Քաջազոր ու բարեհաղթ Սուրբ Տրդատ Գ հայոց մեծ արքային է պատկանում Հայոց երկրի առաջին քրիստոնյա թագավորը լինելու և իր երկիրը պետականորեն քրիստոնյա հռչակելու պատիվը: Ծնվել է 250-ական թթ-ին, որդին է Խոսրով Ա Արշակունի հայոց արքայի: Տրդատն ու նրա քույր Խոսրովիդուխտը մանուկ էին, երբ նրանց հայրը սպանվում է Սբ. Գրիգոր Լուսավորչի հոր՝ Անակի կողմից: Արտավազդ Մանդակունի հայոց նախարարը, մտահոգվելով արքայորդու կյանքի համար, մանուկ Տրդատին փախցնում է Կապադովկիայի Կեսարիա քաղաք, ճիշտ ինչպես որ մանուկ Գրիգորն էլ իր ծնողների սպանությունից հետո փախցվեց նույն քաղաք: Իսկ քրոջը՝ Խոսրովիդուխտին, ազատում է Օտա Ամատունին, և տանում Անի ամրոցը, որտեղ պահում է գաղտնի:
Տրդատը որոշ ժամանակ անց Կեսարիայից տեղափոխվում է Հռոմ: Այստեղ նա կրթվում է հռոմեական արքունիքում Լիկինոսի մոտ, ով 313թ-ից դարձավ Հռոմեական արևելյան կայսրության տիրակալը: Տրդատը տիրապետել է լատիներենին, հունարենին և պատերազմներում աչքի է ընկել իր արտակարգ ուժով: Թիկնավետ, հաստաբազուկ, զորավոր, հսկա ու փառավոր Տրդատը անպարտելի էր: Հաջողակ էր զինավարժության մեջ և առաջադեմ ամեն ուղղությամբ:
274թ-ին կայսեր կողմից Տրդատը նշանակվում է հռոմեական կայսրությանը ենթակա հայոց երկրամասի թագավոր, իսկ 287թ-ին՝ Դիոկղետիանոսի կողմից ճանաչվում ամբողջ Հայաստանի թագավոր: Տրդատն ամուսնանում է Ալանների թագավորի դստեր՝ Աշխենի հետ: Շուրջ տասը տարի պայքարելով պարսիկների դեմ՝ Տրդատն ի վերջո նրանց ստիպում է հրաժարվել իրենց տիրապետությունից Հայաստանում և ճանաչել Տրդատ Գ-ին իբրև հայոց թագավոր: Նա տիրում է Հայաստանին՝ մեկ ծայրից մյուսը, և արժանապես գրավում հայրենի թագավորության գահը: Տրդատը, նույնպես լինելով հեթանոս, իր գահակալության առաջին տարիներին հալածում է քրիստոնյաներին Հայաստանում և նրա զոհն են դառնում Սբ. Հռիփսիմյանց կույսերը: Սակայն նրանց նահատակությունից հետո հայոց արքան և արքունիքի այլ անդամներ դիվահարվում են և ոչ միջոցով հնարավոր չի լինում նրանց բժշկել: Երկրի բնակիչները պաշարվում են ահով ու երկյուղով: Այս անմխիթար աղետների մեջ Տերն այցելում է Իր ողորմությամբ: Խոսրովիդուխտ արքայաքույրը երազում հրաման է ստանում Սբ. Գրիգորին հանել Արտաշատի բանտի Խոր Վիրապից, ուր շուրջ տասներեք տարի առաջ նրան գցել էր Տրդատը, քանի որ ըստ այդ երազի միայն Գրիգորը կարող էր բժշկել արքային: Սբ. Գրիգորին վիրապից հանում են և նա 65 օր շարունակ քարոզում է քրիստոնեությունը պահքով ու աղոթքներով, բժշկում հայոց արքային և մնացած հարվածյալներին: Տրդատ արքան և նրա ընտանիքն իրապես դարձի են գալիս, ապաշխարում և ի վերջո Սբ. Գրիգորի ձեռքով մկրտվում Արածանիի ջրերում: Սբ. Տրդատը իր ձեռքերով Մասիս լեռից մեծ քարեր է բերում իր հրամանով սպանված Սբ. Հռիփսիմյանց կույսերի վկայարանները կառուցելու համար և անձամբ մասնակցում դրանց կառուցմանը: Հայոց Տրդատ արքան հավատն ու քաջությունն է ունենում հռոմեական կայսրությունում դեռ հալածվող քրիստոնեությունը հռչակելու իր երկրի պետական կրոն: Այդուհետ միշտ աջակցում է Սբ. Գրիգոր Լուսավորչին վերջինիս բոլոր գործերում՝ իրեն դրսևորելով իբրև ճշմարիտ աստվածասեր թագավոր:
Ագաթանգեղոսը այսպես է վկայում Սբ. Տրդատի մասին. «Աստվածասեր թագավոր Տրդատը սպասավորում էր բարեպաշտությամբ՝ բարի օրինակ լինելով: Քաջ տեղյակ լինելով հունական դպրությանը՝ նա փութաջանորեն ուսումնասիրում էր աստվածային գրքերը: Ուներ նաև փիլիսոփայական հանճարամտություն: Ընդունելով երկնավոր պարգևների շնորհը՝ մերկացավ հեթանոսական ցանկություններից և սկսեց պաշտել Խաչյալին: Եվ այսպես, ծառայելով Ավետարանին, աջակից և գործակից եղավ Սուրբ Գրիգոր Լուսավորչին, որից հետո Սբ. Արիստակեսին, իսկ հետո էլ՝ Սբ. Վրթանեսին, որն իր եղբորը հաջորդեց»:
Երբ ծերանում է, ինքն էլ իր գահը թողնելով, հեռանում է Սեպուհ լեռ՝ Սբ. Գրիգորի ճգնարանը՝ տրվելու աղոթական կյանքի: Նրանից շատ ավելի առաջ նույն այս կյանքն է ընտրում նաև առաքինազարդ թագուհին՝ Սբ. Աշխենը, ով ճգնողական կյանքին է նվիրվում Գառնիի ամրոցում, Խոսրովիդուխտ արքայաքրոջ հետ: Տրդատը վախճանվում է հայ պարսկամետ նախարարների ձեռքով թունավորվելով, ովքեր դժգոհ էին նրա վարած քրիստոնեամիտ քաղաքականությունից: Հայոց արքան թաղվում է Դարանաղյաց գավառի Թորդան ավանում Սբ. Գրիգոր Լուսավորչի կողքին:
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Սբ. Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և արքայաքույր Խոսրովիդուխտի հիշատակը տոնախմբում է միասնաբար:
Կազմեց Կարինե Սուգիկյանը