Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, իր սոցիալական ծրագրերի շրջանակներում շարունակում է իր տնայցերը սոցիալապես անապահով ընտանիքներին: Աստծո ընտանիքում՝ կենդանի Աստծո եկեղեցում, Աստծո խոսքի շուրջ համախմբված համայնքի համար կարևոր է հասնել Քրիստոսի կատարյալ նմանությանը: Հիսուս Իր երկրային կյանքի ընթացքում Իր բժշկարար և մխիթարիչ զորությամբ լույս ու սեր բաշխեց բոլոր մարդկանց անխտիր, ուստի Քրիստոսին հետևող յուրաքանչյուր անձ, Նրա օրինակի համաձայն, փորձում է Նրա արտացոլանքը լինել:
Ապրիլի 16-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց Արշակունյաց 2-րդ նրբանցքի 27 տանը բնակվող սոցիալապես անապահով ընտանիքին: Բազմազավակ ընտանիքն ապրում է երկու փոքր սենյակներից բաղկացած բնակարանում, որն անընդհատ խոնավանում է տանիքի անսարքության պատճառով: Ընտանիքի մայրը՝ Ռուզաննա Խաչատրյանն (38տ.) ասաց, որ բնակարանն իրենց չի պատկանում և իրենք ժամանակավորապես են այդտեղ բնակվում: Նա նշեց, որ խոնավ բնակարանային պայմանների պատճառով տղան թոքաբորբով է հիվանդացել, ինքն էլ առողջական լուրջ խնդիրներ ունի, ութ վիրահատություններ է անցել և կրկին անգամ պետք է վիրահատվի: Ընտանիքում ոչ ոք չի աշխատում, Ռուզաննայի ամուսինն ինֆարկտ է տարել, իսկ ընտանեկան նպաստը չի բավարարում անգամ դեղորայք գնելու համար: Սեփական տան բացակայության և ներկայիս բնակարանի ճնշող պայմանների, սոցիալական և առողջության հետ կապված խնդիրներով հանդերձ, ընտանիքը, ապավինելով Աստծուն, փորձում է լավատեսորեն ապրել: Իրենց լավատեսությունն առավել հաստատվեց, և ընտանիքն ուրախություն ապրեց քահանայի գլխավորությամբ եկեղեցու համայնքի այցից: Խաչատրյան ընտանիքը զգացված էր և երախտապարտ այն ուշադրության ու հոգածության համար, որ ցուցաբերեց իրենց հանդեպ Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը և աջակից անձինք:
Ընտանիքի հետ զրույցից հետո Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց և ընտանիքին հանձնեց IDT-ARM ՍՊԸ-ի աջակցությամբ գնված սննդի փաթեթներ:
Սբ. Պողոս առաքյալն ասում է, անչափ կարևոր է, որ Քրիստոսի մարմինը՝ եկեղեցին, իր մարմնի բոլոր մասերով նեդաշնակ միասնությամբ կապված լինի այդ մարմնի գլուխը հանդիսացող Քրիստոսին: Ապա առաքյալն Եփեսացիներին ուղղված իր նամակում գրում է. «Եվ երբ յուրաքանչյուր մաս գործում է ինչպես որ պետք է, մարմինն աճում և զորանում է սիրո մեջ» (Եփեսացիներ 4:15-16):
Կարինե Սուգիկյան