Մի նկարիչ հայտնվում է հանդերձյալ աշխարհում: Հեռվից չար ոգիների մի խումբ սլանում է դեպի նրա կողմը: Մարդը ցանկանում է փախչել, սակայն զգում է, որ ծանր շղթաներով կապկպված է: Այնուամենայնիվ, մոտեցող սև ու մռայլ դևերին տեսնելով՝ իր մեջ ուժ է գտնում, ազատվում հսկա շղթաներից և փորձում հեռանալ: Շատ չանցած զգում է, որ ինչ-որ բան թույլ չի տալիս այլևս առաջ շարժվել: Տեսնում է, որ մի փոքր շղթայով դեռևս կապված է, որի մյուս հատվածը ձգվում է դեպի դևերը, ջանք է գործադրում, փորձում ազատվել, սակայն ապարդյուն. շղթան թեև փոքր է լինում, բայց չափազանց ամուր: Չար ոգիները մոտենում են և ասում.
- Կարծո՞ւմ էիր, թե այս փոքր շղթայից ևս կարող ես ազատվել: Այն ամենաամուրն է: Սա այն մեղքերի շղթան է, որոնց նշանակություն չես տվել, մեղք չես համարել, այդքան էական, կարևոր չես կարծել, որոնք ամենօրյա և սովորական ցանկություններ և մոլություններ են դարձել: Իսկ այժմ եկել է հատուցման ժամը...
Մարդիկ հաճախ նշանակություն են տալիս երևացող և մեծ մեղքեր չգործելուն և բավարարվում այդքանով՝ մյուս կողմից չնկատելով, թե ինչպես են ամենօրյա, առօրեական մանր ու մունր մեղքերն իրենց շատ ավելի ամուր շղթայում...
Հովհաննես Մանուկյան