30 Դեկտեմբեր, Բշ, Սուրբ Ծննդյան պահքի Ա օր

Սրբուհի Վարվառե կույսի հիշատակության օր

Վարդագեղ և շուշանափայլ Սբ. Վարվառե կամ Վարվառա կույսը Փյունիկիայի Հելիոպոլիս քաղաքից էր: Ապրել է 3-րդ դարի վերջերում: Միամոր դուստրն էր Դիոսկորոս անունով հարուստ հեթանոս իշխանի: Վերջինս մոլի կռապաշտ էր: Քանի որ Վարվառեն չափազանց գեղեցիկ էր, Դիոսկորոսը նրան հետաքրքրասեր աչքերից հեռու պահելու համար, մի բարձր աշտարակ է կառուցել տալիս և դստերը ծառայողներով հանդերձ այնտեղ բնակեցնում մինչև Վարվառեի ամուսնության տարիքը:

Այն ժամանակ, երբ թագավորում էր Մաքսիմիանոսը, քրիստոնյաների դեմ հալածանքները դարձյալ սաստկանում են: Ամենուր ուղարկվում են դատավորներ և զորագլուխներ, որպեսզի հալածեն քրիստոնյաներին, նրանց բռնադատեն ուրանալու իրենց կրոնը, և ովքեր մերժեն ենթարկվել հրամանին՝ չարաչար մահով սպանեն: Հելիոպոլիս է գալիս Մարտիանոս անունով վայրենամիտ և անաստված դատավոր և սկսում տանջել քրիստոնյաներին:

Վարվառեն, լինելով ուշիմ և խելացի աղջիկ, սկսում է մտածել, որ այն կուռքերը, որոնց իրենք պաշտում են, չեն կարող իրական ստեղծիչը լինել, քանի որ մարդկանց ձեռքով են պատրաստված և որ կա մի ուրիշ ստեղծիչ: Երբ Վարվառեն ժամանակ առ ժամանակ դուրս էր գալիս աշտարակից և իջնում քաղաք, այնտեղ ծանոթանում է քրիստոնյա կանանց հետ, որոնցից և իմանում է Քրիստոսի մասին, հավատում քրիստոնեական վարդապետությանն ու ծածուկ քրիստոնյա դառնում:

Մի օր հայրը աշտարակ է գալիս և ասում Վարվառեին.

-Աղջիկս, Վարվառա, քեզ համար պատրաստել եմ հարսանեկան առագաստ: Որոշել եմ քեզ կնության տալ մեծ իշխանի տղային: Դու ի՞նչ ես մտածում այս մասին, համարձակորեն ասա ինձ:

Իսկ աղջիկը, խռովված հոր խոսքերից, ասում է նրան.

-Հայր, մի՛ ստիպիր ինձ ընտրել թշվառ կյանքը և զրկվեմ հիմնական քաղցր և հաճելի կյանքիցս:

Հայրը, առանց հասկանալու աղջկա ասածը, ուրախանում է նրա ծանրախոհության համար:

Սակայն շուտով մի միջադեպ առիթ է դառնում, որ հայրն իմանա իր դստեր հավատափոխության մասին: Հայրը աշտարակի մոտ բաղնիք է կառուցել տալիս երկու պատուհաններով: Հոր բացակայությամբ Վարվառան երրորդ պատուհանն է շինել տալիս, իսկ ավազանի վրա էլ դրոշմում է տերունական նշանը՝ Սուրբ Խաչը:

Երբ հայրը վերադառնում է, բաղնիքում տեսնում է երեք պատուհան, պահանջում է բացատրություն: Կանչում են աղջկան: Վարվառեն ասում է, որ իր հավատացած Սուրբ Երրորդության խորհրդով է դա արել: Իսկ խաչը այն փրկարար գործիքն է, որի վրա Քրիստոս Իր արյունն է թափել մարդկանց փրկության համար: Դիոսկորոսը այս լսելով այնքան է կատաղում, որ կամենում է տեղն ու տեղը սրով սպանել Վարվառեին: Սակայն վերջինս հրաշքով ազատվում է հոր ձեռքից և փախչում լեռները: Հայրը գտնում է նրան և, ծեծի ենթարկելով, բերում տուն և արգելափակում: Այնուհետև հանձնում է տեղի Մարկիանոս դատավորին, ով Վարվառեին, ատյան հանելով, փորձում է համոզել զոհ մատուցել կուռքերին, սակայն, ապարդյուն: Վարվառեին ենթարկում են չարչարանքների, որոնց ականատես է լինում Հուլիա անունով մի բարեպաշտ քրիստոնյա կին: Այնուհետև Վարվառեին գցում են բանտը, ուր նրա մոտ է գալիս Հուլիան և տեսնելով թե ինչպես են աստվածային հրաշքով Վարվառեի բազմաթիվ վերքերը անհետ կորել, ավելի է հաստատվում հավատքի մեջ, փառավորում Աստծուն և որոշում Վարվառեին նահատակակից դառնալ: Վարվառեին դարձյալ ատյան են հանում:

Երբ դատավորը տեսնում է Վարվառեի վերքերը առողջացած, ասում է.

-Տեսա՞ր, թե աստվածները որքան հոգատար են և ինչքան շուտ բժշկեցին քեզ:

Վարվառեն պատասխանում է.

-Ո՛վ դատավոր, քո աստվածները կույր են և համր: Նրանք չեն կարող զգալ մարդու ցավերը, ոչ բարիք կարող են անել և ոչ էլ չարիք: Մինչդեռ իմ ճշմարիտ բժիշկն իմ Փրկիչն է: Դու Նրան չես կարող տեսնել, որովհետև հոգուդ աչքերը խավար են:

Այդժամ դատավորը հրամայում է կրկին չարչարել երանելի կույսին: Հուլիան գնում է նրա հետ, նրան նույնպես չարչարում են: Երկուսին չարչարելուց հետո Հուլիային գցում են բանտ, իսկ Վարվառեին մերկացնելով շրջում քաղաքում և նրանից դուրս: Ի վերջո, երբ ոչ մի կերպ չեն կարողանում Վարվառեի հաստատուն միտքը փոխել, նրան և Հուլիային, տանում են մահապատժի վայրը, որտեղ Վարվառեի հայրն իր ձեռքով գլխատում է դստերը: Հուլիան նույնպես գլխատվում է: Դատավորի և Դիոսկորոսի պատիժը չի ուշանում, երկնքից կրակ իջնելով այրում ու մոխրացնում է նրանց, իսկ նահատակ սրբուհիների մարմինները Վաղենտիանոս անունով մի աստվածապաշտ մարդ թաղում է Հելիոպոլսին մոտակա Գելասիս գյուղում:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

04.10.16
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․