Սրբերը տարածությունները ջնջում են

- Հա՛յր, Սինայի վանահայր սուրբ Գևորգը Սինայից ինչպե՞ս հայտնվեց Երուսաղեմում ու այնտեղ Սուրբ Հաղորդություն ստացավ(1):

- Մի անկնթարթում գնաց ու վերադարձավ: Հափշտակվեց:

- Նա միևնույն ժամանակ նաև իր խցո՞ւմ էր:

- Ոչ, խցում չէր. մի քանի վայրկյանում հայտնվեց Երուսաղեմում, հաղորդվեց ու մեծ արագությամբ վերադարձավ Սինայ:

- Նա թռչո՞ւմ էր, հա՛յր:

- Super բենզին էր լցրել: Հոգևոր տոմսո՛վ էր թռչում:

- Ինչպե՞ս է հնարավոր, հա՛յր, որ սուրբը միևնույն ժամանակ երկու վայրում գտնվի:

- Միայն Աստված է ամենագո. սրբերն այնպիսի արագությամբ են մի վայրից մյուսը տեղափոխվում, որ տարածությունները վերանում են. նրանց համար հեռու ու մոտ տարածություն չկա: Երբ ես պառկած էի տուբերկուլյոզով հիվանդների առողջարանում, ինձ հետ մի խեղճ մարդ էր պառկած: Անունը Խարլամպոս էր, երկար տարիներ հիվանդ էր: Նա նույնիսկ այնտեղ աշխատող մի բուժքրոջ հետ էր նշանվել: Այն ժամանակ բժիշկները տուբերկուլյոզը բուժելու միջոցներ չունեին, և նրան մահ էր սպառնում: Նրա մայրը սուրբ Պարասկևայի վանքը գնաց՝ իր վշտի համար աղոթելու: Խարլամպոսն այդ ժամանակ վերակենդանացման բաժանմունքում էր պառկած, և ոչ մեկի չէին թողում նրա մոտ, անգամ՝ հարսնացուին: Եվ ահա մայրը զանգահարում է հարսնացուին ու ասում. «Մի՛ անհանգստացիր: Սուրբ Պարասկևան ինձ ասաց, որ Խարլամպոսը կապաքինվի: Եվ ավելացրեց, որ հիմա էլ Լամիայի առողջարան է գնում, քանի որ այնտեղ ևս վտանգի մեջ հայտնված մարդ կա»: Այդ նույն պահին Խարլամպոսի վիճակը սկսեց լավանալ: Բուժքույրը զանգահարեց Լամիա և այնտեղից նրան ասացին, որ այն նույն ընթացքում կրիտիկական վիճակում գտնվող մի հիվանդ ինչ-որ հրաշքով սկսել է ապաքինվել: Ինչպիսի՜ արագությամբ էր տեղաշարժվում սուրբ Պարասկևան: Մեքենան ցրիվ կգար, եթե նման արագությամբ ընթանար: Իսկ սրբուհին ո՛չ բենզին այրեց, ո՛չ անիվներ մաշեց:

 

1. Գևորգ Սինայեցին (†544) Զատկին ցանկացավ Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում Հաղորդություն առնել: Սուրբ Հաղորդության պահին իր խցում գտնվելով՝ հայտնվեց Սուրբ Հարության տաճարում և Հաղորդություն ստացավ Երուսաղեմի պատրիարքից:

 

 

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

12.09.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․