4 Նոյեմբեր, Բշ
Եվրոպի Ասավերիոս բդեշխը հագած սատանայի զենքը և ինքը մոլորված կռապաշտությամբ, բոլորին հարկադրում էր նույնը կատարել. և մի օր, մինչդեռ բոլոր հեթանոսները հավաքված էին, կուռքի պաշտամունքի, Կեսարիոս քրմապետն ասաց բդեշխին. «Թող ձեր քաջությունը հրամայի, մոլորեցուցիչներին և աստվածներին օտար քրիստոնյաներին բերել պաշտամունքի, որ զոհ մատուցեն: Եթե չհավանեն` անհավատների պատիժ կրեն»: Բդեշխը հրամայեց, բազում զորականներ գնացին, մտան եկեղեցի` գայլի նման, Քրիստոսի հոտից պարարտ հավատով, հաստատուն խորհրդով, արթուն մտքով մի ոչխար հափշտակեցին, որի անունը Թեոփիլոս էր, և բերին իշխանի մոտ: Իսկ սուրբը ցնծությամբ էր գալիս` ասես թագավորական ճաշի, և ասում էր. «Տե՛ր, Քո ճանապարհները ծանոթ դարձրու ինձ և սովորեցրու Քո շավիղները, առաջնորդիր դեպի քո ճշմարտությունը»: Երբ բերին, բդեշխը նրան ասաց. «Ի՞նչ ազգ ես»: Թեոփիլոսը պատասխանեց. «Բարձրյալ Աստծու անպիտան ծառա, իսկ ըստ մարմնականի` ազատ»: Բդեշխն ասաց. «Տեսնում եմ քո ցածր վարքը և պատվում երեսիդ գեղեցկությունը, խղճում եմ երիտասարդ հասակդ, որի համար խորհուրդ եմ տալիս քեզ զոհ մատուցել, որ սիրելի լինես թագավորին և տիրանաս հարստության»: Թեոփիլոսն ասաց. «Քո համոզկեր խոսքերով չես կարող ինձ հավանեցնել և ոչ քո թակարդ լարելով կհամոզես, որովհետև ունեմ մարգարեներ և առաքյալներ, որ հրամայում են արդարությամբ ծառայել կենդանի Աստծուն: Համրերին` սուտ աստվածներ անունով են կոչում»: Բդեշխն ասաց. «Կախեցեք և տանջեցեք»: Մինչդեռ քերում էին, սուրբը բարձրաձայն ասում էր. «Քրիստո՛ս, որ խաչվեցիր փայտի վրա, որ մահով խափանեցիր մահը և խավարյալներին լուսավորեցիր, որ անօրեններից երեսիդ թուք առար և Քո սուրբ թքով լույս շնորհեցիր, բաց ինձ դուռն արքայության, որ այնտեղով մտնեմ և խոստովանեմ Քո սուրբ անվանը, քանի որ Դու ես, որ փրկում ես Քեզ հուսացողներին»:
Մինչդեռ նա այս ասում էր, մունետիկը աղաղակում էր դահիճներին` ավելացնել տանջանքը, մինչև որ քերվեց, մերկացան նրա բոլոր ոսկորները: Սուրբը առ ոչինչ համարելով ցավերը ասաց. «Ծանոթ ես Հրեաստանում, Աստված, Քո բազում գթությամբ լսիր ինձ և Քո փրկության ճշմարտությամբ ապրեցրու ինձ»: Եվ բդեշխն ասաց. «Շատ կախարդների տանջեցի և սպանեցի, բայց այդպիսի համբերողի ո՛չ ես և ո՛չ մյուս իշխանները չտեսանք: – Սրբին ասաց,– [Երդվում եմ] աստվածներով տանջանքների միջոցով ավելի կգեղեցկացնեմ քեզ: Արդ, արի՛ զոհ մատուցիր, որ հաշտվես նրանց հետ»: Թեոփիլոսն ասաց. «Ո՞ր աստվածներին»: Բդեշխն ասաց. «Արամազդին, Ապողոնին և մեծ Դիոնոսին»: «Եվ դրանցից ո՞ր մեկը, որ դու աստված ես կարծում, կարող է մեկին չարիք կամ բարիք պատճառել»: Բդեշխն ասաց. «Բոլորը»: Թեոփիլոսն ասաց. «Խաբվում ես, ո՛վ բդեշխ, դրանք համր և կույր կուռք են և չեն կարող որևէ մեկին բարի բան անել: Դրա համար պետք է փախչել նրանցից, քանի որ կենդանի և մշտնջենական Աստվածն ասաց. «Նրանց նման կլինեն իրենց հուսացողները»: Բդեշխն ասաց. «Մի՛ հայհոյիր, մտիր և զոհ մատուցիր»: Թեոփիլոսն ասաց. «Աստծուն չեմ հայհոյում, այլ` աղտեղի կուռքերին ու դևերին, քանի որ քրիստոնյա եմ` չեմ զոհի, որ չմեռնեմ»: Եվ բդեշխը հրամայեց կրակ վառել և նրան գցել մեջը: Եվ երբ սրբին գցեցին, հրի մեջ կանգնած ասաց. «Անհաղթ Թագավոր, անբաժին Գանձ, սուրբ Օրինադիր, մարդասեր Փրկիչ, իմ Տեր Հիսուս Քրիստոս, որ Սուրբ Հոգուդ զորությունը առաքեցիր հնոցի մեջ երեք մանուկներին, որոնք Քո փառքը խոստովանեցին մարդկանց առջև, Քո քաջալերությունը շնորհեցիր նրանց և հնոցի բոցը սառեցրիր, գթությունների Աստված, մխիթարության Աստված, հայրերի Աստված, նույն կերպ այս ժամին օգնության առաքիր հրեշտակին և ցրիր այս բոցը: Աստվա՛ծ, կենդանի է Քո անունը հավիտյան»: Երբ այս ասաց, բոցը ցրվեց, և նա հնոցի մեջ էր ու փառավորում էր Աստծուն: Եվ բդեշխը բարկացավ, հրամայեց նրան տանել բանտ և գիշեր ու ցերեկ պահել զգուշությամբ, որպեսզի սովով և ծարավով մեռնի: Եվ [վկան] ներքին բանտում փառավորում էր Աստծուն:
Իսկ նրա կին Պատրոնիկեն բանտի դռանն էր և գրկել էր փոքրիկ մանկիկին ու խնդրում էր բանտապետին, որ թույլ տա իրեն մտնել սրբի մոտ: Եվ բանտապետը հայտնեց բդեշխին կնոջ մասին, թե փոքրիկ մանկիկ ունի և ուզում է տեսնել երանելիին: Բդեշխը հրամայեց թույլ տալ, որ թերևս [հեթանոսության] դառնա, տեսնելով` մեջը գութ արթնանա: Եվ կինը ներս մտավ, տեսավ նրան, երեխան դրեց նրա առաջ և ասաց. «Աստծո՛ւց վախեցիր, տե՛ր իմ, և փառավորիր իմ անձը, կաց և մնա այդ խոստովանությանդ: Հիշիր արդար այրերին, որոնք հանուն Քրիստոսի կապվեցին և արժանացան անկողոպտելի գանձերին: Հիշիր այն, որ ասաց. «Ով թողնի իր հորն ու մորը կամ կնոջը ինձ համար, ժառանգորդ կլինի երկնի արքայության» (Եփես. Ե. 31): Հաստատուն մնա նահատակությանդ, որ ես կոչվեմ ամուսնասեր և ծանոթ լինեմ քրիստոսասերներին: Արհամարհիր ժամանակավորը` առաջիկա հավիտենական անվան համար. խորքից ընթացիր դեպի բարձրը, ընտրիր երկնավորը և Քրիստոսին սիրելի դարձիր: Չեմ կոչվի այրի, քո զինվորվելով Քրիստոսի գնդին, և երկնքի Թագավորին քո [որդե]գրվելով ինձ ոչ ոք չի արհամարհի»:Այս ասելով վերցրեց մանկիկը, մոտեցավ, հրաժեշտ տվեց, հպվեց նրա ծնկին և ասաց. «Որոշ ժամանակ է քո այս կյանքը, տեր իմ, իսկ աներևույթը` հավիտենական»: Եվ երանելին ասաց. «Օրհնյալ է Աստված, որ փառավորեց քեզ, և քո խորհուրդները թող խաղաղությամբ պահի»: Եվ կինը` փառավորելով իր Աստծուն գնաց տուն: Իսկ բանտապետը փակեց դուռը:
Եկան ամեն ինչ պատմեցին բդեշխին, և նա հարցրեց, թե կերակուր բերե՞լ էր նրան. իմացավ որ չէր բերել, պատվիրեց մեծ զգուշությամբ պահել սրբին: Եվ հինգ օր հետո հրամայեց նրան բերել իր առջև: Ու երբ սուրբը եկավ, ասաց. «Տիրոջ աջը զորություն գործեց, Տիրոջ աջը բարձրացրեց ինձ. չեմ մեռնի, այլ կապրեմ: Տերն է իմ օգնականը, և ես կտեսնեմ իմ թշնամիներին»: Նրա ետևից գնում էր Պատրոնիկեն և ասում. «Զորացի՛ր, տե՛ր իմ, սատանայի վրա, քո ընթացքը ավարտիր, քանի պատրաստ է ասպարեզդ, իբրև ամուսնասեր կմնամ ես, երբ ընթացքդ կատարես: Մեր ցանկալի որդյակին հանձնիր Քրիստոսին, քանի որ ես ևս պատրաստվել եմ պատարագվել Աստծուն` հետևելով քեզ, քանի որ ավելի լավ է քեզ հետ կյանք ժառանգել, քան մնալ այս աշխարհի թշվառության մեջ»: Երբ սրբին բերին, բդեշխն ասաց. «Զո՛հ մատուցիր Դիոնոսին»: Թեոփիլոսն ասաց. «Չե՛մ մատուցի, քանի որ քրիստոնյա եմ»: Բդեշխն ասաց. «Քրիստոնյա չես, այլ կախարդ, որի համար քեզ կկորցնեմ իբրև նրանցից մեկը»: Եվ հրամայեց գազաններ բերել ասպարեզը ու երանելիին մտցնել այնտեղ: Իսկ նրա կինը աղաղակեց ամբոխի մեջ և ասաց. «Թեոփիլոս, նահատակ Քրիստոսի, հիշիր Դանիելին, և վայրի գազանները կխաղաղվեն քեզ հետ»: Ամբոխը լսեց ձայնը, բոլորը նրան երանի տվին: Եվ [երանելիի] վրա արձակեցին մի մեծ առյուծ, որ գնաց մռնչալով կանգնեց նրա մոտ: Սուրբն ասաց. «Քրիստո՛ս, որ քավիչն ես մեղավորների, որ խափանեցիր սատանայի վնասակարությունը, որ Քո աստվածության գանձը ցույց տվիր Քո սրբերին, ցույց տուր և ինձ` տառապյալիս, Քո փառքը, որ հասնեմ` ինչին ցանկանում եմ»: Երբ նա այս ասաց, առյուծը վազեց և խփեց նրան և այդպես ավանդեց հոգին ի Տեր:
Երանելի Պատրոնիկեն վերցրեց նրա սուրբ մարմինը, դրեց տապանի մեջ և ասաց նրան. «Հանուն Հիսուսի Քրիստոսի ընդունիր և ինձ խաղաղությամբ, քանի որ շտապում եմ տեսնել Քրիստոսին, որ քեզ պսակեց»: Եվ բդեշխը լսեց այն, հրամայեց նրան ևս բերել: Եվ երբ բերին, ասաց նրան. «Տեսար քո ամուսնու ինքնահաճ համառությունը և իմացար, որ չհավանելով իմ հրամանին մեռավ: Այժմ դու ոչ իբրև կին, այլ իբրև այր մարդ ինձ ցույց տուր քո քաջությունը, զոհ մատուցիր աստվածներին, որ չարաչար չմեռնես»: Եվ սուրբն ասաց. «Թեպետ մարմնովս կին եմ, այլ խորհրդովս կանգնած եմ քո առաջ իբրև այր. պատրաստ եմ հաղթելու քո հնարներին` առաքինի վաստակով, հանուն Աստծու»: Լսելով այդ` բդեշխը հրամայեց ասպարեզ նետել նրան և նրա վրա արձակել մի մատակ առյուծ: Եվ նա ներս մտավ, գրկին ունենալով մանկիկը, երկինք նայեց և ասաց. «Օրհնյալ ես, Տե՛ր Աստված, որ ընդունեցիր Աբրահամի պատարագը, որ օրհնեցիր Իսահակին, փառավորեցիր Հակոբին, նրանց օրհնությունը բազմացրիր և պսակեցիր Մարիամին. նայիր ինձ, Տե՛ր, քո անարժան աղախնին, և պահիր խաղաղությամբ: Քո սուրբ ծառա Թեոփիլոսի համար քեզ լինի ընդունելի և հաճոյական պատարագ և այս մանկիկս»: Իսկ մատակ առյուծը եկավ կանգնեց նրանց մոտ, և մանուկը տեսավ գազանին, [Պատրոնիկեն] ժպտաց և ասաց. «Ամեն երկնքում, ամեն Հորը, ամեն Որդուն, ամեն Սուրբ Հոգուն, ամեն, ալելուիա»: Եվ այսպես գազանի կողմից վախճանվեց սուրբ և երանելի Պատրոնիկեն` մանկան հետ. հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու, որին փառք և զորություն հավիտյանս. ամեն:
Վարք Սրբոց, Հատոր Բ, Ս. Էջմիածին – 2010թ.