայքի Դարանաղի գավառի Թորդան գյուղում: Այնուհետև սուրբ նշխարները սփռվեցին ողջ քրիստոնյա աշխարհում, իսկ նրա աջ բազկի մասունքներն ամփոփող Սուրբ Աջը պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, և սրբալույս մյուռոնի օրհնության գլխավոր սրբություններից է և Հայոց Հայրապետական Աթոռի իշխանության խորհրդանիշը:
Սիրելի՛ հավատացյալներ, Եկեղեցին այսօր նշում է սուրբ նշխարների գյուտի տոնը, և դրանից պարզ է դառնում, որ Եկեղեցին առանձնահատուկ երկյուղածությամբ ու մեծարանքով է վերաբերվում Աստծու սրբերի նշխարներին: Եվ կարևոր է նշել, որ դա միայն ճշմարիտ քրիստոնյա եկեղեցու առանձնահատկությունն է: Երբ ուսումնասիրում ենք սրբերի վարքերը, տեսնում ենք, որ Աստված Ինքը միշտ հոգ է տանում Իր նվիրյալների մարմինների մասին, որպեսզի դրանք երբևէ չկորչեն, այլ արժանավայել պատվի արժանանան: Եվ Աստված է, որ հրաշագործ ու բուժիչ ուժով է օժտում այդ երանելիների մասունքներն ու մեծ փառքի արժանացնում: Չէ՞ որ հանուն արդարների է, որ Աստված մինչ այժմ խնայում է մեր այս մեղավոր աշխարհը: Հռոմեացիներին ուղղված իր նամակում Պողոս առաքյալը գրում է. «Ինչպես որ մեկ մարդով մեղքը աշխարհ մտավ, և մեղքով էլ՝ մահը, այնպես էլ բոլոր մարդկանց մեջ տարածվեց մահը, որովհետև բոլորն էլ մեղանչեցին» (Հռոմ. 5:12): Այսինքն` ի սկզբանե անմահ ստեղծված մարդը մահկանացու դարձավ, նրա մարմինն էլ՝ ապականացու` մեղքի պատճառով: Մեղքի պատճառով առաջացող այն թույնի, որ դանդաղորեն, բայց մահացու թունավորում է մարդու հոգին ու մարմինը: Քանզի բոլորիս է հայտնի, որ մարդու էությունը եռանդամ է, և այդ երեքը՝ հոգին, մարմինը և միտքը, անբաժանելի ամբողջություն են: Դրանց փոխկապվածությունն այնքան սերտ է ու անքակտելի, որ երբ մաքրվում ու սրբագործվում են միտքն ու հոգին, ինքնաբերաբար սրբվում է նաև մարմինը: Ինչպես անուշաբույր օծանելիքի սրվակն է դատարկելուց հետո դեռ երկար ժամանակ պահպանում բույրն ու շարունակում տարածել այն, այնպես էլ սրբերի դեպքում է. ննջելուց հետո նրանց մարմիններն ու ոսկորները շարունակում են սուրբ մնալ և պահպանել Սուրբ Հոգու շնորհները: Եվ անուշահոտությամբ են բուրում ճիշտ այնպես, ինչպես եղավ նաև Սուրբ Գրիգոր Լուսավորչի դեպքում: Այսինքն, սիրելինե՛ր, մարդը կարող է իր անապական վիճակին վերադառնալ, երբ դադարի ինքն իրեն թունավորել մեղքի թույնով:
Բազմաթիվ են սրբերի նշխարներին առնչվող հրաշքներն ու բժշկությունները, և պատմության մեջ հանդիպող դեպքերը, երբ տարատեսակ դժվարությունների մեջ հայտնված մարդիկ սրբերի օգնությանն են դիմում և ստանում իրենց խնդրածը: Աստված նաև անեղծ է պահում սրբերի մասունքները, որպեսզի դրանք մշտապես ամեն խոսքից առավել վկայեն ու մեզ հիշեցնեն Տիրոջ սրբերի առաքինությունների մասին և մղեն` նրանց օրինակին հետևելու: Իսկ եթե այդպես է, ապա պետք է մեծագույն պատկառանքով ու սրտի թրթիռով մոտենանք բոլոր սրբերի նշխարներին և այդպես մեծարելով մասունքները՝ փաստենք, որ նույնպիսի պատկառանքով ենք վերաբերվում նրանց ապրած կյանքին, որն էլ նրանց սրբության է արժանացրել:
Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, երբ կարդում ենք սրբերի վարքերը, որ հասկանանք, թե ովքեր են նրանք, տեսնում ենք, որ առաջին հերթին նրանք մարդիկ էին, որ ճանաչեցին և ընդունեցին սեփական տկարությունն ու Աստծուց հեռանալը: Նրանք ողջ հոգով զգացին, որ անհնար է լիարժեքորեն որևէ բարիք գործել՝ առանց Աստծու օգնության: Նրանք իրենց ողջ կյանքում պայքարեցին չարի և առաջին հերթին հենց իրենց մեջ եղած չարի դեմ: Նրանք Աստծու օգնությամբ հաղթեցին հենց իրենք իրենց: Նրանց հոգիներն այս կյանքում արդեն Հիսուս Քրիստոսով հարություն առան մեղքից: Նրանցից շատերը, այդ թվում նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, հալածվեցին, բազում տանջանքների և հաճախ մահվան դատապարտվեցին իրենց հավատի համար, սակայն երբեք չսասանվեցին ու չհրաժարվեցին Միակ ու Ճշմարիտ Աստծու հավատքից: Նրանք հետևեցին Աստծու Միածին Որդու այն խոսքերին, որոնք կարդում ենք Մատթեոսի Ավետարանում. «Ով որ ինձ կխոստովանի մարդկանց առաջ, ես էլ կխոստովանեմ նրան իմ Հոր առաջ, որ երկնքում է։ Եվ ով ինձ կուրանա մարդկանց առաջ, ես էլ նրան կուրանամ իմ Հոր առաջ, որ երկնքում է: ...Ով իր հորը և կամ մորը ինձնից ավելի է սիրում, ինձ արժանի չէ. ով իր որդուն կամ դստերը ինձնից ավելի է սիրում, ինձ արժանի չէ։ Եվ ով իր խաչը չի վերցնում ու իմ հետևից չի գալիս, ինձ արժանի չէ» (Մատթ. 10:32-33, 37-38)։
Սրբերի շարքն են դասվել նաև Եկեղեցու բազում նվիրյալներ, որոնք արժանացան Սուրբ Հոգու սքանչելի շնորհներին և ի փառս Աստծու օգտագործեցին դրանք: Եվ այդ պատճառով էլ Աստված Երկնքի Արքայության մեջ նրանց լուսավոր պսակների են արժանացնում, և նրանք պատիվ ունեն Տիրոջ գահի առջև կանգնելու և մեզ համար էլ բարեխոսելու:
Սրբությունը, սիրելինե՛ր, հոգևոր վերելքի, հոգևոր բարձունքի անդադար ճանապարհն է, և այդ բարձունքին անհնար է հասնել առանց ներքին ծանր ու հանապազ աշխատանքի, առանց ջանք թափելու և սխրանքի: Սրբությունն Աստծու անաղարտ կերպարը հոգումդ վերականգնելու տքնաջան աշխատանքն է: Սիրելի´ բարեպաշտ հավատացյալներ, արդեն նշեցի, որ մեղքն իր հետևից բերում է մահվան սառը շունչը, իսկ Աստծու շնորհն ու օրհնությունը լույս են բերում մարդուն, ջերմացնում հոգու նույնիսկ ամենածածուկ անկյունները, և պարգևում այնքան փնտրած իրական ուրախությունն ու անանց երջանկությունը: Եվ եթե նայենք մեր առաջին Սուրբ Հայրապետի և մյուս սրբերի սրբապատկերներին, կտեսնենք, որ նրանք միշտ պատկերվում են լուսապսակով, որն էլ հենց աստվածային բարեբեր լույսի խորհրդանիշն է: Այդ լույսն է ճառագում բոլոր սրբերի դեմքերից, իսկ շատ հաճախ նաև՝ սուրբ մասունքներից:
Կարելի է համարձակորեն ասել, որ սրբերն այն մարդիկ են, որ փոխադարձեցին Աստծու անսահման սիրուն, որ Բարձրյալը բոլոր մարդկանց հանդեպ է տածում: Նրանք ողջ կյանքով ու գործունեությամբ ապացուցեցին Ամենակալի հանդեպ իրենց սերն ու հավատարմությունը: Սուրբ Անտոն Անապատականն ասել է. «Աստված բարի է և միայն բարիք է գործում, քանզի հավիտյանս անփոփոխ է, և մենք, երբ բարի ենք լինում, ապա շփման մեջ ենք մտնում Աստծու հետ՝ իր կերպարի համաձայն, իսկ երբ չարանում ենք, հեռանում ենք Նրանից, քանզի հակառակ է Իր կերպարին: Առաքինությամբ ապրելով՝ Աստծունն ենք լինում, իսկ չարանալով՝ զրկվում ենք Նրանից»: Եվ սրբերն ահա այն մարդիկ են, որոնք մոտեցել են Կենարար Լույսին և իրավամբ Նրա կրողներն են: Այսինքն` սրբությունն անեղծ սրտի փայլն է, սրբերը` մարդիկ, որոնք հաղորդակից են դարձել հոգին աստվածային լույսով պարուրող Երկնային շնորհներին:
Արդ, սիրելինե՛ր, քանի որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետի անդադար աղոթքները շարժեցին հայ ժողովրդի և Եկեղեցու հանդեպ Բարեգութ Երկնակալի ողորմածությունը, Աստծու կենարար լույսը սփռվեց հայոց հողի վրա, և փրկության հույսն ավետվեց ամենքիս, ապա այսօր այս գեղեցիկ տոնի կապակցությամբ մենք էլ խնդրենք Սուրբ Գրիգոր Լուսավորչի բարեխոսությունը նախ՝ Հայոց աշխարհի խաղաղության ու բարգավաճման, այնուհետև՝ ամենքիս հոգևոր աճի համար, որպեսզի մենք էլ արժանի լինենք Աստծու լույսն ու սրբությունը կրելու ինչպես մեր հոգիներում, այնպես էլ մեր մարմիններում և այն տարածելու՝ ի փառս Ամենասուրբ Երրորդության:
Սրբերի հիշատակությունն անխախտ պահենք մեր սրտերում և երկյուղով անցնենք խաչի ճանապարհը, որպեսզի չապականեք մեր մարմնի տաճարը, որն ի սկզբանե ստեղծված է՝ Սուրբ Հոգու տաճար լինելու համար: Մշտապես հիշենք, որ սրբերը մարդկանց օգնելու աստվածային շնորհ են ստացել, և նույնիսկ մարդկային գիտակցությանն անելանելի թվացող իրադրությունը կարելի է հանգուցալուծել սրբերի նշխարներին մաքուր սրտով մոտենալու ու նրանց բարեխոսությունը խնդրելու պարագայում:
Արդ, մաղթում եմ ամենքիս, սիրելի՛ հավատացյալներ, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետը բարեխոսի մեզ համար՝ Տիրոջ առջև, որ մենք էլ արժանանանք` Երկնային Արքայության մեջ փառաբանելու Ամենասուրբ Երրորդությանը՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ, միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան