Սուրբ Անանիա առաքյալ

Սուրբ Անանիա առաքյալ | Surb Anania Araqyal

Սիրելի հավատացյալներ,

Այսօր մեզ համար և ոչ միայն մեզ համար, այլ Հայ Եկեղեցու և համայն հայության համար սքանչելի և չափազանց օրհնաբեր օր է: Այսօր մեր մեծ բարեխոս և Աստուծո նվիրյալ՝ Անանիա առաքյալի հիշատակության օրն է, ում մասունքները ամփոփված են Զորավոր Սուրբ Աստվածածին Եկեղեցու Անանիա առաքյալի մատուռ-դամբարանում: Եվ այսօր Մայր Աթոռ Ս. Էջմիածնից բերվել է նաև իր մասունքակիր աջը: Պատահական ոչինչ չի լինում, այլ ամեն բան մեր կեանքում Աստուծո խնամքի ներքո է: Տերը կամեցել է այսօր իր սիրելի ժողովրդին Սուրբ Անանիայի բարեխոսությամբ առատորեն բաշխել իր օրհնությունները: Գոհություն հայտնենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին մեր հանդեպ տածած անվերջ սիրո և այսպիսի հոգատարության համար: Ուրախանանք և ցնծանք այն իրողությամբ, որ Փրկիչը այսպիսի նվիրյալ անոթ պատրաստեց երկնային արքայության համար ինչպիսին Սուրբ Անանիան է, ում բարեխոսությամբ անթիվ հրաշքներ են կատարվել և մինչ այսօր էլ կատարվում են:

            Փորձենք հիշատակել Անանիա առաքյալի անսասան հավատքի պտուղները՝ իր քաջագործությունները, իր գործած հրաշքները, արիաբար նահատակվելը: Ինչու փորձենք: Ցավոք իր հոգևոր գործունեության մասին փոքրաթիվ են մեզ հասած տեղեկությունները: Սակայն այն ամենը ինչ մեզ հայտնի է արդեն իսկ խոսում է Անանիայի մեծ հոգևոր արժանիքների մասին: Նախ հայտնի է Սրբազան ավանդությունից, որ Անանիան առաջին ունկնդիրներից է եղել Փրկչի քարոզների: Ականատես է եղել Տիրոջ գործած բազմաթիվ հրաշքների և ընտրվել որպես Իր աշակերտ: Նա Պետրոս առաքյալի ձեռամբ ձեռնադրվել է եպիսկոպոս: Աստուծո խոսքը քարոզել է Դամասկոսում և մոտակա քաղաքներում և գյուղերում: <<Գործք առաքելոց>>-ում կարդում ենք ինչպես Տերը պատվիրեց Անանիային գնալ և բժշկել կուրացած Սողոս Տարսոնացուն, ով մինչ այդ հայտնի հալածիչ էր եկեղեցու: Սուրբը հարցրեց Տիրոջը, փորձելով պարզել, թե արդյոք վտանգ չի սպառնում եկեղեցուն այդ բժշկությունից: Եվ ստացավ պատասխան Հիսուս Քրիստոսից, համաձայն որի Սողոսը ընտրյալ անոթ է, պիտի քարոզի հեթանոսներին, թագավորներին և հրեաներին, և մեծ չարչարանքներ ու նեղություններ պիտի կրի Աստուծո անվան համար: Անանիան խոնարհաբար կատարեց Աստուծո հրամանը: Հրաշքը կայանում էր ոչ միայն մարմնական աչքերի բուժման մեջ, այլ նաև Սողոսի հոգևոր աչքերի բացման: Եվ նա բժշկվելով հավատաց Մեր Տեր Հիսուս Քրիստոսին և Անանիայի ձեռամբ մկրտվեց: Անանիան ըստ էության եղավ Պողոս առաքյալի առաջին ուսուցիչը և ճշմարիտ հավատքի մեջ հաստատողը: Սողոսը Դամասկոսում սկսեց համարձակորեն քարոզել, զարմացնելով բոլոր նրանց, ովքեր ճանաչում էին իրեն որպես քրիստոնյաների հալածողի: Եվ երբ Սողոսին Դամասկոսի հրեաները փորձում էին սպանել, Անանիան այն քրիստոնյաների շարքում էր, ովքեր Սողոսին քաղաքի պարիսպից պարանով դուրս բերեցին: Անանիան համարձակորեն քարոզում էր Տիրոջ խոսքը և բազում բժշկություններ կատարում ասորիների և պաղեստինցիների երկրում: Իր առաքելության ընթացքում ենթարկվում էր ծանր հալածանքների թէ հրեաների և թէ հեթանոսների կողմից: Այնպես պատահեց, որ Հելևթերուպոլս քաղաքի մերձակայքում նրան բռնեցին հեթանոսները և տարան դատավորի մոտ: Այս դատավորի անունն էր Լուկիանոս, ով հայտնի էր իր մոլեգին կռապաշտությամբ և Քրիստոսի հետևորդների հանդեպ հուժգին ատելությամբ: Լուկիանոսը չափազանց խորամանկ էր և փորձում էր մեկ քաղծրախոսությամբ, մեկ սպառնալիքով ստիպել սրբին ուրանալ Քրիստոսին և կուռքերին զոհ մատուցել: Սակայն Անանիան անկոտրուն կամք դրսևորեց և ուժգին ծեծի ենթարկվելով էլ հաստատուն մնաց իր հավատքի մեջ: Իր իմաստուն խոսքերով ամոթահար արեց հեթանոսներին, որոնք էլ բարկությունից ու ատելությունից դրդված սուրբին քաղաքից դուրս հանեցին և քարկոծելով սպանեցին:

            Նրա մարմինը քրիստոնյաները տեղափոխեցին Դամասկոս և հողին հանձնեցին Տիրոջ 70 թվականին: Ըստ որոշ աղբյուրների իր բնակավայրի տեղում եկեղեցի կառուցվեց, որը հետագայում վերածվեց մզկիթի: Անանիայի մասունքները որոշ ժամանակ անց տեղափոխվեցին Հռոմ, իսկ հետագայում Բրասկետայի եկեղեցի: Այնտեղից էլ նշխարները բերվեցին Հայաստան և ամփոփվեցին այս վայրում, ուր և կառուցվեց Անանիա առաքյալի մատուռ-դամբարանը:

            Սուրբի մարտիրոսությունից մինչ այսօր էլ կարծես շարունակվում է իր լուսավոր առաքելությունը: Քանզի բազում են ոչ միայն հրաշքները և նույնիսկ անբուժելի հիվանդների բժշկությունները, այլ նաև Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին շատերի համար եղել է և կա սիրելի աղոթավայր, որը կարծես մի անբացատրելի ձգողական ուժով իր հովանու ներքո է հրավիրում մարդկանց, պարգևելով իրենց քաղծրաշունչ աստվածային ջերմություն:

            Ուրեմն, հարգանքի տուրք մատուցելով և խոնարհվելով Սուրբ Անանիա առաքյալի սխրագործությունների առաջ, մեծ խանդավառությամբ և ցնծությամբ ընդունենք իր բարեխոսությամբ ստացած Աստուծո օրհնությունները:

 

                                                                                                                                                                                                                   Տեր Զգոն քահանա Աբրահամյան

                                                                                                                                                                                                                                                       

        

14.10.14
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․