26 Նոյեմբեր, Գշ
- Հա՛յր, սուրբ Արսենն իրեն ինչպե՞ս է զգում այժմ, երբ իր անվամբ եկեղեցի ունի:
- Նա ուրախանում է, որովհետև այժմ վայր ունի, որտեղ իր գառներին է հավաքել, որպեսզի պահպանի:
- Հա՛յր, որևէ սրբի սրբադասումից հետո մարդիկ ավելի մե՞ծ օգնություն են ստանում:
- Իհա՛րկե: Եկեղեցու սրբադասումից հետո սրբերը մեզ օգնելու պարտավորություն են զգում՝ ասես հարկադրված են մեզ ավելի շատ օգնելու, բայց և Աստված է նրանց ուղարկում մարդկանց օգնելու:
- Իսկ սրբերից որևէ մեկը կարո՞ղ է Աստծուն խնդրել, որպեսզի մարդիկ կատարեն իր հիշատակությունը:
- Ո՛չ, սրբերը նման խնդրանքներով չեն դիմում: Նրանք Աստծուն չեն ասում. «Տե՛ր Աստված, թող հավատացյալներն իմ հիշատակությունը կատարեն, որպեսզի Դու նրանց օգնես» կամ «Օգնի՛ր նրանց, որ ինձ մեծարում են»: Այլ նրանք այսպես են ասում. «Տե՛ր Աստված, մարդիկ իմ հիշատակությունն են կատարում, վարձահատո՛ւյց եղիր նրանց դրա համար»:
- Հա՛յր, ես ավելի շատ Հովհաննես ավետարանչին եմ մեծարում, քան այն սրբուհուն, որի անունը կրում եմ:
- Համենայն դեպս քո սրբուհին քեզ չի խանդում, որ սուրբ Հովհան Աստվածաբանին ավելի շատ ես սիրում ու մեծարում. ոչ միայն որովհետև դու պետք է նրան մեծարես՝ որպես լռակյացների մենաստանի հովանավորի, սակայն եթե անգամ նա ձեր հովանավորը չլիներ, քո սրբուհին, ինչպես և ցանկացած այլ սուրբ, ուրախանում է, երբ ի սրտե կապված ենք որևէ սրբի և նրանից օգնություն ենք ստանում:
Սրբերը սրբեր են, և նրանք մարդկային կրքեր, մարդկային մանրախնդրություն չունեն: Ինչպես մարդն զգում է, այդպես էլ նրան տրվում է: Ինչ-որ մեկը կարող է օգնություն հայցել որևէ մեծ սրբից և ստանալ խնդրածը, իսկ ինչ-որ մեկը քիչ հայտնի սրբի է խնդրում և, միևնույն է, ստանում է, որովհետև և՛ մեկի, և՛ մյուսի դեպքում Աստծու զորությունն է գործում:
- Իսկ ինչի՞ց է, որ մեկն առանձնահատուկ ակնածանք է տածում որևէ սրբի հանդեպ:
- Նշանակում է, որ այդ սուրբն այս կամ այն կերպ խոսել է այդ մարդու սրտում: Յուրաքանչյուր ոք կարող է որևէ սրբի հանդեպ առանձնահատուկ սեր տածել, և երբ նրան որևէ բան է պատահում, ապա նա սրբի աղոթքներով օգնություն է ստանում: Դա կարող է և՛ լուրջ դեպք լինել, և՛ ոչ: Օրինակ՝ մանկության տարիներին ես միշտ Կոննիցայում գտնվող սուրբ Վարվառայի եկեղեցի էի գնում, ուստի և շատ եմ մեծարում սրբուհուն: Նա ինձ բանակում է օգնել, երբ ինձ որպես կապավոր վերցրին, չնայած որ կրթություն չունեի: Օգնել է, երբ թոքերս վիրահատեցին(1): Այն ժամանակ բժիշկներն ինձ ասացին, որ հենց թոքս մաքրվի, նրանք խողովակներն ու ապարատը կհանեն(2): Չնայած, որ դրանք հինգ օրից պիտի հանեին, բայց արդեն քսանհինգ օր էր անցել, սակայն ոչինչ էլ չէին հանել, և ես շատ էի տանջվում: Շաբաթ օրը՝ դեկտեմբերի երեքին, բժիշկներին էի սպասում՝ հուսալով, որ վերջ կտան այդ տանջանքներին, սակայն, ցավոք, այդպես էլ որևէ մեկը չհայտնվեց: Կիրակի առավոտյան, իսկ այդ օրը սուրբ Վարվառայի հիշատակության օրն էր, ասացի. «Եթե սրբուհին կամենար օգնել, ապա արդեն օգնած կլիներ: Բժիշկ չկա: Այսօր էլ կիրակի է և հաստատ ոչ մեկը չի գալու: Հապա ո՞վ պիտի հանի այս բոլոր խողովակները»: Մի փոքր տրտնջացի. «Քանի՜-քանի անգամ եմ սուրբ Վարվառայի եկեղեցու կանթեղները վառել, պատրույգը փոխել, ձեթ լցրել… Մի քանի խողովակ հանելն ի՞նչ է որ»: Բայց հետո մտածեցի. «Հավանաբար ինչ-որ կերպ վշտացրել եմ սուրբ Վարվառային և այդ է պատճառը, որ նա չի հոգացել, որպեսզի դրանք հանեն»: Հանկարծ ինչ-որ աղմուկ լսեցի: «Ի՞նչ է պատահել,- հարցրի,- որևէ մեկի վիճակը վատացե՞լ է»: «Բժիշկներն են»,- պատասխանեցին: Չգիտեմ, թե բաժնի վարիչի խելքին ինչ էր փչել՝ բժիշկներին առավոտ շուտ ասելու. «Գնացե՛ք վանականի դրենաժը հանեք»: Մտան հիվանդասենյակ ու ասացին. «Դրենաժդ հանելու հրահանգ ունենք»: Երևում է… սուրբ Վարվառային գանգատներս դուր չէին եկել: Երբեմն օգտակար է մի փոքր տրտնջալը: Բայց ավելի լավ է չտրտնջալ. չտրտնջալը վեհանձնության նշան է:
Տեսնո՞ւմ ես, երբեմն սրբերը կարող են միանգամից տալ այն, ինչ խնդրում ենք, իսկ երբեմն ոչ: Երբեմն մարդու աղոթքը լսում են, որովհետև նա հոգևոր լավ վիճակում է գտնվում, իսկ երբեմն, որովհետև երեխայի պես լալիս է ու հոգնեցնում:
- Հա՛յր, սուրբը կարո՞ղ է ինձնից երես դարձնել իմ հոգևոր վատ վիճակի պատճառով:
- Ո՛չ, բարեբախտաբար, սրբերն այդպես չեն վարվում: Վա՛յ մեզ, եթե այդկերպ վարվեին: Եթե նրանք մեզ չօգնեին, ապա ամեն ինչ ավարտված կլիներ մեզ համար: Պատկերացրեք՝ նրանք Երկնքում ուրախանում են, իսկ մենք այստեղ՝ երկրի վրա տառապում: Այնպես որ, երբ որևէ բան ենք խնդրում, ապա նրանց կողմից ոչ բոլորովին… լավ կլիներ մեզ չլսելը:
- Հա՛յր, եթե աղոթենք և օգնություն խնդրենք հրեշտակներից ու բոլոր սրբերից, ապա նրանք բոլորը միասին կբարեխոսե՞ն մեզ համար Աստծու առջև: Նրանց աղոթքները միավորվո՞ւմ են:
- Յուրաքանչյուրն օգնում է, եթե օգնության կարիք կա, այսինքն՝ եթե դա մեր օգտին է ծառայում:
- Իսկ երբ որևէ սրբից օգնություն եմ ստանում, քույրերին ասե՞մ դրա մասին:
- Ո՛չ, միայն մայրապետին ասա և մեծ երախտագիտության զգացում ունեցիր: Մի՞թե սուրբը քեզ ինչ-որ բան նվիրելու իրավունք չունի: Ինչպե՜ս են սրբերն ամեն ինչ կարգավորում ձեզ համար: Որքա՜ն անախորժություններից են փրկում:
- Ինչ-որ բան գիտե՞ք դրա մասին, հա՛յր: Ինչո՞ւ եք այդպես ասում:
- Կարող էի ձեզ ասել, սակայն չափազանց կլինի: Մի բան կասեմ՝ սրբերն ամբողջ ուժով աշխատում են մեզ խենթացնել:
1. 1966 թ.-ի նոյեմբերին հայր Պաիսիոսը թոքերի վիրահատության ենթարկվեց, քանի որ նրա մոտ բրոնխոէկտազ էր հայտնաբերվել:
2. Վիրահատությունից հետո հեղուկը հեռացնելու համար:
Պաիսիոս Աթոսացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը