․․․․Դե, իսկ հիմա ես էլ ձեզ «կանիծեմ»: Ահա. «Թող Աստված ձեր սիրտն Իր բարեգթությամբ և Իր մեծ սիրով լցնի, այնքան, որ խենթանաք, որ ձեր միտքը կտրվի երկրից ու այսուհետ Նրա մոտ՝ Երկնքում մնա: Արդ, խենթացե՛ք Աստծու սիրո աստվածային խենթությունից: Թող Աստված ձեր սրտերն այրի Իր սիրով»: Ահա, թե ինչպիսի «անեծք» եմ տալիս ձեզ և մի ստիպեք, որ կրկնեմ այն, քանի որ իմ բարի «անեծքը» սրտիցս է բխում, ուստի և զորավոր է: Կարեկցում էի ձեզ, երբ դեռ առողջարանում էի գտնվում (1): Ձեզնից ոմանք ութ տարի սպասեցին՝ ասելով՝ վանք կհիմնենք, բայց այն չկար ու չկար: Լրիվ ուժասպառ եղաք: Այդ ժամանակ ասացի ձեզ. «Հենց ինձ դուրս գրեն հիվանդանոցից՝ վանքն այնպես կաճի, ինչպես սնկերն են անձրևից հետո աճում: Մեկ տարի անց արդեն վանքում կլինեք»: Եվ իսկապես, մեկ տարում վանքը ստեղծվեց: Այն ժամանակ՝ առողջարանում, ես դա սրտանց ասացի, և դուք էլ բարի մտայնություն ունեիք, այդ պատճառով էլ Աստված չթողեց ձեզ: Այլ բացատրություն չեմ գտնում:
Եթե սիրտդ ցավի մի մարդու համար, որը խոնարհություն ունի և ի սրտե խնդրում է քեզ աղոթել իր համար, օրինակ, որպեսզի ազատվի իրեն տանջող որևէ կրքից և դու նրան ասես. «Մի՛ վախեցիր, դու ավելի լավը կդառնաս», ապա [դրանով] աստվածային օրհնություն կտաս նրան: Այդ բարի մաղթանքի մեջ շատ սեր, շատ ցավ կա և այդ պատճառով էլ զորավոր է: Դա հաճո է Աստծուն և Նա իրականացնում է օրհնությունը: Այսինքն՝ այն ցավը, որ մեկն ապրում է մյուսի համար, արդեն իսկ օրհնություն է:
Մի անգամ, երբ զինվոր էի, այն բանից հետո, երբ սուրբ Հովհաննես Մկրտիչն օգնեց մեզ պատերազմի ժամանակ, մեր հրամանատարն ինձ ուղարկեց նրան տրված խոստումը կատարելու: Մենք ուխտ էինք արել Սուրբ Հովհաննես Մկրտիչ փոքրիկ եկեղեցու համար երկու մեծ մոմակալ գնել: Պետք է մոմակալները գնեի և մեր ծառայակիցներից մեկին Նավպակտոս (2) ուղեկցեի՝ ռազմական տրիբունալին հանձնելու: Հիշում եմ՝ մյուս սպաները հրամանատարին ասում էին. «Համա՜, թե ուղեկցորդ պահակ ես գտել նրա համար»: Այդ խեղճը, որին պետք է ուղեկցեի, ծնունդով Էպիրից էր (3), մասնագիտությամբ՝ երաժիշտ, աղքատ մարդ էր, ամուսնացած և երեխաների տեր: Նա մեղադրվում էր «ինքնախեղման» մեջ, այսինքն՝ միտումնավոր կերպով ինքն իրեն վերք հասցնելու մեջ, որպեսզի թիկունք ուղարկեին: «Ավելի լավ է մեկ ոտքով ապրել,- մտածել էր նա,- քան սպանված լինել»: Նրա հետ նախ Ագրինիոս (4) հասանք, որտեղ նա ծանոթներ ուներ: «Գնանք նրանց այցելության»,- ասաց նա: «Գնանք»,- պատասխանեցի: «Այստեղ գնանք, այնտեղ գնանք»,- ինչ արած, ստիպված էի ամենուր գնալ նրա հետ: Ի՜նչ տանջանք էր: Ընդորում, նա չէր ուզում, որ իրեն տրիբունալ հանձնեմ: Ես էլ էի խղճում դժբախտին, սիրտս շատ ցավեց նրա համար ու ասացի. «Ա՛յ կտեսնես՝ ամեն ինչ կհարթվի և գործերդ բոլորից լավ կընթանան: Մեր հրամանատարը բացատրական գրություն կուղարկի քո գործի առնչությամբ և քեզ մի հանգիստ տեղ կտանեն, այնպես որ երեխաներիդ էլ կկարողանաս օգնել, կյանքիդ էլ վտանգ չի սպառնա»: Երբ վերջապես Նավպակտոս հասանք, իմացանք, որ հրամանատարից արդեն նամակ է եկել տրիբունալ և մեր ինքնախեղողի գործը կարճվել է: Իսկ նրան գնդակահարություն էր սպառնում, քանի որ ռազմական, խիստ ժամանակներ էին: Հրամանատարը խղճացել էր նրան, քանի որ ընտանիք էր պահում ու նշանակել էր նորակոչիկների բաշխման կենտրոնի խոհարար: Նրա ընտանիքն էլ տեղափոխվեց այդ կենտրոնին մոտ, և նա պատերազմը բոլորից լավ անցկացրեց, իսկ քանի որ զինվորները երբեմն ճաշարան չէին գնում ճաշելու՝ ուտելիք էր մնում, և նա իր երեխաներին էր կերակրում: Պատերազմից հետո բոլորն ասում էին. «Քո վիճակը բոլորից լավ էր»: Որովհետև մենք սարերում էինք եղել, ձյուների մեջ: Այն, ինչ ցանկացել էի նրան՝ հաճո էր Աստծուն, որովհետև սրտի ցավով էի ասել: Այդ պատճառով էլ Աստված իրականացրել էր այդ օրհնությունը:
Մեկ այլ նմանատիպ դեպք էլ եմ հիշում, երբ Ստոմիոն վանքում էի՝ Կոնիցայում: Սեպտեմբերի ութին վանքում տոն էր՝ Սուրբ Աստվածամոր Ծնունդը: Տոնից հետո ուխտավորներն ամեն ինչ գլխիվայր էին թողել: Ես սկսեցի կամաց-կամաց ամեն ինչ կարգավորել: Տեսնեմ՝ քույրս և էլի մի աղջիկ մնացել են ինձ օգնելու: Այդ աղջիկը երկու քույր էլ ուներ՝ ավագ և կրտսեր: Երկուսն էլ արդեն ամուսնացել էին, իսկ նա դեռ ոչ: Որքա՜ն բարեպաշտություն կար նրա մեջ: Մնաց օգնելու ու երբ ամեն ինչ մաքրեցինք, հավաքեցինք՝ ասաց. «Հա՛յր, եթե ուրիշ գործ էլ կա անելու, ապա կմնանք ու կանենք»: «Ինչպիսի՜ բարեպաշտություն»,- մտածեցի ես: Եկեղեցի մտա ու ի սրտե ասացի. «Սուրբ Աստվածամայր, Դու հատուցիր նրան: Ես տալու ոչինչ չունեմ»: Եվ եթե նույնիսկ ունենայի, միևնույն է, ոչինչ չէր վերցնի: Եվ ի՞նչ. նա տուն է վերադառնում, իսկ այնտեղ նրան իմ նախկին ծառայակիցն է սպասում, մի ոսկի տղա, շատ լավն ու հրաշալի ընտանիքից: Նրանք ամուսնացան ու ապրեցին երջանիկ: Տեսնո՞ւմ եք, թե Սուրբ Աստվածամայրն ինչպես պարգևատրեց նրան:
1) 1966թ.-ին:
2) Նավահանգստային քաղաք հարավ-արևմտյան Հունաստանում:
3) Արևմտյան Հունաստանի շրջան:
4) Քաղաք հարավ-արևմտյան Հունաստանում:
Հայր Պաիսիոս Աթոսացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը