23 Նոյեմբեր, Շբ
Որովհետև Ս. Հոգին աստվածային մի կատարյալ անձնավորություն է, ուստիև Հավատամքի մեջ նորան վերաբերյալ դավանանքը Հոր և Որդուց անմիջապես հետո առանձնապես է տեղ բռնում: Այդ մասում նախ խոստովանում ենք Ս. Հոգու անձնավորության աստվածությունն և ապա` որ նա կատարյալ է և անեղ է, այսինքն` արարածական չէ, ինչպես ասում էր Մակեդոն հոգեմարտն և դատապարտվեց Կ. Պոլսի 381 թվի ժողովում, այլ կատարյալ անձնավորություն է նույն կատարելություններով, որոնք հատուկ են նաև Հոր ու Որդուն (Շարական 404):
Արարչության պատմության մեջ հիշված է, որ «Հոգի Աստուծոյ շրջէր ի վերայ ջուրց» (Ծննդ., Ա 2): Ինչպես ստեղծագործության մեջ Ս. Հոգին յուր առանձին ներգործությունն ուներ, այնպես էլ մարդկության նախապատրաստության ժամանակներում Բանն Աստված յուր փրկության ավետիքն և արշալույսն էր սփռում մարդկանց մեջ Ս. Հոգով, որի խոսուն միջնորդներն էին կոչված մարգարեները: Հապա ևս Քրիստոսի նոր Ադամ լինելուց ու նոր արարչություն հաստատելուց հետո նույն Ս. Հոգու գործունեությամբ մարդկային մեղանչական բնությունը ընդունակ է դառնում արարչական ներգործության: Ս. Հոգու այդ գործունեությունը սկսվեց նույնիսկ այն ժամանակ, երբ «հովանի եղավ» Ս. Կույսի վրա և ընդունակ դարձրեց Աստուծո մարմնառության և ծննդյան: Ծնվեց Քրիստոս, և նորա բոլոր աշխարհային կյանքն էլ Ս. Հոգով էր (Հովհ., Ա 32-34. Ղուկ., Գ 21):
Ըստ այսմ` Քրիստոս փրկագործեց մարդկությունը, մինչդեռ Ս. Հոգին, մարդկանց բազմազանությունը ժողովելով, միացնում է Քրիստոսի փրկական միության մեջ: Ս. Հոգով Քրիստոսի փրկագործությունը կամ նույն ինքն Քրիստոս հաստատվում է յուրաքանչյուր դարձողի հոգու մեջ և Աստուծո արքայությունն իրականանում է աշխարհում: Ս. Հոգին մարդկանց կենդանի Աստուծո տաճար է դարձնում, անհատներին միացնում է մի Ս. Եկեղեցու մեջ, միահավատ ու միալեզու, միածես ու միապաշտոն հայերին կապում է, մի ամբողջ ազգ դարձնում և նույն այդ ազգը ներդաշնակ անդամ է շինում ի Քրիստոս միացրած հավատացյալ մարդկության: Ուրեմն, Ս. Հոգով առանձին անհատները միանում, կազմում են համայնք, և Ս. Հոգով համայնքը դառնում է եկեղեցի, ճանաչելով յուր գլուխ Քրիստոսին, որ իբրև փառաց թագավոր ուղարկում է նորա հաստատության և ուսուցման համար առաքյալներ ու նոցանով վարդապետներ ու պաշտոնյաներ: Եվ ինչպես որ Ս. Հոգով անհատները համայնք են դառնում, համայնքը` եկեղեցի, այնպես էլ յուրաքանչյուր եկեղեցի Աստուծո արքայության բաղկացուցիչ մի տարր է դառնում, այլև Աստուծո արքայությունը նույն Ս. Հոգով հաստատվում, իրականանում է ամեն հավատացողի մեջ:
Բայց մեղանչական մարդկությունը չէր կարող արժանանալ Աստուծո փառաց լիովին հայտնության, ըստ որում, ինչպես որ Որդին մարդեղությամբ է հայտնվում, այնպես էլ Ս. Հոգին մշտապես հայտնվում է փրկվող մարդկության կամ Քրիստոսի արքայության մեջ: Քրիստոս, լինելով մեր Փրկիչը և մեզ Աստուծո հետ հաշտեցնողը, Նա՛ միայն պետք է տար մեզ Ս. Հոգուն: Ս. Հոգին նորանով է մեզ վրա իջնում: Ուստիև Քրիստոս ասում է. «Ես աղաչեցից զՀայր, եւ այլ մխիթարիչ տացէ ձեզ, զի ընդ ձեզ բնակեսցէ ի յաւիտեան զՀոգին ճշմարտութեան». «Իսկ մխիթարիչն Հոգին Սուրբ, զոր առաքեսցէ Հայր յանուն իմ, նա ուսուսցէ ձեզ զամենայն»: «Եթէ ես ոչ երթայց, մխիթարիչն ոչ եկեսցէ առ ձեզ» (Հովհ., ԺԴ 15-17, 26. ԺԵ 26. ԺԶ 7-13. Եղիշե, 317): Այս խոսքերից հետևում է, որ Քրիստոսի մարդեղությամբ սրբվում է մարդկային բնությունն ու հաշտվում Աստուծո հետ, ապա այդով հաստատվում է նորա թագավորությունն, ու Ս. Հոգին այդ ժամանակ գործում է այդ թագավորության մեջ: Նա բնակվում է մեր մեջ ինչպես տաճարում, և մենք միանում ենք Աստուծո հետ ու նորա որդի դառնում, սակայն այդ միանալն և Աստուծո որդի դառնալը Քրիստոսի որդիության հար և նման չէ: Այլ մինչդեռ Քրիստոսի մարդեղությամբը աստվածությունն ու մարդկությունը միանում, մի աստվածմարդկային բնություն են հայտնում, մեր մեջ, ընդհակառակն, մեր մարդկային բնությունը, Ս. Հոգու տաճար դառնալով հանդերձ, պահում է յուր ինքնուրույնությունն, աշխարհային ինքնագլխությունը: Եվ մինչդեռ Քրիստոս բնությամբ է Աստուծո Որդի և յուր մարդեղությամբ յուր մարդկությունն էլ յուր աստվածային որդիության մասնակից ու միակից դարձրեց, մենք Քրիստոսի միջոցով որդեգրությամբ ենք Աստուծո Որդի, և Ս. Հոգին է մեզ կատարելագործում դեպի Քրիստոսի նմանությունը: Եվ ինչպես որ Քրիստոսի մարդկությունն անբաժանելի և անշփոթ միություն է նորա աստվածության հետ, այնպես էլ նա երաշխիք է, որ մենք մեր հավատքի ամրությամբ երբեք չենք բաժանվիլ Ս. Հոգուց և մեր մեջ կենդանի կլինի Քրիստոս: Այդ պատճառով և առաքյալը հորդորում է հաղթել աշխարհային թշնամուն ու հրապուրչին. «Դուք յԱստուծոյ էք, որդեակք, եւ յաղթեցէք նոցա. զի մեծ է, որ ի ձեզդ է, քան զայն, որ յաշխարհին է» (Ա Հովհ., Դ 4-6): Ս. Հոգին տանում է յուրաքանչյուրին դեպի ճշմարտության ճանապարհը, նա ճշմարտության հոգի է և ճշմարտություն է ուսուցանում հաստատապես, հանդիմանում է և հաղթահարում աշխարհն և աշխարհի հակառակության խաբեությունն և առաջնորդում է ճշմարտությամբ և իմաստությամբ, վասնզի Աստված է և յուրաքանչյուր հավատացող անպատճառ նորանով կունենա յուր փառավոր հաղթանակը: «Զի որպէսի զգալիսս արեգակս, յիմանալիսն Աստուած է, որ լուսաւորէ զամենայն», - ասում է Ս. Գրիգոր Լուսավորիչը (Հաճ., ԺԲ 180):
Եվ քանի որ Ս. Հոգին ուղարկվեց Քրիստոսով յուր արքայության մեջ, ուստի նա գործեց նախ Ավետարանի քարոզության մեջ` պահելով նորա սրբությունը, հարազատությունը և անաղարտությունը` ըստ Քրիստոսի կենդանի ավանդածին: Երկրորդ` նա կատարեց` լուսավորելով առաքելոց և հավատացելոց մտքերն և հաստատելով Քրիստոսին ու նորա ճշմարտությունը նոցա մեջ. և երրորդ` հիշեցնելով ու պատմելով նոցա Քրիստոսի հայտնությունը, խոսքն ու պատվերը և այն ամենը, ինչ որ առաջ գիտենալու պատրաստ չէին (Հովհ., ԺԴ 26. ԺԶ 14-22):
Հետևաբար, Ս. Հոգին իբրև Աստված ներգործում է և լուսավորում մարդկան հոգիները, բայցև իբրև Քրիստոսով ուղարկված Հորից, նա Քրիստոսի մարդեղության կամ փրկագործության խորհրդին վերաբերյալը Քրիստոսից է տալիս ու ներշնչում հավատացելոց: Իբրև աստվածային անձն նա լուսավորող կենդանացնող է, իսկ իբրև փրկության մեջ գործող Քրիստոսից առնում է և տալիս: Նա լուսավորում ու կենդանացնում է մարդկանց հոգիները, որոնքև լուսով տեսնում են Քրիստոսի փրկության ճշմարտությունն ու դիմում դեպի նորան. ուստիև Ս. Հոգին ազատության հոգի է: Եվ քանի որ ազատ լուսով նա տանում է դեպի Քրիստոս, ուստի Ս. Հոգով Քրիստոս է հաստատվում յուրաքանչյուր սրտի մեջ և Քրիստոսով` Ս. Հոգին, որ ուղարկվում է Հորից, ինչպես ուղարկվել է և Որդին, միայն թե մեկն` իբրև Ս. Հոգի, իբրև բղխումն, իսկ մյուսն` իբրև Որդի, ծնունդ:
Ահա այսպես է Ս. Հոգին գործում յուր եկեղեցում, մի կողմից` զորացնելով նորա կենդանի հառաջադիմությունն առաքելական հաստատության վրա, զարգացնում նորա աստվածպաշտությունն ու վարդապետությունը, նորա լուսո ճառագայթները սփռում ու քրիստոնեական կյանքը բեղմնավորում Քրիստոսի հավիտենական թագավորության ներքո. մյուս կողմից` պատժելով մեղքը, պաշտպանելով արդարությունն ու մխիթարելով թե՛ եկեղեցին ու թե՛ յուրաքանչյուր անհատի քրիստոնեական հաղթական ընթացքի մեջ քաջալերելու համար (Հովհ., ԺԶ 8): Նորա մխիթարության ու զորացման մեծ հավաստիքն ու երաշխիքն է այն ավետիքն ու հույսը, որ միշտ տալիս է, թե Քրիստոս է կենդանի և հավիտենական, հաղթող ու հզոր թագավորն ու փառաց տերը (տե՛ս և Հարց., 51-60):
Ս. Հոգին ամենայն ինչ տալիս է մեզ` առնելով Քրիստոսից, իսկ մենք դիմում ենք դեպի Քրիստոս դարձյալ Ս. Հոգով (Ա Կոր., ԺԲ 3): Այս է արտահայտում Հայաստանյայց Ս. Եկեղեցին` դավանելով, որ կենդանարար Ս. Հոգին անհատաբար բղխում է Հորից և առնում է Որդուց: Չնայելով, որ այս պարզ դավանանքը որոշապես տալիս է մեզ ինքը Քրիստոս, այսով հանդերձ Հռովմեական եկեղեցին այս դավանանքով ևս հերձվեց` ավելացնելով Հավատամքի մեջ «բղխումն ի Հօրէ և յՈրդւոյ», թերևս կամենալով շարունակ տարբերվել առաքելական եկեղեցուց: Այս մոլորությունը տարածվեց Ը. դարից Սպանիայում ու Ֆրանսիայում, որև տարաձայնության պատճառ եղավ, ու Կառլոս Մեծը պահանջեց մտցնել այդ նորությունը Հավատամքի մեջ: Լևոն Գ-ը († 816) մերժեց այդ պահանջը, սակայն Կարլոսը ինքնակամությամբ այդ մտցրեց յուր պետության եկեղեցիներում: Հովհան Ը. էլ դատապարտեց այդ արարքը, բայց իզուր: Նորանից հետո Ադրիան Գ-ը ընդհանրացրեց այդ մոլորությունը: Հապա դուրս եկավ Կ. Պոլսի Փոտ պատրիարքը, մաքառեց այդ նորամուծության դեմ, սակայն չկարողացավ ուղղել տալ: Այդ նոր դավանանքը (ֆիլիօքվե) վերջնականապես հաստատվեց Հռովմում 1014 թվին Բենեդիկտի կարգադրությամբ (տե՛ս և Հարց., 60-61):
Քրիստոսի խոսքերը հիմնովին տապալում են այս մոլորությունը. այսպես, նա ասում է. «Յորժամ եկեսցէ մխիթարիչն, զոր ես առաքեցից ձեզ ի Հօրէ, զՀոգին ճշմարտութեան, որ ի Հօրէ ելանէ...: Նա զիս փառաւորեսցէ, զի յիմմէ անտի առնուցու, եւ պատմեսցէ ձեզ: Զամենայն ինչ, զոր ունի Հայր, իմ է, վասն այսորիկ ասացի ձեզ, թէ յիմմէ անտի առնու եւ պատմէ ձեզ» (Հովհ., ԺԴ 12): Հայտ է, որ թե Ս. Հոգին բղխում լիներ Հորից ու Որդուց, Քրիստոս պետք է ասած լիներ «զՀոգին ճշմարտութեան, որ ի մէնջ», կամ թե` «ի Հօրէ և յինէն ելանէ» և այլն: Հռովմեականք յուրյանց մոլորությունը հիմնում են նախ` «ի Հօրէ ելանէ» խոսքի վրա` ավելացնելով, որ Որդին համագո է Հոր, և ուրեմն Ս. Հոգին ելնում է և Որդուց: Սակայն «ի Հօրէ» ասվածը նշանակում է աստվածային մի անձնավորությունն և ոչ թե երեք անձանց մեկ բնությունը, ապա թե ոչ Որդու ծնունդն էլ Հորից և Ս. Հոգուց կնկատվի, որ չարաչար մոլորություն է և սաբելականության առաջին աստիճանը: Նոքա հիմնվում են նույնպես «ես առաքեցից» խոսքի վրա, որ իբր թե յուրյանից է ուղարկում, բայց չէ՞ որ Որդու առաքումն էլ հիշվում է, թե Հորից ու Ս. Հոգուցն է (Ես., ԿԱ, ԽԸ 10. Ղուկ., Դ 18), և միևնույն ժամանակ Որդին հավիտենից ծնված է միմիայն Հորից (Սաղմ., Բ 7, 6. Թ 3. Հովհ., Ա 14-18. Գ 17. Ա Հովհ., Ե 20. Հռ., Ը 32): Իսկ Քրիստոսի «ես առաքեցից» խոսքը հետո բացատրված է «յիմմէ անտի առնու» խոսքով և նշանակում է, որ ինքն, համագո լինելով Հոր, յուրյանից է առնում Ս. Հոգին փրկագործական տնօրինության շարունակությունը, զի Քրիստոս յուր փրկագործությամբ միջնորդում է Ս. Հոգու առաքումը փրկագործական շնորհաց համար (Հովհ., Է 39): Ուստի «առնուցու» է ասված նախապես և ապա` «առնու և պատմէ ձեզ»:
Հետևաբար Հռովմեական եկեղեցին, Ս. Հոգու բղխումը «ի Հօրէ և յՈրդւոյ» դավանելով, կամ չորրորդություն է դարձնում` բղխման երկու աղբյուր ընդունելով, կամ Հոր ու Որդու անձնավորությունը շփոթում է իրար հետ և, երկուսին հիշելով, մեկ անձնավորական աղբյուր հասկանում:
Երկրորդ` այդ իսկ պատճառով նա Ս. Երրորդության անձանց տարբերությունը վերացնում է` շփոթելով բնության միության հետ, քանի որ ասում է, թե Հոր ու Որդու բնության միությունը ապացույց է այդ մոլորության:
Երրորդ` Ս. Երրորդության մեջ երկու աստվածային աղբյուր կամ անսկզբնական պատճառ է ճանաչում:
Չորրորդ` նա շփոթում է Ս. Հոգու հավիտենական բղխումը Քրիստոսի փրկագործական առաքման հետ:
Եվ հինգերորդ` նա Ս. Երրորդության մեջ նախորդություն ու հետնորդություն է մտցնում, զի Քրիստոս պետք է նախապես ծնվեր, որպեսզի ապա նորանից ևս բղխեր Ս. Հոգին, իսկ այս նզովված էլ է Հավատամքում (տե՛ս և Հարց., 62-66. Պող. Տար., անդ. 84-86. Ղազար Ճահկ., անդ. 283-304):
Արդ` Հայաստանյայց Ս. Եկեղեցին դավանում է, ըստ Ս. Հայրերին ևս, որ Ս. Հոգին ի հավիտենից բղխում է Հորից իբրև անսկզբնական ակնից և ուղարկում է Հորից և մեր փրկության ու լուսավորության համար առնում է Որդուց: Ի հավիտենից բղխում է Հորից իբրև անսկզբնական ակնից և ուղարկում է, որ մենք նորանով յուրացնենք Քրիստոսի փրկությունը, ուստիև առնում է Որդուց և, ինչպես տեսանք, Քրիստոսի խոսքերից, Աստված նույնիսկ յուր Էակից Որդու` մեր Փրկչի միջոցով մեզ Ս. Հոգի տալիս (Հովհ., Է 39): Այսպիսով, Հայաստանյայց Ս. Եկեղեցու դավանանքը քրիստոնեական եկեղեցու հին դավանանքն է, որ և լավ որոշված է Ընդհանրականի մեջ (էջ 75), որ խույս է տալիս նաև հունական մի ձևից, որ իբր թե Ս. Հոգին բղխում է միմիայն Հորից և հետևաբար առնչություն չունի Որդու հետ, կամ ըստ հնոց` դառնում է Հոգի առանց իմաստության: Ուստիև այդ էլ խուսափելով վարդապետում է. «Հոգին Սուրբ բղխումն ի Հօրէ, եւ երեւումն յՈրդւոյ» (Կիրակոս., 189, 190): Այսպես և երգում ենք. «Որ ի հարաշարժ ի յաղբերէն յառաջ բղխեալ անհատաբար ի յՈրդւոյ տիրապէս Ս. Հոգին»: Եվ «ի Հայրաշարժ աղբերէն անհատահոսդ վտակ, կենդանարար Ս. Հոգին» (Կան. Հոգեգ.): Այս բղխումը նույն չէ իհարկե Որդու ծննդյան հետ, ուստիև Ս. Հոգին Որդի չէ, այլ նա Հոգի Հոր և Հոգի Որդի էլ է կոչվում` ըստ համագո միության: Այս է լրիվ երգվում մի այլ շարականի մեջ*.
«Նոյն եւ նման Հօր եւ Որդւոյ
Հոգիդ անեղ եւ համագոյ.
Բղխումն Հօր անքննաբար,
Առող յՈրդւոյ անճառաբար»[1]:
Մամբրե Վերծանողն էլ ասում է. «Ի Հօրէն Որդի եւ Հոգին Սուրբ, այլ ոչ կոչին եղբարք եւ ոչ որդիք երկոքեանն»: Ս. Գրիգոր Լուսավորիչն էլ ասում է. «Հոգի աստուածութեանն, որ զՈրդին փառաւոր առնէ... յՈրդւոյն առնու եւ պատմէ սիրելեաց իւրոց»: «Որդին Միածին, որ ի Հօրէ ծնեալ, եւ Հոգի նորուն, որ ի նորին էութենէ»: «Միածին Որդի, որ ի Հայր եւ առ Հօր ընդ Հօր, եւ ի Ս. Հոգի, որ ի նորուն էութենէ»:
[1] Մամբրե Վերծ., 70. Ագաթ., ՃԲ 21, 436. ԻԳ. ԼԷ, Ս. Գր. Նարեկ., էջ 487. Կանոն երրորդ աւուրն, էջ 384, 383, 393, 400, 401, 540, 693. Գր. Արշարունի, Մեկն., 172. Նարեկ., ԼԴ., ԽԸ., ՅԵ., ՂԲ. հմմտ. Ագաթ., Թիֆլիս, 211, 411, 153, 436. Խոսր. Անձևացի, Մեկն. Ժամ., էջ 188-193:
Արշակ Տեր-Միքելյան
«Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը» գրքից