Եկեղեցուց դուրս և առանց Եկեղեցու, ըստ Սուրբ Գրքի, անհնար է փրկվել, անհնար է նաև քրիստոնեական կյանք ունենալ: Միայն Եկեղեցում է, որ մարդիկ ապրելու, հոգևոր առումով աճելու և փրկվելու հնարավորություն ունեն՝ մարդու օրգանիզմի անդամների նման, որ չեն գործում մեկը մյուսից առանձին, այլ անխզելիորեն կապված են ողջ օրգանիզմի հետ: Հոգևոր կյանքը հնարավոր է միայն եկեղեցու հետ օրգանական կապով, այդ կապի խզվելուն պես անպատճառ սպառվում է նաև քրիստոնեական կյանքը: Առանձին անհատը և քրիստոնեական համայնքը այնքանով է կենդանի, որքանով ապրում է Քրիստոսի կյանքով, որքանով միացած է ընդհանրական Եկեղեցուն: Կան մարդիկ, որ ասում են՝ Աստված իմ մեջ է և ես եկեղեցու կարիք չունեմ: Ըստ եկեղեցական հայրերի՝ նման մարդկանց համար դա նույնն է, ինչ ճառագայթն առանձնանա արևից, առվակը՝ աղբյուրից, ճյուղը՝ բնից:
Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, Ով Եկեղեցու գլուխն է համարվում, յուրաքանչյուրի փրկությունը պատրաստել է Իր Մարմնի՝ Եկեղեցու (Կողոսացիներ 1:18) միջոցով. «ով որ հավատա և մկրտվի, կփրկվի, իսկ ով որ չհավատա, կդատապարտվի» (Մարկոս 16:16), ինչպես նաև՝ «եթե չուտեք Մարդու Որդու Մարմնից և չխմեք Նրա Արյունից, կյանք չեք ունենա ձեր մեջ» (Հովհաննես 6:53):
Քրիստոս Իր առաքյալներին ասաց. «Ով որ ձեզ լսի, Ի՛նձ լսած կլինի, և ով որ ձեզ մերժի, Ի՛նձ մերժած կլինի, իսկ ով որ Ինձ մերժի, մերժած կլինի նաև Ինձ Ուղարկողին» (Ղուկաս 10:16): Հոգեգալստյան տոնին առաքյալները ստացան Ս. Հոգին, նրանցից հետո Ս. Հոգու օրհնությանը յուրաքանչյուր ոք հաղորդակից է լինում ոչ այլ կերպ, եթե ոչ հատուկ միջնորդության՝ եկեղեցում իրականացվող արարողությունների միջոցով, որ կատարում են առաքյալների հաջորդները՝ հոգևորականները: Ամեն անձ կարող է ճանաչել ու հավատալ Ճշմարտությանը Աստծու ընտանիքում, այսինքն՝ Եկեղեցում, որը, Ս. Պողոս առաքյալի խոսքի համաձայն, ճշմարտության սյունն է և խարիսխը (Ա Տիմոթեոս 3:15): Ս. Կիպրիանոս Կարթագենացին ու Ս. Օգոստինոսը նշել են, որ Եկեղեցուց դուրս չկա փրկություն: Մարդկանց փրկում է նրանց սերը, որը Նոր ուխտի շնորհն է: Եկեղեցուց դուրս սերը հնարավոր չէ պահպանել, քանզի այնտեղ հնարավոր չէ ստանալ նաև Սուրբ Հոգին:
«Նա չի կարող ունենալ Հայր Աստծուն, ով չունի Մայր եկեղեցին: Եթե նայենք նրանց հավատին, ովքեր հավատում են եկեղեցուց դուրս, ապա պարզ է դառնում, որ բոլոր հերետիկոսներն ունեն բոլորվին այլ հավատ, նրանց բոլորի մոտ նույն մոլեռանդությունն է, աստվածանարգությունը՝ սրբության և ճշմարտության դեմ թշնամությամբ լի: Եկեղեցուց դուրս չկա կյանք, Աստծու տունը մեկն է, և ոչ ոք չի կարող փրկվել որևէ այլ տեղ, եթե ոչ եկեղեցում»,- ասել է Ս. Կիպրիանոսը: Փրկության կարևոր նախապայմանն է Եկեղեցու անդամ լինելը: Այսօր բազմաթիվ կրոնական կազմակերպություններ են գործում, ովքեր թշնամությամբ են լցված միմյանց հանդեպ, բայց նրանք մեկ հարցում են միասնական, նրանց համար անհաշտելի թշնամի է ուղղափառ Եկեղեցին:
Աստվածաշնչի առաջին գրքում՝ Ծննդոցում կարդում ենք, որ երկրի ապականության պատճառով Աստված որոշեց ոչնչացնել այն ջրհեղեղով, այդ մասին Տերը հայտնեց արդար Նոյին և պատգամեց տապան կառուցել: Նոյն ու իր ընտանիքը մեկ դար համբերությամբ կառուցում էին տապանը, միաժամանակ հիշեցնելով սպասվելիք պատուհասի՝ ջրհեղեղի մասին, բայց այդպես էլ մարդիկ անփույթ էին և անտարբեր: Նրանց անտարբերությունը հատվեց այն օրը, երբ իրենց համար այդքան օրերի ծաղրվելիքն արդեն իրականություն էր։ Գուցե մեծ ցանկություն կար փրկվելու ջրհեղեղից, բայց արդեն ուշ էր. տապանի դուռն Աստված փակել էր: Եկեղեցու հայրերը եկեղեցին նմանեցնում են փրկության տապանի, եթե Նոյի ժամանակ մուրճի հարվածներն էին հիշեցնում ջրհեղեղի մոտալուտ լինելը, ապա այսօր եկեղեցին է իր զանգերի ղողանջով հիշեցնում Քրիստոսի Երկրորդ Գալուստն ու Ահեղ դատաստանը` ապաշխարության կոչելով բոլորին: Փրկության տապանը՝ Եկեղեցին, կյանքի փոթորկալից ծովով ընթանում է ապահով, քանի որ տապանի նավավարը Ինքը՝ Քրիստոսն է: Տապանից՝ Եկեղեցուց դուրս, միայն տախտակով փոթորկալից ծովն անցնողն իրեն ենթարկում է անդառանալի մահվան:
Իլարիոն արքեպիսկոպոս Տրոիցկու «Քրիստոնեություն չկա առանց Եկեղեցու» աշխատության մեջ կարդում ենք. «Փրկության հույսը կորցնում է ոչ միայն նա, ով աղավաղում է քրիստոնեության հիմնական ճշմարտությունները. այդ հույսից զրկված է յուրաքանչյուր ոք, ով անջատվում է ընդհանրապես Եկեղեցուց, Քրիստոսի Մարմնի մեկ ամբողջական օրգանիզմի ընդհանուր կյանքից: Եթե մարդ հեռացել է կամ հեռացվել է Եկեղեցուց, ապա նա վախճանված է, մեռած է Աստծու և հավիտենականության համար»:
Քրիստոսի հետևորդն ընթանում է Տիրոջ ուղենշած ճանապարհով, քանի որ Քրիստոս է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը (Հովհաննես 14:6), և նա քաջատեղյակ է Տիրոջ այն խոսքին, որ նախազգուշացնում է. «Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճյուղերը: Ով միացած է Ինձ, և Ես՝ նրան, նա առատ պտուղ կտա, որովհետև առանձ Ինձ դուք ոչինչ անել չեք կարող: Ով որ Ինձ միացած չի մնա, նա կտրվելով դուրս կնետվի և կչորանա այն ճյուղերի նման, որ հավաքում և կրակը նետելով այրում են» (Հովհաննես 15:5-6): Այսպիսով, աստվածահիմն Եկեղեցում Քրիստոսին հաղորդակից եղողը կատարում է այն ընտրությունը, որն առաջնորդելու է իրեն դեպի հավիտենական կյանք:
Կարինե Սուգիկյան