26 Նոյեմբեր, Գշ
Սերը բարձրագույն առաքինություն է, այն ամբողջացնող շաղախն է ամեն ինչի (Կող. 3:14): Աստծո և ընկերոջ հանդեպ սիրո մեջ է կենտրոնացած Աստվածային ողջ օրենքը: Մերձավորի հանդեպ ճշմարիտ սերը հիմնված է Աստծո հանդեպ հավատքի վրա, քանի որ Աստված սեր է (Ա Հովհ. 4:16): Քրիստոնյան ներքին մեծ հարգանք ունի յուրաքանչյուր անձի հանդեպ, որ կրում է իր մեջ Աստծո պատկերն ու նմանությունը: Այդ հարգանքի մթնոլորտում է յուրաքանչյուրի սրտում աստիճանաբար հիմնավորվում ճշմարիտ սերը, ինչին ձգտող անձը ջանում է հրաժարվել նաև եսասիրությունից և մարդահաճությունից, որ խեղաթյուրում են իր և մերձավորի հանդեպ սերը: Բոլոր ժամանակներում կատարելության ձգտող քրիստոնյաները ջանացել են ապրել աստվածային սիրո համաձայն՝ շուրջբոլորը սեր ու ջերմություն տարածելով:
Եկեղեցական համայնքային կյանքից ներս սիրո և հարգանքի մթնոլորտում են ձևավորվում մերձավորին աջակցող մի շարք սոցիալական ծրագրեր: Հունվարի 10-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» ՀԿ-ի սոցիալական ծրագրերի շրջանակում, Մանանդյան Սեդային (39 տ.) հանձնեց համայնքի կողմից տրամադրած սննդի փաթեթ և դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ մեր հայրենակցուհիներից մեկը՝ չցանկանալով իր անունը նշել: Սեդան իր ամուսնու և տղայի հետ վարձակալությամբ բնակվում է Ա. Բաբաջանյան 83 բն.35 հասցեում: Ընտանիքի միակ զավակը՝ Գոռը (8 տ.), Դաունի համախտանիշ ունի, նա սիրում է նկարել, ֆուտբոլ խաղալ: Սեդան նշեց, որ ամուսինը մշտական աշխատանք չունի, և իրենք դժվարությամբ են կարողանում հոգալ իրենց կարիքները: Նա շնորհակալություն հայտնեց «Արև-երեխաներ» ՀԿ-ին, աջակից անձին և Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքին՝ ուշադրության ու աջակցության համար:
Կարինե Սուգիկյան