25 Նոյեմբեր, Բշ
Հնում մի մարդ էր ապրում: Նրա սրբությունն այնքան մեծ էր, որ նույնիսկ հրեշտակներն էին զարմանում ու երկնքից ցած էին իջնում տեսնելու, թե երկրի վրա ապրելով ինչպես՞ կարելի է այդքան նմանվել Աստծուն: Եվ մի անգամ Աստծուն ասացին.
- Տե՛ր Աստված, այս մարդուն հրաշագործության շնորհ պարգևիր:
- Ես համաձայն եմ,- պատասխանեց Աստված,- նրան հարցրեք, թե ինչ է ուզում:
Եվ հրեշտակները հարցրեցին սրբին:
- Ցանկանո՞ւմ ես ձեռքի մի հպումով բժշկել մարդկանց:
- Ոչ,- պատասխանեց սուրբը,- ավելի լավ է Տերն՝ ինքը, դա անի:
- Իսկ չե՞ս կամենում խոսքի այնպիսի շնորհ ունենալ, որի ուժով մեղավորներին դարձի կբերես:
- Ոչ, դա հրեշտակների, այլ ոչ թե տկար մարդու գործն է: Ես աղոթում եմ մեղավորների դարձի համար, բայց դարձի չեմ բերում:
- Միգուցե ցանկանում ես լույսի տեսքով դեպի քե՞զ գրավել առաքինություններն ու այդ կերպ փառաբանել Աստծուն:
- Ոչ, դեպի ինձ գրավելով՝ մարդկանց ուշադրությունն Աստծուց կշեղեմ:
- Ի՞նչ ես ուզում այդ դեպքում,- հարցրեցին հրեշտակները:
- Էլ ի՞նչ ուզեմ: Թող Աստված ինձ Իր ողորմածությունից չզրկի: Իսկ դրանով ամեն բան կունենամ:
Բայց հրեշտակները շարունակում էին պնդել:
- Լավ,- պատասխանեց սուրբը,- ուզում եմ այնպես բարիք գործել, որ ինքս դրա մասին չիմանամ:
Հրեշտակները շփոթվեցին, բայց հետո որոշեցին, որ այդ մարդու ստվերը, որն ինքը չի տեսնում, նույնպես կարող է հիվանդներին բժշկել, վիշտն ու ցավը թեթևացնել երկրի վրա:
Այդ ժամանակվանից այդպես էր. որտեղ էլ, որ այդ սուրբը հայտնվեր, նրա ստվերը կանաչով էր ծածկում ամայի ճանապարհները, ջուրը վերադարձնում էր չորացած առվակներին, ծաղկում էին ծաղիկներն ու չորանում մարդկային արցունքները:
Իսկ սուրբն ուղղակի շրջում էր երկրով, ու ինքն էլ դա չիմանալով, իր շուրջը բարություն էր սփռում:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի