26 Նոյեմբեր, Գշ
Բոլորին հարկ է գովել և պատվել Աստծու համայն սրբերին և երջանիկ ընտրյալներին, [հարկ է նաև] նրանց հիշատակը գովությամբ կատարել աստվածահայր Դավիթ մարգարեի ասածի համաձայն, թե` «Արդարի հիշատակը հավիտյան կմնա» (Սաղմ. ՃԺԱ. 7): Ու առավել պետք է հիշել նրանց, որ խոսքով և գործով վայելուչ են` ավելի քան մյուսները և այժմ ևս պայծառանում են մեծամեծ նշաններով և սքանչելիքներով, որ Աստծուց [կարողություն] ստանալով` օգնում և առողջացնում են մարդկանց, խնամում և ապաստան են տալիս: Եվ նրանց գլխավորներից և առաջիններից մեկն է այս մեծ[ահամբավ] և լուսավորող քահանայապետը, հռչակավոր սքանչելագործն ու անվանի առաջնորդը, գովելի և բազմասքանչ այրը, արագահաս օգնականը, որ երկրի չորս ծագերում բարձրաձայն քարոզելով` փառավորվում է: Եվ ամբողջ աշխարհն է նրա առաջնորդությամբ ընթանում, և բոլոր ազգերն ու ժողովուրդները առատորեն վայելում են նրա խնամքը, և մարդկանց որդիները` ամեն տարիքի ու սեռի, նրան են օգնութհան կանչում վշտի և փորձութհան մեջ, որովհետև ամեն ոք հողեղեններից, որ վտանգի մեջ ընկնի կամ ծովային արկածի հանդիպի, մեծ Նիկողայոսին ապավինելով և նրան առ Աստված միջնորդ ունենալով` անմիջապես իր խնդրանքը կատարված կգտնի: Եվ կամ ցանկացած մեկը, որ զրպարտութհամբ բանտարկվել և չարչարանքների է ենթարկվում, Նիկողայոսի անունն արտասանելով` անմիջապես կազատվի նեղությունից: Նա Աստծուն մշատապես հանդիպում է նրանց համար, ովքեր նեղության մեջ իրեն օգնության են կանչում, և երբեք չի դադարում այսպես անելուց, որովհետև թե՛ նշաններով գրության մեջ հիշվելիս, թե՛ աղոթքի ժամանակ հիշատակվելիս, եթե անգամ լոկ իր անունը տան, հասնում է ամենուր, սքանչելիքներ գործում, հանապազ օգնում յուրաքանչյուրին. ով հիվանդ է` բժշկում է, ով տրտմության մեջ է` փարատում, և ապրեցնում է բոլորին: Եվ արագահաս սրբի անունն արտասանած ոչ մեկը տրտմությամբ չի բաժանվում նրանից: Եվ մշտապես ամեն բան այսպես է լինում և ամբողջ աշխարհից կարելի է ստանալ այս վկայությունը:
Այժմ պարտ և արժան է բոլորին խոսքով ու գործով և ճշմարիտ իմաստությամբ հանճարեղ այս առաջնորդի դրվատանքին անցնել, խոսել, և [թո՛ղ] յուրաքանչյուր ոք իր կարողության չափով գովի նրան, ամբողջ տիեզերքով հնչեցնելով նրա վայելչազարդությունը:
[Այժմ] ավետելով պատմենք նրա ծագումն ու ծնունդը, նաև դաստիարակվելը, հասակ առնելն ու կենցաղը, ինչպես և նրա սքանչելիքներն ու ճարտարությունը, որովհետև մինչ մարմնի մեջ էր, իր կենսակերպով անմարմիններին էր ձգտում [նմանվել]: [Կպատմենք նաև] այստեղից փոխադրվելուց և առ Աստված վերադառնալուց հետո [եղածը], մանավանդ մեզանում եղած գործերը, նրանք, որ մինչև օրս լինում են և երբեք չեն ձախողվում, իսկ [սրբի միջոցով] երևացած նշանները հիացնում են բոլորի լսելիքը: Դրա համար միասնական կերպով և հաջորդականության կարգով` ըստ ժամանակի անջատելով իրարից, սկսենք պատմել նրա սքանչելիքները ի փառս Աստծու, որ փառավորում է Իրեն փառավորողներին, և ի պատիվ մեծ և աստվածազգյաց քահանայապետի, և բոլոր նրանց օգուտի համար, [ովքեր այս լսելով], աստվածեղեն բարեպաշտութան նախանձախնդիր կլինեն:
Եվ ճիշտ էր անմահության անվանակից, մեր մեծ հոտապետ Աթանասիոսը, որ գրեց մեր սուրբ հայր մեծ Անտոնի` առաջին անապատականի վարքը, ինչպես և մտքով ճշմարիտ հսկող Գրիգորը, Նյուսիայի եկեղեցու առաջնորդը, որ գրեց իր անվանակցի` Գրիգոր Սքանչելագործի վարքը և Սքանչելագործի հրաշքները ցույց տվեց Մովսեսի զարմանալի նշանների պես: Ինչպես և ճիշտ են բոլոր մյուսները, որ շարադրելով պատմեցին կյանքն ու սքանչելիքները Աստծու սրբերի, որ իբրև շնչավոր Հոգուն հանդիպեցին: Եվ այս գովաբանվողների պատվին, գրվեցին սրբերի վարքերը: [Սակայն] մինչ այժմ որևէ մեկը սուրբ [Նիկողայոսի] հրեշտականման և գերսքանչելի գործածներն ըստ կարգի չի շարադրել. ո՛չ առաջինները, և ո՛չ նրանց հաջորդած իմաստուն և խոհեմազարդ այրերը, որի համար մեծ տխրություն և տրտմություն է պատում ինձ. ինչո՞վ վարքը Նիկողայոսի, որ խոսքով և գործերով բարձր է քան բոլոր սրբերը, այսքան ժամանակ անտեսվեց և որպես հարկն է ոչ մեկի կողմից չպատմվեց վայելչորեն: Հներից և մերօրյաներից շատերը դրվատական խոսքով գովեցին հռչակավոր և մեծ Նիկողայոսին, մյուսները փոքր ի շատե գրեցին նրա զարմանալի սքանչելիքների առանձին դեպքեր, իսկ մի մասը` նրա այն սքանչելիքները, որ հաճախ հիշվում են ամեն տեղ, ինչպես` Լիկիացիների իշխանության ժամանակ եղած երեք մանուկներինը, կամ Բյուզանդիո Նեապոլսացիների անպարտ զորավարների [հետ կատարվածը], երբ հրեշտակական արագահասությամբ օգնության էր եկել: Եվ ինչպես կանխավ ասացի` չգտնվեց մեկը, որ նրա կյանքի սկզբից մինչև վախճանը և դրանից հետո եղած հիացնող սքանչելիքներն ըստ կարգի պատմեր, որի համար ես բազմիցս փորձանքների և նեղության մեջ ընկնելով` ընդունեցի նրա արագահաս օգնությունը և պարտական եղա նրա մեծությանը: Եվ քանի որ խոսքով և գիտելիքներով աղքատ եմ և` հեռու ամենայն ճշմարտությունից, ինչպես և զանազան չարիքների շտեմարան եմ, ուստի անհնար է ինձ համար այսպիսի գործ ձեռնարկելը: Սակայն քրիստոսասեր մարդկանցից հրաման ստացա, հորդորվելով կամովին ընդունեցի և ողջ կարողությունս այս գործին տվեցի և փափագը, որ սկզբնապես ունեի, զորավոր համարեցի և հրահանգողներից ամաչելով` հարկադրվեցի գրել:
Եվ այսպիսով սկսեցի, աններելի համարելով հապաղելը: Արդ ինձ ուղղեցեք ձեր մտքերն ու ականջները, աղաչում եմ [ձեզ], որ կամենում եք լսել այս սքանչելի սրբի պատմութհունը, որովհետև մեծ և աստվածային մարդու մասին` արդեն մեծ և աստվածային է [դառնում] խոսքս, որպեսզի գնաք և ճոխացնեք ժողովրդին` օգտակարն ի վեր հանելով: Իսկ եթե խոսքերը, որ ասելու եմ, չհիացնեն որևէ մեկին, [նրանից է], որ ոչ թե ներբողական հյուսմամբ գեղեցկազարդ ասացի, այլ պատմությունը շարադրեցի պարզ և անպաճույճ, որ հեշտ և դյուրութհամբ ընկալեն [անգամ] ռամիկներն ու տգետները, որ կունկնդրեն և կհասկանան ասվածը:
Հռչակավոր և երջանիկ քահանայապետը մոր որովայնից պատվական և սուրբ էր և մինչև հղացումն իսկ ընտրված էր Աստծու կողմից: Եվ հրեշտակի ավետմամբ ծնվեց Եպիփան հորից և Նովնիս մորից. այս էին երանելիների անունները: Եվ նրանք Լիկիացիների նահանգից էին, Մյուռիո քաղաքից, հույժ մեծատուն և տոհմով ազնվական և ի Քրիստոս բարեպաշտութհունը պահում էին բարձր ու պանծալի վարքով, որի համար աշխարհիկ վայելքներն ու երևելի փառքերը գարշելի համարեցին, և ճշմարիտ հավատքով անշահախնդիր ամեն բանից հրաժարվեցին և բարի վարքով ընթացան: Եվ քաջ գիտեին նրանց, որ կամ բոցկլտացող կրակի վրա շրջելով, կամ եռացող ձյութի մեջ ընկնելով, ո՛չ ոտքերն էին կարողանում անկեզ պահել, և ո՛չ ձեռքերն անվնաս: Սակայն, այնվամենայնիվ, կարոտով որդու էին սպասում, որ իրենց բարեպաշտությունը անհիշատակ չանցնի աշխարհից և դրա համար ցավով ողբում էին իրենց ամլությունը, բայց ամեն օր [հույսով] սպասում էին Աստծուց ընդունել: Եվ երբ երկար ժամանակ անցավ, և բնությունն անհարմար էր որդեծնության համար, ամուսնությունն ունայն էին համարում և ապավինում էին Աստծուն, որ կարող է ամուլին ծննդկան դարձնել և ամլության հասցնել բազմածնին: Աղոթքով և բարի գործերով և առատ ողորմություն բաժանելով` պաղատում էին անսպասելի հույսի համար: Եվ շուտով օրինական և մաքուր մերձեցմամբ երանուհի մայրը պտուղ ընդունեց սրբության փափագողին, ողջախոհության առաջնորդին, մենակյացին` մեծ Նիկողայոսին:
Եվ ինձ թվում է` պետք էր և ճիշտ էր, որ նա ոչ թե մարմնական կարիքից կամ առնական ցանկութհունից ծնվեր, այլ Աստվածային պարգևով: Եվ որպես ընթացքն է կյանքի, այնպես է աճում մանուկը, խանձարուրվում, հետո ավելի մեծանում: Իսկ այս սրբիս պարագայում աստվածային սքանչելիք եղավ, որ ծնողների առջև կատարվեց: Երբ ծնվեց, ոմանք մոտեցան խնամելու և տեսան, որ քնարանում գրեթե երկու ժամ իր ոտքերին է կանգնել: Եվ սքանչելիքը տեսնելով` բոլորն Աստծուն փառաբանեցին: Իսկ նրա մայրը Սուրբ Հոգով բազմածնունդ եղավ, իրեն ուղղում էր դեպի առաքինություն, բազմացնելով հոգևոր սերմերի աճը և որովայնից սրբյալ նոր Սամվելին էր սնում մայրական կաթով:
Սուրբը ժամանակից արագ էր աճում, սքանչանում` հասակով, իմաստությամբ և շնորհքով. ի փառս Աստծու: Եվ ծնողները, տեսնելով մանկան աճը, մտքներում պահեցին սքանչելիքը և խիստ հիացան և շնորհող Աստծուն գոհություն էին մատուցում:
Եվ գնացին մանկան երանելի քեռու մոտ, որի անունը Նիկողայոս էր, և պատմեցին նրա սքանչելի ծննդյան և զարմանալի աճի մասին: Իսկ նա, լսելով և հիանալով դրանցով, նրանց հետ մեկտեղ մեծ ուրախութհամբ գոհանում էր Տիրոջից և բոլորին պատմում էր, թե հրեշտակի միջոցով Տերն ինչ տեսիլ է ցույց տվել իրեն երանելի մանկան մասին, որ մեծ հաջողություններ է ունենալու ի Քրիստոս: Եվ նրա կողմից օրհնվելով` վերադարձան իրենց հարկի տակ և պատշաճ խնամակալությամբ սնում էին նրան, որ Աստծու կողմից իրենց պտուղ տրվեց և գուրգուրելով քաղցր հույսով` վայելում էին նրա զարմանալի տեսքը, մանկան առաքինությունն իրենցն էին համարում, փափագով և բարեպաշտությամբ էին ընդունում: Եվ ոչինչ չկար, որ չանեին մանկան համար. համբուրում էին, օրորում իրենց ձեռքերի վրա, պարծենում նրանով: Նաև նրանով էին զվարճանում և սփոփվում:
Երբ նա հինգ տարեկան դարձավ, իր հետ աճեցին և նրա շնորհները: Եվ [ծնողները] նրան տվեցին մի անվանի դպիրի, որ գիր սովորեցնի: Եվ մի օր, երբ նա դպրոց էր գնում, նրան Նովնիս անունով մի կին պատահեց, որ քաղաքի մերձակա գյուղերից էր: Գոսացած ոտքերով և խիստ տառապող [կինը] աղաչեց մանկանը, որ բժշկություն ստանա, և նա աղոթեց և կնքեց կնոջը Խաչի նշանով և ազատեց ախտից: Եվ առողջացած կինը մեծ ուրախությամբ և գոհանալով ու Աստծուն փառավորելով` իր տունը վերադարձավ: Իսկ երբ աստվածասեր ծնողները տեսան նրան, [նկատեցին], որ կարճ միջոցում Հոգու իմաստությամբ է լցվել: Իսկ հետո սուրբ վարդապետ Նիկողայոսի հետ մեկտեղ խորհրդակցեցին, որ իբրև պտուղ Աստծու կողմից տրվածին ընծայեն սուրբ եկեղեցուն ի ծառայություն, որ և տարան և քահանայապետներն անմիջապես ձեռնադրեցին նրան: Եվ այնուհետև կարելի էր տեսնել սուրբ Նիկողայոսին բոլորի կողմից սիրված և գովաբանված, հաստատուն և առաքինի:
Իսկ նա, մարմնական կարիքները փոքր ի շատե հոգալով, ամբողջությամբ հոգու խնամքով էր տարված, բարիքներ էր գործում, ախտերն էր վանում և մաքրում հոգին, սպանելով երկրային անդամները, և ախտերից զերծ պահում հոգին, մարմինն ու միտքը: Եվ սանձելով` բոլոր շարժումներն Աստծու կողմն էր ուղղում, և միայն զայրույթն էր, որ իր անձին հակառակ էր, [այն], որով պարտվեց առաջին մարդը: Եվ ամբողջ ցանկությունը դեպի Աստված էր ուղղում` որպես իմաստուն հանդես գալով: Արդարությամբ և ողջախոհությամբ էր ուղղորդում կյանքն իր` ասես մի քաջ կառապան նստած լիներ առաքինության կառքին, որով շտապում էր երկնքի բարձունքները ելնել: Եվ կյանքն այսպես արդարությամբ վարելով` երանելի էր բոլորի համար: Նաև չէր առանձնանում քահանայական գավթից:
Վարք Սրբոց, Հատոր Գ, Ս. Էջմիածին – 2010թ.