23 Դեկտեմբեր, Բշ
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքը հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, իրենց ավանդույթին հավատարիմ, մուտք գործեց մայիսյան ժամերգությունների շրջան: Յուրաքանչյուր սիրիահայի համար մայիս ամիսը սիրելի է և սպասելի՝ որպես մայիսյան ժամերգությունների մի ընթացք, որ նվիրված է Սբ. Մարիամ Աստվածածնին:
Մայիս ամսվա յուրաքանչյուր չորեքշաբթի օրը Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում երեկոյան ժամերգությունն անցկացվում է՝ ըստ մայիսյան ժամերգության կարգի: Արարողությանը հատուկ սաղմոսներին, մաղթանքներին, քարոզներին, շարականներին և օրվան նվիրված աղոթքներին սիրիահայերը հետևում են մայիսյան ժամերգության համառոտ ժամագրքից: Մայիսի 11-ի հերթական ընդհանրական աղոթքն անցկացվեց Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Հայկազուն քահանա Մկրտչյանի և Սիրիայից Հայաստան ժամանած Տեր Հայկազ քահանա Մասոյանի գլխավորությամբ: Տերունական աղոթքից հետո ներկաները բարձրաձայն ընթերցեցին սաղմոսներ, երգեցին Աստվածամորը նվիրված «Մեծածուսցէ» շարականները, իսկ Աստվածամորը նվիրված քարոզին բոլորի միասնական խնդրանքն էր՝ Մայր սուրբ բարեխօսեա՜, յիշեա՜ Տէր և ողորմեա: Ապա տվյալ օրվա Սբ. Հովհաննես Գառնեցու Տիրամորն ուղղված բարեխոսական աղոթքով ժամերգության մասնակիցների շուրթերից ի խորոց սրտի հնչեց՝ Աստուածածին, Քրիստոսի մայր և Հօր միածնին ծնողը, անէծքները վերացնող և մարդկային ցեղին պարծանքը: Երկնային զօրքերու կողմէ երանուած, եւ հողեղէններէն օրհնուած, մարդոց եւ Աստուծոյ միջեւ միջնորդ, արարածներուն հաշտարարը, կոյսերուն թագն ու պսակը, համարձակօրէն բարեխոսէ՛ ինծի և մեղաւորներուն համար:
Ժամերգությանը քարոզխոսեց Տեր Հայկազ քահանա Մասոյանը՝ անդրադառնալով օրվա ընթերցմանը Մարկոսի Ավետարանից, որ վերաբերում էր մեռելների հարությանը, հանդերձյալ կյանքին և կարևորագույն պատվիրաններին (Մարկոս 12:18-35): Ի ամփոփումն քարոզի՝ Տեր Հայրը կարևորեց այն հանգամանքը, որ եթե հարության գաղափարն ու Աստծո խոսքը չշաղվի և չդառնա մեր կյանքի անբաժանելի մասը, ապա զուր են այս խոսքերը, քանի որ Քրիստոսը՝ սիրո թագավորը, փրկության հույս շնորհեց բոլորին՝ անկախ ազգային պատկանելությունից:
«Տեր ողորմեա» շարականով և «Տերունական աղոթք»-ով ավարտվեց սիրիահայ համայնքի մայիսյան հերթական ժամերգությունը:
«Մայիսյան ժամերգությունները Սիրիայում ապրող հայ համայնքային կյանքում երկար տարիների պատմություն է ունեցել: Մայիս ամսին որոշ աղջիկներ ու կանայք ուխտ էին անում և Աստվածամոր նմանողությամբ ողջ ամիս կապույտ զգեստ և սպիտակ գոտի էին կրում: Մայիսյան ժամերգության օրերին եկեղեցու Խորանն ու ատյանն առանձնանում էին ծաղիկների առատությամբ, քանի որ ժամերգության մասնակիցների մեծ մասը իրենց հետ ծաղիկներ էին բերում»,- ասաց Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու սպասավոր Րաֆֆի սրկ. Գույումջյանը, ով հինգ տարեկանից ծառայել է Հալեպի Սբ. Աստվածածին եկեղեցում:
Մայիսյան ժամերգությանը մասնակից Շողիկ Առաքելյանի համար ընդհանրական աղոթքը մի նոր աշխարհ, նոր կյանք ու հոգևոր հանգստություն է, և նա իր աղոթքներում մշտապես դիմում է Աստվածամոր բարեխոսությանը:
Կարինե Սուգիկյան