28 Դեկտեմբեր, Շբ
Ս. Գրիգոր Լուսավորչի, ինչպես նաև զանազան սրբերի պատկերների հանդիպում ենք Բարձր Հայքի վարպետների կողմից նկարազարդած ձեռագրերի լուսանցազարդերում: Այստեղ, ի տարբերություն բուսական նախշերի, կենդանիների ու թռչունների պատկերների, մարդկանց կերպարների վերարտադրություններն աչքի չեն ընկնում ձևերի և նրանց մշակման կատարելությամբ:
Էջմիածնի «Գանձատան» պատկերներից մեկում Ս. Գրիգոր Լուսավորիչը պատկերված է Տիրամոր և մանուկ Հիսուսի մոտ Հովհաննես Մկրտչի հետ: Հայ նկարիչը այստեղ կատարել է տեղայնացման իր հավելումները: Մանուկը կանգնած է Տիրամոր ծնկներին դրված բարձի վրա, որը խորհրդանշում է Նրա արքայական իշխանությունը: Հիսուսի ձեռքին փոքրիկ խաչափայտ է՝ ծածկված խաղողի ողկույզներով: Մանուկը այդ որթատունկից առանձնացրել է մի ողկույզ և պահել Ս. Գրիգոր Լուսավորչի գլխավերևում, ըստ էության, շեշտելով այն միտքը, որ Հայոց եկեղեցին կազմում է ընդհանրական եկեղեցու մասը: Ս. Գրիգոր Լուսավորիչը ներկայացված է հայրապետական հանդերձանքով, որի դիմագծերի ազգային հատկանիշները հոգեմոտ կապ են ստեղծում նկարի ու դիտողի միջև: Նկարի ձախ մասում ներկայացված է նաև Գրիգոր Նարեկացին՝ ձեռքերը կրծքի մոտ պաղատողի կեցվածքով: Այս նկարը փոքր-ինչ հեռու է իկոնային խստությունից, ինչ-որ կենցաղային ազատություն կա հատկապես մոր և Մանկան դիրքերում: Սա հայ արվեստին բնորոշ երևույթ է:
Նույն խմբին կարելի է դասել «Տիրամայրը Մանկան, Հովհաննես Մկրտչի և Գրիգոր Լուսավորչի հետ» հաջորդ կտավը, որ նույնպես գտնվում է Էջմիածնի «Գանձատանը»: Վերին երկու կողմերում արևի և լուսնի մոտիվներն են, որոնք Հիսուսի զոհաբերության ակնարկությունն են:
Հայաստանում քրիստոնեություն ընդունելու և տարածելու հետ են կապված Աղթամարի Ս. Խաչ եկեղեցու արևելյան ճակատի դիմապատկերները: Նրանցից մեկն է միայն որոշակիացված արձանագրության միջոցով: Նա Ս. Գրիգոր Լուսավորիչն է, որը Տրդատ թագավորին դավանափոխելով, Հայաստանում որպես պաշտոնական կրոն հաստատեց քրիստոնեությունը, Կոստանդին կայսեր քրիստոնյա դառնալուց մի քանի տարի առաջ:
Ըստ մեզ հասած VII դարի հայկական մի տեքստի՝ եկեղեցիներում պատկերել են «Սուրբ Գրիգորին, իր աստվածահաճո վարքով և սուրբ բարքով». «երջանկահիշատակ և փառավորված Սուրբ Գայանեին և Սուրբ Հռիփսիմեին՝ իրենց ուղեկիցներով…», բայց այս բոլոր հին նկարները անհետացել են: Հայկական կոթողներում, որոնք վերաբերում են VII դարի կեսերին, հանդիպում են Ս. Գրիգորի և Տրդատի դիմաքանդակները, վերջինս կենդանու գլխով՝ այսինքն դարձից առաջ ունեցած տեսքով: Միայն XIII դարում Անիում՝ Տիգրան Հոնենցու կառուցած Ս. Գրիգոր եկեղեցում է, որ մենք հանդիպում ենք Ս. Գրիգոր Լուսավորչի կյանքը պատկերող նկարների:
Պատկերամարտի ճգնաժամի ավարտից հետո, երբ ձեռնարկվեց Կ. Պոլսի Ս. Սոֆիայի տաճարի նկարազարդումը ֆիգուրային խճանկարներով, նրա երկու գմբեթների ներքին մասում պատկերվեցին մի շարք եպիսկոպոսների դիմանկարներ: Սակայն բոլոր այդ դիմանկարները 1847-49 թթ. վերանորոգման աշխատանքների հետևանքով իսպառ անհետացել են և նրանց մասին մենք գաղափար ենք կազմում միայն Ֆոսատիի նկարների Սալզենբերգի հրատարակության միջոցով: Հարավային գմբեթում դիմանկարների շարքում պատկերված է եղել Ս. Գրիգոր Լուսավորչի դիմանկարը: Վերջինիս տակ եղած հին հունարեն մակագրության աղավաղված պատճենն ասում է. ΓΡΗΓΟΡΙΟΣ ΑΡΜΝΙΑΣ ԳՐԻԳՈՐԻՈՍ ՀԱՅ, որը մյուս համանման մակագրությունների հիման վրա կարելի է վերականգնել՝ ΓΡΗΓΟΡΙΟΣ ΤΗΣ (կամ ΤΗΣ Ο) ΜΕΓΑΛΗΣ ΑΡΜΕΝΙΑΣ ԳՐԻԳՈՐԻՈՍ ՊԱՏՐԻԱՔ ՀԱՅՈՑ: Գրիգորը մյուս եպիսկոպոսների նման վարդապետական զգեստով է, դեմքով կանգնած դեպի նայողը, մի ձեռքով բռնել է ավետարանը, իսկ մյուսով օրհնում է:
Սալոնիկի Պանագիա քաղկեդոնական եկեղեցում, որը զարդարված է XI դարի որմնանկարներով, Ս. Գրիգոր Լուսավորիչը պատկերված է իր երեք անվանակիցների՝ Գրիգոր Նյուսացու, Գրիգոր Թոմատուրգի և Գրիգոր Ագրիգենտացու հետ՝ կենտրոնական աբսիդի վրա՝ Տիրամոր և երկու հրեշտակների տակ: Փոցիտի Ս. Ղուկաս տաճարում, որը նույնպես XI դարի կառույց է, Ս. Գրիգորը պատկերված է կեսից, Ինիաս Թեոդորոսի և Կյուրեղ Ալեքսանդրացու հետ, այս անգամ արդեն հյուսիսային կամարներից մեկի վրա: Կ. Պոլսում XIV դարի մի մատուռում, որը կառուցված է ի հիշատակ Միքայել Գլաբա Տարգանիոտի, Թեոդորոս Պամակարիստոս (Ֆետիյ Ջամի) եկեղեցու հարավային կողմում, Ս. Գրիգորի դիմանկարը գրավում է հարավ-արևելյան խորանի կամարը: Ինչպես Սալոնիկում, այստեղ էլ նրա հետ են Գրիգոր Թոմատուրգը և Գրիգոր Ագրիգենտացին, որոնք պատկերված են հարավ-արևելյան կամարի վրա: Իսկ Գրիգոր Նյուսացու դիմանկարի առանձին մասերը պահպանվել են հյուսիս-արևելյան կամարի վրա:
Բալկանյան երկրների նկարիչները նույնպես իրենց հերթին մեծ տեղ են հատկացրել Ս. Գրիգոր Լուսավորչին: Բուլղարիայում Զեմենի վանքում, որը նկարազարդված է XIV դարում, աբսիդի երկու կողմերում պատկերված են հետևյալ չորս եպիսկոպոսները՝ Գրիգոր Նազիանզացին, Գրիգոր Լուսավորիչը, Աթանաս Ալեքսանդրիացին և Գրիգոր Թոմատուրգը: Ռումինիայում նման օրինակները շատ են: Բալինեշտիում, Որոնետում, Կուրա Մոտրոլուիում և Հյուրեզում Գրիգոր Լուսավորիչը պատկերված է աբսիդի կիսաշրջանի վրա և մյուս եպիսկոպոսների նման ձեռքում բռնել է մի կիսաոլոր թուղթ, որի վրա մակագրություն կա: Բալինեշտիում, օրինակ, այդ մակագրությունը մի հատված է խորհրդավոր աղոթքից, որ քահանաները արտասանում են Տրիմագիոնի երգի ժամանակ:
Ս. Գրիգոր Լուսավորչի դիմանկարը զարդարել են Վարք-սրբոցներն ու ձևավորված Հայսմավուրքները: Նա միակ սուրբն էր, որի տոնը նշվում էր սեպտեմբերի 30-ին, Ս. Հռիփսիմեի և Ս. Գայանեի հետ մեկտեղ, քանի որ այս սրբերի նահատակության մասին պատմվում էր Ս. Գրիգոր Լուսավորչի վարքում: Նման Հայսմավուրքներից ամենահինը Վասիլ Երկրորդի Հայսմավուրքն է: Քանի որ այդ ձեռագրում տեղ էին գտել միայն բնական մահով մահացած սրբերը, Ս. Գրիգոր Լուսավորիչը պատկերված է մի ճոխ, սյունազարդ անդաստակի առջև, մի ձեռքով բռնել է ավետարանը, մյուսով՝ օրհնում է: Հաջորդ դարում նրա դիմանկարը պատկերվում է ևս երկու Հայսմավուրքներում, սեպտեմբեր ամսվա մեջ: Դրանցից մեկը Օքսֆորդի գրադարանինն է, որտեղ տվյալ ամսվա բոլոր սրբերը հավաքված են մանրանկարով արված մի էջի վրա, որը ծառայում է իբրև կազմ: Ս. Գրիգորը այստեղ կանգնած օրհնում է և նրա ուղղաձիգ դեմքը պատկերված է ներքևի շարքում: Երկրորդը Վիեննայի Հայսմավուրքն է, որտեղ յուրաքանչյուր սրբի Վարքից առաջ պատկերված է նրա փոքրիկ դիմանկարը: Ս. Գրիգոր Լուսավորչի դիմանկարը նույնպես գտնում է իր վարքի սկզբում՝ սեպտեմբերի 30-ի տեղում: Վատիկանի պատարագային ավետարանի վերջում ամրացված Վարք-սրբոցի մեջ, որը առատորեն նկարազարդված է, Ս. Գրիգորը պատկերված է գիրքը ձեռքին օրհնելիս: Նրա դիմանկարին կարելի է հանդիպել նաև Օքսֆորդի XIV դարի մի ձեռագրում, որն իրականում նկարների հավաքածու է: Այստեղ Քրիստոսի կյանքի կարևոր տեսարաններից հետո պատկերված են տարվա բոլոր սրբերը: Սեպտեմբերի 30-ին համապատասխանող էջում կա մի եպիսկոպոս՝ երկու կույսերի հետ: Ոչ մի պատմություն չի հետևում այս նկարին, բայց հաստատ կարելի է պնդել, որ մեր առջև Ս. Գրիգոր Լուսավորիչն է՝ Ս. Հռիփսիմեի և Ս. Գայանեի հետ: Հայտնի են ուրիշ օրինակներ ևս, որտեղ Ս. Գրիգորը պատկերված է այս երկու կույսերի հետ: Օրինակ Վասիլ II-ի Հայսմավուրքում Ս. Գրիգորի կյանքից հետո առանձին ծանոթություն կա կույսերի մասին: Պատկերված է նաև նրանց նահատակության տեսարանը: Դահիճը գլխատում է կույսերից մեկին, իսկ մյուսը կանգնած է աջ կողմում՝ ձեռքերը մեջքին կապած: Վատիկանի պատարագային ավետարանի նկարիչը սեպտեմբերի 30-ի թերթում նույնպես պատկերել է երկու կույսերին: Էջի մի կողմում Ս. Գրիգորի դիմանկարն է, իսկ մյուսում՝ երկու կույսերը՝ միանձնուհու զգեստով, ձեռքերին մի փոքրիկ խաչ՝ իրենց նահատակության խորհրդանիշը:
Հիշատակված օրինակներում Ս. Գրիգոր Լուսավորիչը պատկերված է եպիսկոպոսներին բնորոշ հատուկ ձևով՝ ավետարանը ձեռքին օրհնելիս: Այս առումով զարմանալի է Բրիտանական թանգարանում պահվող XI դարի գեղեցիկ Հայսմավուրքը: Այստեղ Ս. Գրիգորը պատկերված է լեռների մեջ: Մի փոքր դեպի աջ հակված, նա ձեռքերով ցանկանում է փակել դեմքը, մինչդեռ նրա ետևում դահիճը արդեն մերկացրել է սուրը: Այս տեսարանը չի համապատասխանում ոչ մատենագրության բնագրին, ոչ էլ նրա մյուս տարբերակներին, որովհետև Ս. Գրիգորը մահացել է միայնության մեջ՝ իբրև ճգնավոր: Ըստ երևույթին՝ նկարչին շփոթության մեջ է գցել Ս. Գրիգորի վարքի վերնագիրը, որտեղ նա անվանված է բազմաչարչար: Բայց նա բազմաչարչար է ոչ թե իր մահվան, այլ այն տառապանքների պատճառով, որ նա կրել է Տրդատի հրամանով՝ Խոր Վիրապի մեջ նետվելուց առաջ: Սակայն այս մանրանկարը միակ վկայությունը չէ այն անուշադրության, որ այս ձեռագրի նկարիչը տածել է տեքստի նկատմամբ: Այս նույն տեսարանը նա կրկնել է նաև ուրիշ սրբերի համար, որոնք, սակայն, այլ մահ են ունեցել:
Սաղմոսագրքերը XI դարում հարստացան լուսանցքային նկարազարդումներով, որոնք պատկերում էին սրբերի դիմանկարները և նրանց կյանքի դրվագները: Այս տիպի երկու մանրանկարներով է ձևավորված Բրիտանական թանգարանի 1066թ. Գիրք Սաղմոսացի 39 (40) սաղմոսի երրորդ տունը. «նա ինձ դուրս հանեց դժբախտության փոսից և տիղմից: Հետո նա ոտքերս դրեց ժայռի վրա և ամրացրեց քայլերս»: Առաջին մանրանկարը, որը արված է եզրային լուսանցքի ներքևում, վերաբերում է Ս. Գրիգորի կյանքին: Ըստ Ագաթանգեղոսի պատմության, որը հետագայում վերապատմել է Սիմեոն Մատենագիրը, Հռիփսիմեի մահից հետո Տրդատը վարակվեց մի հիվանդությամբ, որի հետևանքով կորցրեց մարդկային դեմքը: Նրա քույր Խոսրովդուխտը երեք անգամ երազում տեսավ, որ միայն Գրիգորը կարող է փրկել արքային: Մարդիկ ուղարկեցին, որպեսզի վերջինիս հանեն Խոր Վիրապից, որտեղ նա նետված էր: Մանրանկարում Գրիգորը հակադրության համար պատկերված է եպիսկոպոսական զգեստով և ձեռքերով կառչած այն պարանից, որ երկու հոգի քաշում են վեր: Մյուս մանրանկարը կոնկրետ տեսարան չի պատկերում, բայց խորհրդանշում է Տրդատի դարձը: Գրիգորը արքայի ձեռքից բռնած առաջնորդում է մի բազիլիկ եկեղեցի և ցույց տալիս Քրիստոսի պատկերը, որը զարդարում է դռան գմբեթը: Թագուհին, որը թագավորի նման բյուզանդական արքունիքի զգեստով է, հետևում է նրանց: Լոնդոնի Սաղմոսագրքի երկու տեսարանները Ս. Գրիգորի՝ մեզ հասած ամենահին նկարների շարքն են:
Կազմեց Գայանե Սուգիկյանը