13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
Երթայք յաշխարհ ամենայն և քարոզեցէք զԱւետարանն ամենայն արարածոց:
Գնացե՛ք ամբողջ աշխարհով մեկ և քարոզեցե՛ք Ավետարանը բոլոր մարդկանց (Մարկոս 16:15):
Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու.
Այս պատվիրանը տվեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս Իր աշակերտներին: Եվ այսօր մենք տոնախմբում ենք սուրբ ավետարանիչների՝ Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի տոնը, որոնք գրավոր ավանդեցին մեզ Ավետարանը: Նրանք կյանքի ուսուցման մշակներ են, ուսուցիչներ՝ Աստծու և մարդու փոխհարաբերության, մարդկանց ճշմարիտ սիրո և ողորմածության:
Ավետարաններում մենք տեսնում ենք, որ Քրիստոսի աշակերտները ամեն օր Նրա հետ սովորում էին, Նա հանդիմանում էր նրանց սխալները, բայց երբեք չէր դատապարտում, որովհետև Տերը ճանաչում էր նրանց, և Ինքն էր ընտրել նրանց որպես Աստծու խոսքը տարածողներ ու տիեզերական քարոզիչներ, որ ամեն ինչ թողած՝ գնացին իրենց Վարդապետի ետևից՝ մինչև իսկ Նրա հարությունն ու համբարձումը դեռևս լիովին չգիտակցած՝ ում են աշակերտում:
Այն Ավետարանը, որ նրանք շարադրեցին մեզ համար, զուտ Հիսուս Քրիստոսի քարոզչության, հրաշքների և խաչելության պատմության արձանագրումը չէ, այլ մարդկության փրկության ավետիսը, փրկության ճանապարհը, մարգարեությունների կատարումը, սիրո օրենքի հաստատումն ու վավերացումը: Ոչինչ չարժեն մարդու կարդացած բազմատեսակ և բազմապիսի գրքերը, եթե նա Ավետարանին ծանոթ չէ: Իսկ Ավետարանը սովորական ընթերցանության գիրք չէ: Այն կյանքը վերափոխող, հեղափոխող գիրք է: Այն մարդու խիղճը ինքնաքննության կանչող, ապաշխարության մղող, սիրել ու բարեգործություն անել հորդորող, ոչինչ չպարտադրող, ընտրության հնարավորություն տվող գիրք է, որովհետև Ավետարանի Տերը ազատության, արդարության և ճշմարտության Աստված է: Ով չի կարդում Ավետարանը, Նրա հոգին դատարկ է Տիրոջ ներկայությունից:
Ավետարանը կրոնական ինչ-ինչ գաղափարների արձանագրում չէ, այլ ճշմարտության և իմաստության ուղենիշ, խաղաղության և արդարության հորդորակ, փրկության սանդուղք: Ովքեր դեռ խորհում են, թե որոնք են կյանքի իմաստն ու նպատակը, իրենց հարցերի պատասխանները կգտնեն այնտեղ: Չորս Ավետարանները սովորական պատմություններ չեն, ոչ էլ գեղարվեստական հորինվածք: Դրանք Աստծու Միածին Որդու զոհաբերության և մարդկանց հանդեպ ունեցած սիրո վկայությունն են:
Ավետարանները գրավոր ազդարարում են նոր կյանքի սկիզբը, մարդկության պատմության նոր էջը, մարդու մուտքը Երկնքի Արքայություն: Աստված մարդացավ, որպեսզի մարդը աստվածանա, ուստի Քրիստոս միմյանց կապեց երկինքն ու երկիրը՝ իր զոհաբերությամբ հաշտեցնելով մեզ Հայր Աստծու հետ: Ավետարանների ընթերցանությունը գեղարվեստական գրականության ընթերցանություն չէ, այլ հավատքի հաստատում: Փրկության ճանապարհը որոնողը կանգ է առնում և ունկնդրում Քրիստոսի խոսքերը, իր սրտի հողը կամավոր կերպով դարձնում է նպաստավոր, որպեսզի ընդունի և պտղաբերի այդ խոսքերի սերմերը ուրախությամբ և հոժար սրտով:
Այսօրվա համար Ավետարանից ինչ բնաբան էլ ընտրեինք, տեղին կլիներ, որովհետև Ավետարանի յուրաքանչյուր տող արժեքավոր է, կարևոր է թե՛ Աստծու և թե՛ մարդկանց համար: Ավետարանը ավետիս է խավարի թագավորության պարտության և մարդկանց ազատագրման մասին: Բյուրավոր մարդիկ ազատվեցին դևերից, հանգստություն գտան, բյուրավոր մարդիկ բժշկվեցին մարմնական ու հոգու ախտերից: Բյուրավոր մարդիկ Աստծուն հավատացին, հրաժարվեցին իրենց մեղավոր կյանքից ու փրկվեցին:
Ավետարանը բացառիկ գիրք է, որի միջոցով Աստված խոսում է մեզ հետ, և մենք իմանում ենք, թե որն է Նրա կամքը: Հաճախ մարդիկ ցանկանում են իմանալ Աստծու կամքը՝ առանց նույնիսկ բացելու Ավետարանը, որովհետև մարդիկ փնտրում են ոչ թե Աստծու կամքը, այլ երբեմն իրենց կամքի և կարծիքի մեջ են ցանկանում հաստատվել: «Սողոմոնի իմաստության» մեջ կարդում ենք. «Այն, ինչ գտնվում է երկնքում, ո՞վ կարող է քննել և ո՞վ կարող է գիտենալ Քո խորհուրդները, եթե Դու իմաստություն չտաս և Քո Սուրբ Հոգին չառաքես Քո բարձունքներից: Այսպես է, որ երկրայինները ուղղեցին իրենց շավիղները, սովորեցին այն, ինչ հաճելի է քեզ, և փրկվեցին Քո իմաստությամբ» (Իմաստություն Սողոմոնի 9:17,18): Ուստի կամք ու իմաստություն է հարկավոր մեզ բոլորիս՝ Աստվածային իմաստությունը Ավետարանից ուսանելու և յուրացնելու ու մեր իսկ սեփական փրկությունը ապահովելու համար:
Ավետարանը վառվող ջահ է, փրկության փարոս, որի մոտ գնալով՝ ապրում ես լույսի մեջ և տեսնում իրերի իրական գույները և ոչ թե նրանից հեռու խարխափում ես խավարում և դժգոհում մթությունից: Այն անապատում ծարավածին հանդիպած ջուր է, որից կարելի է խմել և հագենալ, և մութ անտառում մոլորվածին հանդիպած խարույկ է, որի շուրջը կարելի է ջերմանալ և ընթրել: Ավետարանը բացում է մեր աչքերը, որպեսզի նայենք և տեսնենք Քրիստոս Աստծուն: Այն սովորեցնում է մեզ, թե ինչպես է Աստված ցանկանում, որ մարդ նայի կյանքին, որ տուրք չտա ո՛չ իր հպարտությանը և ամբարտավան կերպով ապրի, ո՛չ նախնիների ավանդությանը, որ ապրի մտածելով, թե ինչ կասեն մարդիկ, սովորեցնում է, որ որևիցե տխուր առիթ կամ պատճառ չստիպի մարդուն հրաժարվել իր Աստվածապարգև կյանքից, որ ապրի՝ աչքի առաջ ունենալով Երկնային Արքայությունը, սովորեցնում է, որ Աստծուն ներկայանալու համար առաջին հերթին հարկավոր է հաշտ լինել եղբայրների հետ: Ավետարանը մարդուն տնտես է հռչակում իր ունեցվածքների ու կարողության վրա, որոնք նա տնօրինելու է և հաշվետու լինի ունեցվածքներն ու տաղանդները Շնորհողին: Ավետարանը մարդու հոգին նախապատրաստում ու մաքրում է Երկնային Արքայության համար:
Հետևաբար, սիրելինե՛ր, մեր բաղձանքն է, որ այսօր էլ մարդիկ կարողանան լույս քաղել Ավետարանից, որ լուսավորվեն մարդկային հոգիները, բժշկվեն հոգիներն ու մարմինները, մեղքերը ջնջվեն, խավարը հալածվի, և մարդիկ Աստծու հետ իրական հարաբերության քաղցրությունը վայելեն:
Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:
Տեր Վահան քհն․ Առաքելյան