Քրիստոնեական կրոնն իր հետևորդներին կոչում է ապրել ու գործել սիրով: Ըստ Պողոս առաքյալի՝ սերը ամենաբարձր առաքինությունն է, այն ավելի բարձր է, քան Աստծու կողմից մարդուն տրված բոլոր մյուս պարգևները, բարձր է խոսքի, հրաշագործելու պարգևներից, «Որպես Աստծու ընտրյալներ, հագե՛ք, ուրեմն, գութ, ողորմություն, քաղցրություն, խոնարհություն, հեզություն, համբերատարություն՝ հանդուրժելով միմյանց, ներելով միմյանց, եթե մեկը մյուսի դեմ գանգատ ունի. ինչպես Աստված Քրիստոսով ներեց ձեզ, նույն ձևով արե՛ք դուք: Եվ այս բոլորի վրա հագե՛ք սերը, որ կապն է կատարելության» (Ա Կորնթ.13:1–3; Կող. 3։12-14)։ Բյուրեղի նման սերն էլ իր մեջ արտացոլում է բոլոր առաքինությունների ճառագայթները։ Սիրո մեջ ապրողը հոգևոր աճ է ունենում և կատարելագործվում: Սերը բոլոր սխրանքների և բարի գործերի սկիզբն է: Այն բարին ու վեհը, որ կա մարդու կյանքում, սիրուց է, և ընդհակառակը՝ ամեն չար արարք ու միտք ծնվում է եսասիրությունից: Միայն սերն է համախմբում ու երջանկացնում բոլորին՝ անկեղծություն, ջերմություն և կյանք հաղորդելով մարդկային բոլոր գործողություններին ու հարաբերություններին: Մարդկային կյանքում միայն սերն է հակազդում եսասիրության կոպիտ տիրապետությանը, միայն սերն է դրդում մարդուն «ուրախացողների հետ ուրախանալ, լացողների հետ լաց լինել» (Հռոմ. 12:15):
Սեպտեմբերի 13-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տ․ Մովսես վրդ․ Սարգսյանի միջնորդությամբ, որպես սիրո և երախտագիտության արտահայտություն, Թադևոսյան Մերինեին (38 տ.) փոխանցեց 100 000 դրամ, որ տրամադրել էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամ Պետրոսյան Հրաչը: Մերինեն իր երկու անչափահաս տղաների հետ բնակվում է ք. Սիսիանի Սիսական 46/10 հասցեում: Մերինեի ամուսինը՝ Արամ Հովսեփյանը՝ որպես կամավոր, մասնակցել է արցախյան վերջին պատերազմին և զոհվել հոկտեմբերի 10-ին, Ջաբրայիլի շրջանում: Զոհված հերոսի մարմինը գտնվել է պատերազմից մեկ տարի չորս ամիս անց՝ ԴՆԹ հետազոտության արդյունքում: Զոհված հերոսի կինն իր երախտագիտությունը հայտնեց աջակից անձին:
Կարինե Սուգիկյան