Հայր Պորֆիրիոսի սերը սահմաններ չուներ՝ անեզր էր։ Այն տարածվում էր Աստծու բոլոր զավակների վրա, բոլոր մարդկանց, ընկերների ու թշնամիների վրա։ Նա ասում էր ինձ․ «Ընկերների հանդեպ մեր սիրո պսակի մեջ տարբեր խառնուրդներ կան (հաշվարկ, փոխադարձություն, փառասիրություն, թուլություն, կողմնապահ համակրանք), իսկ թշնամիների հանդեպ մեր սիրո պսակը մաքուր է»։ Նա ասում էր նաև․ «Քրիստոսով մեր սերը պետք է հասնի ամենուր, ներթափանցի անգամ Մատալայի հիպպիների մոտ»։
Ես շատ էի ուզում գնալ այնտեղ, ոչ թե նրանց քարոզ կարդալու կամ նախատելու համար, այլ նրանց հետ «առանց մեղքերի» ապրելու և հնարավորություն տալու Քրիստոսի սիրուն, որը փոխակերպում է, խոսելու։ Ես հանդիպում էի հիպպիների ու շատ էի խղճում նրանց։ Նրանք ասես «ոչխարներ էին, որոնք հովիվ չունեն» (Մտթ․ 9։36)։
Հասարակության մեջ իմ կապերի առնչությամբ ծերն ասում էր․ «Հարկավոր չէ քրիստոնեական սխրանքդ քարոզների ու վեճերի միջոցով իրականացնես, այլ ճշմարիտ, նվիրական սիրո ճանապարհով։ Մարդիկ սկսում են դիմադրել, երբ վեճի ենք բռնվում։ Իսկ երբ սիրում ենք նրանց, ազդվում են ու անցնում մեր կողմը։
Երբ սիրում ենք, մեզ թվում է, թե ինչ-որ բան ենք տալիս ուրիշներին, իսկ իրականում այդ ինչ-որ բանն առաջին հերթին հենց մեզ ենք տալիս։ Սերը զոհեր է պահանջում։ Խոնարհությամբ զոհաբերենք մեր ունեցածից ինչ-որ բան, որն իրականում ամենևին էլ մերը չէ, այլ Աստծունը»։
Իհարկե, ծերը խորությամբ էր վերապրում իր հաղորդակցությունն Աստծու հետ՝ ի դեմս Հիսուս Քրիստոսի։ Այդ պատճառով էլ նա բացառապես եկեղեցական մարդ էր։
«Քրիստոս Եկեղեցին է, և Եկեղեցին Քրիստոս է, որն ընդունեց մեզ բոլորիս իր մեջ։ Երբ սիրում ես Քրիստոսին, սիրում ես նաև մարդկանց՝ առանց հարցնելու՝ արժանի՞ են նրանք արդյոք այդ սիրուն, և անգամ հարց չի առաջանում՝ կընդունե՞ն արդյոք այդ սերը, թե՞ կմերժեն։ Եթե ցանկանում ես հանդիպել Քրիստոսին, ապա Նրան կգտնես Եկեղեցում, որովհետև այնտեղ ողջ մարդկությունը միավորված է Աստծուն՝ ի դեմս Քրիստոսի։ Անհնար է հաղորդակցվել Քրիստոսին, երբ վատ հարաբերություններ ունես մարդկանց հետ»։
Սա և նման այլ բաներ էր սովորաբար մեզ ասում ծերը պարզ, բայց շնորհառատ, ուրախարար ու հաճելի խոսքով, ինչպես միայն ինքն էր կարողանում։ Իր օրինակով սովորեցնում էր, որ մեր սերը Քրիստոսի հանդեպ անցնում է մարդկանց միջով։ Ասում էր․ «Մեր փրկությունը, Աստծու Արքայությունը, դրախտը հենց Ինքը Քրիստոս է, այսինքն՝ Եկեղեցին»։
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը