Սուրբ Բարսեղ եպիսկոպոսի ճառը Գորդիոս վկայի մասին

Մեղուները մի այսպիսի օրենք ունեն, որ նրանցից ոչ ոք չի կարող փեթակից դուրս գալ, մինչև որ նրանց թռիչքի «թագավորը» չառաջնորդի իրենց: Իսկ ես, ահավասիկ, այժմ տեսնում եմ, որ Տիրոջ ժողովուրդը քաղաքից դուրս է ելել երկնային ծաղիկ վկային փնտրելու համար, որպեսզի վերջինս առաջնորդի իրեն: Ո՞վ էր, ուրեմն, այդ վկան, որ շատերի մեջ այս նախանձախնդրությունը շարժեց, ո՞վ էր, որ ձմեռային տխրությունը գարնանային հրճվանքի փոխակերպեց:

Արդ, այժմ ժողովրդի ողջ բազմությունը դուրս է եկել իր քաղաքից, ինչպես մի մեղվանոցից, ու եկել-կանգնել է քաղաքի զարդը հանդիսացող պարկեշտագույն ու հրաշազոր վկաներից մեկի նշխարների ամփոփման վայրում: Եվ քանի որ մեզ ևս մեծ ուրախություն է պարգևել այս սքանչելալագործ վկան՝ մոռացնել տալով մեր տկարությունը, ուստի մենք ևս, ականջալուր լինելով սրբի զորության կանչին, եկանք այս վկայատեղին, որպեսզի մեր խոսքով, ինչպես ծաղիկներից հյուսված պսակով, գովաբանենք այս երանելի սրբի առաքինությունները և, միաժամանակ, ուրախանալու առիթ ընձեռենք այստեղ հավաքվածներիդ:

Որովհետև, ինչպես որ ասում է Սողոմոն Իմաստունը, «արդարի գովասանքից ուրախանում են ժողովուրդները» (հմմտ. Առակ. ԻԹ 2): Ես, սակայն, տարակուսում էի, թե ի՞նչ կարող է նշանակել առակողի այս խոսքը: Այն արդյո՞ք ճարտասանի կամ մատենագրի հնարանքով ասված խոսք է, որ հոլովվել է ունկնդիրների հիացումը շարժելու և նրանց լսելիքը պարկեշտաբար դեպի խոսողը խոնարհեցնելու նպատակով:

«Ուրախանում են ժողովուրդները». արդյո՞ք այս գրությունն ու խոսքը ավանդվել է ժողովրդին ուրախություն պատճառելու համար միայն, թե՞ այլ իմաստ կա թաքնված այս առակավոր խոսքի մեջ, որն անհրաժեշտ է բացահայտել, և ապա միայն՝ ուրախությամբ ընդունել: Սողոմոնն այս խոսքը ասաց ոչ այլ նպատակով, քան միայն՝ որպեսզի դրա միջոցով մեզ հորդորի տոնախմբել ու գովաբանել երանելիների հիշատակը, որը ամեն ոք պիտի մշտապես պատրաստ լինի պատշաճ բառերով ու խոսքով կատարելու:

Ուրեմն, «ժողովուրդներն ուրախանում են» խոսքում Իմաստունը նկատի ունի հոգևո՛ր ուրախությունը, որին ժողովուրդները հաղորդակից են դառնում արդարների հիշատակը վառ պահելով և նախանձախնդիր լինելով նրանց նմանվել ու գործել ա՛յն բարիքները, որոնց մասին միայն լսելով իսկ՝ ամենքն ուրախությամբ են լցվում, քանի որ սրբերի բարի կենցաղավարության օրինակը իբրև լույս սփռվում է դեռևս իրենց կյանքի ուղին շարունակող մարդկանց ճանապարհին:

Այս իսկ պատճառով էլ, երբ մենք մեկ անգամ միայն լսում ենք Մովսեսի ապրած կյանքի պատմությունը, իսկույն նախանձախնդրությամբ ենք լցվում՝ կամենալով ունենալ նրան հատուկ նույն առաքինությունները: Նմանապես նաև մյուս երանելիների օրինակները մեզնից յուրաքանչյուրի համար փափագելի են դառնում:

Չէ՞ որ շատ ուրիշ մարդիկ իրենց արտասանած խոսքերի համար միայն գովասանքի են արժանանում, իսկ ահա արդարների պարագայում նրանց գործե՛րն են վկայում նրանց դավանած ճշմարտության մասին ու նաև մատնացույց են անում այդ սրբերի բազմապիսի առաքինությունները:

Իսկ մենք, երբ պատմում ենք բարեպաշտությամբ կենցաղավարողների մասին, այդպիսով նախ և առաջ Տիրո՛ջն ենք փառավորում Իր ծառաների միջոցով, ապա նաև գովաբանում ենք արդարներին՝ իրենց ցուցաբերած վկայությունների համար, որոնք հայտնի են մեզ, և այդուհետ էլ ուրախության առիթ ենք ընձեռում ժողովրդին՝ այդ պատմություններն ունկնդրելու հնարավորությունը տալով նրանց: Ուստի և անհերքելի է, որ, օրինակ, Հովսեփի պատմությունը այն լսողներին ողջախոհության մեջ մնալու հորդորն է տալիս, իսկ, օրինակ, Սամսոնի պատմությունն էլ քաջության պատգամն է հաղորդում ունկնդիրներին:

Արդ, աստվածային վարդապետարանը գովասանքի արժանանալու համար հատուկ «օրենքներ» չունի, այլ գործերի վկայությո՛ւնն է գովասանք համարվում, ինչպես որ և սրբերի գործերի պարագայում է. այդ գործերը գովասանքի են արժանի և իրենք իրենց առաքինությամբ սնուցողների համար էլ օգտակար օրինակներ են հանդիսանոմ:

Գովասանքի արժանի օրինակներ կարող ենք գտնել զանազան երկրներում ու ազգություններում՝ դրանք փնտրելով և այդ օրինակները պատմելով՝ իբրև խրատ ամենքին, սակայն այդ ամենից զատ հարկ է նաև, որ մենք, լսելով գովասանքի արժանի որևէ պատմություն, ինքներս էլ օգուտ քաղենք այդ վկայությունից:

Հակառակ դեպքում մեզ ի՞նչ փույթ, եթե որևէ օտար քաղաքի զորք, դժնդակ ու մեծամեծ մարտերում պայքարելով, հաղթանակ տանի իր թշնամիների դեմ, կամ եթե այդ քաղաքի բնակչությունը և՛ ձմռանը, և՛ ամռանը բարեկեցիկ կյանք վարի: Եթե այդ ամենը տվյալ քաղաքի մարդկանց սխրանքի արդյունքն է և այդ արդյունքը նրանք է միայն, որ պիտի վայելեն, ապա դրանից ինձ ի՞նչ օգուտ: Կամ եթե, ասենք, ձիերի երամակները արեգակի ներքո զորավոր ուժ են իրենցից ներկայացնում, սակայն մեզ չեն պատկանում, այդ դեպքում մեզ ի՞նչ օգուտ կարող է լինել դրանից և ի՞նչ կերպ կարող է այդ հանգամանքը անդրադառնալ մեր մարդկային առաքինությունների զորացման գործին:

Եթե մեզ ծանոթ արդարների մասին պատմենք, թե իբր նրանք այժմ ամպերից էլ վեր են գտնվում և մթնոլորտից անդին են, ու կարծենք, թե այդ արդարներին ենք լավություն անում՝ այսկերպ նրանց սրբությունը գովաբանելով, ապա ինքներս մեզ խաբած կլինենք:

Ամենքն էլ ցնծում են, ողջ աշխարհն է ուրախանում արդարների սրբության երևմամբ, սակայն մենք շատ փոքր ենք, որպեսզի նրանց գովասանքն անելով՝ այդպիսով իրենց լավություն արած լինենք: Այլ նրանց հիշատակը տոնախմբելը մեր մշտնջենավոր օգուտի՛ն պիտի ծառայի: Քանի որ արդարները «ավելի» գովասանքի կարիք բնավ չունեն, այլ մե՛նք, որ այս երկրային կյանքում ենք կենցաղավարում, կարիք ունենք տոնելու սրբերի հիշատակը, որպեսզի այդպիսով նրանց նմանությունը ձեռք բերելուն միտվենք:   

Եվ ինչպես կրակը լույս է ճառագում ու լուսավորում շուրջբոլորը, և ինչպես քաղցրաբույր յուղը անուշահոտություն է բուրում, այդպես էլ բարի գործերից անհրաժեշտաբար օգտակարը պիտի բխի: Դա բնավ էլ փոքր քայլ չէ ճշմարտությանը հասնելու ճանապարհին, քանի որ, կարելի է ասել, մեզ կոչո՛ւմ է տրված՝ սրբերի սխրագործությունները հիշատակելու:

Եվ ինձ այնպես է թվում, որ այդպիսով մենք նմանվում ենք նկարիչներին, քանի որ նրանք նույնպես հաճախ նկարում են սկզբնապատկեր հանդիսացող երևույթի պատկերը, ու եթե այդ սկզբնապատկերից շեղվում են, ապա աղավաղում են այն: Այսկերպ էլ մենք ճշմարտությունն աղտեղացնելու ոչ պակաս վտանգի մեջ կհայտնվենք, եթե սրբերի օրինակները տեսնելով՝ չփորձենք նմանվել նրանց:

Իսկ այժմ էլ, քանի որ հասել է հրապարակայնորեն Քրիստոսի անվան վկայության պատճառով նահատակված սրբի հիշատակը տոնելու օրը, ուստի սրբի մասին կասենք այն, ինչ գիտենք: Սուրբ Գորդիոսը մեր այս քաղաքից է եղել, ուստի և առավել շատ ենք սիրում նրան, քանի որ նա մեր «հարազատ» զարդն է: Եվ ինչպես, օրինակ, պտուղներն առատապես սնուցող տնկիները մարդիկ իրենց հողում են դնում, որպեսզի դրանք շատ բերք տան, այդպես էլ մեր միջից դուրս եկած այս սուրբը, վեր սավառնելով ու երկնային փառքի բարձունքներին հասնելով, իր բարեպաշտությամբ «սնում» և իր պտուղները ճաշակելու վայելքն է պարգևում մեզ:

Անշուշտ, սքանչելի են նաև ուրիշների հողում պտղաբերած «տնկիները», որոնք ևս մեզ ախորժելի պտուղ են տալիս, սակայն մեզ համար օտար «բերքից» առավել հաճելի են մեր սեփական, հայրենի «պտուղները», որոնք, իբրև վայելք ու գեղեցկազարդ պարգևներ, ընձեռնվում են մեզ:

Այս սուրբ Գորդիոսը զինվորականության ճանապարհն էր ընտրել և նրա իշխանությանն էին վստահված հարյուր ուրիշ զինվորներ: Սուրբն իր զինվորական ծառայության մեջ փայլում էր և՛ մարմնի զորությամբ, և՛ հոգու կորովով: Այդ ժամանակներում գոռոզամիտ, դառնասիրտ ու անհանդուրժող տիրակալը պատերազմ է սկսում Եկեղեցու դեմ և իր աստվածամարտ ձեռքը բարձրացնում է ընդդեմ բարեպաշտության: Նա հրաման է արձակում ու դրա գիրը տարածում է ամենուրեք՝ բոլոր հրապարակներում և նշանավոր վայրերում՝ արգելելով երկրպագել Քրիստոսին: Իսկ ահա երկրպագողներն էլ մահվան պիտի ենթարկվեին:

Նաև հրաման է արձակվում, որ ամենքը խոնարհվեն կուռքերի, քարերի ու փայտերի վրա դրոշմազարդված և աստվածներ համարվող կերպարանքների առջև, իսկ ով չէր համաձայնի այդ անել, սաստիկ վտանգի կենթարկեր իր կյանքը: Այս ամենի պատճառով ողջ քաղաքում խռովություն է ծագում, բարեպաշտները գերի են տարվում, մարդկանց ունեցվածքը սկսում են հափշտակել, քրիստոսասերների մարմինները պատառոտում:

Ո՛չ կանանց էին խնայում, ո՛չ մանուկներին էին ողորմում և ո՛չ ծերերից՝ պատկառում, այլ ամեն ոք, ով չէր ենթարկվում սահմանված «օրենքին», արժանանում էր չարագործների պատիժներին: Հրամանին չենթարկվողները բանտ էին նետվում, նրանց բարեկեցիկ տներն ամայանում էին, իսկ անապատներն էլ լցվում էին փախստականներով: Նրանք, ովքեր բարեպաշտության կրողներ էին, մեղադրվում էին օրինախախտության մեջ: Հայրը մատնում էր որդուն, եղբայրները իրար դեմ էին դուրս գալիս, ծառաները չէին հնազանդվում տերերին:

Ասես մի դժնդակ գիշեր էր իջել քաղաքի վրա. ամենքը չճանաչելու էին տալիս միմյանց՝ վախեցած բանսարկուի չարամտությունից: Աղոթքի տները անարգների ձեռքն էին ընկնում, կործանվում էին սուրբ Սեղանները, ո՛չ Պատարագ էր մատուցվում և ո՛չ՝ խունկ, ո՛չ էլ որևէ տեղ կար՝ Տիրոջը զոհ մատուցելու համար (հմմտ. Դան. Գ 38): Այլ, ինչպես մի ամպ, սարսափելի տրտմություն էր պատել ամենքին: Աստծու սպասավորները հալածվում էին և բարեպաշտության բոլոր դրսևորումները զարհուրած լռում էին ու նրանց փոխարեն դևե՛րն էին պարերգում՝ ճենճերով ու արյամբ պղծելով ամեն բան:

Այդ ժամանակ այս սուրբ Գորդիոսը, հանուն հավիտենության արհամարհելով երկրային պատիվները, քաղաքից դուրս մի վայրում էր գտնվում: Անտեսելով փառքը, բազմապատիկ հարստությունը, իր ազգականներին, սիրելիներին ու ծառաներին, կենցաղային վայելքներն ու այն ամենը, ինչը մարդկանց համար փափագելի է՝ սուրբը հեռացել էր երբևէ մարդու ոտք «չտեսած» մի անապատի խորքերը՝ նախընտրելով ապրել գազանների հետ, քան թե կենցաղավարել կռապաշտներով լեցուն հասարակության մեջ:

Սուրբ Գորդիոսը այդկերպ նախանձահույզ Եղիայի նմանությունն ունեցավ, որը, տեսնելով սիդոնացիների մեջ «ծաղկող» կռապաշտությունը, բարձրացավ Քորեբ լեռն ու բնակվեց մի քարայրում՝ Աստծուց խնդրելով մարդկանց համար այդքա՜ն բաղձալի տեսությունն ունենալ՝ տեսնել Աստծուն:

Այս նույն կերպ էլ Գորդիոսը հեռու էր փախել քաղաքական ամբոխումներից, հրապարակային բազմություններից, իշխանական անբարեհաճությունից, ատյաններից, զրպարտողներից, վաճառականներից, գնորդներից, սուտ երդումներից, զազրաբանությունից, կատակներից ու նմանատիպ ամեն բանից, որ քաղաքի մարդիկ, իբրև մի մեծ ծանրություն, քարշ էին տալիս իրենց հետևից:

Սուրբը հեռացավ այդ ամենից՝ մաքրելով իր ականջները, մաքրելով աչքերն ու ամեն ինչից առաջ՝ մաքրելով իր սիրտը, որպեսզի կարողանար Աստծուն տեսնել ու երանելի լինել: Եվ սուրբը Աստծուն տեսավ հայտնության միջոցով ու նրան աստվածային Խորդուրդը ուսուցանվեց՝ ո՛չ թե, սակայն, մարդու կողմից կամ «մարդու միջոցով» (Գաղ. Ա 1), այլ նա այդ Խորհուրդը ընդունեց հենց մեծ Վարդապետի՝ ճշմարտության Հոգու միջոցով:

Սուրբ Գորդիոս վկային այն Խորհուրդը հայտնվեց, որ անօգուտ, սնոտի ու անհաստատ երազի և ստվերի նման է իր կյանքն ու հորդորեց մեծապես փափագել վերի՛ն կոչումը: Եվ սուրբը, իբրև պատերազմամարտիկ, առնելով Սուրբ Հոգու խրատը՝ «մարտի» դուրս եկավ և օծվեց նահատակության պատրաստակամությամբ: Նա հարատևում էր պահքի, ճգնության, հարաժամ աղոթքների և Հոգու «դասերն» անդադար ուսանելու մեջ՝ մինչև այն օրը, երբ քաղաքի ողջ բազմությունը պատերազմասեր դևի կազմակերպած տոնախմբությունն էր նշում, որը հասել էր ձիարշավի հանդիսության փուլին:

Ժողովրդի ողջ բազմությունը ի մի էր հավաքվել՝ դիտելու ձիարշավը: Այդ խառնամբոխի մեջ ո՛չ հրեան էր տարբերվում, ո՛չ հեթանոսը և ո՛չ էլ քրիստոնյաների «փունջը», որ վախի պատճառով խառնվել էր մյուսներին և առանց իրենց անձերը չարից պահպանելու՝ նանիր մարդկանց աթոռին էին բազմել (հմմտ. Սղմ. ԻԵ 4)՝ հետևելով նրանց չար ընթացքին:

Այդ օրը ամենքն իրար գլխի էին հավաքվել՝ դիտելու ձիերի սրընթացությունն ու ձիավորների հմտությունը: Մինչև իսկ ծառաներն էին թողել իրենց տերերին, մանուկները՝ իրենց վարդապետարանները, և ամենքը եկել էին այդ մրցարշավը դիտելու: Այնտեղ էին նաև ռամիկ ու աննշան տոհմից սերող կանայք, մի խոսքով՝ տարածքը լի էր մարդկանցով և բոլորն էլ ժամանել էին՝ ձիերի մրցավազքին հետևելու:

Այդժամ էր, որ քաջարի սուրբը, հոգու մեծ կորովով և մեծ իմաստությամբ օժտված, ամայի լեռից վար իջավ՝ ականատես լինելով մարդկանց այդ բազմության հավաքույթին: Նա, սակայն, չերկնչեց այնտեղ ներկա զորքից և չանհանգստացավ այն բանի համար, որ գուցե իր նախկին զինակիցներից շատերը մատնեն իրեն, այլ անդողդոջ սրտով և խրոխտ մտքով, շրջանցելով կարծր քարերի և բազմաթիվ ծառերի նմանվող մարդկանց կույտերը, որ մեկտեղվել էին այդ վայրում, եկավ ու կանգնեց ամենքի մեջտեղում՝ հաստատելով այն խոսքը, թե «արդարն առյուծի նման է» (հմմտ. Առակ. ԻԸ 1):

Եվ, իսկապես, սուրբն աներկյուղ էր հոգով, այն աստիճանի, որ այդ հանդիսականների դիմաց կանգնելով՝ աներկբա համարձակությամբ այնպիսի խոսքեր բարբառեց, որոնք լսած մարդկանցից ոմանք կենդանի են մինչև այժմ. «Ես ինքս եմ եկել՝ մատնվելու նրա՛նց ձեռքը, ովքեր ինձ չէին էլ փնտրում: Ես եկել եմ, որպեսզի ինձ տեսնեն նրա՛նք, ովքեր իմ մասին չէին էլ հետաքրքրվում»: Սրբի այս խոսքերից պարզ է դառնում, որ նա ստիպված լինելով չէր, որ վտանգի մատնվեց, այլ կամավորաբա՛ր նահատակության ճանապարհը բռնեց՝ նմանվելով Տիրոջը, որը խավար մի գիշերում Ինքն Իրեն մատնեց հրեաների ձեռքը: 

Երբ սուրբ Գորդիոսն իր այդ խոսքերն ասաց, հանդիսականների ողջ բազմությունն իսկույն իր անթարթ աչքերը սևեռեց սրբի վրա, որն այդ բազմության առջև էր ներկայանում իբրև վայրիացած դիմագծերով, խռնված մազերով, երկար մորուքով, աղտոտված հանդերձներով ու կոփված մարմնով մի մարդ, որը տևական ժամանակ լեռներում բնակվելու պատճառով այդ կերպարանքն էր ստացել: Սրբի ձեռքին մի ցուպ կար, ուսին՝ պայուսակ, իսկ նրա վայելած աներևույթ շնորհները պայծառություն էին հաղորդում երանելի վկայի տեսքին:

Երբ մարդիկ իմացան, թե ով է այդ մարդը, իսկույն իրար անցան, իսկ քրիստոնեական հավատքին հարազատ մարդիկ խմբվեցին սրբի շուրջբոլորը՝ խնդությամբ ընդունելով նրա գալուստը: Սակայն դատավորը, համաձայն պատերազմական օրենքի, սրբին մահվան դատապարտելու հրաման արձակեց: Մինչդեռ մարդկանց ողջ բազմությունը աղմուկ-աղաղակով էր լցրել այդ վայրը: Անտեսված էին և՛ ձիերը, և՛ ձիարշավորդները, իսկ կառքերն էլ ասես զուր տեղն էին իրենց հնարքները ցույց տալիս, քանի որ որևէ մեկի աչքը այլ բան չէր տեսնում, այլ միայն՝ Գորդիոսին, և ականջն էլ այլ բան չէր լսում, այլ միայն՝ սրբի խոսքերը:

Այդժամ, ասես սյուքի նման, մի շշունջ էր լսվում, որը, սակայն, ավելի հնչեղ էր, քան ձիերի վազքի հետևանքով առաջացած աղմուկը: Եվ երբ սրբի քարոզության պատճառով ողջ բազմությունը համակ լռություն դարձավ, դադարեցին հնչել նաև փողերն ու լռեց բազմանվագ քնարը, քանի որ այդ պահին լսելի էր միայն Գորդիոսը, տեսանելի էր Գորդիո՛սը միայն:

Այնուամենայնիվ, սրբին շուտափույթ տարան իշխանի մոտ, որը նույնպես, մինչ վկայի հայտնվելը՝ իր տեղում նստած, հետևում էր մրցաշարին: Սուրբ Գորդիոսը հեզաբարո և խոնարհ ձայնով պատասխանելով իշխանին՝ ասաց, թե ինքն ո՛վ է և որտեղի՛ց է եկել: Երբ ասաց, թե որ գավառից է, որ ազգությանն է պատկանում և ինչ կոչում ուներ մինչև իր հեռանալը, այդուհետ ասաց նաև, թե ո՛րն էր իր փախուստի պատճառը և որ վերստին հետ գալն էլ աննպատակ չէ, այլ ինքը եկել է, որպեսզի իր քամահրանքն արտահայտի ընդունված աստվածամարտ հրամանների դեմ և ցույց տա իր հավատն ա՛յն Աստծու հանդեպ, որին ինքն ապավինել է: 

«Քանի որ ես քո մասին լսել եմ, թե դու այս վերջին ժամանակներում բազում վայրագություններ ես կազմակերպել քրիստոնյաների դեմ, ուստի և իմ մեջ ցանկություն է արթնացել այս քայլին գնալու»: Իր այս խոսքերով սուրբը բորբոքեց իշխանի բարկությունն՝ իբրև մի հուր, և ամենքը սկսեցին իրենց մեղադրական հայացքն ուղղել իշխանի վրա:

Գորդիոսը, շարունակելով իր խոսքն, ասաց. «Կանչի՛ր քո զորականներին: Թո՛ղ գան ու ձերբակալեն ինձ: Ես պատրաստ եմ գավազանի հարվածներն ընդունելու, ես պատրաստ եմ պրկվելու անիվի վրա, փայտի վրա չարչարվելու: Թո՛ղ բերեն տանջանքի համար նախատեսված պարագաները, թո՛ղ գազանների առջև նետեն ինձ, թո՛ղ ինձ մատնեն հրի, սրի ու խաչի, թո՛ղ վիհի մեջ գցեն ինձ: Սակայն ի՞նչ օգուտ քեզ, թշվառակա՛ն, եթե ես մեկ անգամ միայն մեռնեմ: Կամ ինչո՞վ կտուժեմ ես, եթե մեռնեմ, ե՛ս, որ պատրաստ եմ հանուն Քրիստոսի բազո՜ւմ անգամներ մեռնելու»:

Այս խոսքերն ասաց Գորդիոսը, իսկ իշխանը իրեն բնորոշ վայրենությամբ շարունակ սպառնում էր սրբին, սակայն և, միևնույն ժամանակ, ինքն էլ տեսնում էր, թե ինչպես են սրբի արժանիքները, իր մանկամիտ մտքի արգասիքներին հակադրվելով, խայտառակում իր անձը: Սակայն իշխանը որքան տեսնում էր սրբի սրտի աներկյուղությունը, այդքան առավել սաստկաբար էր գազազում ու ընդդիմանում երանելուն՝ ջանալով հաղթել իր դեմ իմաստությամբ «մարտնչող» սուրբ վկային:     

Իսկ սուրբ Գորդիոսը, հայացքն Աստծուն ուղղելով, հոգու խորքում քահանայական սաղմոս էր երգում՝ ասելով. «Տերն է իմ օգնականը, և ես չեմ վախենա. մարդն ինձ ի՞նչ կանի» (Սղմ. ՃԺԷ 6), և թե՝ «Չարից չեմ վախենա, քանի որ Դու, Տե՛ր, ինձ հետ ես» (Սղմ. ԻԲ 4): Նաև նմանատիպ՝ սրանց «ազգակից», իր ուսանած աստվածային խոսքերն էր բարբառում, որոնք քաջալերում և մխիթարում էին սրբին, ուստի և նրան օտար էին այնպիսի երևույթներն, ինչպիսիք էին թուլությունը կամ իրեն ուղղված դժնդակ սպառնալիքների պատճառով զարհուրանք ապրելը:

«Ինչո՞ւ եք ուշացնում, ինչո՞ւ եք դանդաղում,- ասում էր սուրբը,- տանջե՛ք իմ մարմինն ու չարչարե՛ք ինձ և մի՛ զրկեք ինձ երանելի հույսից: Այլ իմացե՛ք՝ որքան երկարում են իմ դժնդակ չարչարանքները, այդքան առատանում է ինձ սպասվող վարձատրությունը, քանի որ մենք ասես մի «վաճառակցության» մեջ լինենք Տիրոջ հետ. մեր մարմինները խոցոտող վերքերի փոխարեն հարության ժամանակ Աստծուց լուսավոր զգեստներ ենք ստանում, անպատվության փոխարեն պսակի ենք արժանանում, բանտի փոխարեն դրախտն է պարգևվում մեզ, չարագործների հետ դատապարտվելու փոխարեն հրեշտակների հետ բնակությունն ենք վայելում: Ուստի դուք բազո՛ւմը սերմանեք իմ մեջ, որպեսզի ես առավել առատ հունձք ունենամ»:

Այսպիսով՝ սուրբ վկային զարհուրեցնելով ընկճել չէին կարողանում, այլ մինչև իսկ դա անելն անհնարին էր թվում նրանց, այդ իսկ պատճառով էլ որոշում են սիրաշահել սրբին: Այս երկուսն են բանսարկուի մեքենայությունները. երկչոտին՝ զարհուրեցնել, իսկ քաջին՝ սիրաշահել:

Առաջինի ձախողումից հետո չարի այս երկրորդ հնարքն էր, որ անօրենները փորձում էին կիրառել սրբի դեմ: Տեսնելով, որ սպառնալիքների պատրանքներով երանելուն թուլացնել հնարավոր չէ, իշխանը խաբեությամբ նրան ծուղակը գցել փորձեց: Այդ նպատակով չարագործը զանազան պարգևներ էր խոստանում Գորդիոսին, այդ թվում՝ թագավորների կողմից պատիվների արժանանալ, զինվորականության մեջ երևելի լինել, մեծ ունեցվածքի տեր դառնալ և ունենալ ամեն բան, ինչ որ ինքը՝ սուրբը, կկամենար:

Սակայն տեսնելով, որ սուրբն այս փորձությանը ևս տեղի չի տալիս, քանի որ երկնայի՛ն խոստումներին էր կամենում արժանի դառնալ, իշխանը անզուսպ բարկությամբ լցվեց, մերկացրեց սուրը, իր շուրջը հավաքեց զորականներին և իր պիղծ շուրթերով երանելուն մահվան դատապարտելու հրաման տվեց նրանց:

Բոլորի հայացքը սևեռվել էր այդ տեսարանին, և իշխանի զբաղեցրած վայրը, որը մինչ այդ քիչ թվով մարդկանցով էր լեցուն, բազմաթիվ մարդկանցով շրջապատվեց, որոնք, տապալելով պարիսպները, դիտում էին սրբի սքանչելի ու նահատակության պատրաստ կերպարանքը: Այդ կերպարանքը զարմանալի էր հրեշտակների ու բոլոր արարածների աչքին, սակայն ցավալի՝ բանսարկուի, և զարհուրելի՝ դևերի համար:

Քաղաքի բնակչության բազմությունը, ասես հոսելով, իսկույն եկավ-թափվեց այդ վայրը: Ո՛չ կանայք էին ուզում բաց թողնել այդ տեսարանը, ո՛չ էլ երևելի կամ աննշան տոհմից եղող որևէ տղամարդ: Բանտապահները թողեցին իրենց բանտերը, վաճառականները բաց թողեցին իրենց խանութների դռներն ու հրապարակներում   դադարեց առևտուրը, և ամենքը շտապում էին գնալ-հասնել այն վայրը, որտեղ տեղի էին ունենում սրբին վերաբերող իրադարձությունները: Մարդիկ մինչև իսկ իրենց ունեցվածքն էին առանց պահպանության թողել և չէին թաքցրել այն, քանի որ ոչ ոք, անգամ որևէ չարագործ չէր մնացել քաղաքում, այլ ամենքը՝ մեկ մարդու նման, գնացել էին միևնույն ուղղությամբ:

Ծառաներն իրենց տերերին սպասավորելու գործն էին կիսատ թողել և մինչև անգամ գավառի ուրիշ քաղաքներից հարուստ, այդ քաղաքին օտար մարդիկ էլ էին եկել, որպեսզի տեսնեին սրբին: Այնտեղ էին շտապում և՛ կույսերը՝ հաշվի չառնելով այդ վայրում տղամարդկանց ներկայությունը, և՛ ծերերը, և՛ հիվանդները՝ արհամարհելով իրենց տկարությունն ու պարսպից այն կողմ անցնելով:

Ամենքը շտապում էին այնտեղ՝ սրբի մոտ, որը մահվան ճանապարհով երանելի կյանքը պիտի ստանար: Վկայի շուրջը հավաքվելով՝ նրա սիրելիները և «կարոտով» իրենց երանելի վախճանին սպասող մյուս քրիստոնյաները փարվում էին նրան և աղոթքներ բարբառում: Ոմանք ջերմ արտասուք էին հեղում սրբի համար և խնդրում էին նրան, որ ինքն իրեն հրի չմատնի, կորստյան չդատապարտի իր երիտասարդությունը և չլքի այս քաղցրաշող արեգակի ներքո ունեցած կյանքը:

Ուրիշներն էլ, խորհուրդներ տալով սրբին, առաջարկում էին խաբեության հնարանքին դիմել և խոսքով միայն ուրանալ, իսկ հոգով անել կամեցածը, այն է, թե՝ հավատարիմ մնալ իր հավատքին: «Քանի որ,- ասում էին այդ խորհրդակիցները,- Աստված լեզվին չի նայում, այլ՝ սրտի խորհուրդներին: Ուստի և, անսալով մեր ասածին, դու և՛ դատավորին հաճելի քայլ կատարած կլինես, և՛ հաշտ կլինես Աստծու հետ»:

Սակայն սուրբ Գորդիոսն անդրդվելի էր և անբեկանելի, իսկ իրեն պատուհասած բոլոր տանջանքների հանդեպ էլ՝ անխոցելի: Ուստի և ամենքն էլ հասկացան, որ սուրբը հաստատակամ է և հավատարիմ՝ իր սկզբունքներին, այն աստիճանի, որ ո՛չ փոթորկալից հողմերը կարող են խարխլել նրա կամքը, ո՛չ հորդահոս անձրևները կարող են սասանել նրա միտքն ու ո՛չ ժայռերը՝ մեջտեղից կիսվելով, կարող էին նրա մտքի հաստատուն հիմքը կործանել (հմմտ. Մտթ. Է 25):

Այսպիսին էր երանելի սուրբ վկան, որ անշարժ ու ամուր էր պահում Քրիստոսի հավատի հաստատությունը (հմմտ. Կող. Բ 5): Սուրբը հոգևոր աչքերով տեսնում էր իր շուրջը պտտվող սատանային, որը ներկաներից ոմանց հեղած արտասուքի «միջոցով» փորձում էր տարհամոզել սուրբին:

Այդպիսիններին, սակայն, Գորդիոսը պատասխանում էր Տիրոջ խոսքի նմանողությամբ՝ ասելով. «Ինձ վրա լաց մի՛ եղեք, այլ լաց եղեք աստվածամարտների՛ վրա (հմմտ. Ղուկ. Գ 28), որ ամեն կերպ մարտնչում են բարեպաշտների դեմ, որոնք այս հրով մեզ այրել են կամենում՝ այդպիսով, սակայն, իրենց գեհենի հո՛ւրը պատրաստելով: Ձեր լացով մի՛ խորտակեք իմ սիրտը, քանի որ ես ո՛չ թե գեթ մեկ անգամ միայն, այլ բյո՜ւր անգամներ, եթե հնար լինի, պատրաստ եմ մեռնելու հանուն Քրիստոսի»:

Իսկ լեզվով ուրացության խորհրդատուներին էլ սուրբն այս պատասխանն էր տալիս. «Պատշաճ չէ, որ լեզուն, Քրիստոսի կողմից արարված լինելով, որևէ խոսք բարբառի ընդդեմ իր Արարչի, «քանի որ արդարանալու համար սրտով ենք հավատում և փրկության համար՝ խոստովանում բերանով» (հմմտ. Հռոմ. Ժ 10): Եվ մի՞թե զինվորական դասը չի կարող փրկության համար պայքարել, մի՞թե ոչ մի բարեպաշտ հարյուրապետի օրինակ մեզ չի ավանդվել: Ես հիշում եմ այն առաջին հարյուրապետին, որը, Քրիստոսի խաչի մոտ լինելով, ճանաչեց աստվածային սքանչելիքների զորությունը: Նա ջերմեռանդ համարձակություն ցուցաբերեց և չվախեցավ հրեաների զայրույթից ու չզլացավ պատմել ճշմարտությունը, այլ խոստովանեց ու չուրացավ, որ Քրիստոս ճշմարտապես Աստծու որդին է (հմմտ. Մտթ. ԻԷ 54):

Ես մեկ ուրիշ հարյուրապետի էլ գիտեմ, որը դեռևս իր մարմնի մեջ լինելով՝ ճանաչեց Տիրոջը և խոստովանեց, որ Նա Աստված է և Թագավորը՝ զորությունների: Այդ հարյուրապետն էր, որ հավատաց, թե Քրիստոս միայն Իր հրամանով կարող էր Հոգու օգնականությունը առաքել իր ծառայի բժշկության համար, ուստի և այդ հարյուրապետի հավատը Տիրոջ կողմից ավելի մեծ համարվեց, քան ողջ Իսրայելի հավատն էր։

Կամ արդյոք հարյուրապետ չէ՞ր Կոռնելիոսը, որը տեսիլքի արժանացավ ու տեսավ հրեշտակին, իսկ այնուհետ էլ Պետրոսի միջոցով փրկության «հանդիպեց», քանի որ նրա ողորմություններն ու աղոթքները լսելի եղան Աստծուն» (հմմտ. Գործք. Ժ 4): Ես նրա՛նց աշակերտն եմ կամենում լինել: Ես ինչպե՞ս կարող եմ ուրանալ իմ Աստծուն, որին մանկուց երկրպագում եմ: Երկինքը չի՞ զարհուրի իմ այդ քայլի պատճառով, կամ աստղերը չե՞ն խավարի իմ գլխավերևում, կամ արդյոք երկիրը կհանդուրժի՞ իմ գոյությունն իր վրա:

Մի՛ մոլորվեք: Աստված չի՛ արհամարհվում: Նա մեր շուրթերով իսկ դատում է մեզ, մեր խոսքերով է մեզ արդարացնում և մեր խոսքերի պատճառով՝ դատապարտում (հմմտ. Մտթ. ԺԲ 37): Մի՞թե չեք ընթերցել Տիրոջ սարսափազդու այն սպառնալիքը, թե՝ «ով Ինձ ուրանա մարդկանց առաջ, Ես էլ նրան կուրանամ Իմ Հոր առաջ, որ երկնքում է» (Մտթ. Ժ 33):

Ուրեմն, ինչո՞ւ եք ինձ խաբեության դրդում: Ինչո՞ւ եք ուզում, որ ես այնպես գործեմ, որ սակավ կյանքի օրեր շահեմ, սակայն կորցնեմ բովանդակ հավիտենությունը: Ինչո՞ւ փախչեմ մարմնական ցավերից և չտեսնեմ արդարներին վերապահված բարիքները: Ըստ ձեր ասածի շարժվելով՝ ես մոլորության մեջ կընկնեմ ու այդ պատճառով էլ՝ կորստյան կմատնվեմ և իմ բանեցրած խորամանկությունն ու նենգությունն ինձ համար հավիտենական տանջանքների աղբյուր կդառնան:

Այլ դեռ ե՛ս եմ կամենում ձեզ խորհրդատու լինել. եթե չարիք եք խորհում ձեր մտքում, ապա դե՛ն նետեք ձեր ունեցած այդ ամբարշտությունը, իսկ եթե կեղծավորություն եք անում, ապա իսկույն դե՛ն գցեք ստախոսությունն ու ճշմարտությո՛ւնը խոսեք (հմմտ. Եփս. Դ 25)՝ խոստովանելով, որ «Հիսուս Քրիստոս Տեր է՝ ի փառս Հայր Աստծու» (Փլպ. Բ 11): Քանի որ յուրաքանչյուր լեզու այս խոսքն է, որ պիտի բարբառի, երբ Հիսուս Քրիստոսի անունով խոնարհվի ամեն ծունկ՝ լինի թե՛ երկնավորների, թե՛ երկրավորների և թե՛ սանդարամետականների» (Փլպ. Բ 10):

Բոլոր մարդիկ էլ մահկանացու են, սակայն նրանցից քչերն են վկա: Մենք ևս, մեռյալներ չլինե՛նք, այլ կյանքից՝ Կյա՛նք փոխադրվենք: Ինչո՞ւ եք ինքնակամ համբերում մահվան գալստյանը. դա անպտուղ է և անշահ: Իրար նման են անասունների և մարդկանց մահերը: Բնության օրենքն է այդպես թելադրում, քանի որ ամենքն էլ, այս կյանք մուտք գործելով, կա՛մ սպառում են իրենց կյանքի ժամանակը, կա՛մ սովորական հիվանդություններն են հյուծում նրանց և կամ ավելի սաստիկ ախտերն են ապականում նրանց մարմինները:

Արդ, եթե ամենքն էլ դատապարտված են մեռնելու, ուրեմն մենք մահվան միջոցով մեզ համար Կյա՛նք պատրաստենք՝ կամավորաբար անելով այն, ինչ հարկադրաբար պիտի լինի: Մի՛ խնայեք այն կյանքը, որը, միևնույն է, ինքնին նվազում է: Այլ, քանի որ այսպիսին է երկրային կյանքը, ուրեմն հարկ է, որ մենք երկնայիններ դառնալո՛ւն փափագենք: Սակայն եթե ժամանակավոր ու սպառվող բարիքներին պիտի ձգտենք, ուրեմն սարսափելի խելագարություն է պատել մեզ, որը զրկում է ամենքին երանելի հույսի գալիք իրականացմանն ականատես լինելու շնորհից»:

Այս խոսքերն ասելով և իր քայլերի հետագծով ասես գետնի վրա խաչը գծագրելով՝ սուրբ վկան վեր էր բարձրանում՝ բնավ երեսի գույնը չփոխելով ու դեմքի զվարթությունը ամենևին չկորցնելով: Նա այնպես էր քայլում, ասես ոչ թե ընդառաջ էր գնում զինվորների խմբին, այլ կարծես գնում էր՝ իրեն հրեշտակների ձեռքը հանձնելու, որոնք էլ իսկույն իրեն մահվան արժանացնելով՝ երանելի կյանքի այն նույն վայելքն էին շնորհելու իրեն, որն ուներ Ղազարոսը:

Ո՞վ կարող է խոսքով նկարագրել այդ օրը տեղի ունեցած այս նահատակությունը: Ո՞ր որոտը երկրի վրա այնպիսի ուժգնության ճայթյուն արձակեց, որպիսի ուժգնությամբ որ այդ օրը երկրից դեպի երկինք «որոտմունք» բարձրացավ: Այդ օրը՝ այդ վայրում, տեղի ունեցավ սրբի «պսակադրությունը»: Այդ օրը տեղի ունեցան այս սքանչելի իրադարձությունները, որոնք ո՛չ ժամանակը ստվերի տակ թողեց և ո՛չ էլ մարդկային կյանքի առաջընթացը այդ դեպքերի մոռացության պատճառ դարձավ, այլ այդ իրողությունները անհաղթահարելիորեն դրոշմվեցին ամենքի մտքում:

Եվ ինչպես որ, արեգակին նայելով՝ մշտապես հիանում ենք, այդպես էլ այս սրբի սխրանքն է, որ մշտապես իբրև նոր հիշատակություն է տոնախմբվում մեզանում, քանի որ «արդարի հիշատակը մնում է հավիտյան» (Սղմ. ՃԺԱ 7)՝ և՛ երկրի վրա, և՛ երկնքում՝ արդար Դատավորի առաջ, որին փա՜ռք և զորությո՛ւն հավիտյանս: Ամեն:

 

Սուրբ Բարսեղ Կեսարացի, «Գիրք պահոց», Ս. Էջմիածին, 2008թ.,

Գրաբարից թարգմանեց Գևորգ սրկ. Կարապետյանը

 

07.12.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․