4 Նոյեմբեր, Բշ
Սուրբ Հոգու քրիստոսաձիր և առատաբուխ ողորմության շնորհները, որ միշտ և հանապազ, ամեն ժամանակ առատաձեռնությամբ տնօրինում է Իր եկեղեցիների մեջ, որ հաստատեց հավատի առաքելական վեմի վրա և կանգնեցրեց անհողդողդ յոթ սյուներով և երբեք չի նվազեցնում կամ պակասեցնում Իր ստեղծածներից, մանավանդ նրանցից, որոնք սկզբից ևեթ Նրա կամքին հաճոյացան ու եղան Նրա խորհուրդները կատարող, հաստատապես նշաններ ու սքանչելիքներ է կատարում օրերում, դարերում և բոլոր ժամանակներում, որով և արեց սկզբնապես և անելու է մինչև Իր տերության գալուստը, ինչպես և ցույց տվեց դարից դար, դրանք գրված և պատկերված են աստվածային գրքում: Արդ, Բան Աստծու գալստյան և մեզ վրա արդարության Արեգակի ծագման ժամանակ, որից հետո մեզ թագավորեց մեր Տեր Հիսուս Քրիստոսը, երբ անմարմին Աստվածը թանձրացավ մարմնի մեջ և ինքնահոժար կամքով մեր բնությամբ էր կենցաղավարում, ըստ մարգարեին` զատ և հեռու մեղքերից: Նրա չարչարանքներից, աշխարհ ապրեցնող հարությունից և նորահրաշ համբարձումից հետո վախճանվելով սրբերի և Իր անվան սիրելիների և Իր մարմին առած տնօրինության վկաների առկայությամբ, որոնք արի հոժարությամբ վերցրին Խաչյալի խաչերը և ընթացան կանչող ձայնի հետքով, խաչակից եղան Որդի Աստծուն: Քանի որ դրսից դիտելով` տեսան Բանի փառքը և անհատնում բարքերի խոստացված բարեբաստությունը, անասելի գեղեցկությունը, անծերանալի կյանքը, անտրտում ուրախությունը, անթառամ պսակը և նմանները, որ բանականներից ոչ ոք չի կարող զննել, կամ խոսքով թվարկել վկաների քանակը, որոնք կամավոր և առաքինաջան նահատակությամբ հասան Հոր ավետիսին, երանելի Հույսի ակնկալությամբ, իրենք իրենց խաչ հանեցին կարիքով և ցանկությամբ հանդերձ, իրենց մեջ կրելով ըստ առաքյալի բազմազան և բազմաթիվ չարչարանքի կրքեր, համբերելով նեղությունների ու լլկանքի, քաղցի ու ծարավի, ցրտի ու մերկության, գելարանների ու կապանքի, ստանալով հավիտենական կյանք, պսակվելով Լույսի Հորից և ժառանգելով անտրտում ուրախություն:
Արդ, այս ժամանակ և այս կյանքի շրջապտույտի նվազմանը, այս հետնյալ օրերին, վերջին ժամանակներս, մեր մեջ եղան այս նշաններն ու սքանչելիքները, որ Աստծու նախախնամությունը կամեցավ պսակել սուրբ եկեղեցին և զվարճացնել Նոր Սիոնի մանուկներին և բարձրացնել սուրբ եկեղեցու եղջյուրը: Այդ տեսնելով Քրիստոսի հոտի վհատածներն ու երկյուղածները կզարթնեն մահահանգիստ քնից, կզղջան և կհանգեն ճշմարտության գիտության, ավետարանական դավանմամբ կհաստատվեն սուրբ հավատքի և սուրբ Երրորդության խոստովանության մեջ: Եվ այս` արդարների և Աստծու ընտրյալների վերանալով, և տեսակ–տեսակ չարիքների սերումով ու բազմանալով երկրի վրա, որ ցանեց չար որոմի սերմանողը` կորստյան որդին և անօրինության մշակը:
Տաճկաստանի մեծ արքա Սուլիման Շահ Սուլտան Ռուգնատնի բռնակալության ժամանակ էր, որը իր օրերին քաջության բազում հանդեսներ և հաղթական պատերազմներ վարեց` շատերի աչքում մեծարվելով և սարսափի մատնելով տիեզերքի բոլոր թագավորներին: Սա որդին էր մեծ ու հաղթող ինքնակալ Խլիճ Ասլան Սուլտանի: Սա իր տերության իշխանության տակ գրավեց հյուսիսային կողմերը` սկսած Կեսարիա մայրաքաղաքից մինչև մեծն Բյուզանդիոն, որ այժմ կոչվում է Կոստանդնուպոլիս, իշխանության տակ ունենալով Պոնտոսն ու Սեբաստիան և ամբողջ Զեմենտացոց և Տրապիզոնցոց տերությունը, հասավ մինչև մեծ ու հռչակավոր Թեոդուպոլիս, որ կոչվում է Կարնո քաղաք, [իր] գավազանի տակ նվաճեց Եկեղյաց և Դարանաղյաց [գավառները, իր] ձեռքի տակ վերցրեց Ծոփաց իշխանին, հասավ մինչև Մելիտենի լայնանիստ քաղաքը, Եդեսացոց սահմանին մոտ. կհամարձակվեմ ասել` և ամբողջ աշխարհը, տիրելով [նաև] իր ամբողջ հայրենական աշխարհին: Սրանք ուրեմն այսպես եղան: Սրա օրերին, նրա տերության երկրորդ տարում հայտնվեց Քրիստոսի մեծ և սքանչելի, պանծալի և հռչակավոր վկան` երանյալ նահատակ սուրբ Թեոդորոսը:
Սա ծնվել էր Գամրաց գավառում` Կապադովկիա աշխարհում, Կեսարիա քաղաքում, որ հայրապետական և թագավորական աթոռ է և գահերեց հունաց բոլոր քաղաքների, իր մեջ ունենալով շատ արեգակներ` սուրբ վկաների հույլեր, որոնք ջահաբորբոք լույսով պայծառացնում են քրիստոնեական եկեղեցին. Մերկյուրիոսն եմ ասում և Գորդիոսը, և մեծ Բասիլիոսը, որոնց մեջ տեսանելի է և Քրիստոսի բազմիցս երանելի վկա սուրբ Թեոդորոսը: Արդ, մեր Քրիստոս Աստծուց օրհնված է նախասացյալ Կեսարիա քաղաքը, որ այսպիսի ջահեր և արեգակներ էր աճեցնում:
Բայց գանք այս քաջ և հաղթող վկայի մեծագործության պատմությանը և դրվատական խոսքերով ցույց տանք նրա պանծալի ընթացքը, իսկ դուք մաքրեցեք լսելիքներդ` ունկնդրելու սուրբ նահատակի համբերությունը: Արդ, սա, որ այսքան երանությունների արժանացավ, մանուկ հասակից և մայրական խանձարուրից հրահանգվել և կրթվել է օրենքներով ու մարգարեներով, սնվել ավետարանական կաթով` ըստ սուրբ ավազանի շնորհների, ըստ աճման հասակի զարգանալով մինչև երիտասարդական արբունքի հասնելը, հետևելով Տիրոջ օրենքին և գիշեր ու ցերեկ խոկալով Նրա պատվիրանների շուրջը: Ապա մեր բնության սովորությամբ զուգավորվում է պարկեշտ ամուսնությամբ, զբաղվելով արհեստով, այդպես հոգալով իրենց կյանքի կարիքները, ըստ մարգարեի, թե. «Կուտես քո ձեռքի վաստակները» (Սաղմ. ՃԻԷ. 20): Ապա երանելին մտածում էր, թե ինչպես կամ ինչ ձևով կարող է մարմնի աղքատությունից ազատվել, ըստ մեր բնության սովորության մտորելով ապագայի մասին: Բայց կա աղքատություն, որ իր մեջ բազմազան ճոխություն է պարունակում: Եվ կա ճոխություն, որ իր մեջ ունի դրա հակառակը: Թվում է` սա այն աղքատացածներից մեկն էր, որին աշխարհակեցույց քարոզության աստվածային Բանը արժանացրեց ասելով. «Երանի հոգով աղքատներին» (Մատթ. Ե. 3, Ղուկ. Զ. 20):
Սա գնաց քաղաքացիներից մեկի մոտ և ասաց. «Ինձ փոխ տուր ոսկու և արծաթե դահեկաններ, օգնելով իմ թշվառությանը»: Իսկ նա հոժարությամբ տվեց նրան` ինչքան խնդրեց իրենից: Եվ նա առավ, գնաց և անմիջապես վատնեց, ինչպես ինձ է թվում, անցավորը վաճառեց արքայությանը` շահելով երանություն, դրախտի վայելչություն, Աբրահամ հայրապետի գոգի գրկանքներ: Ո՜վ հրաշք. ոսկին դեպի հողն էր խոնարհվում, իսկ անմահական գանձը բարձրացել էր նրա մոտ, որ գոյությամբ ապականացու էր: Ու երբ եկավ հատուցման ժամանակը, նա չէր կարող հատուցել, իսկ պարտատերը նեղում և կեղում էր վերադարձնելու պարտքը, և նա չէր կարող: Ապա [պարտատերը] տարավ քաղաքի դատավորի մոտ, որ արքունական հրամանով կարգված էր բոլոր գավառների դատող և իրավարար: Եվ երբ ճանապարհ ընկան–գնացին, [պարտատերը] դատավորին գործը պատմեց ճիշտ հակառակ ձևով: Իսկ նա հրամայեց այնտեղ ամբողջապես հատուցել պարտքը: Եվ երբ ելան դատավորի մոտից, չարի ծառայակիցը բռնեց նրան և նեղում էր խեղդելով, իսկ Թեոդորոսը ազատվեց նրա ձեռքից ու նորից ընկավ դատավորի պալատը: Այնտեղ ուրացավ քրիստոնեական հավատը, որ ուներ և ժամանակավորապես փախչելով ազատվեց այն մարդուց, որ նեղում էր իրեն: Այնուհետև գնաց իր տունը և անմիջապես ուշքի գալով հիշեց տերունական խոսքը, որ ասում է. «Ով ինձ ուրանա մարդկանց առաջ, կուրանամ և Ես նրան Իմ Հոր և սուրբ հրեշտակների առաջ» (Մատթ. Ժ. 33, Ղուկ. ԺԲ. 9): Այս առթիվ լավ մտածելով` իրապես երկմտեց և հաստատապես զղջաց, ընկավ երեսնիվայր գետնին, լալիս էր դառնապես և արտասվում ողորմաբար, ապաշխարելով իր կորուստը, և զարհուրեց, շքեղացավ նրա դեմքը, ինչպես Քրիստոսի քաջ և երանյալ վկա Հակովիկը, որ արյամբ վախճանվեց ի փառս Աստծու:
Այնուհետև ելավ խուսափեց այնտեղից, ճանապարհ ընկավ, գնաց մի փոքրիկ քաղաք, որ Հունաց սահմաններին մոտ էր և հայկական անսայթաք լեզվով կոչվում է Շնորհավոր, իսկ ըստ իսմայիլյան խախտալուր լեզվի` Խիր–Շահր: Այնտեղ բնակվեց ծածկաբար` ունենալով հայրենատուր և անբիծ հավատը առ Քրիստոս: Այնտեղ մնալով` մեծ զղջմամբ ապաշխարում էր: Այնժամ չարի սադրանքով և հակառակությամբ չար կամքի բանսարկուի, որ հանապազ մարտնչում է մարդկանց որդիների հետ, նրա վրա փորձություններ էր հարուցում: Կեսարիա քաղաքից մի մարդ, անօրենների դասից գնալով վերոհիշյալ այն քաղաքը պատահմամաբ հանդիպեց Աստծու մեծ ու ցանկալի այրին, և տեսնելով ճանաչեց նրան, բռնեց Քրիստոսի ամենաերջանիկ վկային և ասաց. «Դու այն չե՞ս, որ ուրացար քո Քրիստոսին և հրաժարվեցիր Նրա ճշմարտությունից, եղար ուրացող և մեր օրենքի հավատացյալ: Այժմ տեսնում եմ քեզ, որ առաջին հավատն ունես և քրիստոնյաների կարգերը, Նրան պատվում ես հոժարությամբ` ուրանալով մեր կրոնը և արհամարհելով հավատքը, որ սկսել էիր»: Որովհետև լսել էին սրբի դարձը և չգիտեին որտեղ է, որ բռնեին և սպանեին նրան: Իսկ Քրիստոսի անպարտելի վկան աներկյուղ համարձակությամբ խոստովանեց ճշմարտությունը և չուրացավ, բացահայտ ասելով. «Այո՛, ես եմ, որ չարի խաբեությամբ պարտվեցի և հանցավոր եղա իմ Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ, որ երկնքի ու երկրի, երևելիների ու աներևույթների արարիչն է, միակը, որ ունի անմահություն` բնակվելով անմատույց լույսի մեջ: Ինչո՞ւ էի ուրանում Նրան, որ ճանաչում էի իմ մոր որովայնից: Նրան եմ միայն պաշտում և Նրան երկրպագեցի իմ մանկությունից: Բայց այժմ զղջալով ճանաչեցի ճշմարտությունը և դարձա իմ հավատին»: Այնժամ սրտմտությամբ և բարկությամբ զայրացավ այն մարդը, չուզեց թողնել նրան, այլ բռնեց, պարսավելով տարավ քաղաքի զորագլխի մոտ, որ արքունական հրամանով ստանձնել էր քաղաքի վերակացությունը, և պատմեց նրան ամեն ինչ: Երբ այս լսեց քաղաքապետը, բարկանալով հրամայեց ծաղրուծանակ անել նրան, արհամարհանքով ու անարգանքով շրջեցնել քաղաքի փողոցներում` ի տես բոլոր ռամիկների: Իսկ Քրիստոսի սուրբ վկան այն ամենը իրեն փառք ու պատիվ համարելով տանում էր համբերությամբ: Այնժամ բռնավորը բարկացավ, հրամայեց սրբին բանտ նետել մի քանի օրով:
Օրեր անց երանելիին հանել տվեց և տանջել դահիճների ձեռքով: Չարչարելուց հետո հրամայեց կապանքով և դառն նեղությամբ տեղափոխել Կեսարիա քաղաքը, մեծ արքայի մոտ: Եվ տանելով քաղաք` իսկույն երանելիին բանտ նետեցին: Մյուս օրը` արևածագին գնացին պատմեցին արքային սուրբ վկայի մասին: Իսկ նա` երբ լսեց, հրամայեց շտապ բերել իր առջև: Եվ երբ սուրբը մտավ, արքան մեծ ցասումով նայեց նրան և ասաց. «Ա՛յր դու, ճի՞շտ են ասում, որ տաճիկ ես եղել և այժմ հետ դարձել, ունես քրիստոնյաների կարգն ու աղանդը, պատվում ես Նազովրեցու օրենքը, պաշտում ոմն Աստծու, որին Հիսուս են անվանում, և որն Իր ազգից չարչարվելով և խաչվելով մեռել է չարագործի մահով: Եվ մեր հավատը արհամարհանքով թողել ես: Արդ, հրամայում եմ քեզ, առանց այլևայլության ընդունել մեր սահմանած կրոնը և թողնել քրիստոնյաների սնոտի և ընդունայն կարգը»:
Այնժամ Քրիստոսի անպարտելի վկան բացեց շնորհալից բերանը, ասելով. «Ես, ո՛վ թագավոր, քրիստոնյա եմ, և Քրիստոսի ծառա, այլև քրիստոնյաների զավակ և երբեք չեմ լսել, թե իմ տոհմի մեջ եղել է դրանից, որ դու ես ասում, ես ևս չեմ լինի հավիտյան, այլ միայն իմ միակ Աստված Հիսուս Քրիստոսինը, որ մեռավ մեզ համար և իր մահվամբ կենդանացրեց մարդկային ցեղը: Սկզբից ևեթ Նրան ենք հավատացել, և ազգեազգ Նա է մեր փրկիչն ու կեցուցիչը, Նրան է պետք ծառայել և միայն Նրան լինել հպատակ: Երբեք չեմ ուրանա իմ Տիրոջը և ճշմարիտ Աստծուն, որ կյանքի և մահվան Տերն է»: Արքան դարձյալ կրկնեց և ասաց սրբին. «Այդպես մի՛ մնա նույն համառությանը և մի՛ ընդդիմացիր իմ հրամանին, եթե ոչ` կհրամայեմ քեզ քարկոծել և զրկել քաղցր կյանքից»: Աստծու սուրբը պատասխանեց և ասաց. «Այսուհետև գիտեցիր, ո՛վ արքա, որ ես մտքիս չեմ դրել վախենալ քո սպառնալիքներից և կամքս միտք ու առաջարկություն չունի ուրանալու իմ Քրիստոսին և պաշտելու սուտ ու պատիր և խաբեբա ձեր կրոնը: Պատրաստ եմ հոժար կամքով չարչարանք և նեղություններ հանձն առնել հանուն մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որ ինձ համար խաչի և մահու չարչարանքներ ստացավ: Այժմ մի՛ հապաղիր, այլ իսկույն արա՛, ինչ անելու ես»:
Արքան մռնչալով հրամայեց բռունցքով հարվածել սուրբ վկայի բերանին այնքան, մինչև ատամները լնդերից թափվեն, և ուղարկեց նրան դատավորի մոտ, ասելով. «Ինչպես ուզում ես քննիր դրան` թե ինչ ազգից է, և վարվիր նրա հետ քո ցանկությամբ»: Իսկ նրան ըստ ինքնակալի հրամանի տարան, և երբ նա մտնում էր դատավորի մոտ` [վերջինս] իսկույն ճանաչեց սրբին և ասաց. «Դու չէ՞իր, որ մի ժամանակ եկար ինձ մոտ և ուրացար քո Քրիստոսին և հայրենի հավատդ և դրանով ազատվեցիր այն մարդու ձեռքից, որին պարտք էիր: Եվ ես քեզ ընդունեցի իբրև հարազատ որդու և սիրելի եղբոր, պատվելով մեծարեցի և արձակեցի քեզ: Արդ, ո՞րտեղից ես գալիս և ինչ է, որ լսում եմ քո մասին, ճշմարի՞տ են, թե սուտ: Ասա անմիջապես, քանի որ ուզում եմ քեզնից իմանալ եղելությունը»: Իսկ Աստծու սքանչելի այրը և Քրիստոսի մեծ վկան բարձր ձայնով բազմամբոխ հրապարակի և ռամիկների հոծ խմբի առաջ սկսեց համարձակորեն և արտասուքով լի, բոլորին լսելի ասել. «Քրիստոնյա եմ` ըստ ավազանի շնորհի և խաչյալ Աստծու ծառա: Եվ այժմ ես չեմ ուրանա Նրան, այլ խոստովանում եմ Աստված և Տեր և Թագավոր, Իշխան և Փրկիչ, և հանձն եմ առնում տանջանքի բոլոր հարվածները Նրա ամենասուրբ անվան համար, այլև խնդությամբ կմեռնեմ, որ Նրա առջև մնամ զվարթ երեսով, որովհետև թեպետ ավելի առաջ քո ատյանում մեղք գործեցի իմ Տիրոջ հանդեպ, բայց հույս ունեմ և ակնկալում եմ Նրանից գտնել և ստանալ հանցանքի թողություն` իմ արյան հեղմամբ: Ահա լսեցիր ինձնից, ո՛վ դատավոր, ամեն ինչ ճշմարտությամբ»:
Եվ դատավորն ասաց. «Որդյակ իմ, մի՛ ընդդիմացիր իմ խրատին, հիշիր ուխտի դաշինքը, որ հաստատեցիր իմ ատյանի առջև. ես վերստին կընդունեմ քեզ և կտամ ոսկու և արծաթի գանձեր ի բավարարություն քո կյանքի կարիքների, և պատվով կմեծարվես մեր բոլորից` մեծամեծներից ու փոքրերից, երևելի կլինես արքունի պալատում, որովհետև քեզ ընծայեցիր միակ աստծուն և քո կամքով ուրացար քրիստոնեությունը` հետևելով մեր կրոնին: Արդ, որդյա՛կ, մի՛ խենթանա, փախչելով բարի խորհրդից, քո դեռատի հասակը մատնելով կորստյան»: Դատավորը այս և այսպիսի խաբեական խոսքեր ասաց սուրբ վկային, կարծելով համոզել նրան: Իսկ ամենագով սուրբը խցել էր ականջները, ամենևին չէր ընդունում նրա ասածները, այլ միայն համարձակ ձայնով ասում էր. «Ո՛վ դատավոր, ինձ խոստանալով ոսկի ու արծաթ, մեծարանք և պատիվ արքունիքից, ուզում ես ինձ հավանեցնել քո կորստական և խաբեպատիր խոսքերին, ինձ ստիպում ես թողնել ուղիղ ճանապարհը, որ հավիտենական կյանք է տանում, ուր գանձն անապական է, իսկ արքայությունը` անվախճան: [Ստիպում ես] լսել քո մոլար խրատին, որի համար ես լալիս եմ ձեր անձանց կորուստը և ձեր իմանալի աչքերի կուրության խավարը, որտեղից մնում և պահվում են ձեզ համար անշեջ հուրը և անքուն որդերը, ինչպես ասաց Տերը» (հմմտ. Եսայ. ԿԶ. 24):
Այնժամ վկան դարձյալ ուժ ստացավ Սուրբ Հոգուց, կամեցավ հաստատել խոսքը և ասաց. «Երդվում եմ երկնքով և երկրով և նրանց արարչով ու հաստիչով, որ ինչպես հնարավոր չէ, որ նրանք ելնեն իրենց կարգի սահմանից, նմանապես և ես չեմ փոխվի իմ բարի խորհրդածություններից: Այժմ ինչ որ անելու ես` արա՛ իսկույն` ես պատրաստ եմ մեռնելու, ինչպես ասացի»:
Եվ ամբարիշտ դատավորը ցասումով լցված տվեց չարադև դահիճների ձեռքը` երկար ծեծելու և տանջելու նրան: Իսկ չարի սպասավորները քարով գանահարեցին նրա կզակը, մինչև ջախջախվելով խորտակվեց նրա բերանը, որից վարդագույն արյունը կայլակելով հոսեց, ոռոգեց երկիրը, և նրանց առջև մեռելի պես ընկած էր [սուրբը]: Իսկ նրանք հանեցին նրա զգեստները և փաթաթելով կտավի մեջ տարան բանտ և պահում էին զգուշությամբ: Իսկ Քրիստոսի երանելի վկան, մտնելով բանտ, ամբողջ գիշերը լուսացնում էր Աստծուն աղոթելով, բերկրալից սրտով և անտրտում ուրախությամբ գոհանում Աստծու անպատում պարգևներից, որ արժանի արեց չարչարվել Իր համար, ցնծում և օրհնում էր Աստծուն: Այդպես մնում էր բազում չարչարանքով խավարչտին բանտում, և երբ այդ եղավ, սրբին կապանքներով բերին դատավորի առաջ նրա ապարանքում: Երբ դատավորը տեսավ Քրիստոսի բարեհաղթ վկային սկսեց խոսել և հարցրեց նրան. «Իմաստնացա՞ր, որդյա՛կ իմ Թեոդորոս, այժմ գիտեմ, որ հրաժարվել ես չար խորհուրդներից, որ ունեիր անցյալ օրը: Ահա տեսնում ես, թե ինչքան դժվարին են մարմնի նեղություններն ու մահվան երկյուղը, որի համար ես ևս ապաշխարում եմ և երեկվա օրը, որ բարկությամբ ու զայրույթով մեղք գործեցի քո դեմ, այժմ ամաչում եմ քեզնից և աղաչելով խնդրում եմ թողնել ալեհեր [ծերուկիս] հայրական տանջանքները, որ քեզ պատճառեցի, և սրտիս ցասումից պարտված չկարողացա համբերել քո տխմար և մանկական բարքին և երիտասարդական համարձակությանդ: Արի՛, այժմ մի կողմ դիր տմարդի և անօգուտ կամքը, որ ստացար քրիստոնյաների խրատից: Քանի որ ես գիտեմ` նրանք ամեն ինչով հրապուրեցին քեզ հակառակվելու մեր կրոնին: Արդ, լսիր և դարձիր վերստին, և կվայելես բազում բարություններ այս աշխարհի կյանքում և ոչ միայն այս, այլ արքունի պալատում կլինես բոլորի աչքին հաճոյացած և սիրելի: Ահա քեզ ասացի ամեն ինչ մեղմորեն, բայց քո օգուտը ինքդ ես ընտրելու»:
Քրիստոսի երանելի վկան պատասխանեց դատավորին. «Լսեցի քո խոսքերը անօգտակար և անպիտան [բաների մասին], որ ժամանակավոր են և շուտով կչքանան: Դու ինձնից չլսեցի՞ր` քո և ամբողջ ատյանիդ առաջ երեկ, անցյալ օրը ինչպես երդվեցի իմ Աստծով` չփոխվել իմ հաստատուն հույսից, որ ունեմ մանկությունից ի վեր Քրիստոսի հանդեպ: Իսկ եթե մոռացել ես, դարձյալ կրկնեմ և երրորդեմ և սա` իմ անդանդաղ և հոժարական կամքով. իմ հավատը և հույսը, որ ունեմ իմ Տիրոջ նկատմամբ անխախտ և հաստատուն են: Որովհետև դյուրին է շարժել կամ փոփոխել բարձրանալիք լեռները, որ մեր հանդեպ են, քան թե իմ միտքը փոխել կամ հեռանալ հավատիցս և Քրիստոսի հույսից: Արդ, դու ինչպես ուզում ես արագորեն կատարիր քո կամքը իմ հանդեպ»: Եվ նույն պահին Քրիստոսի փառավոր և սքանչելի վկան բարձր ձայնով գոչեց ի լուր ամենքի և ասաց. «Քրիստո՛ս, Աստծու Որդի, որ Հայրական ծոցից խոնարհվեցիր դեպի մարդկային ցեղը և մարմին առար սուրբ Կույսից, ծնվեցիր անճառապես և առանց արատի և մարգարեների կանխատեսությունը կատարելով եկար Հորդանան, Գառն Աստուծո, որ վերացնես աշխարհի մեղքերը և նույն ժամին տեսար Քո մեծ Կարապետի` երկինքը ճեղքելը, և Աստծու Հոգին, որ իջնում էր Քո` Իր փառակցի վրա, որ մեզ համար ամեն ինչ հանձն առար, բացի մեղքից, և խաչով ու արյամբ մեզ ազատեցիր մեղքի ծառայությունից: Խոստովանում եմ Քեզ Աստված կատարյալ, Երրորդությունիցդ մեկը, համագոյակից և փառակից, պատվակից և իշխանակից Հորը և Սուրբ Հոգուդ: Խոստովանիր և ինձ, Տեր, Քո Հոր և սուրբ հրեշտակների առջև, ինչպես խոստացար: Մի՛ նայիր իմ անարժանությանը, այլ գթա ինձ, մի՛ անտեսիր Քո ծառային և իմ ընթացքը ավարտիր Քո բարեսեր կամքի համաձայն, քանի որ միայն Դու ես փառքի ու պատվի արժանի և Քեզ փառք. հավիտյանս. ամեն»:
Իսկ անօրեն դատավորը առավել ևս լցվեց զայրույթով ու բարկությամբ, անօրինության սպասավորներին հրամայեց հարձակվել սրբի վրա: Անտանելի տանջանքով չարչարում էին Քրիստոսի ամենաերջանիկ նահատակին, մինչև բոլորն ասացին, թե մեռավ: Եվ քարշ տալով քաղաքի փողոցով` գլխի մազերից բռնած, տարան նրան գցեցին բանտ, ուր մնաց երեք օր: Իսկ երանյալ վկան կանչեց մի ճշմարտախոս, իրավախոհ, բարեպաշտ և Աստծու երկյուղած քահանայի, որի անունը Գեորգեոս էր, որ երբ լսեց, հոժարակամ եկավ նրա մոտ, և սուրբն ասաց. «Ո՜հ, տեր իմ Գեորգեոս, ել գնա մեր հայրապետի վանքը, գտիր եպիսկոպոսապետ և իմ տեր Անանիասին, պատմիր նրան բոլոր աղետներիս մասին, աղաչիր նրան աղոթել ինձ համար, թերևս արժանի լինեմ մարտիրոսական նահատակություն ստանձնելու»: Հրաժեշտ տալով` ուղարկեց քահանային և ինքը նորից սկսեց աղոթել: Իսկ հիշյալ քահանան շտապ եկավ Հայոց կաթողիկոսի մոտ և ամեն ինչ պատմեց ստուգությամբ: Իսկ նա իր բնածին բարքի համաձայն և առաքինասեր կամքով, որ ուներ որբերի, այրիների, և անայցելուների հանդեպ, ևս առավել նրանց, որ հավատի համար նահատակվում էին, ինչպես և տեսնում ենք սուրբ վկայիս օրինակով, երբ լսեց քահանայի ասածը սրբի մասին, իսկույն ելավ, մտավ իր սենյակը սուրբ եպիսկոպոսների և վարդապետների և ամբողջ եկեղեցական ուխտի հետ և երեսնիվայր գետնին ընկած Աստծու առջև աղոթում էին ջերմեռանդ արտասուքով հանդերձ, աչքերը երկինք համբարձած. Նահատակադիրին օգնության էին կանչում` փրկելու Իր սուրբ ծառա Թեոդորոսին, միաձայն ինչ–որ երգեր ասելով սաղմոսից. «Աստվա՛ծ, ինձ նայիր օգնելու» (Սաղմ. ԻԱ. 20, ԼԹ. 14, ԿԹ. 2) և «Տե՛ր, փութա ինձ ընկերանալու» (Սաղմ. ԿԹ. 2): Եվ դարձյալ. «Իմ ձայնով ես Տիրոջը դիմեցի» (Սաղմ. Գ. 5), նաև` «Տե՛ր, լսի՛ր իմ աղոթքը» (Սաղմ. ԼԸ. 13), ու դարձյալ. «Բազում նեղություններ կան արդարներին, ամեն ինչից փրկիր նրանց, Տե՛ր» (Սաղմ. ԼԳ. 20):
Այն տեղ մնալով մոտ երեք ժամ, դարձյալ Գեորգիոս քահանային ուղարկեց բանտ` քաջամարտիկ վկայի մոտ և` բազում մխիթարական բաներ նրա հետ: Եվ նա ելավ–գնաց, պատմեց սուրբ հայրապետի ասած բոլոր հորդորական բաները և համբերության օրինակը, որ սուրբ վկան լսեց և առավել հաստատվեց ի Քրիստոս անշարժ հույսի հավատի մեջ: Եվ քահանան երկրպագեց սրբին, վերադարձավ քահանայապետի մոտ: Իսկ կաթողիկոսը նույն քահանային հրամայեց կերակուր վերցնել երանելիի մարմնական կարիքի համար և տանել բանտ: Մտնելով բանտ` տվեց նրան ուտելու, որ առավ կերավ նրա ներկայությամբ, ապա երկուսով միաբան սկսեցին աղոթել, իրենց կնքեցին խաչի Նշանով ու նստեցին: Եվ աստվածուսույց քահանան սկսեց կրկնել նրան ինչ որ գրված է աստվածային գրքում, Աստծու բազմաչարչար վկաների նահատակությունները, արդարների նեղությունները, սրբերի համ բերատար ժուժկալությունները, Քրիստոսի ընտրյալ նախամարտիկ այրերի հանդեսները, լլկանքները, ծաղրը, խաչը, եղեգնը, նաև քարոզում էր նրան Հին և Նոր կտակարաններից: Իսկ սուրբն ու ամենասուրբը ունկնդրում էր նրան և զվարթությամբ ուրախանում, ցանկանում և փափագում էր հասնել երանավետ կոչմանն ու անթառամ պսակներին: Քահանան համբուրեց սրբին, նրան հանձնեց Աստված Հոր ամրածածուկ աջին և ինքը վերստին դարձավ եպիսկոպոսապետի մոտ: Իսկ կաթողիկոսը վեց օր այսպես նախախնամված հոգաբարձությամբ քահանային առաքում էր միշտ նրա մոտ, ինչպես ցույց տվինք նախապես:
Ապա վեց օրից հետո դատավորը [մարդ] ուղարկեց բանտ իր պատվավորներից և մեծամեծ ավագանիից, գիտուններից ու իրենց առասպելաբան ուսմունքի ընթերցողներից, նրա հետ խոսելու խաբեպատիր բաներ, թերևս կարողանային ընտիր նահատակին հավանության բերել: Եվ ամբարիշտները մտան բանտ նրա մոտ, մահացու ողջույն տալով նստեցին նրա հանդեպ, սկսեցին խոսել և ասացին նրան. «Ինչո՞ւ կաս և մնում ես այդ համառությանը և նստում ես այդ խավարչտին տեղում` անձդ մատնելով ի մահ, անտեսելով քո կյանքը: Ո՞ւմ համար ես դա անում և կամ ո՞ր հույսի համար ես համբերում այդպիսի լլկանքի ու անտանելի չարչարանքների: Լսի՛ր մեզ և քեզնից վանիր քո կամքի դատարկ խորհուրդները և ել ուղեկից եղիր մեզ, որ գնանք մեր օրենքի գլխավորի մոտ, նրանից և մեր բոլորից ընդունես բազում ընծաներ ու պարգևներ և ազատվես տանջանքներիցդ, որոնց մեջ ես»:
Այսպիսի բազում հրապուրական խոսքեր էին ասում սուրբ վկային` կամենալով նրան շեղել առաջադիր ճանապարհից: Բայց նա, քանի որ սիրո աստվածային հրով էր բորբոքված, ամենևին այլ պատասխան չէր տալիս իր մոտ եկածներին, միայն այս ասելով. «Քրիստոնյա եմ և Քրիստոսի ծառա` ըստ վերստին ծննդյան ավազանի, և Քրիստոսի Աստվածության ճշմարիտ խոստովանող եմ»: Եվ երբ չհաջողվեց շարժել և խախտել նրա հավատի հաստատուն կարծրությունը և չկարողացան վանել նրա ամրությունը, այնուհետև ելան, ամոթահար գնացին այնտեղից:
Իսկ մյուս օրը դատավորը խորհրդակցելով սրբի մոտ է ուղարկում ունևոր և մեծատուն իշխաններից ոմանց, որ իրենց հետ բերելով ոսկի և արծաթ, ազնիվ ու մեծագին հանդերձանք, մտան այդ ամենը դրին սրբի ոտքերի մոտ և նախորդների նման խոսեցին նրա հետ: Այնժամ ամենայն երանությունների արժանավոր վկան Քրիստոսի հոգու իմանալի աչքով տեսնում էր բանսարկուի հարվածներն ու փորձությունները, որ հարուցում էր իր դեմ անօրենի չար սպասավորների միջոցով, արհամարհելով նրանց ցրում և մերժում էր պարգևներն ու ընծաները, որ բերել էին իրեն և թքով արհամարհում, դեպի նրանց մղելով կորստական նվերները: Եվ միայն այս էր աղաղակում. «Քրիստոնյա եմ, քրիստոնյա. ձեր ինչքն ու պարգևների խոստումները ձեզ հետ լինեն հավիտենից կորստի ժամանակ»:
Եվ երբ տեսան նրա հավատի անսասանելի պնդությունը, նրանք ևս ամոթահար դեմքով գնացին առաջինների նման: Ապա տասնութ օր անց հոգնեցին ու պարտվեցին չար սպառազենները` մարտնչելով սուրբ վկայի դեմ: Այլև այսչափ անտանելի չար և դառն տանջանքներից հետո, որ անօրենները պատճառեցին երանելիի սուրբ մարմնին, նրան մահվան վճիռ հատեցին այսպես. «Թեոդորոսին` ժանդ և ապերասան մարդուն, ազգով, տոհմով և կենցաղով Գամիրք գավառից, կերպարանքով ու ձևով աղքատ, չքավորության պատճառով հեռացած հայրենատուր հավատից, որ այժմ վերադարձած պաշտում է ինչ–որ խաչված Աստծու, որին Հիսուս են անվանում, ոչ մի բանով չկարողացանք նրա միտքը շրջել կամ շարժել ետ առաջադիր ճանապարհից, ո՛չ աշխարհի ամբողջ մեծությամբ և ո՛չ ամեն տեսակի տանջանքներով, որ ենթարկեցինք նրան: Այսուհետև մեր դատողական ատյանը հրամայում է` կապանքներով կախել նրան մահապարտների փայտից և ամբողջ բազմությամբ քարկոծել նրա չարաբաստ մարմինը»:
Այնժամ անօրեն դահիճները դատավորի հրամանով եկան բանտ` սրբի մոտ, սկսեցին համոզման խոսքեր ասել երանելիին. «Տե՛ս, ահա քո մահվան վճիռը կայացվել է: Այժմ ինչ որ ուզում ես և ինչ անելու ես` շտապով ասա մեզ»: Իսկ Քրիստոսի սուրբ վկան ասում է նրանց. «Ինչ որ նախապես ասացի ձեզ, դարձյալ նույնն եմ ասում, թե ձեր խոսքերին ես բնավ չեմ հետևելու, քանի որ այս գիշեր երազում տեսնում էի իմ Տեր Քրիստոսին, որ ձեռքին ուներ թագավորական թագ և արքունական պսակ: Ձայն եղավ և ասաց ինձ` «Թեոդորոս, ե՛կ, վերցրու կյանքի բրաբիոնը Պսակադրիս ձեռքից»: Արդ, ես տեսել եմ այդ ամենը, ըղձալի տենչանքով շտապում եմ գնալ Նրա մոտ` ստանալու իմ վաստակների վարձը: Աղաչում եմ ձեզ, մի՛ խափանեք իմ ընթացքը իմ ցանկալիի մոտ գնալիս և մի՛ հակադրվեք ճանապարհիս, որ տանում է դեպի անապական կյանք»: Իսկ նրանք սրբին հանեցին արգելարանից, ձեռքերը հետ կապած տանում էին նահատակության ասպարեզի տեղը: Եվ Կեսարիա քաղաքի ամբողջ բազմությունը գնում էր սրբի ետևից: Երբ նրան հանում էին քաղաքի դռնից, ճանապարհին նրան պատահեց արքայի երկրորդը և ասաց նրան. «Ա՛յր դու, ինչո՞ւ ես մեռնում իզուր և անիմաստ: Այժմ որևէ հայհոյության բան ասա և անցիր գնա` պաշտելով ինչ որ ուզում ես»: Իսկ Քրիստոսի քաջամարտիկ և անպարտելի զինվորը նրան ամենևին չպատասխանեց, այլ բարձրաձայն աղաղակեց ասելով. «Քրիստո՛ս, Աստծու Որդի, որ բնակվում ես բարձունքում, և Քո անքուն աչքը զննելով տեսնում է մարդկանց որդիների սրտերը, Դու քննում ես բոլորի խոր գաղտնիքները, խնդրում եմ Քեզ և աղաչում, անքնին և ինքնազոր ամեն ինչում, նայիր իմ մարմնի նվաստությանը և Սուրբ Հոգուդ աներևույթ զորությունը օգնության առաքիր իմ տառապյալ անձին և արժանավորիր իմ անարժանությանը այն անսահման մեծությանը հասնելու և գրվելու վկաների խմբում, որոնք հրավիրված են անմահ Փեսայիդ ընթրիքին. և իմ արյան հեղմամբ թողություն շնորհիր իմ հանցանքներին, և քեզ փառք հավիտյանս. ամեն»:
Մինչդեռ սուրբ վկան այս աղոթքն էր մատուցում Աստծուն, հանկարծակի դահիճը հարվածեց սրբին, հրում էր` շտապեցնելով նահատակության վայրը: Եվ սուրբը դարձյալ սկսեց աղոթել. «Աստծու Որդի և ամենակալ Տեր, ամեն ինչում փառավորված և հզոր, անսահման և անքնին մեծություն, որ ոչ արարածների բնությունն է տանում և ոչ հրեղենների ոգիներն են նկատում Քո Աստվածության անակնարկելի կամքը, և չկա սահման Քո գթությանն ու ողորմությանը, քանի որ Դու ես Տերը, որ բարձունքին ես և խորություններում. քանի որ Քո հրամանով են կառավարվում արարածները և Քո ակնարկությամբ են խնամարկվում և առկայանում իրենց կայաններում: Արդ, ես` անարժան ծառաս, հույսս չեմ կտրել իմ փրկությունից, և չի հուսա հատվում իմ սիրտը Քո ամենագութ ողորմությունից, քանի որ բոլոր կենցաղական իրերի փոխարեն Քեզ սիրեցի, Քեզ ընտրեցի, Քո կողմը հակվեցի և ամբողջ փափագով և բաղձանքով հոժարեցի հասնել Քո անմահ բարությանը: Արդ, որովհետև ոտքի կանգնեցրիր ընկածիս և բարձրացրիր անմահ կյանքի և ինձ բերիր այս ասպարեզի վկայության հանդեսի, այժմ մի՛ խնայիր Քո ողորմությունը և ապականիչ գայլին թույլ մի՛ տուր մտնել Քո անդաստանը, քանի որ միայն Դու ես արժանի փառքի և պատվի, և Քեզ փառք հավիտյանս. ամեն»:
Մինչդեռ սուրբն այս աղոթքն էր մատուցում Աստծուն, անօրինության սպասավորները հախուռն հարձակումով ելան նրա դեմ, բռնեցին նրան, տարան կատարման տեղը, մահվան փայտի մոտ, որ կանգնեցրել էին գողերին և ավազակներին սպանելու համար, բազմամբոխ հրապարակի մեջ, ուր հավաքվել էին տարբեր կողմերից, հավատացյալ և անհավատ, այրեր ու կանայք, իբրև սյուքախառն օդի բերած մանրամաղ փոշի` դիտելու սրբի նահատակության տեսարանը:
Զվարթունների ցանկալին այն հանդեսում ուրախությամբ ցնծում էր, կաքավելով հրճվում էր և մարտի ելած հոգով մաքառում էր դեռահաս երիտասարդը և լուսերամների փափագելին: Այնժամ սպասավորները ուժգին քարշ տալով փայտի մոտ բերին քրիստոսազգյաց նահատակին և ոտքից մինչև լանջը նրան ամրացրին փայտին: Իսկ անօրեն դահիճը մոտեցավ սրբին, ասաց. «Հայհոյության խոսքեր ասա, որ փրկվես մահից, այնուհետև գնա` արա ինչ կամենում ես»: Իսկ ճշմարտության ջատագովը, Քրիստոսի սուրբ վկան իր բերանը լցրեց թքով ու թքեց անօրենի երեսին: Իսկ նա դարձյալ անամոթաբար նույն բանը խոսեց և ասաց. «Երդվում եմ արքայի կյանքով, եթե չլսես իմ խրատին` իսկույն կյանքից կզրկեմ քեզ»: Սուրբն ասաց նրան. «Կդառնանա քո արքայի աչքը քեզ վրա, եթե արագորեն չկատարես քո չարության կամքը իմ նկատմամբ»: Այնժամ երիցս անիծյալ և թշվառական դահիճը տապարով ուժգին հարվածեց սրբի գագաթին` նույն ժամին շեշտակի ճեղքելով հասավ մինչև նրա ականջները: Մեկ ուրիշը քարով հարվածեց նրա աչքի բիբին և աչքը կախվեց նրա դեմքից: Իսկ Քրիստոսի մեծ վկան` սուրբ Թեոդորոսը, ձայն բարձրացնելով ասաց նրանց. «Ինձ թույլ տվեք մի փոքր»: Եվ նրանք անսացին նրան, մտածելով թե զղջաց սաստիկ հարվածների պատճառով: Սուրբն ասաց. «Երդվեցնում եմ ձեզ ձեր արքայի կյանքով, որ խնայելով թույլ տաք` մնա մյուս աչքս, որպեսզի տեսնեմ իմ մարմնի հոշոտումն ու չարաչար ձաղկումը, և դրանով ցնծալով ուրախ կլինեմ իմ փրկության համար, որ ինձ տրվեց Տեր Աստծուց»: Իսկ ամբարիշտ դահիճները անարգեցին երանելիին, ասելով. «Մենք կարծում էինք, թե զղջալով կդառնաս քո համառությունից, դրա համար թույլ տվինք քեզ»: Եվ այդ պահին դահիճը հարվածեց երանելիի ճակատին և գլխից հանեց սկավառակը: Եվ բարձրաձայն աղաղակեց սուրբ վկան և ասաց. «Տե՛ր իմ և Աստված, Հիսուս Քրիստոս, ընդունիր ինձ, որ Քո անվան համար մեռնում եմ»: Նույն պահին կապանքներով հանդերձ փայտը շրջվեց դեպի արևելք` քանի որ հարավ էր նայում: Հիացած զարմանում էին բոլորը եղած սքանչելիքից:
Եվ երբ դեպի արևելք դարձավ, ամենագով սուրբն սկսեց աղոթել այսպես. «Գոհանում եմ Քեզնից, Տեր Հիսուս Քրիստոս, փրկիչ և ստեղծիչ աշխարհի, որ բանական բնությանս դատապարտության համար Հայրական ծոցից առաքվեցիր մեզ` մոլորյալներիս փնտրելու և ինքնազոր աստվածությունդ խոնարհեցիր մահվան լծի տակ, Քո աշխարհակեցույց բազուկները տարածեցիր կենդանարմատ փայտի վրա և տեգի հարվածից չդարձրիր Քո թիկունքը և ոչ Հոր կերպարանքդ` թքից ու ապտակից, խմեցիր և քացախը` խառնած լեղիով և աստվածային արյանդ կողահոս աղբյուրը բացիր, լվանալով Ադամի վերքերը և խաչի վրա պատռեցիր բոլոր մարդկանց պարտքերի մուրհակները և աշխարհ ապրեցնող մահվամբդ փրկեցիր մեզ մեղքի մեռելությունից: Եվ եթե անսահման և անքանակ աստվածությունդ այս ամենը կրեց մեզ համար, որչափ և առավել հողեղեն և մեղքի տապ ապրածներս. պարտավոր ենք հեղելու մեր արյունը աստվածային արյանդ համար, առավել ևս իմ նվաստությունը, որ եթե բյուր և զանազան վշտեր ու չարչարանք էր կրում իմ մարմնում, առավել ևս պետք է ինձ ցույց տված անբավ բարերարությանդ համար: Դարձյալ եթե բոլոր երկնային խմբերի բարբառը լիներ իմ բերանում, ի՛նչպես կարող էի պատմել Քո անճառ տնօրինությունը, կամ Քո ամենօրհնյալ աստվածությանը օրհնություն և գոհություն վերառաքել»:
Վարք Սրբոց, Հատոր Բ, Ս. Էջմիածին – 2010թ.