Սիրիահայ ուխտավորների հոգևոր ուղևորությունը

Սեպտեմբերի 13-ին, Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և սպասավոր Վաչագան սարկավագ Դոխոլյանի ուղեկցությամբ, մեկնեց ուխտագնացության Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցի: Աղոթքով և շարականներով հագեցած նրանց հոգևոր ուղին իր աղոթական շարունակությունն ունեցավ արդեն ուխտավայրում: Սիրիահայ ուխտավորները մասնակցեցին Ճաշու երեք ժամերգություններին, որոնց ավարտին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանն աղոթք բարձրացրեց Սիրիայում խաղաղության հաստատման, հիվանդության մեջ գտնվող սիրիահայերի շուտափույթ ապաքինման և Հայոց երկրի միասնության ու հզորացման համար:

Այնուհետև ուխտավորները համախմբվեցին սիրո ճաշի շուրջ: Ուխտավորների հետ զրույցի ընթացքում Վաչագան սարկավագը շեշտադրեց հայ քրիստոնյայի համար կարևորագույն ուխտի մասին. «Եղեռնի ժամանակ մեր նահատակները, իրենց խաչը կրելով, նահատակվեցին և սրբացան: Այսօր էլ մենք՝ որպես նրանց ժառանգորդներ, մեր կյանքից ներս մեր խաչը կրելով, պետք է ուխտ անենք, հավատարիմ մնալու նրանց ուխտին, այսինքն՝ պատրաստ լինել կյանքը, բայց ոչ հավատքը կորցնելու»:

 

Սիրիահայ ուխտավորների հոգևոր ուղևորությունը նաև գոհություն էր առ երկնավոր Հայրը, որ արժանեցրեց իրենց միասնաբար աղոթելու և փառաբանելու Տիրոջը: Հուդա Տյառնեղբոր խոսքի համաձայն՝ փառաբանելու Նրան, Ով կարո՛ղ է ձեզ փրկել անկումներից, պահել անարատ ու անբիծ և Իր փառքի առաջ կանգնեցնել անխառն ուրախությամբ լի, միա՛կ Աստծուն, որ մեր Փրկիչն է, փա՛ռք տվեք մեր Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսի միջոցով: Նրա՛նն են փառքը, մեծությունը, զորությունն ու իշխանությունը թե՛ բոլոր ժամանակներից առաջ, թե այժմ և թե՛ գալիք բոլոր ժամանակներում (Հուդա 1:24-25):

 

Կարինե Սուգիկյան

13.09.17
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․