Գրքեր

Սիրիր մերձավորիդ

Հաճախ մարդիկ դիտելով մարդկության ընթացքն այս աշխարհում, քննելով հարազատների, ընկերների, հարևանների, աշխատակիցների  կյանքում տեղի ունեցող իրադարձությունները, հայացք նետելով նաև պատմության էջերին, և ինչու՞ չէ, նաև սեփական կյանքի ճանապարհը զննելով, նկատում են, որ մարդու կյանքի անբաժան մաս են կազմում տառապանքը, չարչարանքը, և բազմատեսակ այլ նեղությունները: Խորհելով այդ մասին հարցնում են թե ինչու՞ է այդպես, ինչու՞ են մարդուն հանդիպում հիվանդությունը, աղքատությունը, դժբախտությունը, պատերազմները, աղետները, անարդարությունները, ուր՞ են Աստծո ողորմածությունը, խնամքը՝ մարդու նկատմամբ: Ինչպիսի՞ առաջադրանք ունենք կատարելու այս երկրային ճանապարհին: Միգուցե՞ պիտի այդ փորձությունները հաղթահարենք ինչ-որ նպատակով: Անդրադառնանք ավետարանական լուսավորող պատմություններին: Օրենսգետը երբ հարցրեց Փրկչին, թե ինչ անեմ, որ հավիտենական կյանք ժառանգեմ, Տերը նրան ասաց. «Օրենքում ի՞նչ է գրված»: Սա պատասխանեց և ասաց. «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով և քո ամբողջ հոգով և քո ամբողջ զորությամբ և քո ամբողջ մտքով. և պիտի սիրես ընկերոջը (մերձավորին), ինչպես քո անձը»: Եվ Հիսուս նրան ասաց. «Ճիշտ պատասխան տվեցիր, այդ արա և կփրկվես»: Տեսեք, այս փարիսեցին լավ ըմբռնել էր ամբողջ օրենքի իմաստը և գլխավոր ուղեցույցն ու նպատակը փոթորիկներով լի այս կյանքի: Սակայն, իր հաջորդ հարցը օրենք իմացողի համար զարմանք է պատճառում: Նա հարցրեց, թե ո՞վ է իր ընկերը (մերձավորը): Իսկ ովքե՞ր են մեր մերձավորները: Մեզ շրջապատող բոլոր մարդկանց. լինի ազգական թե հարևան, լինի ընկեր թե աշխատակից, թե մեզ հետ շփվող յուրաքանչուր մարդուն պիտի իբրև մերձավորի ընդունենք: Եվ այստեղ Տերն է մեր գլխավոր օրինակը, ում պիտի ձգտենք նմանվել, ով սիրում է և խնամում է բոլորին: Քրիստոս, ի պատասխան, պատմեց նրան բարի սամարացու առակը: Այս առակում տեսնում ենք քահանայի և ղևտացու անտարբեր վերաբերմունքը՝ ընկած և վիրավորված մարդու նկատմամբ, ովքեր այդ փարիսեցու պես քաջատեղյակ էին Աստծո բոլոր օրենքներից: Եվ այս երկուսը չանցան քննությունն այս կյանքի: Տերը այս առակում որպես փրկչի կերպար ընտրում է սամարացուն, ով չուներ ճշմարիտ հավատք, կյանքի ճշմարիտ ուղեցույց: Սամարացին առանց հավիտենական արքայություն ժառանգելու նպատակի Աստծո գլխավոր պատվիրանը կատարեց՝ ցուցաբերելով գթասրտություն և ողորմածություն: Եվ այս քայլով նմանվեց Աստծուն ու հանձնեց կյանքի քննությունը: Այս առակը պիտի դառնա մեր համար խորհելու մեծ աղբյուր: Մենք հաճախ տեսնելով մեր շուրջը ընկած մարդկանց, լինի հոգևոր թե աշխարհիկ իմաստով, անտարբերություն ենք ցուցաբերում, երբեմն էլ դատում ենք, պնդելով, թե իրենք են մեղավոր իրենց անկումների համար: Եվ այստեղ մենք պիտի ամաչենք սամարացուց: Հիշե՛նք ինչին ենք կոչված և ուր պիտի քայլենք: Հոգևոր սթափությունը և Աստծո սերը եկեք արմատավորենք մեր սրտերում և հոգիներում, որպեսզի կարողանանք կյանքի քննությունը հանձնել և հասնել մեզ համար այդքան տենչալի նպատակին:

Տեր  Զգոն քհն. Աբրահամյան

16.12.14
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․