Արարիչ Աստված արարչագործության պսակին՝ մարդուն, ի թիվս մի շարք շնորհների պարգևել է նաև հաղորդակցության շնորհը։ Մարդը կոչված է նախ՝ իր Արարչի, հետո արդեն՝ իր նմանների հետ հաղորդակցվելու: Երանելի Օգոստինոսն ասել է. «Դու, Աստվա՛ծ, ստեղծեցիր մեզ Քեզ համար, և մեր սիրտը անհանգիստ է, մինչև որ Քո մեջ հանգիստ չգտնի»։
Ամեն անգամ Արարչի հետ հաղորդակցությունը մեծ ուրախություն է պատճառում քրիստոնյային, քանի որ նա հաղորդակից է լինում կյանքի Աղբյուրին, որ սնուցում է հոգին և կյանք պարգևում: Թե՛ Աստծու և թե՛ մարդկանց կողմից քիչ գնահատելի են այն ծառայությունները, որ արվում են սառնությամբ և սովորությունից դրդված։ Աստծու համար կարևոր է մարդու սիրտը, որ գլխավորն է մարդու մեջ, նրա կյանքն է, ավելին՝ հենց մարդն է: «Տո՛ւր Ինձ, որդյա՛կ, քո սիրտը, և թող աչքերդ սպասեն Ինձ՝ Իմ ճանապարհին» (Առակ. 23:26): Հոգևոր կյանքում ուխտի ճանապարհներն օգնում են Քրիստոսի հետևորդներին ջերմեռանդ ու անկեղծ սրտով հաղորդակից լինել Արարչին՝ վայելելով անհատական և ընդհանրական աղոթքների քաղցր պտուղները:
Հուլիսի 8-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքն ուխտի մեկնեց Շիրակի թեմի սրբավայրեր՝ հերթական անգամ վայելելով Արարչի հետ հաղորդակցվելու ուրախությունը: Ուխտավորները նախ այցելեցին Անիպեմզա ավանի տարածքում գտնվող Երերույքի (4-7-րդ դ.) տաճար, որտեղ, օրվա հիշատակելի սրբերի՝ տասներկու առաքյալների և սբ. Պողոսի բարեխոսությանը դիմելով, Տիրոջ ողորմածությունը հայցեցին Հայ եկեղեցու, Հայաստան ու Արցախ աշխարհի և Հայոց բանակի համար: Այնուհետև ուխտավորներն ուղևորվեցին Հայաստանի երկրորդ խոշոր քաղաք՝ Գյումրի՝ այցելելով Յոթ վերք և Ս. Ամենափրկիչ եկեղեցիներ: Ուխտավորները 19-րդ դարում կառուցված Յոթ Վերք եկեղեցում, որ հայտնի է նաև Ս. Աստվածածին անունով, Աստվածամոր բարեխոսությանը դիմեցին նրա «Յեօթն խոցից» սրբապատկերի առջև: Ապա կրկին համախմբվեցին միասնական աղոթքով Ս. Ամենափրկիչ եկեղեցում (1873 թ.), որ կառուցվել է Անիի Մայր տաճարի նմանությամբ: Աղոթքով և հոգեշահ զրույցներով հագեցած ուխտի ուղին հոգեպես զորացրեց և նորոգեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամներին:
Սրտաբուխ աղոթքի ուժի և զորության մասին սբ. Հովհան Ոսկեբերանն ասել է. «Հարկ է աղոթել ոչ միայն շուրթերով, ոչ միայն՝ լեզվով, քանզի խոսքերը հեղվում են նաև այն ժամանակ, երբ մտքերը թափառում են, այլ պետք է աղոթել սրտի խորքից, հոգու հիմնաքարերից մեծ ջանասիրությամբ և նախանձախնդրությամբ: Այսպիսի աղոթքները մեծ ուժ ունեն: Ամուր ծառը, որն ունի խոր արմատներ, դրանցով ամուր բռնվում է ընդերքից, և դիմակայում քամու ուժգնությանը, իսկ այն ծառը, որ մակերեսի վրա է ամրացված, օրորվում է քամու մի փոքր շարժումից, դուրս քաշվում արմատներով, և ընկնում գետնին: Ճիշտ այդպես էլ այն աղոթքները, որոնք դուրս են գալիս հոգու խորքից և ունեն խորունկ արմատներ, ամուր են մնում և տկարանալով այս ու այն կողմ չեն շարժվում, եթե նույնիսկ մոտենում են նրանց անհամար մտքեր և դևերի բազում գնդեր: Իսկ աղոթքը, որ դուրս է ելնում միայն շուրթերից ու լեզվից, այլ ոչ՝ հոգու խորքից, չի հասնի Աստծուն՝ աղոթողի անհոգության պատճառով, որովհետև փոքրիկ թխկոցն իսկ խռովքի է մատնում նրան և ամեն մի աղմուկ շեղում է աղոթքից»:
Կարինե Սուգիկյան