«Սիրո հետամուտ եղեք»

Ապրիլի 1-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» ՀԿ-ի սոցիալական ծրագրերի շրջանակում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Ներսիսյան Սիրանուշին (40 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Ներսիսյան ընտանիքը բնակվում է Մասիսի շրջանի գ. Դարբնիկի փակ. 2 հասցեում: Ընտանիքի երկու զավակներից կրտսերը՝ Շավարշը (7 տ.), Դաունի համախտանիշ ունի: «Շավարշը սովորում է առաջին դասարանում, նա շատ բարի է, սիրում է բակում խաղալ, մուլտֆիլմեր դիտել: Երեք տարի տղաներս ֆուտբոլի և կարատեի խմբակներ են հաճախել և մեկ տարի է, որ ֆինանսական խնդրի պատճառով չեն կարողանում հաճախել»,- ասաց արև Շավարշի մայրը՝ Սիրանուշը՝ աջակցության համար շնորհակալություն հայտնելով աջակից Վարդանյան ընտանիքին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն և «Արև-երեխաներ» ՀԿ-ին:

Ըստ հայրաբանության՝ քրիստոնյայի կյանքը լուսավոր և կատարյալ կդառնա, եթե նրա կյանքից անպակաս լինեն երեք կարևորագույն առաքինությունները՝ հավատը, հույսը և սերը: Այս առաքինություններն ունեցողը մինչ մահը հաղորդակից կլինի Երկնային Արքայությանը, մինչ մահը կվայելի Աստծո ներկայության երանությունը: Հավատը, հույսը և սերը սկիզբն ու ավարտն են քրիստոնեական առաքինությունների: Եթե մարդը բարին է գործում առանց սիրո, ապա նրա գործերը չնչին են Աստծո համար: Եթե մարդը բարին է գործում՝ չհավատալով Աստծուն, չհասկանալով, որ Նա է իրեն ուժ տալիս բարին գործելու, ապա կընկնի հպարտության և փառասիրության մեջ: Իսկ նա, ով հույսը չի դնում Աստծո նախախնամության վրա, կարող է վախենալ բարին գործելու ճանապարհին իրեն հանդիպած դժվարություններից: Պողոս առաքյալը, հորդորելով սիրուն հետամուտ լինել, ասել է. «Սեր ունեցողը միշտ զիջում է, միշտ հավատում է, միշտ հույս է տածում, միշտ համբերում: Ի՞նչ օգուտ, եթե իմ ամբողջ ունեցվածքն աղքատներին տամ և նույնիսկ իմ մարմինը կրակի մատնեմ, եթե սեր չունենամ, ոչնչից չեմ օգտվում» (Ա Կորնթ. 13:4,8):

 

Կարինե Սուգիկյան

01.04.19
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․