Մարդուն շնորհված աստվածային մեծագուն պարգևներից է ազատությունը, և մարդն ազատ է ապրելու այնպես, ինչպես կցանկանա: «Աստված կանչեց ձեզ, որ ազատ լինեք. նայեցե՛ք միայն, որ այդ ազատությունը մարդկային ցանկությունները կատարելու պատրվակ չդառնա, այլ սիրով ծառայեցե՛ք միմյանց» (Գաղատ. 5:13): Աստվածապարգև ազատությունն աստվածահաճո կերպով գործածելու լավագույն ուղին, ըստ Պողոս առաքյալի, սիրո ուղին է: Ս. Հովհան Ոսկեբերանը նշում է, որ մերձավորին անկեղծ սիրողը չի հրաժարվում նրան ծառայելուց, և առաքյալը մատնանշում է սիրո բարձրագույն աստիճանը, չի ասում միայն, թե՝ սիրեցեք միմյանց, այլ՝ սիրով ծառայեցեք միմյանց:
Դեկտեմբերի 6-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Նառա Գրիգորյանին (33 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի ընտանիքը: Նառան իր երկու աղջիկների հետ վարձակալությամբ բնակվում է Աշտարակ քաղաքի Վ. Պետրոսյան 3/24 հասցեում: Նառայի ամուսինը մահացել է մեկ ու կես տարի առաջ: Մինչ երկրորդ զավակի ծնունդը, նա կարողացել է աշխատել, բայց այժմ զբաղված է իր մեկամյա դստեր խնամքով: Ընտանիքի մայրը նշեց, որ ֆինանսական դժվարությունների առջև է կանգնած, չի կարողանում վճարել տան և կոմունալ վարձերը, իսկ ընտանեկան նպաստի գումարով կարողանում է մասամբ լուծել մյուս խնդիրները: Նառան զգացված էր այն ուշադրության և հոգատարության համար, որ ցուցաբերվեց իր ընտանիքի հանդեպ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի, հոգևոր հովվի և աջակից անձանց կողմից:
Կարինե Սուգիկյան