13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
Թագուհին կանգնած է քո աջից՝ զարդարված ու պաճուճված ոսկեհուռ զգեստներով (Սղմ. 44:10)
Սիրելի՛ հավատակից եղբայրներ և քույրեր,
Սաղմոսի այս տողերն այսօր ընդգրկված չեն օրվա ընթերցվածքներում, սակայն հենց նրանցով եմ սկսում խոսքս՝ կամենալով ձեր աչքերի առջև կերպավորերել երկնային այն սքանչելի պատկերը, այն մեծագույն շնորհը, որով Տեր Հիսուս Քրիտոս պատվել է Իր ու մեր քաղցրիկ Մորը։
Այսօր, սիրելինե՛ր, հիշատակում ենք սուրբ Մարիամ Աստվածածնի գոտու գտնվելու տոնը, որի առթիվ շնորհավորում եմ ձեզ՝ նրա բոլոր որդեգիր զավակներին։
Եկեղեցու այսօրվա հիշատակածը ուղտի բրդից հյուսված մի պարզ գոտի է, որը, ճիշտ է, հետագայում զարդարվել է մարգարտով ու ոսկե թելերով իր աստվածապարգև հրաշագործ զորության շնորհիվ բժշկված երախտապարտ հոգիների կողմից, սակայն բնականաբար դրանով պայմանավորված չէ այդ գոտու արժեքավորությունը մեզ համար, այլ այն փաստով, որ դրանով գոտևորել է Աստվածորդու Մոր անարատ իրանը, և հյուսվել նրա սուրբ ձեռքերով ու աղոթքներով։
Հարազատ մարդու ննջումից հետո նրան պատկանող իրերը մեզ համար դառնում են անգին մասունքներ։ Դրանցով ենք պահպանում անցյալի ջերմ հուշերը և դրանք ասես յուրատեսակ կամուրջ են դառնում այս և անդրշիրիմյան աշխարհների միջև։ Հաճախ կարոտով մեր կրծքին ենք սեղմում, զրուցում դրանց հետ՝ ասես կենդանի էակի, սիրով ու հոգատարությամբ փայփայում ենք՝ փորձելով մեղմել կորստի ցավն ու մխիթարություն գտնել դրանց մեջ։ Քրիստոսի խաչելությունից ու համբարձումից հետո սուրբ Աստվածածնին այլևս ոչինչ չէր կապում այս փուչ աշխարհին, և ինչպես ավանդությունն է պատմում, համբարձումից առաջ նա Որդուն խնդրում է իրեն էլ տանել Իր հետ։ Սակայն Քրիստոս խնդրում է Իր անուշիկ Մորը, որպեսզի մի փոքր էլ համբերի երկրի վրա՝ ի մխիթարություն առաքյալների և ի զորակցություն նորաստեղծ Եկեղեցու, որպեսզի գոտեպնդվեն նրա աստվածաբույր ներկայությունից և իրենց լիովին որբ չզգան։ Եվ ահա, երբ հասնում է նրա ննջման փափագելի ժամը, հոգատար Մայրը իր սակավաթիվ իրերն է հանձնում մերձավորներին, որոնցից էր նաև գոտին, որպեսզի դրանցով ոչ միայն մխիթարվեն, այլև բժշկվեն հոգու ու մարմնի ախտերից և զորություն գտնեն տկարության ժամին։
Երբ մի քանի տարի առաջ Սրբուհի Կույսի գոտու մի մասունքը Աթոսից տարան Ռուսաստան՝ հավատացյալների երկրպագության համար, հիշում եմ, որ մի քանի կիլոմետրանոց հերթ էր գոյացել այդ ցուրտ եղանակին, և հարյուր հազարավոր մարդիկ ժամեր շարունակ համբերությամբ սպասում էին, որպեսզի մի քանի վայրկյան հնարավորություն ունենան այդ սրբությանը հաղորդվելու։
Այսօր մենք էլ ենք եկել խոնարհվելու Ամենասուրբ Մորն ու հոգևոր շուրթերով համբուրելու նրա գոտին, և որքան էլ ես՝ մեղավորս, ինձ անարժան համարեմ խնդրանքով դիմելու Աստծու Անարատ Ծաղկին, պիտի համարձակվեմ աղաչել, որպեսզի Երկնային Տիրուհին, որ անձանձիր բարեխոսն է բոլորիս, ողորմի այսօր այստեղ գտնվողներիս և ունկնդիր ու դարման լինի յուրաքանչյուրիս ցավին։ Եվ ուզում եմ հուսալ, սիրելի՛ հավատացյալներ, որ Սրբուհի Մորը դիմելու եք ոչ այնքան նյութեղենի վերաբերյալ խնդրանքներով, որքան հոգևոր կյանքի, որի աճից ու որակից է կախված յուրաքանչյուրի հավիտենական ապագան։ Այս առիթով հիշեցի վերջերս մի տեղ կարդացած տողերը, որոնցում գրված ճշմարտությունը, որ կարծես թե գիտեի վաղուց, նորովի բացահայտվեց ինձ համար և ուղիղ նշանակետին՝ սրտիս դիպելով՝ ցնցեց ինձ։ Ահա, թե ինչ էր ասվում այնտեղ․ «Աղոթքն իր մեջ ամփոփում է մեր վերաբերմունքը Աստծու հանդեպ, ողորմության գործերն ու բարեգործությունը՝ վերաբերմունքը մերձավորի հանդեպ, իսկ ճգնությունները մեր վերաբերմունքն են ինքներս մեր հանդեպ»։ Տեսեք, թե ինչպիսի՜ հոգևոր ուշադրություն է պահանջվում մեզանից և՛ աղոթելիս, և՛ ողորմություն կատարելիս, և՛ ճգնելիս։ Եվ ճգնությունն էլ ոչ այլ ինչ է, եթե ոչ ցուցիչը նրա, թե դու ինչպես ես քեզ, քո հոգուն վերաբերվում․ չե՞ս ճգնում, ուրեմն արհամարհում ես քեզ, քո ներկան ու ապագան, դժկամությամբ կամ թերանալո՞վ ես ճգնում, նշանակում է՝ քիչ ես հոգ տանում հոգուդ մասին, և միայն սիրով ու պատրաստակամությամբ ճգնելն է վկայում քո իրական հոգածության մասին։ Այս ամենն իսկապես լուրջ խորհելու առիթ է, սիրելի՛ քույրեր ու եղբայրներ, ուստի, աղոթում եմ, որպեսզի Աստվածամոր գոտին այսօր հիշեցնի ձեզ հոգևոր ու հավիտենական անանց հարստության մասին, որը պիտի ձեռք բերենք այստեղ՝ երկրի վրա, երկնային կյանքում լիարժեքորեն վայելելու համար։
Սիրելի՛ հավատացյալներ, որքան էլ որ Ավետարանները զուսպ լինեն մեր Սրբուհի Մոր մասին պատմելիս, այդ սակավաթիվ տեղեկություններն էլ բավական են Նրա սուրբ կյանքի մասին լիարժեք պատկերացում կազմելու, առաքինի վարքին հետևելու և հնարավորինս ընդօրինակելու համար։ Գևորգ Չորեքչյան կաթողիկոսի օրինակին հետևելով՝ մենք էլ անցնենք սուրբ Աստվածամոր հետքերով, փորձելով տեսնել այն արժանիքները, որոնք Աստծու խոնարհագույն Աղախնուն զարդարեցին Երկնային թագուհու «ոսկեհուռ զգեստներով»։ Կատարյալ հավատ և խոնարհություն, որ դեռատի Կույսին արժանացրին Արարիչ Աստծու Միածին Որդու մայրը լինելու անճառելի շնորհին․ ահա Ավետման դրվագում ամփոփված երկու առաքինություն, որոնց մեզնից յուրաքանչյուրը անպատճառ պիտի ձգտի։ Գոհություն, փառաբանություն և երախտագիտություն Աստծուն ամեն պարագայում․ տեսնում ենք Մարիամի ու Եղիսաբեթի հանդիպման և ողջույնի լուսավոր դրվագում։ Անչափելի հեզություն, ոգու արիություն, Տիրոջ խոսքին անառարկելիորեն ենթարկվելու պատրաստակամություն․ սրանք էլ ահա Քրիստոսի ծննդյան և Եգիպտոս փախուստի դրվագների դասերն են, որ ստիպում են հակել մեր հպարտ գլուխները մսուրի առջև։
Հավատարմություն Աստծու պատվիրաններին և անմնացորդ նվիրում․ սա էլ ձեզ քառասնօրյա մանուկ Քրիստոսին Տաճարին ընծայելու պատմության դասերը։ Մերձավորին օգնելու պատրաստակամություն, բարություն և հաստատակամություն․ այս առաքինություններին հանդիպում ենք Կանայի հարսանիքում։ Կատարյալ հնազանդություն ու համբերություն․ սրանք այն առաքինություններն են, որոնց դրսևորումը տեսնում ենք այն դրվագում, երբ Քրիստոսին հայտնում են, որ Իր մայրն ու եղբայրները կանչում են իրեն, իսկ Ինքը շարունակում է քարոզել։ Եվ վերջապես, անչափելի ու անբեկանելի վստահություն առ Աստված, անկոտրում հույս ու ոգի, որ կատարելապես ի հայտ են գալիս Գողգոթայի արյունաներկ բարձունքին՝ խաչյալ Որդու ոտքերի ներքո։ Սրանք, բնականաբար, մի մասն են միայն այն անթիվ առաքինությունների, որոնցով առատորեն զարդարված էր վեհանույշ Մայրը, սակայն լիովին բավարար են մեր հոգևոր աճի ու սրբագործման համար։
Արդ, կրկին ու կրկին մեծ երկյուղածությամբ խոնարհվելով սրբուհի Աստվածածնի առջև, նրա բարեխոսությամբ գոտևորվեք ճշմարիտ հավատով, սիրելի՛ հավատացյալներ և փորձենք ամենօրյա ճգնություններով, ապաշխարությամբ, աղոթքներով ու մեր խոնարհ վարքով քայլ առ քայլ մոտենալ Աստծու Նոր ուխտի Տապանակին և վայելել նրա քաղցր ներկայությունն ու մայրական հոգատարությունը մեր կյանքում։ Թող Սրբուհի Մոր աղոթքներով Տերը պահապան լինի ձեզ և ձեր ընտանիքներին, ների ձեր հանցանքներն ու ողորմի, օգնության հասնի փորձության ու հոգևոր պատերազմի ժամին և մխիթարի ու զորացնի սգակիրներին։
Տիրամա՛յր սուրբ Աստվածածին,
Անպարփակելի Լույսի լուսակե՛րտ առագաստ,
Հայր Աստծու ամենասիրելի՛ դուստր,
Աշխարհի Փրկչին կաթով սնած մա՛յր
Եվ Սուրբ Հոգու արփիափա՛յլ հարս։
Դու, ո՛վ Թագուհի, ողորմության մայրն ու միջնորդուհին ես,
․․․․մխիթարության մայրը և հաղթողը՝ հույսի մայր, բարեխոս ես։
․․․․Օգնե՛լ փութա, մա՛յր ցանկալի, փութանակի ինձ ազատել։
Բարեխոսի՛ր մարմնացած Աստծուն, որպեսզի Նա մեզ փրկի գեհենի հրից․ ամեն։
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան