23 Նոյեմբեր, Շբ
Մի անգամ ուսուցիչը, դասարան մտնելով, աշակերտներին հայտնեց, որ մի շատ բարդ առաջադրանք պետք է կատարեն և սկսեց բաժանել առաջադրանքով թերթիկները: Որքան մեծ էր աշակերտների զարմանքը, երբ մաքուր թերթիկի վրա միայն մի թանաքաբիծ տեսան: Ուսուցիչը հանձնարարեց մանրամասնորեն նկարագրել այն ամենն, ինչ կտեսնեն թերթիկին:
Աշակերտները երկար աշխատեցին տրված հանձնարարության վրա: Վերջում ուսուցիչը հավաքեց աշխատանքներն ու սկսեց բարձրաձայն ընթերցել: Բացարձակապես բոլորը փորձել էին մանրամասնորեն նկարագրել թանաքաբիծը, թե ինչ չափի է, գույնի, թղթի որ մասում է գտնվում, ինչի է նման: Երբ ուսուցիչն ավարտեց ընթերցումը, ասաց. «Ես չէի պատրաստվում գնահատել ձեր տեսած թանաքաբծի նկարագրությունը: Ես ուղղակի ուզում էի իմանալ, թանաքաբծից բացի որևէ այլ բան տեսնո՞ւմ է արդյոք ձեզնից որևէ մեկը: Պարզվեց՝ ոչ ոք: Ձեզնից ոչ ոք չի գրել սպիտակ թղթի մասին: Բոլորդ կենտրոնացել եք սև կետի վրա, և նույն բանը մեր կյանքում է կատարվում: Կյանքի ուրախությունները նկատելու փոխարեն՝ կենտրոնանում ենք մուգ բծերի վրա:
Մեր կյանքը պարգև է, որ Աստված տվել է մեզ սիրով ու բարությամբ, և մենք միշտ ուրախանալու առիթներ ունենք՝ յուրաքանչյուր օր արթնացող բնությունը, սիրելի ընտանիքը, մեր ընկերները, աշխատանքը, որ մեր ապրուստի միջոցն է և շատ այլ բաներ: Սակայն մենք միայն մուգ բծերի վրա ենք կենտրոնանում՝ առողջական խնդիրներ, ֆինանսական դժվարություններ, բարդ հարաբերություններ և այլն»:
Մուգ բծերն այնքան փոքր են այլ բաների համեմատությամբ, որ ունենք կյանքում՝ սեր, հոգատարություն, հարգանք, աշխատանք: Փորձենք բծերի փոխարեն կյանքի ուրախությունները տեսնել և վայելել դրանք:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի