23 Նոյեմբեր, Շբ
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Հոգեգալուստից հետո երեսուներեքերորդ օրը, որ հինգշաբթի է, նշում է «Սրբոց թարգմանչացն մերոց Սահակայ և Մեսրովբայ» տոնը: Այս տոնը ուղեկցվում է ուխտագնացությամբ դեպի Օշական՝ սբ. Մեսրոպի գերեզման:
Սբ. Մեսրոպ Մաշտոցը ծնվել է մոտ 360-ին Տարոն գավառի Հացեկաց գյուղում: Մանկությունից սովորել է հունարեն, պարսկերեն և ասորերեն: Երիտասարդ տարիքում, իբրև բանիմաց անձնավորություն, ծառայության է անցնում հայոց արքունիքի դիվանում Խոսրով Գ թագավորի օրոք, ապա անցում է զինվորական ծառայության: Սակայն աշխարհիկ կյանքը Մեսրոպին չի գոհացնում: Ուստի որոշ ժամանակ անց թողնում է աշխարհիկ կյանքն ու մի քանի տարի ճգնակեցության տրվում՝ իր շուրջը հավաքելով աշակերտների: Այնուհետև նրանց հետ սկսում է Ավետարանը քարոզել Գողթնում և Հայաստանի այն վայրերում, որոնց բնակիչները դեռևս հեթանոս էին: Սուրբ Մեսրոպը ցավով նկատում է, որ հայ ժողովուրդը ճշմարիտ քրիստոնեական կյանքով չի ապրում և հասկանում է, թե որքան անհրաժեշտ է հայ գիրը, Աստվածաշունչն ու քրիստոնեական աստվածապաշտությունը ժողովրդին անմիջապես հայերեն մատուցելը և ոչ թե հունարեն կամ ասորերեն: Մինչև Մաշտոցի ժամանակները հայոց պաշտամունքը տարալեզու էր և հատուկ պաշտոնյաների միջոցով բանավոր կերպով թարգմանվում էր հայերեն՝ ստեղծելով անհարմարություններ: Այս մասին մտահոգ սբ. Մեսրոպը դիմում է հայոց կաթողիկոս սբ. Սահակ Պարթևին և Վռամշապուհ արքային: Եվ նրանք միասին ելքեր են սկսում փնտրել հայոց գրերի ստեղծման համար: Լսում են, որ Դանիել անունով մի ասորի եպիսկոպոս հայերեն ինչ-որ գրեր ունի: Դրանք ձեռք են բերում, մի երկու տարի դրանք սովորեցնում աշակերտների մի խմբի, փորձում կիրառել, սակայն տեսնում են, որ այդ գրերը, որոնք քսաներկուսն էին, հավանաբար սեմական ծագման, շատ անհարմար ու թերի էին հայոց լեզվի համար: Ի վերջո, Ասորիքի Եդեսիա քաղաքում սբ. Մեսրոպն աստվածային տեսիլքի միջնորդությամբ ստեղծում է հայոց 36 գրերը: Այս գյուտը տեղի է ունեցել հավանաբար 406-ին: Այնուհետև իր երկու աշակերտների՝ Հովհան Եկեղեցացու և Հովսեփ Պաղնացու հետ ձեռնարկում է Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը: Առաջին գիրքը, որ սկսում են նրանք թարգմանել, լինում է Առակաց գիրքը: Աստվածաշնչի թարգմանության գործին լծվում է նաև հայոց Սահակ կաթողիկոսը: Այն բնագրին մոտ լինելու շնորհիվ իրավամբ կոչվում է «թագուհի թարգմանությանց»: Իսկ առաջին հայերեն նախադասությունը, որ Մաշտոցը թարգմանում է Աստվածաշնչից, հետևյալն է. «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»:
Ըստ վարքագիր Կորյունի՝ սբ. Մաշտոցը ստեղծել է գրեր նաև վրացիների և աղվանների համար: Գրերի գյուտից հետո սբ. Մեսրոպը, սբ. Սահակ Պարթևն ու նրանց բազմաթիվ աշակերտներ սկսում են հայ գրերը տարածել ամբողջ Հայաստանով մեկ՝ բացելով նոր հայրենախոս դպրոցներ, նաև եռանդուն կերպով լծվում եկեղեցու հայրերի գրվածքների հունարենից և ասորենից թարգմանության գործին: Աստծո օրհնությամբ և օգնությամբ կարճ ժամանակում ահռելի քանակությամբ գրականություն է թարգմանվում հայերեն՝ չհաշված Աստվածաշունչն ու ծիսական մատյանները: Ուստի մեսրոպյան շրջանը հետագայում իրավամբ ստացել է հայոց ոսկեդար անվանումը:
Մեծ էր արդյունքը թարգմանչական-մշակութային այս շարժումի: Եկեղեցու արարողությունները ստանում են նոր շքեղություն ու փայլ: Ամեն կողմից, հրապարակներում, փողոցներում թե տներում, մեծերի և փոքրերի շուրթերից լսվում են սաղմոսներ, երգեր ու շարականներ՝ հայերեն լեզվով:
Ղազար Փարպեցին այսպես է նկարագրում այդ տեսարանը. «Պայծառացան եկեղեցիները, սրբերի վկայարանները, ծաղկեց Աստվածաշնչի ուսումը: Թարգմանիչները մշտաբուխ վտակների նման հորդում էին իրենց մեկնաբանությունները: Մարգարեական խորհրդավոր խոսքերը լուսաբանելով՝ մեղրի խորիսխից ավելի քաղցր հոգևոր խորտիկներով լցված սեղաններ էին դնում ամբողջ ժողովրդի առաջ…Հայոց բովանդակ աշխարհը լցվեց Տիրոջ գիտությամբ…»:
Հայերենով ստեղծվող ինքնուրույն գրականության մեջ առանձնակի զարգացում է ապրում պատմագրությունը, որի ներկայացուցիչներն են պատմիչներ՝ Փավստոս Բուզանդը, Մովսես Խորենացին, Ագաթանգեղոսը, Եղիշեն, Ղազար Փարպեցին, Եզնիկ Կողբացին և այլոք:
Սբ. Մեսրոպն, իր աշակերտ Կորյունի վկայությամբ, գրել է նաև ճառեր: Նրան են վերագրվում առ այսօր Հայոց եկեղեցում գործածվող ապաշխարության շարականները: Սբ. Մեսրոպը հայոց կաթողիկոսի հետ պայքարել է նաև նեստորականության և բորբորիտոնների աղանդների դեմ: Սբ. Սահակի մահվանից հետո ապրում է միայն վեց ամիս, որոնց շրջանում ինքն է հովվում Հայ եկեղեցին: Իր աստվածասեր հոգին Տիրոջ ձեռքն է ավանդում 438-ի փետրվարի 17-ին, Վաղարշապատում: Վահան Ամատունի իշխանը նրա մարմինը թաղելու համար տրամադրում է Օշականի իր տոհմական կալվածքը, և սրբի մարմինը Վաղարշապատից թափորով ու մեծ հանդիսությամբ տարվում է Օշական: Ասվում է, որ նրա մահվան ժամանակ նրա մարմնի վերևում լուսափայլ խաչ է հայտնվում, որն ուղեկցում է նրան ամբողջ ճանապարհին մինչև թաղման վայրը: Սբ. Մեսրոպ Մաշտոցն այն երջանիկ հայ սրբերից է, որի գերեզմանն անխաթար հասել է մինչև մեր օրերը և շարունակում է մնալ սրբազան ուխտավայր հայ ժողովրդի համար: Մենք նրան հիշատակում ենք տարվա մեջ երկիցս՝ Սահակ Պարթևի հետ առանձին, ապա՝ Թարգմանչաց տոնին:
Սբ. Սահակ Պարթևը «Հայոց հայր» Մեծն Ներսես կաթողիկոսի և նրա կողակից Սանդուխտ Մամիկոնյանի միակ որդին է: Նա վերջին արու շառավիղն է հայոց Լուսավորչի: Ծնվել է 348-ին Կեսարիայում, երբ հայրն ու մայրը գտնվում էին այնտեղ ուսանելու նպատակով: Երկու-երեք տարեկան հասակում կորցնում է մորը և ապա մեծանում ու դաստիարակվում Տարոնում՝ մոր հարազատների մոտ, մինչ հայրն ուսանում էր Հայաստանից դուրս: Ինքը ևս կրթությունը ստանում է Կեսարիայում և Բյուզանդիոնում, այսինքն՝ Կ. Պոլսում, և հմտանում հունարենի և այն ժամանակվա հույն գիտության և գրականության մեջ: Սահակն իմացել է նաև ասորերեն և պարսկերեն, որոնք գործածական էին Հայաստանում: Ժամանակի ընթացքում կատարյալ հելլենագետ է դառնում: Իր բազմակողմանի հմտությամբ «գերազանցում էր բազմաթիվ հույն գիտնականներին»: Մասնավոր նախասիրությամբ հետևում է նաև երաժշտական և հռետորական-ատենախոսական արվեստներին: Սբ. Սահակ Պարթևն ամուսնանում է և միայն մեկ դուստր է ունենում՝ Սահականույշին, որը սբ. Վարդան Մամիկոնյանի մայրն է: Նա կրոնավորի պարեգոտ է հագնում հավանաբար իր պատանեկան հասակում, հոր ձեռքով, ամուսնանալուց քիչ հետո: Հոգևորական ասպարեզում իր սկզբնաքայլը լինում է ճգնավորական կյանքը: Սբ. Սահակը հավանաբար կամ շատ վաղ այրիանում է, կամ էլ փոխադարձ համաձայնությամբ՝ հեռանում կնոջից, քանի որ ըստ Խորենացու, իրեն նվիրել է խստակենցաղ ճգնավորության՝ իր շուրջը հավաքելով վաթսուն աշակերտի: Երիտասարդ Պարթևը իր ժրաջան և ուսումնասեր աշակերտներով շրջում է քաղաքից քաղաք և գյուղից գյուղ՝ գլխավոր նպատակ ունենալով ուսումնասիրել Սուրբ Գիրքը, պատրաստվել թարգմանչական և քարոզչական գործունեության, և ապա կիրարկել ժողովրդի մեջ:
387-ին Խոսրով Գ արքայի նախաձեռնությամբ սբ. Սահակն ընտրվում է հայոց հայրապետ և պաշտոնավարում 52 տարի՝ չհաշված այն տարիները, որոնք անցկացնում է աքսորում: Նրա կարևորագույն գործը հայոց գրերի գյուտից հետո սբ. Մեսրոպ Մաշտոցի հետ թարգմանչությանը լծվելն ու թարգմանչական դպրոց ստեղծելն է: Այս երկուսն ու նրանց աշակերտներն են, որ հունարենից և ասորերենից թարգմանում են նախ՝ Սուրբ Գիրքը, ապա՝ ահռելի քանակությամբ կրոնական և պատմական կարևոր գործեր և հայոց գիրն ուսուցանում Հայաստանի տարբեր վայրերում: Վռամշապուհ արքայի մահվանից հետո արքային փոխարինած նրա Արտաշես որդին իր անխոհեմ վարքով իր դեմ է հանում հայոց նախարարներին, որոնք կամենալով նրան գահընկեց անել, այս խնդրով դիմում են պարսից արքային և սբ. Սահակ հայրապետին էլ ստիպում միանալ իրենց: Սակայն հայոց հայրապետը մերժում է՝ ասելով. «Չեմ կարող իմ հիվանդ ոչխարին փոխել օտարի առողջ գազանի հետ»: Ուստի ինքն էլ ամբաստանվում է պարսից արքունիքում: Սրան հետևում է հայոց արքայի գահընկեցությունն ու Արշակունի թագավորության անկումը 428-ին և հայոց հայրապետի աքսորը Տիզբոն, որը տևում է շուրջ չորս տարի: Այս ընթացքում մեկը մյուսին հաջորդում են եկեղեցին թալանելով զբաղված և ժողովրդի դժգոհությունը հարուցող ասորի դրածո կաթողիկոսներ: Սակայն հայ ժողովուրդն իբրև իր օրինական հայրապետ միշտ էլ ընդունում է սբ. Սահակին: Այս ընթացքում կաթողիկոսական գործերն իրականում վարում էր հայրապետական տեղապահը, որ սբ. Մեսրոպն էր: Ի վերջո, հայոց ծերունի հայրապետը վերադառնում է աքսորից և հաստատվում Բագրևանդում, իսկ սբ. Մեսրոպը, սբ. Սահակի ցուցմունքներով և նրան հավատարիմ, շարունակում է իր գործը՝ մնալով Վաղարշապատում, երբ այդ ժամանակ կաթողիկոսական գահին ձևականորեն բազմած էր ասորի Շմուելը: Հայոց սուրբ հայրապետը, ստանալով 431-ին գումարված Եփեսոսի Տիեզերաժողովի որոշումները, նույնությամբ ընդունում է հայ եկեղեցու անունից: Կյանքի վերջին տարիներն անցկացնում է աղոթքով ու հոգևոր ուսուցանմամբ և ճիշտ իր ծննդյան օրը՝ սեպտեմբերի 9-ին, 444-ին վախճանվում է Բլուր գյուղում և թաղվում Տարոնի Աշտիշատ գյուղում, սեփական կալվածքում: Սբ. Սահակի անունով մեզ հասել են եկեղեցական կանոնների մի հավաքածու կանոնախումբ, որ մասն է կազմում հայոց կանոնագրքի, նամակներ և շարականներ: Մեր եկեղեցին նրա հիշատակը նշում է երկիցս՝ առանձին և սբ. Մեսրոպի հետ:
Կազմեց Կարինե Սուգիկյանը