26 Նոյեմբեր, Գշ
- Հա՛յր, ինչ-որ տեղ կարդացել եմ, որ սրբերն իրենց հիշատակության օրը պարգևներ են բաժանում իրենց դիմող մարդկանց: Այդպե՞ս է:
- Այո, հոգևոր քաղցրավենիք են հյուրասիրում: Եթե մեր կյանքով սրբերին ուրախություն ենք պատճառում, ապա նրանք մեզ հոգևոր քաղցրավենիք են հյուրասիրում:
- Իսկ ինչպե՞ս որևէ սրբի սիրեմ, հա՛յր:
- Սրբերից որի՞ն ես ուզում սիրել:
- Սուրբ նախածնողներ Հովակիմին ու Աննային:
- Աղոթիր նրանց ինձ համար, որպեսզի օգնեն ինձ, իսկ ես կաղոթեմ, որպեսզի դու նրանց սիրես: Եթե կարող ես, ապա ամեն օր տվյալ օրվա սրբի վարքը կարդա, որպեսզի բոլոր սրբերի հետ կապ ունենաս: Օրվա սրբի վարքն ընթերցելը և, ընդհանրապես, սրբերի վարքը շատ է օգնում, որովհետև ջերմացնում է հոգին ու մղում՝ նրանց ընդօրինակելու: Այդժամ մարդը մի կողմ է դնում բոլոր վախերն ու փոքրոգությունը և քաջությամբ առաջ է ընթանում: Վարքերն օգնում են հոգու արիություն դաստիարակել, անգամ մինչև նահատակություն:
- Հա՛յր, ինչպե՞ս է պատահում, որ նույնանուն սրբերը նույնատեսակ տանջանքներ են կրում:
- Քո անունն ի՞նչ է:
- Մարիամ:
- Սուրբ Մարիամ կա՞:
- Սուրբ Մարիամ Եգիպտացին:
- Սուրբ Մարիամը նահատակ չէ, բախտդ բերել է: Սակայն նա ճգնում էր, այնպես որ ընդօրինակի՛ր նրա սխրանքին, որպեսզի նույնանման… վարք ունենաք: Սրբերը ջանում էին ընդօրինակել մյուս սրբերին, նրանց, ում մեծարում էին:
- Հա՛յր, իսկ մարդն ինչպե՞ս կարող է որևէ սրբի հետ ընկերանալ:
- Անհրաժեշտ է հարազատանալ սրբին. «Սրբին մեծարելը նրան ընօրինակելն է»,- ասում է սուրբ Բարսեղ Մեծը:
….Վերջերս ծուլացել եմ ու սրբերի ողորմությամբ եմ ապրում, մուրացիկի պես անընդհատ խնդրում եմ նրանցից, և բոլորին էլ խնդրում եմ, որ աղոթեն ինձ համար: Սրբերն իրենց մեծ սիրով ինձ երկնային հացից ու դրախտային մեղրից են տալիս:
Պաիսիոս Աթոսացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը