Սերն ու ժամանակը

Ժուկով-ժամանակով Երկրի վրա մի կղզի կար, որի վրա ապրում էին մարդկային բոլոր արժեքները: Բայց մի անգամ նրանք նկատեցին, որ կղզին ջրի տակ է անցնում: Բոլոր արժեքներն իրենց նավերը նստեցին ու հեռացան: Կղզու վրա միայն սերը մնաց: Նա մինչև վերջին պահը սպասում էր, բայց երբ էլ սպասելու ոչինչ չմնաց՝ նա նույնպես ցանկացավ հեռանալ կղզուց:

Այնժամ նա ձայն տվեց հարստությանը և խնդրեց իրեն էլ վերցնել, սակայն հարստությունը պատասխանեց.

- Նավիս վրա շատ թանկարժեք իրեր և ոսկի կան, այնպես որ քեզ համար տեղ չկա այստեղ:

Մոտակայքով տխրության նավն էր անցնում և սերը նրան էլ խնդրեց, որ իրեն վերցնի, սակայն նա պատասխանեց.

- Կներես, սե՛ր, ես այնքան տխուր եմ, որ պետք է մշտապես մենակ լինեմ:

Այնժամ սերը տեսավ հպարտության նավը և նրանից օգնություն խնդրեց, բայց վերջինս ասաց, որ սերը կխախտի իր նավի ներդաշնակությունը:

Հետո անցավ ուրախության նավը, բայց նա այնքան զբաղված էր զվարճությամբ, որ նույնիսկ չլսեց սիրո կանչերը: Այդժամ բոլորովին հուսահատվեց սերը: Բայց հանկարծ մի ձայն լսեց հետևից, որ ասում էր.

- Գնանք, սե՛ր, ես քեզ ինձ հետ կվերցնեմ:

Սերը շրջվեց ու մի ծերունու տեսավ: Վերջինս նրան մինչև ցամաք հասցրեց և երբ հեռացավ՝ սերը հանկարծ հիշեց, որ մոռացել է նրա անունը հարցնել: Այնժամ նա իմացությանը դիմեց.

- Ասա՛, ո՞վ ինձ փրկեց: Ո՞վ էր այն ծերունին:

- Ժամանակն էր,- պատասխանեց իմացությունը:

- Ժամանա՞կը,- հարցրեց սերը,- բայց նա ինչո՞ւ ինձ փրկեց:

Իմացությունը նայեց նրան, հետո՝ հեռուն, ուր հեռացավ ծերունին.

- Որովհետև միայն ժամանակը գիտե, թե որքան կարևոր է սերը կյանքում:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

31.01.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․