13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
Զհետ երթայք սիրոյ և նախանձաւոր լերուք հոգևորացն։
Սիրո հետամո՛ւտ եղեք և առավել ևս նախանձախնդի՛ր եղեք հոգևոր շնորհներին (Ա Կորնթ. 14։1)։
Սիրելի՛ հավատակից քույրեր և եղբայրներ.
Այս հորդորն ենք լսում Սուրբ Պողոս առաքյալի՝ կորնթացիներին ուղղված առաջին նամակում։ Այո՛, մենք պետք է հետամուտ լինենք՝ մեր սրտում ունենալու սեր և հոգևոր այլ շնորհներ, որոնցից է պահելու և պահպանելու կարողությունը։ Մենք՝ իբրև քրիստոնյաներ, պետք է լինենք պահապաններ և պաշտպաններ։ Առաջին հերթին պետք է լինենք պահապանները մեր հոգու, մեր հոգու մաքրության ու սրբության, հեշտությամբ չպիտի զիջենք մեր հոգու անաղարտությունը ու մեղքերին տրվելով՝ աղտոտենք այն անպատասխանատու կերպով։ Որովհետև պահպանությունն ու խնամքը նախ և առաջ պատասխանատվություն են ենթադրում։ Մենք պատասխանատվություն ենք կրում մեզ հանձնված ամեն ինչի համար՝ մեր հոգու, մեր կյանքի, մեր կարողությունների ու հմտությունների, շնորհների, ունեցվածքի, զավակների, ընտանիքի, տան ու հայրենիքի համար։ Սրբուհիներից մեկը, դիմելով Տիրոջը, ասում է, որ այնքան թեթևամիտ գտնվեց Աստվածապարգև շնորհների հարցում, որ կորցրեց դրանք։ Իսկ Սուրբ Գրիգոր Նարեկացին ասում է.
Երախտիքներն ու բարիքները Քո
Անմիտ ընթացքով վատնեցի իսպառ.
Բարձրյալիդ կողմից հոգատարությամբ
Ինձ վրա բարդված անճառ լուսավոր շնորհները ողջ
Խելագարության մրրկով ցնդեցրի (Բան Ե)։
Հետևաբար, պահապան լինել նշանակում է ոչ միայն պատասխանատվություն, այլ նաև զգոնություն, զգաստություն, խոնարհություն, միաժամանակ նաև քաջություն ու խիզախություն։ Պահպանել նշանակում է պաշտպանել, վերցնել իր հովանու ներքո, սիրել ու հոգ տանել, համբերատարությամբ խնամել։ Եթե մարդը առաջնորդվի պահապան ու տեր լինելու սկզբունքով, կյանքում կորուստներ քիչ կունենա և մեղքեր քիչ կգործի։
Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս ասում է. «Ուր ձեր գանձերն են, այնտեղ և ձեր սրտերը կլինեն» (Մատթեոս 6։21)։ Եթե մենք մեր հոգու անաղարտությունը մեզ շնորհված գանձ համարենք, ապա ուշադիր կլինենք, կսիրենք այն ու կջանանք չապականել այն և չկորցնել նրա մաքրությունը։
Եթե մեր կյանքը մեզ համար գիտակցված կերպով թանկ լինի, ապա չենք վատնի մեր օրերն ու ժամերը։ Մենք պահապանը կլինենք մեր սկզբունքների, Աստվածային պատվիրանների, չենք ամաչի քրիստոնյա լինելուց, մեր արժեհամակարգից, կպահպանենք ու կպաշտպանենք մեզ ավանդված հավատքը, տեր կլինենք ազգային ու հոգևոր արժեքներին։
Յուրաքանչյուրս մեծագույն պատասխանատվություն է կրում իր համար, իրեն վստահված իշխանության ու ընտանիքի պահպանության համար։ Միայն ընտանիքի հայրը չէ, որ այդ պարտականությունն ունի։ Տան բոլոր անդամները պատասխանատվություն են կրում ընտանիքի պահպանության համար, որովհետև ամեն մեկը այդ տան մի մասնիկն է, մի անդամը և պահապան է հանդիսանում իր ներկայությամբ, մասնակցությամբ, պահվածքով, վերաբերմունքով ու ներդրումով։ Ընտանիքը պահպանելու համար պետք է զիջել ու ներել իմանալ։ Հայրենիքը պահպանելու համար յուրաքանչյուր անձ պիտի սիրի այն, իսկ սեր ունենալու դեպքում քաջություն էլ կունենա, որպեսզի պաշտպանի իր հայրենիքը, լինի վճռական, աննահանջ և ունենա անդավաճան սիրտ ու անձնուրաց հոգի։
Անչափ հեշտ է, և ջանքեր չեն պահանջվում կորցնելու, քանդելու, ոչնչացնելու համար, իսկ շինելու ու կառուցելու, ստեղծելու, պահելու ու պահպանելու համար ջանքեր ու եռանդ են պահանջվում և նաև հոգնություն։
Նույնն է նաև մարդկային փոխհարաբերություններում։ Պահպանել դրանք դժվար է և աշխատատար, իսկ ոչնչացնել շատ դյուրին է։ Մի անզգույշ խոսք, մի վիրավորական բառ և բավական է, որպեսզի քանդվեն ընկերական հարաբերությունները, վերանան բարեկամությունն ու սերը։ Պահապան լինելու համար պետք է գիտակցել, հասկանալ, թե մեր քայլերը ուր են տանում մեզ, մենք կառուցո՞ւմ ենք, թե՞ ավերում, մենք միասնության մի մասնի՞կն ենք, թե՞ Հուդայի նման առանձնացել ենք և Տիրոջը դավաճանում ենք, մենք ուզում ենք շղթայի մի օղակը լինե՞լ, թե՞ ինքնակամ պոկվելով ու հեռանալով՝ մասնատել շղթան։
Պահապան լինելու համար մեկից ակնկալվում է իշխանություն, մյուսից՝ հնազանդություն։ Լինի ընտանիքում, աշխատավայրում, թե պետության կառավարման մեջ։ Ուստի պետք է խոհեմ լինել մեզանից հասանելիքը հասկանալու և գործադրելու համար։ Այդպիսով հնարավոր կլինի պահպանել ունեցածը։ Պահապան լինել նշանակում է չլքել դիրքը, կատարել մեզ վստահված աշխատանքը, տեր լինել ստանձնած գործին։ Քրիստոնյան պետք է ունենա պահելու և պահպանելու հատկորոշիչը, որովհետև նա առաջին հերթին Աստծու արարչագործության պահապանն է, հսկիչն ու տնտեսը և ոչ միայն պարտավոր է պահպանել իրեն վստահվածը, այլև բազմապատկել, ինչպես տեսնում ենք մնասների ու տաղանդների առակներում։ Նա պետք է իր տաղանդների ու շնորհների բազմապատիկը վերադարձնի Աստծուն։ Շատ կարևոր հանգամանք է, որ քրիստոնյան պահպանում է ոչ թե ժլատությամբ, այլ նվիրումով, տված ողորմությամբ ու անձնազոհությամբ։ Եվ միաժամանակ պահպանում է ոչ թե շռայլությամբ, այլ խնայողությամբ ու տնտեսելով։ Մեր գիտակցության աստիճանից, սրտացավությունից ու ուշադրությունից է կախված, թե որքանով ենք մենք մտածում մեզ վստահված մարդկանց, ինչքերի ու շնորհների պահպանությունն ու վերահսկողությունը տանելու համար։
Կյանքում սխալներ քիչ թույլ տալու և մեղքեր չգործելու համար հարկավոր է սեր ունենալ սրտի մեջ, սիրել հայրենիքը, աշխատանքը, մարդկանց, վերադասներին ու ենթականերին, փոքրերին ու մեծերին, սիրել մեր պարտականությունները, չձանձրանալ ու չբողոքել, չդժգոհել, սիրել մաքրությունն ու կարգուկանոնը, պահել աստվածային պատվիրանները։ Միայն այդժամ է հնարավոր դառնալ իսկական պահապան ու պաշտպան, որովհետև երբ դու սիրում ես, քեզ համար հաճելի են և՛ այն միջավայրը, որտեղ Աստծու կամքով հայտնվել ես դու, և՛ քո հարազատները, և՛ օտարները, և՛ քո տունը, և՛ քո հայրենիքը, և՛ քո աշխատանքը։ Դու պատասխանատվությամբ ես մոտենում յուրաքանչյուր հարցի ու խնդրի, չես խուսափում խնդիրները լուծելուց, չես փախչում դժվարություններից, չես դավաճանում մարդկանց ու քո սկզբունքները։
Սիրելինե՛ր, հիշենք, որ առաջին պահապանը Աստված է և պահում ու պահպանում է մեզ։ Որպես քաջ հովիվ՝ Նա պահպանում է մեզ Իր փարախում և չի լքում մեզ։ Ուստի մաղթում եմ, որ ամեն մեկը Քրիստոսի նման իրեն պահապան ու պաշտպան զգա կյանքում և ոչ թե մտածի, որ ինքը այդ պատասխանատվությունը չունի, ապրի միայն սպառողի հոգեբանությամբ և կարծի, որ ինքն ազատ է և իր գլխի տերն է միայն։ Գիտակցենք, որ մեզանից յուրաքանչյուրից շատ բան է կախված՝ կյանքը գեղեցկացնելու, ուրիշների հոգսերը թեթևացնելու, մի գործ առաջ տանելու, բարի պտուղներ տալու, այլոց ուրախացնելու, մխիթարելու, ապահովություն ու անվտանգություն պարգևելու համար։ Հեշտ է անառակ որդու պես մսխելն ու վատնելը, սակայն հաստատուն ու անսասան մնանք նեղությունների, փորձությունների ժամանակ և ճշմարիտ պահապաններ ու պաշտպաններ լինենք ամենուր։
Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. ամեն։
Տեր Վահան քհն. Առաքելյան