Ապրիլի 23-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը սիրիահայ համայնքից Խանում Ղազարյանին (57 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Սիրիայում ծագած պատերազմական գործողությունների պատճառով տիկին Խանումն իր դստեր՝ Շնորհիկ Մանգուշյանի (21 տ.) հետ չորս տարի առաջ տեղափոխվել է Հայաստան: Սիրիահայ ընտանիքը վարձակալությամբ բնակվում է Շինարարների 99/22 հասցեում: Շնորհիկը Եվրոպական համալսարանի զբոսաշրջության ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանողուհի է: Նրա ուսման վարձի 60 %-ը վճարում է ՀԲԸՄ-ն:
«Մյուս դուստրս ընտանիքով ևս Հայաստան եկավ, միայն ամուսինս մնաց Սիրիայում: Երբ մեզ Հալեպից տեղափոխեցին Հայաստան, ամուսինս այդ ժամանակ գյուղում էր, ուր այնքան լարված իրավիճակ էր, որ նա չկարողացավ այնտեղից դուրս գալ: Չորս տարի ամուսնուս մասին տեղեկություն չունեինք, միայն այս տարի կարողացանք տեղեկանալ, որ նա ողջ է»,- ասաց Խանում Ղազարյանը: Մեկ տարի է, ինչ սիրիահայ ընտանիքը ֆինանսական դժվարությունների մեջ է հայտնվել. տիկին Խանումն առողջական խնդիրների պատճառով ի վիճակի չէ աշխատելու: Նա երկու վիրահատություն է տարել, այս տարի մայիս ամսին էլ պետք է վիրահատեն նրա վահանաձև գեղձը: Առկա ֆինանսական խնդիրների պատճառով տիկին Խանումը չի կարողանում վճարել աղջկա ուսման և տան վարձերը: Նա անչափ շնորհակալ էր Տեր Գրիգորին և աջակից անձին, որ օգնության ձեռք մեկնեցին իր ընտանիքին:
«Աշխարհը կործանում է նրան, ում մեջ բացակայում է Սերը, իսկ Սիրո առկայությամբ աշխարհը լիանում է սիրով: Ամենասարսափելին կյանքում Սերը կորցնելն է: Ձեռք բեր Սերը և ամեն ինչ կգտնես, չես գտնի Սերը, նշանակում է՝ ոչինչ չես գտնի: Ոչ ոք զրկված չէ Աստծուն և մերձավորին սիրելու հնարավորությունից, և նա, ով բողոքում է, թե չի տեսնում սեր Աստծուց և մերձավորից, ապա չի գործադրում ոչ մի ջանք, որ իրականություն դարձնի իրեն ընձեռնված հնարավորությունը»,- ասում է վանական Սիմեոն Աթոսացին:
Կարինե Սուգիկյան