Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոն

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոն | Surb Astvatsatsni Verapokhman Ton

Սիրելի՛ բարեպաշտ, հավատավոր ժողովուրդ,

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է տաղավար տոներից Սուրբ Մարիամ Կույսին նվիրված ևս մի հրաշալի տոն, որ կոչվում է Վերափոխումն Սուրբ Աստվածածնի: Խոսքը, իհարկե, մեր Փրկիչ Տեր Հիսուս Քրիստոսի մոր ննջման մասին է: Սրա մասին մեզ հիշատակումներ են հասել Եկեղեցու սուրբ ավանդու­թյունից: Եվ նկատե՛ք, սիրելինե՛ր, որ Եկեղեցին այս պարագայում մահ բառը չի գործածում, այլ հիշատակում է վերափոխում կամ ննջում գեղեցիկ բառերը: Այստեղից էլ` մահացած մարդկանց «ննջեցյալներ» անվանելու ավանդույթը: Սակայն նախքան բուն պատմությանն անցնելը ցանկանում եմ Հովհաննեսի ավետարանից հիշատակել մի կարևոր դրվագ, որում ասվում է. «Իսկ Հիսուսի խաչի մոտ կանգնած էին նրա մայրը և նրա մորաքույրը՝ Կղեոպասի կին Մարիամը և Մարիամ Մագդաղենացին։ Երբ Հիսուս տեսավ մորը և այն աշակերտին, որ մոտ էր կանգնած, որին նա սիրում էր, մորն ասաց. «Ո՛վ կին, ահա՛ քո որդին»։ Ապա աշակերտին ասաց. «Ահա՛ քո մայրը»։ Եվ այդ պահից աշակերտը նրան իր մոտ առավ» (Հովհ. 19:26-28): Ուշադրությո՛ւն դարձրեք Տիրոջ այն բառերին, սիրելի´ հավատացյալներ, որ ասաց Իր աշակերտին. «Ահա՛ քո մայրը»։ Սա անգնահատելի պարգև է ոչ միայն առաքյալին, այլև մեզ բոլորիս: Քանի որ այդ պահից սկսած՝ Մարիամ Աստվածածինը դարձավ համայն մարդկության ամենասիրող ու ամենախնամ հոգատար մայրը: Այդ պահից սկսած՝ մենք արժանացանք Երկնային Մայր ունենալու պատվին, սիրելի՛ քույրեր ու եղբայրներ: Ունեցանք հավերժ բաբախող մի սիրող սիրտ, որ ցավում է մեզ համար ու անդադար բարեխոսում իր Ամենազոր Որդու առջև:

Վերադառնալով սուրբ ավանդությանը՝ նկատենք, որ Աստվածամայրը Որդու երկրային կյանքի ավարտից հետո Հովհաննես առաքյալի խնամակալության ներքո մնաց և ապրեց ևս տասնհինգ տարի: Ավանդությունը պատմում է, որ երբ Հերովդես թագավորը հալածանքներ սկսեց քրիստոնյաների դեմ, Մարիամ Աստվածամայրը Հովհաննես ավետարանչի հետ Եփեսոս հեռացավ և բնակվեց նրա ծնողների տանը: Աստծու ամենախոնարհ ու հնազանդ աղախինը, որ աշխարհի կանանցից ամենաարժանին էր ու երանելին, որ ամենայն հեզությամբ ընդունել էր Աստծու մեծագույն շնորհն ու Նրա Միածին Որդու Մայրը դարձել, մասնակցել էր Աստվածորդու երկրային երեսուներեք տարիների ամեն մի պահի, այժմ մնացել էր առանց Նրա երկրային ներկայության և անդադար աղոթում էր, որ Որդին շուտով իրեն մոտը տանի: Եվ ահա այսպիսի աղոթքներից մեկի ժամանակ էլ Երանելի Կույսին է հայտնվում Գաբրիել Հրեշտակապետն ու հայտնում, որ երեք օրից նրա երկրային կյանքը կավարտվի և նա Իր փառապանծ Որդու մոտ կփոխադրվի:

Ժամանակավոր բաժանումը հասել էր լրումին, և Աստվածամոր սիրող ու կարոտած սիրտը ցնծում էր ուրախությունից, քանզի այնքան մոտ էր արդեն վերստին հանդիպելու երջանկությունը: Հանդիպում՝ սիրասուն Զավակի, իր Տիրոջ ու Ամենակալի հետ: Միածին Որդուն խաչին գամված տեսած աչքերը, որ տեսածի կսկիծը դրոշմել էին ցավից մորմոքվող սրտում, այժմ պիտի խնդային երջանկությունից, որովհետև Արքա Որդին էր գալու սիրելի մորն Իր արքայություն տանելու: Գալու էր Իր ողջ փառապանծ շուքով ու հզորությամբ: Գալու էր որպես հաղթանակած ու ամենազոր Երկնակալ: Գալու էր կենարար լույսի ջերմությամբ՝ հավիտենության շունչ հաղորդելու սիրող մոր տառապած սրտին:

Տկար ու անկատար մարդը դողում է մահվան առջև, սարսափից քարանում, իսկ Ամենասուրբ Աստվածամայրը ցնծում էր: Նրա հոգին լի էր ուրախությամբ, և Նա րոպե առաջ կամենում էր այդ լուրը կիսել Որդու սիրելի առաքյալների հետ, որոնք այդ ժամանակ ցրված էին աշխարհի տարբեր ծագերում՝ Աստծու Արքայությունը քարոզելու: Աստվածամոր ցանկությունն իհարկե կատարվեց. Սուրբ Հոգին  առաքյալներին հավաքեց սիրելի Վարդապետի մոր մահճի մոտ: Երբ մարեց Սուրբ Աստվածածնի վերջին շունչը, առաքյալները բացված տեսան Երկինքը և այնտեղից իջնող Հզոր Արքային, որ արքայական շուքով, հրեշտակների գնդերով շրջապատված  եկավ` Իր սիրասուն մոր հոգին մեծագույն փառքով Երկինք բարձրացնելու: Դրանից հետո աշակերտները վերցրին Սուրբ Մարիամ Աստվածածնի մարմինը, տարան Գեթսեմանի այգին, մի այրի մեջ դրեցին, մուտքը քարով փակեցին ու ևս երեք օր աղոթելու մնացին մուտքի առջև:

Աստծու նախախնամությամբ Բարդուղիմեոս առաքյալն Աստվածամոր ննջումից միայն երեք օր անց տեղ հասավ: Վշտանալով, որ չկարողացավ վերջին հրաժեշտը տալ  սիրելի Ուսուցչի մորը, խնդրեց բացել քարայրի մուտքը: Ներս գնալով՝ նրանք ականատես եղան Ամենազոր Տիրոջ ևս մեկ հրաշքի. Սուրբ Աստվածածնի մարմինն անհետացել էր: Այո՛, սիրելինե՛ր, անհնար էր, որ Տեր Հիսուս Քրիստոս թույլ տար, որ Աստծու Ընտրյալ Մաքրամաքուր Անոթը մեղավոր մարդկանց մարմինների պես ապականության ենթարկվեր: Ուստի Ամենասուրբ Կույսը մարմնով Երկինք վերա­փոխ­վեց: Բնության օրենքներն անզոր գտնվեցին Արարչի Սուրբ կամքի և Հավատարիմ Աղախնի առջև. Նա Որդի ծնեց, բայց մնաց Կույս, մահացավ, բայց ողջ է մարմնով ու հոգով:

Աստվածածնի վերափոխման այս փաստը Եկեղեցու հայրերը համեմատում են Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության հետ, քանի որ այստեղ ևս մահը պարտվել է, այն չկա. այլ կա ննջում ու վերափոխում: Այսինքն՝ Աստվածամոր համար ննջումը միայն վայրի փոփոխություն նշանակեց, քանի որ երկրից Երկինք տեղափոխվեց: Եվ ննջումն ամենևին էլ չփոխեց Նրա հոգատար վերաբերմունքը ամենքիս նկատմամբ. նա մնաց մարդկության հավերժ բարեխոսն ու շարունակ մեր կողքին մնալով՝ մայրական աղոթքներով բարեխոսում է Տիրոջ առջև, որպեսզի փրկի մեզ հոգու կորստից: Ի սկզբանե արարված այն անմահ հոգու, որ չարի ջանքերով կորցրեց աստվածապարգև ամենակարևոր հատկությունը՝ անմահությունը, որի հետևանքն էլ մահը եղավ: Երբ չարն ամբողջովին տիրում է մարդու հոգուն, որպես հետևանք՝  կործանում և մահ է բերում: Իսկ եթե կործանվում է մարդու հոգին, ապա ինչի՞ է վերածվում մարդու մարմինը: Չէ՞ որ Աստված մարդուն ամբողջական դարձրեց՝ մարմնի մեջ հոգի դնելով: Հետևաբար երբ մեռնում է մարդու հոգին, մարդու էությունը կործանվում է ամբողջությամբ: Եվ մարդն անհոգի կենդանու է նմանվում, դառնում է անհոգի գազան, որի առջև փակվում են Աստծու Արքայության դռները: Ահա թե ինչու է բոլորիս Ամենախնամ Մայրն անդադար աղոթում մեր հոգիների փրկության համար: Որպեսզի իր երկրային զավակներից և ոչ մեկը չկորչի, այլ Միածին Որդու խոստացած Արքայության արժանի ժառանգորդը դառնա:

Արդ, այսօր, սիրելի՛ եղբայրներ և քույրեր, այս հիասքանչ տոնի կապակցությամբ մաղթում եմ ամենքիս, որ Ամենասուրբ Աստվածամորը մշտապես բարեխոս ունենանք Երկնային Հզոր Թագավորի առջև՝ մեր մեղավոր հոգիների փրկության համար: Սրտի երկյուղածությամբ և որդիական սիրով պատվենք Աստծու Սքանչելի Աղախնին ու նրա գորովալից աղոթքների շնորհիվ մենք էլ արժանանանք Աստծու Արքայության մեջ փառաբանելու Ամենասուրբ Երրորդությանը՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ, միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

16.08.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․