Սկիհ և մաղզմա

Սկիհը եկեղեցում Սուրբ Պատարագի ժամանակ օգտագործվող այն սրբազան բաժակն է, որի մեջ լցնում են կարմիր անապակ գինին՝ նվիրագործելու համար: Գինին Սբ. Պատարագի միջոցով սրբագործվում է և գինու օրինակով դառնում Քրիստոսի ճշմարիտ Արյուն: Հայկազյան բառարանում կարդում ենք. «Բաժակ ի պէտս սուրբ խորհրդոյ պատարագի»:

Սկիհը խորհրդանշում է Հիսուսի չարչարանքների բաժակը և այն գավաթը, որով Հիսուս, օրհնելով գինին Խորհրդավոր ընթրիքի ժամանակ, տվեց առաքյալներին հաղորդվելու՝ ասելով. «Բոլորդ էլ խմե՛ք սրանից. սա Իմ արյունն է, որով Նոր Ուխտ է կնքվում Աստծո հետ և որը շատերի համար թափվում է իրենց մեղքերի թողության համար» (Մատթեոս 26.28; Մարկոս 14.24; Ղուկաս 22.20; Ա Կորնթացիներ 11.25):

Սրբազնագույն խորհրդի համար նախատեսված անոթը՝ սկիհը, պետք է լինի արծաթից, իսկ ներսից՝ ոսկեզօծ: Պատրաստվում է պատվանդանով: Սկիհի բաժակի վրա պատկերված են լինում տերունական պատկերներ՝ Խաչ, Քրիստոս, Հարություն, Աստվածամայրը Մանկան հետ, կամ էլ չորս ավետարանիչներ: Երբեմն այն կոչվում է Հաղորդության բաժակ: Լինում են և շատ խոշոր չափերի սկիհներ, որոնք նախատեսված են մեծ և բազմամարդ արարողությունների ժամանակ:

Մաղզման սկիհի ծածկոցը կամ կափարիչն է: Այն մի հարթ պնակ է, որի մեջ Սուրբ Պատարագի ընթացքում, ամփոփում է Սուրբ Հաղորդության Նշխարը՝ Փրկչի Մարմինը. «Առե՛ք, կերե՛ք, այս է Իմ Մարմինը» (Մատթեոս 26.26; Մարկոս 14.22; Ղուկաս 22.19; Ա Կորնթացիներ 11.24): Այդ փոքր կլոր ամանը սկիհի խուփն է: Նրա միջին մասը սկիհի բերանի չափով խորացված է, որի շնորհիվ այն հարմարավետ տեղադրվում է նրա վրա: Սկիհի պես մաղզման ևս լինում է արծաթից, իսկ ներսից ոսկեզօծ է: Մաղզման մեջի մասում ունենում է պատկեր՝ Խաչելության կամ էլ Գառն Աստծոյ:

Եթե Հաղորդության բաժակը կամ սկիհը Հիսուսի Արյան սրբագործման անոթն է, ապա նրա ծածկոցը՝ մաղզման, խորհրդանիշն է զոհի սեղանի, որի վրա զոհաբերվեց աստվածային Գառը՝ Հիսուս Քրիստոսը:

Մաղզման խորհրդանշում է նաև Փրկչի ծննդյան մսուրը և այն գերեզմանը, որի մեջ թաղվեց Նրա Սուրբ Մարմինը:

10.12.14
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․