28 Դեկտեմբեր, Շբ
Այս սուրբ Աթանագինեսը քրիստոնյա էր, քրիստոնյա ծնողներից, եպիկացոց գավառից, այսպես կոչված Փիլաքթովե գյուղից, որ ասվում է նաև Սագրուպինե: Սրա գյուղը հարկատու էր սեբաստացիներին: Երբ հասունացավ` ամուսնացավ. դա նաև իր ծնողների կամքով էր: Ունեցավ որդի, նրան անվանեց Պատրոփիլոս: Բարեպաշտ կյանք էր վարում, և Սեբաստիայի եպիսկոպոսը նրան քահանա օծեց: Վերադառնալով հիշյալ գավառը` քորեպիսկոպոս կարգվեց: Եվ քորեպիսկոպոսություն արեց պատվիրանի համաձայն:
Այնուհետև, այն ժամանակ, Գթաց բարբարոս ազգը եկավ հասավ այս աշխարհը և բազում այրեր ու կանայք, մանուկներ գերեց, տարավ իրենց երկիրը: Իսկ այս սուրբ Աթանագինեսը, իբրև Աստծու հավատարիմ քահանայապետ տրտմեց գերվածների համար: Եվ ամենաբարեպաշտ կերպով բազում ինչք հավաքեց, գնաց բարբարոսների աշխարհը` փրկելու գերիներին և այնտեղից վերադարձնելու իր ոչխարները, որովհետև բարի հովիվ էր և առաքինի: Այդ բանն արեց բազում անգամ: Նա ճանապարհն ընթանում էր արդարությամբ և կատարում Աստծու պատվիրանները: Հասավ մի գյուղ, որ մի լեռան ու շատ խոր մի լճի մոտ էր:
Այդտեղ բնակվում էր ահավոր մեծ մի վիշապ, որ կոտորում էր մերձակա բնակիչներին, հափշտակում նրանց անասուններն ու երեխաներին: Այն գավառի բնակիչները մեծ սարսափի մատնված` ասես դիվական սնապաշտ մոգությամբ վիճակ էին գցում, և [ժամանակ առ ժամանկ] ո՛ւմ բաժին ընկներ, մի մանուկ նետում էին վիշապի տեղը, որպեսզի նրա մահով այն վիշապը հաշտվի իրենց հետ` սպանելով մանկանը: Այս տեսավ սուրբ Աթանագինեսը, զարմացավ, և մի երեխայից տեղեկանալով, թե ինչ պատճառով է կապվել ու նետվել, ոչնչանալու և ուտվելու է վիշապից, աղոթելով ասում էր. «Տեր Աստված, օգնական եղիր»: Եվ խաչակնքելով մանկանը` արձակեց կապերը: Եվ երեխայի մոտ աղերսում էր` տալով Տեր Հիսուսի անունը: Զգուշորեն բռնեց մանկանն ու նրա հետ եղածներին, և ասում է այսպես. «Տեր Աստված հավիտենից, որ ինձ հրամայեցիր այստեղ հասնել ու տեսնել այս մանկանը, որ գազանին կեր էր դառնալու, լսիր քո ծառային, Տեր, և առավել սուրբ սրտով քեզ դիմող այս մանկանը: Ե՛կ, Տե՛ր, օգնության և ցույց տուր քո բարերարության զորությունը այստեղ, և հզոր համարվող վիշապին հարվածելով` դարձրու անարի և անզոր, պատռելով նրան, որպեսզի բոլոր տեսնողներն ու այս երկրի բնակիչները հավիտյանս ճանաչելով քո անբավ ու անհասանելի զորությունը` հավիտյան փառավորեն քո մեծ և սքանչելի անունը: Եվ ես` քո ծառան, ուրախանալով ընթանամ քո անվան ճանապարհով»:
Երբ նա աղոթում էր, վիշապը դուրս սողաց ու երևաց սարսափելի ու ահավոր տեսքով: Եվ սուրբ Աթանագինեսը երկինք նայելով` բարձրաձայն հառաչելով Տիրոջ [անունով]` երեք անգամ հարվածեց վիշապի գլխին շերափայտե գավազանով, որ բռնել էր ձեռքին և կրում էր սովորաբար, և իսկույն պատռված գազանը ոչնչացավ: Այնժամ երանելիին մի հիացմունք պատեց, և մանկան ծնողներն իմացան ու այնուհետև սուրբին նվիրեցին երեխան: Եվ նա այնտեղի բոլոր բնակիչներին հավատքի բերեց, գոհանալով Տեր Հիսուսից, որ ճանաչելի եղավ նրանց:
Այս տեսավ երկրի եպիսկոպոսը և աստվածային հայտնությունից իմացավ սուրբի արժանավորությունը, աստվածազգյաց այրին քահանայապետ ձեռնադրեց, նրան տալով եպիսկոպոսական իշխանություն: Արդ, այս երանելի Աթանագինեսը երեք անգամ արժանացավ այսպիսի շնորհի, գնաց իր ճանապարհը և բարբարոսական աշխարհից շատերին վերադարձրեց ու բերելով յուրաքանչյուրին իր տեղը` տվեց նրանց եղբայրներին ու ծնողներին: Իսկ ինքը եկավ իր գյուղը, որ կոչվում էր Փիլաքթովե, թաքցրեց ստացած եպիսկոպոսական շնորհը, որպեսզի չտրտմեցնի Սեբաստիա քաղաքի եպիսկոպոսին, որն իրեն քորեպիսկոպոս էր կարգել: Այնտեղ էր իր որդի Պատրոփիլոսի հետ, որ և հոր մահից հետո արժանացավ ընդունելու քորեպիսկոպոսության աթոռը և արժանի եղավ խոստովանություն ընդունելու: Ու մինչդեռ այն նույն Փիլաքթովե գյուղում էր, Տիրոջից ավելի մեծ շնորհք ստացավ: Եվ ջրախառն հողմ բարձրացավ` այլազգիների հարվածներով, քանի որ բարբարոսական գունդը վերստին հարձակվեց և գրավելով երկիրը և նրա եկեղեցին, որ գյուղում էր և որ սուրբն ինքն էր կառուցել` այրեցին: Մինչդեռ վառվում էր` նա տեսավ և խնդրեց Տիրոջից, և ջրախառն հողմ բարձրացավ եկեղեցու սրահի միջից և մարեց կրակը: Ու մինչև այժմ եկեղեցու մեջ տեսանելի է այն տեղը, ուսկից բարձրացավ հողմը: Նույն տեղում եկեղեցու մարդակները կիսով չափ այրված էին: Տեր Քրիստոսից ստացած շնորհով նաև ուրիշ բազում զարմանալի բաներ էր կատարում. ոմանց հանդիմանելով դարձի էր բերում` առավելապես իրեն տրված իմաստությամբ ու մտքով. ուրիշներին խրատելով, ամեն [տեսակ] բարիք էր գործում, բոլորին հաշտեցնելով Աստծու սիրով:
Իսկ Սագրուպենի սահմանին այսպիսի զարմանալի բան կատարվեց. մի ագարակի անունը Գողոյե է, հինգ կամ վեց մղոն հեռու Փիլաքթովեից: Ագարակում ոմանց միջև ոխ ու խռովություն ընկավ մատակների պատճառով, և մեծ էր հակառակությունը: Երբեմն սուրբ Աթանագինեսի մոտ գալիս էին դատի: Այնչափ բորբոքվեց թշնամանքը, մինչև միմյանց վրա զենք քաշելը: Եվ կատաղությամբ իրար խառնվեցին, և նրանց հակառակությունն այնչափ սրվեց, մինչև որ նրանցից ոմանք սրով խոցված վախճանվեցին: Այդ տեսնելով` երիցս երանելի նահատակ Աթանագինեսը տրտմեց այդքան հակառակությունից ու խակամտությունից, իր սուրբ ձեռքերը պարզեց դեպի Աստված և աղաչեց, որ ոչնչացնի նույն ագարակի մատակները, որի համար հենց կռվում էին, և [որպեսզի] այնուհետև այլևս այնտեղ մատակների հոտեր չլինեն:
Եվ անմիջապես նրա խնդրանքները կատարվեցին. ինչ շնորհ որ խնդրեց Աստծուց` իսկույն տրվեց նրան: Եվ մատակների տերերը զղջացին չարիք գործելու համար, և բազմությունը հավաքվելով ընկնում էր սրբի ոտքերը, որ դարձյալ աղոթի վերացնելու նզովքը: Իսկ սուրբը չուզեց լսել նրանց աղաչանքը և ասաց. «Արդար պատճառի համար Աստծուց խնդրածը վերացնել չեմ կարող, բայց Տեր Աստծուց կխնդրեմ մատակների փոխարեն ձեզ տալ ուրիշ մեծ մխիթարություն` բոլոր անասունների ծնունդի հաջողումն»: Արդ, այժմ ևս Գողոյեի ագարակում սրբի աղոթքով այսպիսի շնորհ ստանալով մեծ հաջողության մեջ են, իսկ եթե մեկը փորձի մատակ ձեռք բերել` իսկույն մեծ վնասի կհանդիպի, սատկում են մյուս կենդանիները ևս: Առավել սքանչելի զարմանք էր, որ մինչև այժմ կա և մնում է, որովհետև Գողոյեին սահմանակից այլ ագարակներում միշտ տեսնում ենք` մատակների ոչ սակավ հոտեր գալիս արածում էին Գողոյեի թփուտներում և չէին վնասվում, որովհետև նզովք չկար նրանց վրա, ուստի չի ազդում նրանց սատկեցնելու [չափ]: Այս ամենը եղել է սուրբ Աթանագինեսի միջոցով:
Բարբարոսներից խաղաղություն եղավ, այնուհետև թագավորում են Դիոկղետիանոսը և Մաքսիմիանոսը` կոչված Հերկուղիա: Եվ Ագրիկողայոս հեգեմոնի օրոք քրիստոնյաների շրջաններում բազում հալածանքներ եղան թագավորներից Քրիստոսին հավատալու և նրանց ատելության պատճառով: Եվ հրաման եղավ, եթե մի քրիստոնյա բռնվի և չուզենա զոհ մատուցել աստվածներին` տանջանքի ու չարչարանքի կենթարկվի: Եվ բռնվեցին հինգ քրիստոնյա այր, որոնց անուններն էին` Թեոփրատոս, Մաքսիմիանոս, Պատրոփիլոս, Հեսեքիոս և Կղեոնիկոս, և շղթայակապ տարան անօրենների մոտ, որոնք չարաչար չարչարելով սպանեցին: Այս իմացավ սուրբ Աթանագինեսը, գնաց տեսնելու սրբերին քանի դեռ բանտում էին, և մխիթարական խոսքերով սփոփեց նրանց, ապա գնաց և նամակ հղեց սրբերին, որ հաստատուն և պինդ մնան հավատի մեջ: Այսպես էր նամակը. «Իմ երանելի տերերին, Քրիստոսի ընտրյալ վկաներին, որոնց անունները գրված են կյանքի գրքում. Թեոփրաստոս, Մաքսիմիանոս, Պատրոփիլոս, Հեսեքիոս, Կղեոնիկոս. Աստծով ողջունում է Աթանագինեսը:
Դուք յուրաքանչյուրդ ճանաչել եք երկնավոր Աստծու զորությունը և վարքով վաստակածի հատուցման տարբերությունը: Եվ փորձելով իմացեք, որ Աստծուց մեծարված կամ ընտիր ու երանավոր լինելուց ավելի մեծ բան չկա, քան եթե ոչ վշտանալ և կապվել ու չարչարվել Աստծու համար, և հաղորդակից լինել նույնպիսի չարչարանքի, և նշավակ ու տեսանելի լինել հանուն երկնավորի, և նվաստացումով ու նեղությամբ հաճո լինել բարերար Աստծուն:
Արդ, ուրախ եղեք, և երանի ձեզ. որի համար և ես հոժարակամ ոչ միայն եկա ձեզ մոտ և ցույց տվի իմ սերը, այլև գրությամբս ձեր ցանկությունը կատարեցի: Այժմ սրա փոխարեն դուք մեզ կհատուցեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի [դատաստանի] օրը: Երբ վախճանվեք` շուտով հայտնի կդառնան ձեր բարի գործերն ու լավ ընտրությունը, իսկ բազմաթիվ մարդիկ լսելով ձեր այդպիսի ճգնության բարի համբավը` կհաստատվեն հավատքի մեջ: Եվ ի՞նչ պետք է ես անեի, որ գրում եմ, եթե ոչ` այսպիսի հոժարակամ գրով հաստատելու ձեր ոգին, ամենայն բարությամբ և առավելյալ գիտությամբ լցվածներիդ, որ կարող ու հաղթող եք, և ձեր համբերությանը նայելով ուրիշները ևս խրատվեն: Եվ մենք այսուհետև ձեզ համար աղոթում ենք անդադար առ Աստված երկնավոր` ձեզ տալու կատարյալ շնորհներ, որ դուք ստանաք վերին շնորհների հաղթանակը` ձեր հոժար կամքի համաձայն: Եվ, ինչպես խնդրեցինք մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալստյանը` երբ նահատակի պսակի արժանանաք, բարեխոսեցեք մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի առջև` մենք ևս արժանի լինենք ձեր ստացածին»:
Սա գրելով սուրբ վկաներին` իրավացի համարվեց Փիլաքթովեում նրանց համար պատրաստել հանգստարան, և այս մասին մտածելով` նրանց վախճանվելուց առաջ կառուցել սկսեց աղոթատուն` ութանկյունի սրահաձեղուն, որ մինչև այժմ կոչվում է Գումբեթաձև, և հայտնել էր, թե իր համար լոկ ապարանք է կառուցում: Այդ պատճառով շինության ճակատը արևելք էր նայում: Նույն գյուղում կառուցել էր նախահիշյալ եկեղեցին ևս: Գմբեթի տակ պատրաստեց սրբերի գետնափոր գերեզմաններ, ուր տեղավորեց հիշյալ վկաներին: Նաև ինքը` սուրբ վկա Աթանագինեսը այժմ նույն գերեզմանում է` սրբացնելով աղոթատունը:
Երբ այսպես եղավ` տարածվեց սուրբ այրի բարեպաշտության համբավը, հասավ անօրեն թագավորին, և այս պատճառով նրանից դժկամում էին իշխանները, թե` քրիստոնյաների աղանդն է մեծարում: Եվ հրաման եղավ զորականներին` գտնել անվանի և առաքինի վկա, նահատակ Աթանագինեսին և տանել Սեբաստիա, Ագրիկողոս հեգեմոնի մոտ, որ չարչարելով սպանի նրան:
Այս լսելով` երանելին չուզեց անօրենների ձեռքն ընկնել, թաքնվում էր իր Փիլաքթովե գյուղում, իսկ երբ որոնողները շատացան, այնտեղից գնաց հասավ բարձր լեռը, որ գյուղի դիմաց էր, քարքարոտ ու անապատ, և բազում ժամեր համ բերելով այնտեղ, անջուր վայրում, ուժեղ տոթից ծարավելով` աղոթեց առ Աստված և ասում էր. «Հիսուս Քրիստոս, ցույց տուր ինձ, Քո ծառային, Քո մեծազոր շնորհը և այս վեմից ջուր հանիր, որպեսզի ես խմեմ, զովանամ` փառավորեմ Քեզ»: Այսպես ամբողջ հավատով բազում ժամեր աղոթեց, արժանացավ շնորհին, որ հայցեց: Վեմը բերանի պես բացվեց և բազմաճյուղ աղբյուր բխեց, որից խմեց, գոհացավ տվողից, և մինչև այժմ հայտնապես կա ջուրը քարի ծերպից:
Երբ նրա շուրջը եղած խռովքը փոքր-ինչ նվազեց, իջավ սարից և սրբերին ժողովեց Մովասուն կոչված ագարակում, և նրա աշակերտները լսելով` հավաքվեցին նրա մոտ, և նրանց հետ բարձրացավ թփուտները, որ Փիլաքթովե ագարակի մոտ էին: Ուզելով այնտեղ մի քիչ հանգիստ առնել, աշակերտներին ևս հրամայեց հապաղել ճանապարհին, իշխանի [ուղարկած] որոնողներից երկյուղ կրելով: Եվ սուրբը նիրհեց, երազում տեսավ` կեսօրին աստղ փայլեց իր վրա, և դրանից հասկացավ Աստծու այրն աստվածասեր, որ իր առջև վկայությունն է: Եվ հետիններին հրամայեց աղոթել, ապա ննջեց, դարձյալ տեսավ` մրջյունների բազմություն, որոնք նրան դրդում էին հասնել հանդերձյալների խռովություններին, և արթնանալով գոհացավ Տիրոջից: Երբ մի փոքր լսեցին, տեսան հանդիպակաց կողմից կապկպված քրիստոնյաների, որ զորականները տանում էին Սեբաստիայի ճանապարհով: Նրանք տեսան սուրբ այրին ճանապարհամերձ թփերում իջևանած, մի փոքր շեղվեցին դեպի նա և ասացին. «Թե գիտես` որտեղ է այրն Աթանագինես, ցույց տուր մեզ»: Եվ նա ուրացավ թե` Չգիտեմ, գնացեք Փիլաքթովե անդաստանը, այնտեղ հարցնելով կիմանաք: Եվ նրանք այսպես կապվածների հետ գնացին` ոչինչ չկասկածելով: Իսկ այն տեղը մինչև այժմ այդ դեպքից անուն ստացավ և կոչվում է Ուր Տերը բռնվեց: Բայց սուրբ Ա թանագինեսը զղջաց` չլինի գնան նեղություն պատճառեն երկրագործներին, ելավ արագորեն հասավ նրանց և խնդրեց իջևանել Փիլաքթովեում և կերակուր ճաշակել իր տանը: Իսկ նրանք ակամա հազիվ պատկառելով խոնարհվեցին այրի պատվական տեսքից ու շքեղաշուք ծերունի հասակից, իջան նրա մոտ, կերակրվեցին, ապա արի ու քաջ նահատակը չթաքցրեց իր ով լինելը, այլ ասաց. «Որդյակներ, Աթանագինեսը, որին փնտրում եք, ես եմ, արեք ինձ` ինչ հրամայել է իշխանը»:
Եվ նրանք երկաթե կապանքներ ունեին, բայց չէին շտապում նրան շղթայել, պատկառելով նրա ծերությունից, մանավանդ երբ տեսան պատվասիրաբար պատրաստված սեղանը, խնդրեցին նրան մնալ այնտեղ, և ասացին. «Գնանք կասենք մեզ ուղարկողին, թե` Նրան չգտանք»: Իսկ սուրբը չհաճեց մնալ, այսպես ասաց. «Մինչև գյուղիս սահմանը հասնեմ` ինձ մի կապեք, և երբ այստեղից անցնեմ, այնժամ շղթայեցեք ինձ և տարեք` ինչպես հրամայված է ձեզ, որպեսզի դուք ևս ձեր իշխանի ցասմանը չարժանանաք: Իսկ ես կազմ ու պատրաստ եմ թե՛ չարչարվելու, թե՛ խոշտանգվելու Տիրոջ համար»:
Այնուհետև նրանք գնացին հասան մի գյուղ, որ կոչվում էր Սադոպոն, այնտեղ օրեր մնացին. սուրբը կանչեց գավառի երեցներին, խրատեց նրանց աղաչելով և ասաց. «Եղբայրներ և հայրեր, ազատներ և պատվավորներ, ազգակիցներ և բարեկամներ իմ, սիրելիներ և որդիներ, ամբողջ ժողովուրդ, աղոթեցեք ինձ համար պահքով հանդերձ, որպեսզի Աստված կատարի իմ նահատակության բարի հոժարությունը և Նրա առջև շնորհներ գտնելու ցանկությունը, որպեսզի նաև ես այնուհետև միշտ բարեխոսեմ բոլորիդ համար: Իսկ եթե այնպես ստացվի, որ ես դասալիք լինեմ որպես մարդ և խուսափեմ մարտիրոսությունից, աղաչում եմ ձեզ` քարով ու փշով պատելով ինձ հալածեցեք: Բայց հույս եմ տածում իմ Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ, որ ինձ չի լքի նրա մարդասիրությունը»:
Այս ասելով` ուզեց նախապես քողարկածը բացահայտել, այսինքն` եպիսկոպոսության պատիվը: Եվ իր մոտ կանչեց մերձակա երեցներին և ասաց. «Այժմ, եղբայրներ, հայրեր ու տերեր իմ, ձեզ կհայտնեմ, որ վաղուց հետե արժանացել եմ եպիսկոպոսության աստիճանի և չուզեցի դա հայտնել, որ սնապարծությունից զերծ մնամ: Բայց հիշեցեք, տերեր իմ ու եղբայրներ, խրատս, որ ձեզ կասեմ հաճեցնելու ձեր սերը, որպեսզի բոլոր կանոնական գործերն ու եկեղեցու սպասավորությունը պինդ պահեք, նախապտղի և պատարագների և այլ զանազան բաների կարգերը ամեն գյուղում բազում փութով ու ազատ ցանկությամբ կատարեք, որը կարգել եմ ես` կրտսերս ու նվաստս: Եվ երկյուղածությամբ, սիրով և փութով մեծարեցեք եկեղեցու շինությունը, սպասարկեցեք սրբությամբ, աշխարհականին դարձնելով չար ճանապարհից, և ոչինչ չպակասի իմ կարգածից, որպեսզի և դուք դատապարտման չենթարկվեք գալիք արդար դատաստանին: Այլ բոլոր կարգածներին բարի կամոք և հոժարական վաստակներով ավելացնել, քան նվազեցնել, որպեսզի դուք ևս մեծագույն վարձ ստանաք Քրիստոս Աստծուց»: Այսպիսի խոսքերով խրատում էր նրանց: Վերստին ասում էր. «Որ ամենևին չթուլանան իմ մեջ եղած շնորհները, որ ստացա, արժանի լինելով եպիսկոպոսության, ուզում եմ երկու հոգու` ում որ փորձեցի, հոգևորական դարձնել և թողնել ձեզ»:
Եվ գրեց քաղաքի եպիսկոպոսին ողջունելով և հավանելով նրա մտքերը, «ոչ թե փառավորելով կամ մարդահաճությամբ, այլ որպեսզի չդատարկվի, ինչպես ասացի` իմ մեջ եղած շնորհքը, որ տրվել է ինձ Տիրոջից: Եվ սրանք ինձնից ընդունելով քահանայության պատիվ` հովվեն ձեզ իմ հրամանի համաձայն»:
Այս ասաց նա, և բոլորը նրա ոտքերն էին ընկնում արտասվելով և ասում. «Աղաչում ենք քեզ, հայր ծերունի, աղոթք արա մեզ համար, ինչպես որ մեր մասին հոգալով կատարեցիր Տիրոջը հաճելի բաներ, և մենք բոլորս հավան ենք քո սրբությանը, որ քո աստվածասիրությունը մեզ օրինադրեց, դարձյալ` այժմ քեզնից առաջ եկածներս իբրև ժառանգորդներ` հնազանդվում ենք»: Եվ նրանց ու ամբողջ գավառը հանձնեց քաղաքի եպիսկոպոսին, առավել ևս Փիլաքթովեի անդաստանը: Այնուհետև հրաժեշտ տվեց նրանց և մեկնեց:
Եվ ինչպես ավելի առաջ ասացինք, Ագրիկողոս իշխանը զայրացած էր սրբի դեմ, այն պատճառով, թե` «քրիստոնյաների աղանդի գլխավորն է»: Սրբին տարան նրա մոտ:
Սուրբը դեռ նոր էր հասել Սեբաստիա քաղաքը, երանելի սուրբ Աթանագինեսի աշակերտները` Արիստոնն ու Սևերիանոսը, որոնցից մեկը նրա գրակարդացն էր, իսկ մյուսը սաղմոսասացը, իմացան քրիստոնյաների հալածանքի մասին, մարտիրոսության պսակի նախանձորդ եղան և իրենց պատրաստեցին նահատակության, առանց Աստծու այրի գիտությանը, և գնալով սեբաստացոց քաղաքը, իրենց անունից գրություն ներկայացրին ամբարիշտ Ագրիկողոս իշխանին, մեծ թշնամանքով հիշելով թագավորներին ու իշխաններին, իբր ամբարշտաբար հալածում են քրիստոնյաներին և արժանի չեն թագավորության: Սա առավել չար բաներով մատուցեցին իշխանին, մտածելով, թե նա կարդալով թուղթը` իսկույն կսպանի իրենց, և կմարտիրոսանան: Ագրիկողոս իշխանը ստանալով թուղթը և տեսնելով եղածը` զայրացավ նրանց, ավելի շատ սուրբ Աթանագինեսի վրա, երբ իմացավ, որ նրա աշակերտներն են, կարծելով, թե նրա կամքով է գրվել ամբաստանագիրը:
Նստեց ատյանում կաղանդից, հունվարի հինգից առաջ, հրամայեց ներս բերել Արիստոնին ու Սևերիանոսին և ասաց. «Այս գիրը, որ հրապարակավ առաջ եք բերում, ո՞վ գրեց այսպես չարաբանությամբ»: Սուրբ Արիստոնն ասում է` «Ես»: Իշխանն ասում է. «Սևերիանոսը ե՞ւս քեզ հետ էր»: Արիստոնն ասում է. «Այո՛, ինձ հետ էր. նա ասաց, և ես գրեցի»: Ագրիկողոսն ասում է. «Քանի որ այստեղ շատ բաներ եք գրել թագավորների ու իշխանների դեմ, որ չարժե ասել կամ լսել, անպատեհ բաներ եք գրել, և թղթին դրոշմված էր, թե մեհյաններ եք այրել. ստո՞ւյգ է, թե ոչ»: Սուրբ Արիստոնն ասաց. «Ո՛րի մոտով անցանք ու տեսանք` այրեցինք, բայց վայրերի անունները չգիտենք»: Իշխանն ասում է սպասավորներին. «Կախեցեք դրան և տանջեցեք»: Բազում ժամեր տանջեցին, և ասում է սպասավորներին. «Դրան խնայեցեք, որ ասի, թե որտեղից կամ ումից խրատվեց ու դրդվեց այս բանին գալու»: Սուրբ Արիստոնն ասաց. «Ես ոչ մեկից հորդորված չեմ առաքվել, այլ իմ որոշմամբ եկա մեռնելու Տիրոջ համար»: Իշխանն ասում է. «Դու պիտի ասես և այն, թե որ մեհյաններն եք այրել»: Սուրբ Արիստոնն ասում է. «Չգիտեմ»: Իշխանն ասում է. «Որովհետև խելքդ կորցրել ես»: Սուրբ Արիստոնն ասում է. «Իմ ուշքը տեղն է»: Իշխանն ասում է. «Քո դեմքից երևում է, որ այդպես չէ»: Արիստոնն ասում է. «Ոգեպես ողջ եմ»: Եվ իշխանը զայրանալով` հրամայեց կրկին տանջել նրան: Իսկ սուրբ Արիստոնը տանջանքի պահին աղոթում էր Աստծուն և ասում. «Տեր Հիսուս Քրիստոս, օգնիր ինձ»: Իշխանն ասում է. «Դրան իջեցրեք, թող Սևերիանոսը կախվի»: Եվ կախեցին սրան: Իշխանն ասում է. «Պատմիր մեզ տանջվելուց առաջ և ասա`ո՞ր մեհյաններն այրեցիք: Սևերիանոսը ասում է. «Չգիտեմ»: Իշխանն ասում է. «Ո՞ւմ որդին ես»: Սևերիանոսն ասում է. «Ոչ հայր ունեմ և ոչ մայր»: Իշխանն ասում է. «Հապա ի՞նչպես ծնվեցիր»: Սևերիանոսն ասում է. «Չգիտեմ»: Այնժամ իշխանը բարկացավ նրա վրա, հրամայեց տանջել նրան և ասում է. «Ասա` ո՞ր մեհյաններն այրեցիք»: Սևերիանոսն ասում է. «Որտեղ եղանք` այրեցինք»: Իշխանը. «Քեզ ի՞նչն ստիպեց այդ բանն անել»: Սևերիանոսն ասում է. «Քրիստոնեության ճանապարհով ընթանալով արեցինք այդ»: Իշխանն ասում է. «Ո՞վ համոզեց ձեզ այդ անել»: Սևերիանոսն ասում է. «Ոչ ոք»:
Իշխանն ասում է սպասավորներին. «Ես հրամայեցի խստագույն տանջանքի ենթարկել նրան»,- ու մինչդեռ քերում էին, Սևերիանոսն ասում է. «Ինձ իջեցրեք, և ես կասեմ ձեզ, թե ինչպես եղավ»: Ագրիկողոսն ասում է. «Միայն այս եմ հարցնում, ասա` ինչո՞ւ այրեցիք մեհյանները»: Սևերիանոսն ասում է. «Քեզ ասացի, որ այստեղ գալու ճանապարհին այրեցինք»: Իշխանն ասում է. «Իսկ ո՞վ հորդորեց ձեզ այդ անել»: Սևերիանոսն ասում է. «Բնավ ոչ ոք»: Իշխանն ասում է. «Եվ դեռ համառորեն նո՞ւյնն ես պնդում: Ուրեմն ավելի ուժգին և խստորեն տանջեցեք դրան»: Երկու անգամ տանջելուց հետո [Սևերիանոսն] ասում է. «Ինձ թողեք, և կասեմ»,- և արձակեցին: Իշխանն ասում է. «Ճշմարիտն ասա` քեզ ո՞վ առաքեց այստեղ կամ ո՞վ համոզեց կամ ո՞վ գրեց բազմամասնյա գիրը»: Սևերիանոսն ասում է. «Անդաստանում է բնակվում մեզ հորդորողը, մեկ օրաչափ հեռու է Գամիրքից»: Իշխանն ասում է. «Ի՞նչպես է կոչվում անդաստանը»: Սևերիանոսն ասում է. «Սագուպինեին սահմանակից է, և անդաստանը Փիլաքթովեն է»: Իշխանն ասում է. «Քեզ հորդորողի անունն ի՞նչ է»: Սևերիանոսն ասում է. «Աթանագինես եպիսկոպոս»: Իշխանն ասում է. «Ո՞ր գյուղից է»: Սևերիանոսն ասում է. «Փիլաքթովեից»: Իշխանն ասում է. «Իսկ Աթանագինեսը, որ ասում ես` եպիսկոպոս է, ի՞նչ էր ասում, որ ձեզ առաքեց»: Սևերիանոսն ասում է. «Այսպես ասաց` Գնացեք, ինչպես ասում եմ ձեզ, կմարտիրոսանաք»: Իշխանն ասում է. «Գիրն ով շարադրեց, և ինչո՞ւ ձեր անուններն են գրության տակ և ոչ նրանը»: Սևերիանոսն ասում է. «Գիրն Աթանագինեսը գրեց, բայց թե ինչու մեր անունները դրեց` չգիտենք»: Իշխանն ասում է. «Քո ընկեր Արիստոնը գիտե՞»: Սևերիանոսն ասում է. «Այո՛, Աթանագինեսը գրեց և տվեց մեզ»: Իշխանն ասում է. «Սևերիանո՛ս, թե ուզում ես մնալ` զոհ մատուցիր [աստվածներին]»: Սևերիանոսն ասում է. «Թող գա նա, որ ինձ հետ էր»: Իշխանն ասում է. «Դու մեր հրամաններին ենթարկվիր, գնա Կոռնել գավառապետի հետ, զոհ մատուցիր»: Եվ նրանք գնացին զոհ մատուցելու:
[Իշխանը] հրամայեց բերել Արիստոնին և ասում է նրան. «Քո ամբարտավան բարքն ու չար մտածմունքները ծածուկ մնալ չկարողացան»: Սուրբ Արիստոնն ասում է. «Աստված այդպես հրամայեց»: Իշխանն ասում է. «Ահա քո ընկերը զոհ մատուցեց [աստվածներին], դու ինչո՞ւ ես հապաղում»: Սուրբ Արիստոնն ասում է. «Որովհետև չկարողացավ համբերությամբ մնալ Քրիստոսի հավատքին»: Իշխանն ասում է. «Իսկ քո մարմինը ցավ չի՞ զգում»: Արիստոնն ասում է. «Աստծու կամքով»: Իշխանն ասում է. «Մի՛թե դու երկնքից ես»: Սուրբ Արիստոնն ասում է. «Այո՛, երկնքից եմ»:
Այնժամ իշխանը իմացավ նրա մտքի անփոխելի հաստատությունը` վճիռ հատեց նրա համար և ասաց. «Քանի որ հարցաքննությունները չհաջողվեցին և ամենահաղթ ինքնակալ տերերի մարդասիրությունը չկարողացավ քեզ լավ [ճանապարհ] հանել, այսպիսի անպատեհ գրի պատճառով, որ մատուցեցիր իմ պատվասիրությանը, և չկարողացար ճանաչել աստվածների պաշտամունքը և հանդգնեցիր մնալ նույն համառությանը` այսպիսի վճիռ ընդունիր»: Եվ մագաղաթից ընթերցելով այսպիսի գիր` ասում է. «Այն որ ամեն ինչից անպատեհն է, տվեց ինձ, որ մարդկանցից ոչ ոք պատվավորների մասին չի հոժարի ասել կամ լսել: Այս ամենի համար հրամայեցի հրո ճարակ դարձնել սրան»: Եվ այսպես եղավ սուրբ Արիստոնի նահատակությունը, նախ քան օգոստոսյան կաղանդները:
Այնուհետև դատավորն զբաղվեց Սևերիանոսով և ասաց նրան. «Աստվածներին զոհ մատուցեցի՞ր, Սևերիանոս»: Եվ նա ասում է. «Այո՛»: Ասում է իշխանը. «Մեր տերերի պարկեշտ մարդասիրությունն ու աստվածների քաջությունը քեզ լավության դարձրին, իսկ Արիստոնին իր համառության և մոլորության պատճառով հատուցեցի իր արժանիքի համաձայն: Ուստի և կհրամայեմ քեզ բանտ դնել և խնամել, մինչև գա Աթանագինեսը, որպեսզի գրության գործը ստուգությամբ քննեմ»:
Այսպես վախճանվեց սուրբ Արիստոնը Սեբաստիայում. ոմանք անգիտությամբ կարծում են Հռեգինոսն է եղել, որը Աթանագինեսի սպասավորներից է, բայց յուրաքանչյուր ոք գիտե, որ Սուրբ Հռեգինոսը Սեբաստիայում չվախճանվեց, այլ Կեսարիա քաղաքում, և նրա վկայարանն այնտեղ է մինչև օրս: Որովհետև եկեղեցին շատ և սաստիկ հալածվում էր, սուրբ Աթանագինեսը նրան առաքեց այնտեղ, որպեսզի ուսումնասիրի քրիստոնյաների պատուհասը, և ելք հուշի նրան: Եվ քաղաքում հալածիչներն իմացան Հռեգինոսի գալուստը, և բռնեցին, չարչարեցին: [Նա] ուրախացած գոհանում էր Տեր Աստծուց և բարի վկայությամբ սպանվեց:
Նրա նահատակությունը լսեց սուրբ Աթանագինեսը, երբ Սագուպինիայում էր, փառավորեց Աստծուն: Իսկ, որ բոլորը կարծում են, թե Սեբաստիայում էր` դա Արիստոնն է, և ոչ Հռեգինոսը:
Ապա սուրբ Աթանագինեսին զինվորները բերին Սեբաստիա քաղաքը, և Ագրիկողոսի կինը լսեց աստվածասեր այրի առաքինասեր վարքի մասին, ընդառաջ ելավ և պատահեց սրբին, ընկավ նրա ոտքերը և ասաց. «Իմացա, Տեր իմ, առավել ևս հավատացի, որ Քրիստոս կոչվածի ծառան ես, և ինչ որ խնդրում ես նրանից` իսկույն կտա քեզ: Արդ, աղաչելով ընկնում եմ քո առաջ, որ աննախանձաբար ինձ ևս շնորհես իմ խնդրանքը, քանի որ դու ամեն ինչ ունես քո Տիրոջից ու վարդապետից, որին հույս ես տածում: Իմ դուստրը բազում ժամանակ է, ինչ բռնվել է պիղծ դևից: Արդ աղոթիր` նրանից ելնի պիղծ ոգին, և ես կթախանձեմ իմ ամուսնուն և կհամոզեմ արձակել քեզ, և չմեղադրել»: Սուրբն ասում է. «Եթե լսես ինձ և արժանի լինես իմ Տիրոջը` քո խնդիրքը կկատարվի: Իսկ եթե միջնորդես խափանելու իմ ընթացքը, դևը նրան հանապազ ավելի կվտանգի, քան առաջ: Այլ քոնն ստանալով` գնա քո տունը»: Եվ նա դառն արտասվելով` սրբին ճանապարհեց քաղաք, վերադարձավ տունն իր:
Երբ Ագրիկողոս իշխանն իմացավ` արդար այրին կապանքներով տարավ` ինչպես հրամայված էր: Եվ երբ բերին` նրան հրամայեց առաջ գալ: Եվ ասում է. «Ճանաչո՞ւմ ես Արիստոնին և Սևերիանոսին»: Աթանագինեսն ասում է. «Ո՞ւմ»: Իշխանն ասում է. «Արիստոնը իր հանդգնության համար անխնա սպանման պատուհաս գտավ, իսկ Սևերիանոսը իր գրության պատճառով դեռ կա. նրան տեսնելով` կարող ես ամեն ինչով իմանալ հանգամանքների մասին. քանի որ մեզ տվեց չարությամբ լի գիր` քո մտքերով: Գիրը հայհոյում էր աստվածներին և թագավորներին, որ և կրկնել պետք չէ»: Աթանագինեսն ասում է. «Այն, որ հարցրիր` իմ աշակերտների անուններն են, չեմ ուրանում, բայց այդ գրին ամենևին տեղյակ չեմ: Մեր Տեր Հիսուս Քրիստոսը մեզ սովորեցրել է այնպիսի գործ չանել, ուստի չպիտի գրեի»: Իշխանն ասում է. «Լսեցի՞ր ինչ արեցի»: Աթանագինեսն ասում է. «Տեղյակ չեմ»: Իշխանն ասում է. «Ստելը քեզ վայել չէ, մանավանդ որ լսել եմ, թե եպիսկոպոս ես»: Աթանագինեսն ասում է. «Աստվածային Գիրը մեզ սովորեցնում է ուսուցանել և ոչ ստել: Որովհետև գրված է. «Կործանում է բոլորին` ովքեր ստում են» (Սաղմ. Ե. 7): Եվ եթե ես ստեմ` նույնպես կկորսվեմ, ինչպես սուտը»: Իշխանն ասում է. «Արդ, հանդիմանիր Սևերիանոսին, որ ստել է»: Եվ ասում է. «Կանչեցեք Սևերիանոսին»: Եվ երբ ծառաները բերին` ասում է Սևերիանոսին. «Այս ծերունուն ճանաչո՞ւմ ես»: Պատասխան տվեց Սևերիանոսն ու ասաց. «Այո՛»: Իշխանն ասաց. «Ի՞նչ է անունը»: Սևերիանոսն ասում է. «Աթանագինես»: Իշխանն ասում է. «Գիրը, որ ինձ մատուցեցիք դու և Արիստոնը, սա՞ տվեց ձեզ»: Սևերիանոսն ասում է. «Ո՛չ»: Իշխանն ասում է. «Մոռացա՞ր, ուրեմն, որ ավելի առաջ սրա մասին հայտնեցիր»: Սևերիանոսն ասում է. «Նա՛ արեց, որ ինձ հետ էր»: Իշխանն ասում է. «Ուզո՞ւմ ես կարդալ քո խոսքը»: Սևերիանոսն ասում է. «Վտանգի պատճառով ասացի»: Իշխանը զայրանալով ասում է. «Կախե՛լ»: Իսկ նա պատասխանում է. «Սա՛ տվեց ինձ»: Իշխանն ասում է. «Քեզ տվեց, երբ միայնա՞կ էիք»: Սևերիանոսն ասում է. «Այո՛»: Դատավորն ասում է. «Ոչ ոք չտեսա՞վ, երբ այն գիրը տվեց, և ի՞նչ ասաց»: Սևերիանոսն ասում է. «Երբ տվեց` ոչ ոք չտեսավ, և ասաց` Գնացեք, մարտիրոսացեք»: Դատավորն ասում է. «Ձեր առջև կարդա՞ց գրածը, որ գիտենաք թե ինչ եք մատուցում դատավորին»: Սևերիանոսն ասում է. «Այո՛, կարդաց»: Դատավորն ասում է. «Հապա որ լսեցիր այդպիսի չար գրությունը` ի՞նչպես հանդգնեցիր բերել ինձ»: Սևերիանոսն ասում է. «Չկարողացա իմանալ»: Դատավորն ասում է. «Դու ինքդ ես ասում` կարդաց, հապա ի՞նչպես չիմացար: Մա՛րդ այդ հասակին լինելով, դեռևս երիտասարդ, ինչո՞ւ հեշտությամբ դեպի մահ դիմեցիր, կամ ինչո՞ւ չասացիր դրան` ծեր մարդ ես, մահվան մոտեցած, գնա դու վկայիր»: Սևերիանոսն ասում է. «Այո՛, ասացի դրան»: Դատավորն ասում է. «Չլինի՞ ինչ-որ բանից դրդված ստում ես այս մարդու հասցեին»: [Դառնալով] ասում է դատավորը. «Ի՞նչ կասես, Աթանագինես, քեզ եմ հարցնում, ինչո՞ւ հանդգնեցիր»: Աթանագինեսն ասում է. «Այդ շատախոսության հետ կապ չունեմ և չգիտեմ` ինչ ես ասում, և այդպիսի բան չեմ լսել»: Դատավորն ասում է. «Այն մեղադրանքը, որ քեզ է տրվում, անտեղի չէ: Եվ եթե կամենայիր քեզ անմեղադրելի անել` քեզ համար հեշտ էր»: Աթանագինեսն ասում է. «Ինչպես կամենաս` դատիր ինձ, իսկ ես այդպիսի բան չեմ արել»: Դատավորն ասում է. «Սևերիանոս, հիշո՞ւմ ես, երբ մատուցում էիք գիրը, ասում էիք` ձեր անձերը երկնքից են իջել, ինչո՞ւ հանդգնեցիք այդ անել»: Սևերիանոսն ասում է. «Շինական էի և չգիտեի` ինչ էի խոսում»: Դատավորն ասում է. «Աթանագինես, ահա լսեցիր այն ամենը, որ պակաս չթողի հարցաքննելիս ու պատուհասելիս: Եվ սա պնդեց այդ»: Աթանագինեսն ասում է. «Ինչպես կուզես դատիր ինձ, առավել քան նրան, բայց քեզ ասացի, որ ես այդ մասին չգիտեմ: Իսկ եթե դև ունի և մոլանում է` ես ի՞նչ անեմ»: Դատավորն ասում է. «Սևերիանոս, լսո՞ւմ ես, որ Աթանագինեսը ուրանում է, թե` Չգիտեմ ինչ որ դա է ասում: Տե՛ս, այսուհետև ինչ-որ բանից դրդված չստես այս մարդու մասին»: Սևերիանոսն ասում է. «Չեմ ստում, սա տվեց ինձ»: Դատավորն ասում է. «Ո՞րտեղ տվեց կամ որ ժամին, կամ մեկը տեսա՞վ, երբ ամբաստանությունն ստանում էիք»: Սևերիանոսն ասում է. «Գիրը վաղ առավոտյան տվեց, բայց ոչ ոք չտեսավ»: Դատավորն ասում է. «Մի գյուղի՞ց էիք դու և Աթանագինեսը»: Սևերիանոսն ասում է. «Ո՛չ, [մեր] գյուղերը տասնհինգ մղոնով հեռու են իրարից»: Դատավորն ասում է. «Որևէ մեկին ուղարկե՞ց քեզ, որ գնաս իր մոտ»: Սևերիանոսն [ասում է]. «Իմ մորն ուղարկեց, Մակեդոնիային»: Դատավորն ասում է. «Մարդո՞ւց ես ծնվել, ուրեմն, և մա՞յր ունես, որ մի տեղից լինելով` ասում էիր, թե երկնքից ես իջել»: Սևերիանոսն ասում է. «Այն գաղտնիքն սպառվեց»:
Դատավորը հարցնում է Աթանագինեսին. «Մակեդոնիային ճանաչո՞ւմ ես»: Աթանագինեսն ասում է «Ո՛չ»: Դատավորն ասում է Սևերիանոսին. «Այժմ ընտրություն արա. ասա մեզ ճշմարտությունն առանց երկյուղի. սա՞ տվեց գիրը, թե ոչ: Եվ ինչ ասաց, երբ տալիս էր»: Սևերիանոսն ասում է. «Սա տվեց և ասաց` Գնացեք և մարտիրոսացեք»: Դատավորն ասում է. «Արդ, դու կմեռնես ոչ իբրև նահատակ, այլ որպես ամբարիշտ և հայհոյիչ»: Եվ դառնալով սուրբ Աթանագինեսին, ասում է. «Լինելով այդպիսի հասակի և այդպիսի պատվի, չպիտի այդպիսի գիր շարադրեիր ու համոզեիր ինձ մոտ բերելու»: Աթանագինեսն ասում է. «Իբրև ամբարիշտ կդատվեմ Աստծուց, եթե որևէ մեկի մասին սուտ ասած լինեմ կամ այդպիսի մի գրի ձեռք եմ տվել»: Դատավորն ասում է. «Իսկ կասե՞ս, որ Սևերիանոսը տանջանքների պատճառով է ստել: Այժմ գոնե քո մասին մտածիր, չէ՞ որ այդպիսի ուսուցիչ ես, ինչպես ասում ես` կարող ես գրել և պատմել և քրիստոնյաներին ուսուցանել: Պետք է որ դու գրած լինես այդպիսի շատախոս ամբաստանություն: Իսկ եթե ոչ` հանդիմանիր դրան, որ ստեց»: Աթանագինեսն ասում է. «Նա ինքը գիտե իր համառելը. նրա առավել տանջանքներին ես պատճառ չեմ լինի: Բազմիցս քեզ ասացի, որ երիտասարդ հասակում սուրբ գիտակցությամբ եմ մնացել, և եթե կուզես` ամբողջ Պոնտոսում քննիր, թե ինչպես մնացի, և ըստ իմ Տիրոջ հրամանի սովորեցի կայսրինը տալ կայսեր, Աստծունը` Աստծուն (Ղուկ. Ի. 25): Ստահակները չեն կարող իմանալ»: Դատավորն ասում է. «Եթե արդարև սրբությամբ ես մնացել և հաստատում ես քո լավ վարքի մասին, ըստ թագավորական հրամանների կարգի, որ հրամայել են շարժվել սիրելի օրենքներով, արդ մենք ընդունում ենք քո ուղղությունը, զոհաբերություն արա [աստվածներին], ինչպես բոլորը, և մնա մեզ հետ»: Սուրբ Աթանագինեսն ասում է. «Այդպիսի օրենքների չեմ հետևել և չեմ [հետևում], բայց Երկնավորի օրենքները բազում անգամ սովորեցրել և սովորեցնում եմ, և այդպես կմեռնեմ: Բայց Սևերիանոսը բոլորովին ստեց իմ մասին»: Դատավորն ասում է. «Իբրև քրիստոնյա չես մեռնի, մինչև չսրբես քեզնից բոլոր ամբարշտություններով լի թուղթը գրելու մեղադրանքը»: Աթանագինեսն ասում է. «Ինձ կդատի Աստվա՛ծ, եթե ձեզ ճշմարիտը չասացի»: Դատավորն ասում է. «Բայց հանդիմանիր Սևերիանոսի ստությունը»: Աթանագինեսն ասում է. «Կարծում ես` մեծ իմաստություն ունես, բայց այս բանից չես կարողանում կողմնորոշվել և գտնել պատճառները աշխարհական կրոնով: Իսկ ես հնարած տեսությանը օտար ու անհաղորդ` ինչպես կարող եմ դատել նրա մտածությունը»: Դատավորն ասում է. «Հրաժարվի՛ր առաջին մոլորությունից և կատարիր թագավորական հրամանները»: Սուրբն ասում է. «Ի՞նչ ասեմ, նրանց ի՞նչպես է հրամայված երկնքից»: Անօրենն ասում է. «Որ քրիստոնյաները չարաչար կորչեն և ոչ մի տեղ չերևան»: Սուրբ Աթանագինեսն ասում է. «Ես քրիստոնյա եմ ծնվել և քրիստոնյա սնվել ու ապրել և քրիստոնյա կմեռնեմ»: Դատավորն ասում է. «Քեզ չասացի մեռնես, այլ մոլորությունդ թողնելով` մնաս»: Սուրբն ասում է. «Վաթսուն տարուց ավելի է, որ քրիստոնյա եմ և քսան տարի է, որ եպիսկոպոս եմ, որի համար ուրիշ բան չեմ ուզում լինել, այլ մեռնել քրիստոնյա»: Դատավորն ասում է. «Քեզ ասացի` իբրև քրիստոնյա չես մեռնի, քանի այդպես ես դատում»: Սուրբն ասում է. «Գիտե Նա, որ տեսնում է ծածուկ բաները, որ իզուր եք իմ մասին ստաբանում, և մի՛ խաբվեք սնոտությամբ, թե դրանով խախտվելով կկործանվեմ սուրբ հավատից առ մեր Տեր Հիսուս Քրիստոս»: Դատավորն ասում է. «Թագավորական հրամաններին և աստվածների բարեկարգ օրենքներին չես հնազանդվում, ինչպես մենք»: Սուրբն ասում է. «Անօրեն օրենքներն ու նրանցով վարված թագավորներին չեմ ճանաչում, և աստվածները, որ չեն ստեղծել երկինքն ու երկիրը` կկորչեն երկնի ներքո»: Դատավորն ասում է. «Եվ ի՞նչ էին քո գրածները, եթե ոչ այն, որ քո բերանը խոստովանեց»: Սուրբն ասում է. «Գրվածքը չգիտեմ, բայց Աստծու հանդեպ իմ անխոտոր սրտի մասին պատասխանները դրանք են, որ լսեցիր, և դրանցով կմեռնեմ. ավելի մի՛ չարչարվիր [այլևս]»:
Այնժամ դատավորը տեսավ երանելիի անշարժ ու հաստատուն միտքը, և այսքան հարցուփորձից հետո շտապեց գործին այսպիսի վճիռ տալ, ասելով. «Աթանագինես եպիսկոպոսին, որ երդմամբ հայհոյեց աստվածներին և թագավորին և մեզ բոլորիս` այնպիսի խոսքերով, որ արժանի չեն լսելու, որը և տանջանքների միջոցով Սևերիանոսը խոստովանեց, որ Աթանագինգեսն է գրել, և մինչև վերջ նույնը պնդեց, ինձ հաճո եղավ սրան կենդանի այրել. արդ, իմացեք, մեր տեր աստվածների բազմություն»: Եվ բոլորի համար մագաղաթից կարդաց սա: Իսկ անօրեն սպասավորները խոսքը գործից առաջ էին կատարում: Կրակ վառեցին այնտեղ, որ այժմ փոքր աղոթատուն է Սեբաստիայում, ուր նահատակվել էր Սեբաստիայի սուրբ եպիսկոպոս Պետրոսը` Աթանագինեսի բարեկամը, բորբոքեցին կրակը և սրբին տարան: Եվ նա խնդրեց, որ աղոթի Աստծուն մեծ գոհությամբ, և [Աստծուց] բազում խնդրանքներ հայցեց, որ հետո երևում էր շնորհը նրա սուրբ նշխարների վրա: Ու մինչ աղոթում էր, մի մեծատուն ու լավ կին, ազգով հեթանոս, Եվսեբիա անունով, մեծ հառաչանքով ընկավ նրա առջև ու ասաց. «Աղոթի՛ր ինձ համար, որ թեթևանան իմ մեղքերը»: Իսկ սուրբ վկան ասում է. «Հավատա՛ սուրբ սրտով Տեր Հիսուս Քրիստոսին և ինչ որ քեզ պատվիրեմ` արա, և Ամենատերը կկատարե խնդրանքներդ. վերցրու իմ մարմինը անխախտ և ամբողջ, հասցրու Փիլաքթովե ագարակը և թող այն տանը, որ իմ աշխատանքով կառուցեցի ի հանգիստ սրբերի, որոնց անուններն են` Թեոփրատոս, Հիսիքիոս, Մաքսիմիանոս, Պատրոփիլոս, Կղեոնիկոս. այնտեղ տանել տուր և իմ մարմինը»: Եվ նա հոժարությամբ ընդունեց խոսքերը, ողջունեց սրբին:
Եվ զինվորները երանելիին մոտեցրին նահատակման տեղին: Իսկ նա մեծ ուրախությամբ [իր] բոլոր անդամները կնքեց Քրիստոսի նշանով և մտավ հուրը և հանուն Տիրոջ ավանդեց հոգին: Եվ նույն ժամին Եվսեբիան գնաց դատավոր Ագրիկողոսի մոտ և խնդրեց վկայի մարմինը: Եվ նա բազմությունից գաղտնի շնորհ արեց նրան, այն հարգանքի համար, որ ուներ այդ կնոջ նկատմամբ: Եվ նա վերցնելով` պատեց ազնիվ պատանքով ու անուշաբույր յուղերով, կառք դրեց և իր հավատարիմ ծառաներին տվեց տանելու Փիլաքթովե` հրամայված սրբարանը: Եվ թաղեցին սրբերի մեջ:
Բայց չպետք է զանց առնել շնորհը, որ ստացավ երանելին Տիրոջից. ինչ որ խնդրել էր մտերիմների առջև, որոնք նրան ճանապարհում էին հրայրեցության: Նախ` [այն] կնոջ փրկությունը, որ պաղատել էր նրան. նաև` ավելի մեծ [խնդրանք], որ եթե մի մարդ երազում տեսնի ինչ-որ արարք և զարհուրի` բարեխոս անի սրբին առ Աստված, ազատված լինի երազների փորձությունից, և փոխվեն բարության` պատահելով լավագույն բանի: Եվ սա այն բանի համար հոգաց, որ երբ ինքը նստած էր թաքստոցում, վեմի տակ, որն աղբյուրացրեց, նիրհեց ու քնեց: Եվ թվում էր երազ է տեսնում, իբր թե իրեն տարել են իշխանի մոտ` զոհի [մսից] ճաշակելու: Եվ արթնացնելով նրան խռովք ապրեց դրանից: Եվ ծունր իջնելով աղոթեց ամբողջ սրտով երազը ի բարին փոխելու, որ և եղավ իսկ: Եվ երբ նահատակվելու էր` հիշեց այս ու խնդրեց ամեն մարդու համար, որ երազից զարհուրել է: Այդ օրինակով նաև ուրիշ բազում ու հրաշալի շնորհներով երևաց երանելի վկան, որովհետև հուլիս ամսին կատարվում է նրա հիշատակը, շատ տոթ է լինում, քանի որ ամառ է, և բնավ մսավաճառության, կերակուրների մեջ ճանճ կամ այլ բան չի լինում, իսկ եթե տան մեջ երևա` մի անզոր բան կլինի և ինչպես ձմռանը` ընդարմացած, և եթե մեկը տանի մսից, ի հիշատակ սրբի, օրհնության խոսքով, անաղարտ կպահվի մինչև ուր կամենան տանել: Տանելով, եթե իսկույն չիրացվի, շուտով կապականվի, և ով որ շտապի ի հիշատակ նրա և պետք ունենա ջրի, որովհետև ջուրը սակավ է այնտեղ, և մեկն իր տաղավարի մեջ ջրհոր փորի, կտա բավականաչափ ջուր նրա հիշատակի օրը, իսկ հետո կպակասի: Իսկ տոնը կատարելուց հետո շատ ամպեր են կուտակվում, և շատ անձրև է տեղում Սուրբ Հոգու շնորհով, և ոռոգում է գավառի երաշտությունը, և [լվանում է] կենդանիների ու մարդկանց անմաքրությունը: Եվ գետը մոտավոր վայրերում ողողում է, և լվացվում են հողերը, և ուխտավորների բոլոր խնդրանքները կատարվում են սրբի բարեխոսությամբ:
Բայց նահատակը նաև Եվսեբիա կնոջ բարեպաշտությունը չթողեց առանց շնորհակալության, այլ խոստման համաձայն տեսիլքով կանգնեց նրա մոտ և ասաց. «Իմ մաղթանքներով առաջին հերթին մարդասեր Քրիստոսին պաղատեցի քեզ համար, և Տիրոջից ինձ տրվեց խնդրածս, և քո մեղքերը թողնվեցին` իմ խոսքով մտերմաբար հավատալուդ համար»: Եվ իր ամբողջ կյանքի ընթացքին տարվետարի այնտեղ էր գալիս կինը մեծ պաղատանքով, անուշ յուղով ու խնկով, և արժանի պատիվն էր մատուցում, և շատերին հաստատում էր մեր Տեր Հիսուս Քրիստոսի հավատի մեջ:
Արդ, քանի որ չարժեր պակասեցնել սրբին կարգվածների միջից, որ իր կենդանությանը նշաններ ցույց տվեց և վախճանվելիս օրհնություն թողեց, այդ պատճառով սակավ չափով արձանագրեցինք սուրբ վկա Աթանագինեսի [մասին], որ պայծառ ու համարձակ կենցաղավարելով պսակվեց: Բայց նրա պատվերն ու կարգը Սագուպինիայում և գավառի շուրջը պահում են մինչև օրս: Նա զանազան բարիքներ կարգեց Սագապինիայում, եկեղեցիներում ու Սեբաստիա քաղաքի խորհրդակիցներին, և օրհնելով բոլորին` իր որդի Պատրոփիլոսին հանձնարարեց, նրան նստեցրեց քորեպիսկոպոսական աթոռին, և [նա] արժանի եղավ ամեն ժամ պայծառ պահելու եկեղեցու կարգերը, սուրբ տունը, որ Փիլաքթովեում [սուրբը] հանձնեց նրան:
Ոմն Հեղիարոս` լավ աստվածասեր, որ այն ժամանակ գլխավոր խորհրդականն էր, մեծափառ և աստվածասեր Հիպաղաքոսի որդին, որ մեծանալով ծանոթացավ սուրբ Աթանագինեսի կարգին ու վկայաբանությանը, խնամքով ու ճշտորեն հավաքելով գրի առավ այս ամբողջ պատմությունը և այսպես թղթով ուղղափառ դարձրեց պատմվածը: Նույն Հեղիարոսը խնդրել էր երանելի Աթանագինեսից, նրա կենդանության օրոք, հինգ օրհնություններից մի գլուխ, որ երանելին կատարեց, և մինչև օրս պաշտում են Հեղարիոսի որդիներն ու տունը` սովորելով միմյանցից երանելիի վկայության հիշատակի համար:
Սուրբ Աթանագինեսը վախճանվեց հրով, մարտիրոսաբար վկայելով անուշահոտությամբ, ի Հիսուս Քրիստոս Տեր մեր, որին փառք հավիտյանս. ամեն:
Վարք Սրբոց, Հատոր Ա, Ս. Էջմիածին – 2010թ.