«Շահարկեցե՛ք դրանք, մինչև որ գամ» (Ղուկաս 19:13):

«Շահարկեցե՛ք դրանք, մինչև որ գամ» (Ղուկաս 19:13):  | Shaharkeceq Dranq Minchev Or Gam (ghukas 19:13):

«Յարգեցե՛ք զայդ, մինչև եկից» «Շահարկեցե՛ք դրանք, մինչև որ գամ» (Ղուկաս 19:13): 

Սիրելի՛ հավատացյալ ժողովուրդ հայոց,

Այսօր՝ տարվա այս վերջին կիրակին, խորհրդածելու առիթ ունենք Տիրոջ պատմած մնասների առակի շուրջ: Մի ազնվական մարդ գնաց հեռու երկիր՝ իր թագավորությունը ստանալու և վերադառնալու համար: Կանչելով իր ծառաներին՝ նրանց տասական մնաս տվեց, որպեսզի շրջանառության մեջ դնեն դրանք մինչև իր գալը: Երբ վերադարձավ, ծառաները նրան հաշիվ տվեցին, թե ինչքան են շահել իրենց ունեցածի վրա: Մեկը ևս տասը մնաս էր ավելացրել, մյուսը՝ հինգ մնաս, մյուսը դրանք ծրարել էր թաշկինակով և ոչինչ չէր ավելացրել: Առակս ի՞նչ կցուցանե: Այն, որ Տերը մնասներ թողեց մարդկանց և վերացավ երկինք՝ նստելու Հոր աջ կողմում: Աստծո Որդին հեռու աշխարհ գնաց, սակայն մենք գիտենք, որ առժամանակ: Մենք գիտենք նաև, որ Նա մեր կողքին է, մեզ հետ, մեր մեջ և անընդհատ ու անդադար բախում է մեր դռները, մեր սրտի, մտքի ու հոգու դռները: «Ահավասիկ ես դռան առաջ եմ և բախում եմ. եթե մեկը ականջ դնի իմ ձայնին և բաց անի դուռը, կմտնեմ նրա մոտ և կընթրեմ նրա հետ և նա ինձ հետ» (Հայտն. 4:20): Մեզանից է կախված Նրան արձագանքելու ցանկությունը: Նա մեզ տասը մնասներ թողեց, տասը պատվիրաններ, դեպի երկինք առաջնորդող, Արքայության մի ողջ Ավետարան: Ինչպես մի այլ տեղ ասում է՝ քանքարներ տվեց (Մատթ. 25:14-30): Հիսուս Քրիստոս քանքարների առակը պատմում է տասը կույսերի առակից հետո, այսինքն՝ թե մնասների և թե քանքարների առակները վերաբերում են Աստծո Որդու երկրորդ գալստյանը: Տերը մեզ կյանք պարգևեց, Տերը մեզ շնորհներ տվեց, Աստված մեզ իրեն կապող բազում սանդուղքներ ցուցանշեց: Մենք պետք է նկատենք դրանք, այդ պատվիրանների, այդ սիրո, հավատի, հույսի աստիճանները՝ առ Աստված ձգվող: Միայն մեղքի մասին խոկումը, խորհրդածումը չէ, որ մեզ մեր Արարչի հետ է կապում: Մենք միայն մեղավոր արարածներ չենք: Մենք միաժամանակ նաև աստվածային լույսի, սիրո, բանականության, գեղեցկության կրողներն ենք, որոնք մեր մնասներն են այս աշխարհի վրա: Մարդկային բոլոր առաքինությունները բխում են Աստվածային սիրուց: Մենք պետք է դրանք բազմացնենք, շատացնենք և ուրիշների հետ կիսենք, որովհետև մեզ տրված է կարճ ժամանակ, կարելի է ասել, ակնթարթային ժամանակ՝ այդ մնասների տերը լինելու և առավելով իրենց Տիրոջը վերադարձնելու համար: Ուշագրավն այն է, որ Սուրբ Գիրքը վաշխառությունը մեծագույն մեղք է համարում: Աստված արգելում է մեզ գումար պարտքով տալ՝ տոկոսներ ակնկալելու համար: Բայց Հիսուս Քրիստոս մեզանից ուղղակիորեն պահանջում է մեզ ընծայած շնորհները, պարգևները, ունեցվածքը, հարստությունը, սերը, ֆիզիկական ու հոգևոր ներուժը՝ ողջը, առավելով վերադարձնել Իրեն՝ ի փրկություն մեր և մեր նմանակիցների և ի փառս Աստուծո: Աստված մեր տվածի կարիքը չունի, բայց ողջ մեր կյանքի ընթացքում մեր սովորեցնում է, որ դա Իր համար կարևորագույնն է, ամենաէականը, այն, որ մենք մեկս մյուսին կտանք մեր մնասներից, որ մենք չենք մտածի այս աշխարհի վրա հարստություն, փառք, ունեցվածք, գանձեր դիզելու մասին: Ինչպես Ավետարանում է ասվում. «Երանելի է մանավանդ տալը, քան առնելը» (Գործք 20:35): Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի ցանկությունը մեկն է, որ մենք, նախ խնդրելով Երկնային Արքայությունը, երկնային արքայություն կառուցել սկսենք այստեղ՝ երկրի վրա: Իսկ ինչպես պիտի կառուցենք՝ միաբանվելով մի գաղափարի շուրջ, իսկ այդ գաղափարը սերն է: Ճշմարիտ քրիստոնեական սերն է, որ մեզ դրդում է լավագույն քայլերի, լավագույն գործերի, ունենալու լավագույն զգացմունքները, այն է՝ օգնել, ձեռք մեկնել մեզ նմանին: Ձեռք չունեցողին ձեռք մեկնելն է քրիստոնեական սերը, աչք չունեցողին լույս դառնալն է սիրո ճշմարիտ դրսևորումը: Անտարբերությունը ութերորդ մահացու մեղքն է: Արքայություն է ստեղծվում, երբ ընկերդ քո կարիքն ունի, և դու նրա կողքին ես, երբ մի փոքր հեռախոսազանգի միջոցով կարող ես բերկրանք պատճառել ծերունիներին՝ իմանալով, որ նրանց բաղձանքը մեկն է՝ հիշված լինել մտերիմներից: Սա է ունեցածի բազմապատկումը և Տիրոջը վերադարձնելը: Ամանորյա և սուրբծննդյան խնջույքների և ընտանեկան նվերների գնման և պատրաստման ժամանակ բավական կլինի, որ հիշեք, որ ինչ որ դուք ունեք, նույնքան մյուսները չունեն: Ձեր փառաբանությունն ու գոհաբանությունը առ Տեր կբարձրանան միայն այն կերպ, երբ ձեր բարիքներից մասնաբաժին կհանեք աղքատներին, ունեզուրկներին, թշվառներին, երբ ձեր ուրախության սեղաններին մասնակից կդարձնեք նաև անդամալույծներին՝ հիշելով այն միտքը, որ Աստված մարդկանց այցելում է և հյուրընկալվում աղքատների կերպարանքով: Երանի¯ նրանց, ովքեր Աստծո կողմից կարժանանան «բարի և հավատարիմ ծառա» կոչմանը: Մարդ բարի է եղել իր նմանների նկատմամբ իր կյանքի ընթացքում և հավատարիմ Տիրոջ և Տիրոջ պատվիրանների նկատմամբ: Տերը նրանց ոչ միայն դեպի երկնային փառքն է առաջնորդում, այլև «իշխանություն տալիս քաղաքների վրա»: Իսկ երրորդ ծառան պահեց իր մնասները իբրև թե վախից և նույնությամբ հետ վերադարձրեց իր Տիրոջը և անգամ ամբաստանեց նրան՝ իբրև խիստ մարդու, որ վերցնում է այն, ինչ չի դրել, և հնձում է այն, ինչ չի սերմանել: Նա արժանացավ դատվելու իր իսկ բերանի խոսքերով: Տերը նրան կոչում է անհավատարիմ ծառա, քանի որ չի հավատում Աստծո արդարադատությանը, որ կարող է ճշտորեն պահանջել իր տված մնասները: Տերը ետ վերցրեց նրանից իր տված մնասները, և փաստն այն է, որ ոչ թե ծառան մնաս չուներ, այլ որ չուներ շահույթ: Միայն դրա համար նա պատժվեց: Երկրագնդի վրա, ըստ Աստվածային նախասահմանության, ամեն ինչ իր աճն ու զարգացումն ունի: Այդպես և մարդկային շնորհները, քանքարները, տաղանդները, ամեն-ամեն ինչ, երբ չի բազմապատկվում, արժեզրկվում է և կորչում: Իսկ բազմապատկել է անհրաժեշտ սեփական ինչքերը՝ միմիայն բաշխելով, միմիայն բաժանելով և տալով: Մեր տարեվերջյան մաղթանքն է ձեզ. բարությո՛ւն արեք, և թող փառավորվեն ձեր հոգիները սուրբծննդյան ապրումներով: Այցելե՛ք Քրիստոսին մոգերի պես ձեր նվերներով, ձեր լավագույնն ընծայե՛ք Տիրոջը, հիշե՛ք աղքատներին, քանի որ Աստծո Որդին մարմնացավ, սակայն փառահեղ պալատների փոխարեն ծնվեց մսուրում: Ուշադրության արժանացնենք ոչ թե կերակուրները, սերը առ Աստված և մեկս մյուսի նկատմամբ, մեր ունեցած և ձեռքբերելիք խաղաղությունը: Թող այս գալիք տարում բազմապատկվեն մեր առաքինությունները, մեր հոգատարությունն ու խնամքը մեկս մյուսի հանդեպ, մեր հոգու խաղաղությունն ու հավասարակշռությունը, մեր սերն ու հավատը, հույսն ավելանա, ընկերությունն ու բարեկամությունը մարդկանց մեջ էլ առավել ջերմանան, քաղցրաբարոյությունն իշխի, բարյացակամությունը թևածի մեր բոլորի մեջ, մեր սրտերում և աշխարհում… Շնորհք, սէր և խաղաղութիւն եղիցին ընդ ձեզ և ընդ ամենսեանսն. Ամեն:

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

27.12.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․