1 Արդարեւ, գալիք բարիքների ստուերն էր օրէնքը եւ ոչ թէ՝ իրողութիւնների բուն կերպարանքը. այն նոյն պատարագները, որ մատուցում էին տարէցտարի, չէին կարող կատարեալ դարձնել մատուցողներին, 2 ապա թէ ոչ՝ նրանք կդադարէին մատուցելուց, քանի որ պաշտամունք մատուցողները, մի անգամ ընդմիշտ մաքրուած լինելով, այնուհետեւ մեղքի համար ոչ մի խղճմտանք չէին ունենայ: 3 Սակայն նրանք տարէցտարի այդ պատարագներով վերստին մեղքի յիշողութեան տակ էին մնում, 4 քանի որ նոխազների եւ ցուլերի արիւնը չէր կարող վերացնել մեղքերը: 5 Դրա համար էլ Քրիստոս, երբ աշխարհ մտաւ, ասաց. «Զոհեր եւ պատարագներ չցանկացար, այլ մի մարմին պատրաստեցիր ինձ համար: 6 Ողջակէզներ եւ մեղքերի համար արուած զոհեր քեզ հաճելի չեղան: 7 Այն ժամանակ ասացի, թէ՝ ահաւասիկ եկայ քո կամքը կատարելու, ո՛վ Աստուած (ինչպէս իմ մասին գրուած է օրէնքի գրքում)»: 8 Աւելի վերեւ ասում է, թէ՝ «Զոհեր, պատարագներ, ողջակէզներ եւ մեղքերի համար արուած զոհեր քեզ հաճելի չեղան եւ չուզեցիր (բաներ, որոնք ընծայւում էին ըստ օրէնքի)»: 9 Ապա ասում է. «Ահաւասիկ, գալիս եմ քո կամքը կատարելու, ո՛վ Աստուած»: Հերքում է առաջինը, որ հաստատի երկրորդը: 10 Այդ կամքով էլ մենք սրբուեցինք Յիսուս Քրիստոսի մարմնի մէկընդմիշտ պատարագումով: 11 Եւ ամէն մի քահանայապետ ամէն օր կանգնում է պաշտամունք մատուցելու համար եւ շատ անգամ է մատուցում նոյն զոհերը, որոնք երբեք չեն կարող մեղքերը վերացնել: 12 Իսկ Յիսուս միայն մէկ պատարագ մատուցեց մեղքերի համար եւ մշտնջենապէս նստեց Աստծոյ աջ կողմում. 13 եւ այնուհետեւ սպասում է, մինչեւ որ իր թշնամիները դրուեն իր ոտքերի ներքոյ. 14 քանզի միայն մէկ պատարագով կատարեալ դարձրեց մաքրուածներին մշտնջենապէս: 15 Արդ, Սուրբ Հոգին էլ վկայում է մեզ աւելի վերեւ ասուածից յետոյ, թէ՝ 16 «Սա է այն ուխտը, որը պիտի կնքեմ նրանց հայրերի հետ այն օրերից յետոյ,– ասում է Տէրը.– իմ օրէնքները պիտի դնեմ նրանց սրտերի մէջ եւ դրանք պիտի գրեմ նրանց մտքերում»: 17 Ապա ասում է, թէ՝ «Նրանց մեղքերը եւ նրանց անօրինութիւնները այլեւս չպիտի յիշեմ»: 18 Իսկ ուր որ թողութիւն կայ, այլեւս մեղքի համար պատարագ պէտք չէ: