26 Դեկտեմբեր, Եշ
Սուրբ Սարգիս զորավարին նվիրված պատկերագրության մեջ նա սովորաբար պատկերվում է հեծյալ զորավարի կերպարանքով՝ վիշապասպանի դերում. մերթ նիզակահարում է վիշապին, մերթ՝ մեկ այլ գազանի: Սուրբ Սարգսին նվիրված պատկերների մեջ գերազանցում է զորավարի որդու՝ Մարտիրոսի հետ պատկերվելու տարբերակը: Սուրբ Սարգսի որդու՝ Մարտիրոսի մասին պատմությունը առկա է միայն հայկական աղբյուրներում և սրբի վարքագրության անբաժանելի մասն է կազմում: Եվ որն էլ արտացոլվել է սուրբ զորավարին նվիրված պատկերագրության մեջ: Այդպիսի հնագույն օրինակ մեզ հասել է 7-րդ դարից՝ Աշտարակի Կարմրավոր եկեղեցու հյուսիսային պատի վրա պահպանված որմնանկարում: Այստեղ սուրբ Սարգիսը նիզակահարում է վիշապին: Աղթամարի տաճարի հյուսիսային պատի քանդակազարդերում սուրբ Սարգիսը ներկայացված է առանց որդու՝ նիզակահարելով ինչ-որ գազանի: Այստեղ հայագիտության նշանավոր դեմքերից Սիրարփի Տեր-Ներսիսյանը տեսնում է հովազի, իսկ Հ. Օրբելին՝ առյուծի, որն ավելի հավանական է:
Տպավորիչ է Սյունիքում գրված ու նկարազարդված և Մատենադարանում պահվող թիվ 6305 ձեռագրում պահպանված սրբի պատկերը: Սուրբը պատկերված է որդու՝ Մարտիրոսի հետ: Սարգսի ձեռքում կա վեր բարձրացված նիզակ, գազանի սպանությունը բացակայում է:
Սուրբ Սարգսի պատկերով ու վարքի պատումներով են հարդարվել միջնադարյան հայ արարողական սպասքի, կիրառական բազում նմուշներ: Առավել ուշագրավ են Ավագ խորանի վարագույրները, սկիհի կամ մաղզմայի ծածկոցը, Կուտինայից (Քյոթահիա) հայտնի հախճապակե թասերը, Սկևռայի մասանց պահարանը և այլն:
Սուրբ Սարգսի պատկերով երեք վարագույրներից երկուսը պահվում են Էջմիածնի Մայր տաճարի թանգարանում, իսկ երրորդը Լոնդոնում՝ Վիկտորիա-Ալբերտ թանգարանում: Առաջին վարագույրը (1756թ.) հարդարված է Քրիստոսի վարքը պատկերող դրվագներով և սրբերի պատկերներով: Սուրբ Սարգիսը այստեղ պատկերված է ձիավոր, գավակին մանուկ Մարտիրոսն է: Նժույգի ոտքերի տակ նիզակակոխ հսկա վիշապօձն է: Չար ուժերին հաղթող հեծյալ սուրբը կրում է շքեղ հանդերձանք՝ քամուն տված ցանցահյուս թիկնոց, ձեռքին՝ խաչազարդ նիզակ, հագին՝ ժամանակի նորաձևությանը համահունչ զինվորական համազգեստ, ոտքերին՝ փափուկ ճտքավոր կոշիկներ, գլխին՝ լուսապսակ: Մանուկ Մարտիրոսը կրում է մեջքը գրկող թիկնոց, կոնաձև գլխարկ՝ առանց լուսապսակի, որը և որոշ ուսումնասիրողների համար ենթադրել է տվել, թե հեծյալը սբ. Գևորգն է, իսկ մանուկը նրա փրկած ազնվական տղան: Ավելի հավանական է, որ այստեղ պատկերված են սբ. Սարգիսն ու մանուկ Մարտիրոսը, քանի որ ինչպես վկայում են վարագույրի հիշատակարան-արձանագրությունները, այն նվիրաբերվել է Ս. Սարգիս եկեղեցուն:
Վիկտորիա-Ալբերտ թանգարանի վարագույրում հեծյալ սուրբ Սարգիսը իր զավակի՝ Մարտիրոսի հետ պատկերված է շքեղազարդ կամարի ներքո: Նրա հագուստը գեղեցիկ է, դեմքը՝ ազնվաշուք, գլուխը եզերված է լուսապսակով: Հեծյալի ձեռքում խաչազարդ նիզակ է, տեգը խրած ոտքերի տակ փռված ահասարսուռ վիշապի երախը: Զարդագեղ է և նժույգի հանդերձանքը՝ գեղանկար փափուկ թամբ, կաշվե նուրբ փոկերից սանձ՝ տեղ-տեղ ագուցված ճարմանդներով: Մարտիրոսը, ի տարբերություն էջմիածնյան օրինակի, զինվորական համազգեստով է. գլխին՝ երկարավուն մուգ-կարմիր գլխարկ, առանց լուսապսակի:
Էջմիածնի երկրորդ վարագույրի (1781թ., Թոխաթ) կենտրոնական դաշտը հարդարում են Տիրամոր, Այլակերպության, Քրիստոսի խաչելության և Մանուկ Քրիստոսը Տիրամոր գրկին պատկերները: Վարագույրը երեք կողմերից (վերին, աջ և ձախ) եզերում են պատկերազարդ շրջաններն ու կամարակապ շրջանակը: Այստեղ սուրբ Սարգիսը և Մարտիրոսը պատկերված են կամարակապ սյունազարդ շրջանակում: Սուրբ Սարգիսը կրում է կարմիր, շքեղ թիկնոց, սև վերնազգեստ, գլխին՝ ճաճանչափայլ լուսապսակ, ձեռքին՝ դրոշ, գավակին Մարտիրոսը՝ հասուն պատանու տեսքով: Պատանին ունի գեղեցիկ դեմք, շրջանակված երկար խոպոպներով, գլխին՝ շողարձակ լուսապսակ: Նժույգը ևս կարմիր գույնի է, հրաշափառ, արժանի հեծյալին: Այն ունի ճոխ հանդերձանք, կաշվե նուրբ փոկերից սանձ, ճարմանդակալ գոտեկապ թամբ, բանդակապ հյուսածո ագի: Ոտքերը գետնից կտրված են, կարծես թե նա ճախրում է երկնքի ու երկրի միջև:
Սուրբ Սարգսի պատկերով ծածկոցը գտնվում է Էջմիածնի Մայր Տաճարի Գանձատանը: Ծածկոցը Հայ եկեղեցում Ս. Պատարագի ժամանակ սկիհի կամ մաղզմայի վրա փռվող դաստառակ է: Սրբի պատկերով ծածկոցը կերպասից է, կարմրավարդագույն, ասեղնագործած ոսկեթելով: Ասեղնագործությունը նուրբ է ու կատարյալ: Ձևով քառանկյուն է: Ծածկոցի կենտրոնում սբ. Գևորգն է՝ հրեղեն նժույգի վրա, ոտքերի տակ նիզակահար, ցավից գալարվող հսկա վիշապը: Ս. Գևորգի երկու կողմերում սրբապատկերներ են, համապատասխան մակագրություններով: Մի կողմում սբ. Մինասն է, մյուս կողմում՝ կենաց ծառի տակ, հեծյալ սբ. Թեոդորոսն է՝ նիզակը խրած ոտքերի տակ փռված վիշապի երախը: Ձախում՝ վերնամասում սբ. Սարգիսն է և իր որդի Մարտիրոսը, նույն հանդերձանքով, ինչ մյուսները: Կենաց ծառի տակ պատկերված է և մեկ այլ հեծյալ՝ սբ. Մերկերիոսը: Ծածկոցի չորս անկյուններում ավետարանիչների պատկերներն են:
Սուրբ Սարգիսը Մարտիրոսի ուղեկցությամբ շատ տարածված և շատ սիրված սրբապատկեր զարդաձև էր հայ հարդարվեստում, հատկապես Կուտինայում (Քյոթահիայում), որտեղ և պատրաստված են թվով երկու հախճապակե ու պատկերազարդ թասեր հեծյալ սրբի պատկերով: Թասերից առաջինը պահվում է "Cincinati Art Museum" թանգարանում: Այն 15 սմ տրամագծով, կապտականաչավուն հենքով անոթ է, կենտրոնում՝ հեծյալ, գուրզը ձեռքին, գլխին ոսկեգույն լուսապսակ: Հեծյալը գեղեցիկ դեմքով առնական տղամարդ է, նրբագեղ կազմվածքով, շեշտված դիմագծերով՝ ուղիղ սև մազեր, կարճ մորուս, սրածայր բեղեր, լայն ճակատ, թուխ աչքեր, երկարավուն դեմք: Նա կրում է գեղանկար թիկնոց, փեշերը տված քամուն, մուգ կապույտ վերնազգեստ, դեղին, երկար ճտքավոր կոշիկներ: Նրա գավակին մի պատանի է, խաչազարդ նիզակը ձեռքին, գլխին՝ ոսկեգույն լուսապսակ: Պատանին մանկահասակ է, գեղեցկադեմ, երկայն կապտականաչավուն արտահագուստով, փափուկ կոշիկներով: Նժույգը սպիտակ է, բաշը և ագին՝ սև: Նրա ոտքերի տակ ծաղկալից մարգագետինն է, բացված կապտակարմրավուն վարդակակաչ հիշեցնող ծաղիկներով: Ներքուստ թասը շրթնամասում գոտևորում է դեղնավուն լայն գծաքաշ ժապավենազարդը, հայերեն գրությամբ. ՍԲ Սարգիս, ներքևում՝ ՌՃԿԸ (1718/19)թ.:
Մյուս թասը պահվում է Բրյուսելի թանգարանում: Թասի կենտրոնում պատկերված են երկու հեծյալ, նրանց գլխավերևում՝ ՍԲ ԶԻՆԱՒՕՐՔ մակագրությունը: Հեծյալներից առաջինը՝ սբ. Սարգիսը, միջին տարիքի է, թխահեր վարսերով, շեշտված ազնվաբարո դիմագծերով: Նրա գլուխը եզերում է դեղնավուն շրջանաձև լուսապսակը: Զորականն ունի ճոխ հանդերձանք, քամուց ծածանվող թիկնոց, փափուկ կտորից մինչև ծնկները հասնող տաբատ, ոտքերին՝ փափուկ կոշիկներ: Մյուս հեծյալը պատանի Մարտիրոսն է, նույն հանդերձանքով, ինչ ավագը, գլխին՝ ոսկեգույն լուսապսակ: Վերջինս դեմքով շրջված է դեպի սբ. Սարգիսը: Նրանց երկուսի հագուստները բազմագույն են: Տպավորիչ են և նժույգները. սպիտակավուն, սև բաշերով, պարարտ, գոգ մարմիններով, նրբագեղ գլուխներով, կարճ, ամուր ոտքերով, հյուսած ու ճարմանդով հանգուցած ագիներով: Պատկերներից վեր կապտականաչավուն հորիզոնն է, թռչող թռչունների պատկերներով, ոտքերի տակ՝ փարթամ մարգագետինը:
Սկևռայի մասանց պահարանի պատկերաքանդակներում սբ. Սարգսի կերպարը ունի պատկերագրական իր ուրույն արտահայտությունը: Մասանց այս պահարանը, որ հայտնի է նաև Հեթում թագավորի մասնատուփ անունով, կերտվել է 1293թ-ին Կիլիկյան Հայաստանում: Այստեղ սուրբ հեծյալը պատկերված է թավ բեղումորուքով, գլուխը շրջանակված ուռուցիկ բոլորշի լուսապսակով: Սա սուրբ Սարգսի պատկերագրական մի նոր արտահայտություն էր, երբ նա պատկերվում էր միայնակ, առանց Մարտիրոսի:
Կազմեց Գայանե Սուգիկյանը