Մենք ասում ենք, որ պետք է հավատարիմ մնանք մեր հայրերի հավատքին: Սակայն առավել կարևոր է ճշմարտությունը, որովհետև եթե մեր նախնիներն էլ այս սկզբունքով առաջնորդվեին, իրենք էլ ժամանակին քրիստոնյա չէին դառնա` պատճառ բերելով իրենց հայրերի հեթանոսական հավատքը: Հետևաբար, մի կողմ թողնելով մեր բարեպաշտ նախնիներին` քննենք և տեսնենք, թե իրականում ո՞րն է Աստվածաշնչի ճշմարտությունը, եթե այն է, ինչ քարոզում են աղանդները, ուրեմն թողնենք ամեն ինչ և գնանք նրանց ետևից, իսկ եթե ճշմարտությունը Քրիստոսի առաքյալների կողմից հիմնադրված Սուրբ Եկեղեցու քարոզածն է` հիմնված միմիայն Աստվածաշնչի վրա առանց խեղաթյուրումների, ուրեմն չտարվենք աղանդներով և հավատարիմ մնանք մեր Մայր Եկեղեցուն: Որոշ աղանդներ մերժում են Սուրբ Երրորդության գաղափարը, նրանցից հատկապես Եհովայի վկաների առաջնորդներից Ռուտերֆորդը նույնիսկ իր հետևորդներին սովորեցրել է, որ «Սուրբ Երրորդության հեղինակը սատանան է»: Եհովայի վկաները վախեցնում և սարսափեցնում են իրենց միամիտ հեդևորդներին` ասելով, որ ի վերջո Երրորդություն դավանող քրիստոնեական աշխարհը պատասխանատվության կկանչվի և կպատժվի: Աղանդավորները Սուրբ Երրորդության դեմ բերում են հետևյալ վկայությունը. «Լսի՛ր, Իսրայե՛լ, մեր Տեր Աստվածը միակ Տերն է» (Մարկ. 12.29, Բ Օր. 6.4): Սակայն, ըստ քրիստոնեական վարդապետության, պարզապես անմտություն է երեխայի պես Աստծուն պատկերացնել որպես պարզ մեկություն, այլ այստեղ մեկ բառը բաղադրյալ մեկություն է նշանակում: Բարդ մեկության այլ օրինակներ ևս կան Աստվածաշնչում: Օրինակ Հին Կտակարանից` «Դրա համար այրը պիտի թողնի իր հորը և մորը և իր կնոջը պիտի հարի, ու մեկ մարմին պիտի լինեն» (Ծննդ. 6.24): Կամ էլ մեկ այլ օրինակ Նոր Կտակարանից. «Դուք ամենքդ մեկ եք ի Քրիստոս Հիսուս» (Գաղ. 3.28): Հետևաբար, Տեր Աստված մեկ է բանաձևը ցույց է տալիս Աստծո աստվածային մեկ բնությունը և երբեք չի բացառում այս բաղադրյալ մեկության մեջ Երրորդությունը: Ինչպես որ արեգակը ունի լույս, ճառագայթ և ջերմություն և այս երեքով միասին է արեգակ, ճիշտ այդպես էլ Հայրը Որդին և Սուրբ Հոգին մեկ Աստվածության երեք անձերն են և երեքով միասին մեկ ամբողջություն են: Սա է ապացուցում նաև Հիսուս Քրիստոս` նշելով երեք անձերի և ասելով, որ Հայրը մեկ այլ Մխիթարիչ պիտի ուղարկի` Սուրբ Հոգին, որը կուսուցանի առաքյալներին և կհիշեցնի Իր ասածները (Հովհ. 14.26): Բացի դրանից Ծննդոց գրքում` եբրայերեն բնագրում, Աստված բառը հոգնակի թվով է, իսկ նրա հետ գործածվող բայը` եզակի, ինչը ևս ցույց է տալիս երեք աստվածային անձերով մեկ աստվածությունը: Եսայու մարգարեության մեջ ակնարկ կա Սուրբ Երրորդության: Սերովբեները, փառաբանելով Աստծուն, երգում են. «Սո՛ւրբ, սո՛ւրբ, սո՛ւրբ է Զորությունների Տերը» (6.3): Ըստ մեկնության` յուրաքանչյուր սուրբ բառը ասվում է Սուրբ Երրորդության յուրաքանչյուր անձի համար, և մարգարեության այս հատվածը հիշվում է նաև Պատարագի երգեցողության մեջ: Եսայու մարգարեությունում հիշատակված նման փառաբանության նկարագրություն կա նաև Հայտնության գրքում, որտեղ երկնային զորությունները օրհնաբանության մեջ գործածում են սուրբ բառը ինը անգամ (4.8)՝ երեքական սուրբ բառ Սուրբ Երրորդության յուրաքանչյուր Անձի համար: Քրիստոս Ինքը տվեց Սուրբ Երրորդության բանաձևը` ասելով. «Մկրտեցեք Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով» (Մատթ. 28.19), երեքի համար գործածելով անուն բառի եզակի ձևը, ցույց տալով Երրորդության մեկ աստվածություն լինելը: Եվ քանի որ որպես մեկ աստվածության Անձեր նշվում են երեքը, ապա այստեղից էլ հետագայում առաջացել է Երրորդություն տերմինը:
Երրորդության մեկությունը
Երբեմն Եկեղեցու գիրկը նոր դարձած մարդիկ, Սուրբ Երրորդության մասին լսելով, հարցնում են. «Ինչպե՞ս թե, ստացվում է, որ մենք պետք է պաշտենք երեք աստվածների»: Կրոններ կան, որոնց միաստվածությունը հասկանալի է նույնիսկ երեխային, մինչդեռ ըստ քրիստոնեության սխալ է Աստծուն որպես պարզ մեկություն պատկերացնելը: Քրիստոնեության` ճշմարիտ կրոնի մեջ Աստված բարդ մեկություն է` Սբ. Երրորդություն, մեկ Աստված, մեկ կամք, բայց երեք տարբեր անձեր` Հայր, Որդի և Սուրբ Հոգի: Հայրը, Որդին և Սուրբ Հոգին տարբեր բնություններ չեն, այլ աստվածային մեկ բնություն ունեցող երեք Անձեր: Եկեղեցական հեղինակները մարդկային մտքին Սուրբ Երրորդության և մեկ աստվածության գաղափարը հասանելի դարձնելու համար բացատրում էին ավելի պարզ օրինակներով. ջրի բնությունը մեկ է, սակայն ջուրն ունի երեք հատկություններ, ինչպես օրինակ` աղբյուր, գետ և ծով, լիճ կամ օվկիանոս, ծաղիկը մի է, բայց գույնը և հոտը նրանից են: Ինչպես արեգակը անհնար է, որ առանց լույսի և ջերմության լինի, այդպես էլ անհնար է, որ Հայրը առանց Որդու և Սուրբ Հոգու լինի: Որքանով որ հուրը հուր է, և լույսն ու ջերմությունը նրա հետ են, այսպես և Հայրը Հայր է, և Որդին ու Սուրբ Հոգին Նրա հետ են:
Տեր Ադամ քհն. Մակարյան
«Քրիստոնեության իսկությունը» գրքից