15 Հոկտեմբեր, Եշ
Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին սբ. Անանիայի հիշատակությունն այս տարի տոնախմբեց հոկտեմբերի 13-ին, որ մեծ հանդիսավորությամբ նշվեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում նախորդ օրվանից, քանի որ, եկեղեցական կարգի համաձայն, օրը փոխվում է Երեկոյան ժամերգությունից հետո: Հոկտեմբերի 12-ի երեկոյան՝ ժամը 19-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Սուրբ Պատարագ մատուցվեց: Պատարագչի՝ Տեր Վահան քահանա Առաքելյանի հետ միասին ուխտավորներն արարողության ընթացքում սբ. Անանիայի շիրիմի առջև միասնական աղոթք բարձրացրին առ Տեր՝ սրբի բարեխոսությունը հայցելով:
Իսկ վաղ առավոտյան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի գանձատնից Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի բերվեց սբ. Անանիայի մասնատուփ-աջը (17 դար): Հանդիսավոր թափորը Փարպեցի փողոցից, եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ և Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր դասի, համայնքի անդամների ու բազմաթիվ ուխտավորների մասնակցությամբ, առաքյալի մասնատուփ-աջը բերելու հատուկ արարողակարգով, իր խոնարհումը բերեց սբ. Անանիայի մասունքներին՝ եկեղեցուն կից մատուռ-դամբարանում: Այնուհետև եկեղեցում շարունակվեց արարողակարգը, որին հաջորդեց տոնական Սուրբ Պատարագը, որ մատուցեց Տեր Գրիգորը: Քարոզին Տեր Հայրը մասնավորաբար ասաց. «Սուրբ Անանիան, սբ. Պողոսն ու մյուները չէին վախենում չհասկացվելուց, ծաղրվելուց ու հալածվելուց, քանի որ Քրիստոսին ունեին իրենց սրտում և հավիտենական կյանքն՝ իրենց աչքերի առջև: Նրանք հարատևում էին Աստծու հետ կենդանի կապի՝ աղոթքի մեջ և ամեն օր կերակրվում ու զորանում էին Նրա խոսքով: Նրանք անբաժան էին Աստծու եկեղեցուց, միասնական էին համայնքի հետ ու աճում էին աստվածգիտության ու մերձավորի հանդեպ սիրո մեջ: Ամենօրյա հոգևոր այս փորձառությունը ամրացնում էր նրանց կենսատու արմատները կյանքի հողմերին անվախորեն առճակատվելու և դիմակայելու համար: Նրանք հավատարիմ էին Ճշմարտությանը ծառայելու իրենց ուխտին, իսկ Քրիստոս Իր հավատարիմների կողքին է: Միշտ հիշեք սա, սիրելի՛ հավատացյալներ»:
Մինչ Երեկոյան ժամերգությունը հավատավոր հայորդիները, Ս. Անանիայի բարեխոսությունը հայցելով, հաղորդակից եղան նրա մասնատուփ-աջի օրհնությանն ու զորությանը:
Քրիստոնեական առաջին համայնքներից սկսած՝ սրբերի հիշատակը առանձնահատուկ տեղ է ունեցել եկեղեցու կյանքում։ Այցելելով նրանց գերեզմանների վրա կառուցված սրբավայրերը՝ հավատավորները հիշել են նրանց վկայությունը, աղոթել և զորացել հարության ու հավիտենական կյանքի հանդեպ հավատով։ Ինչպես սերը չի սահմանափակվում երկրային կյանքով, այնպես էլ մահը քրիստոնեական հավատքի մեջ չի դիտվում որպես մարդու գոյության վերջնական ավարտ։ Սերը մշտապես ձգտում է արտահայտվել ու գործել՝ ուրիշներին օգնելու, նրանց մասին հոգ տանելու և սեփական անձը նրանց ծառայությանը նվիրելու միջոցով։ Այս ոգով են ապրել սրբերը. նրանց կյանքի կենտրոնում Քրիստոսն էր։ Եվ քրիստոնեական հավատքի համաձայն՝ նրանց սերն ու բարեխոսությունը չեն դադարում նաև երկրային կյանքից հեռանալուց հետո։ Հենց այդ հավատով են քրիստոնյաները մոտենում սրբերի մասունքներին, ակնածանքով հպվում դրանց և սրբերի շիրիմների առջև առանձնահատուկ ջերմեռանդությամբ աղոթում։
Սրբերը իրենց երկրային կյանքով վկայեցին Քրիստոսի հանդեպ հավատարմությունը, իսկ նահատակները նույնիսկ մահվան սպառնալիքի առաջ չհրաժարվեցին իրենց հավատից։ Նրանց կյանքն ու մահը վկայեցին, որ հավիտենական կյանքի հույսը կարող է մարդուն ուժ տալ՝ դիմակայելու նույնիսկ ամենածանր փորձություններին։
Կարինե Սուգիկյան