23 Դեկտեմբեր, Բշ
Հունվարի 6-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Քրիստոսի Սուրբ Ծնունդն ու Աստվածհայտնությունը: Այդ առթիվ ս. պատարագ է պատուցվում բոլոր եկեղեցիներում: ԱՀԹ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցում Սուրբ Ծննդյան հանդիսավոր ս. պատարագը մատուցվեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի հանդիսապետությամբ: Պատարագիչը Տ. Շահե քահանա Հայրապետյանն էր:
Պատարագին մասնակցում էին ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը, ՀՀ Առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը, բարձրաստիճան զինվորականներ, զինվորներ ու հավատավոր ժողովուրդ:
Ս. պատարագի ընթացքում Տեր հայրն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի շնորհավորական ուղերձը, ուր մասնավորապես ասվում է. «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Սուրբ Ծննդյան օրհներգին ու փառաբանությանն այսօր միախառնվում են մեր սրտաբուխ աղոթքները հանուն Հայոց Ցեղասպանության մեր անմեղ նահատակների, ովքեր չուրացան Փրկչին, իրենց ինքնությունն ու սուրբ հավատքը: Եղեռնի դառնաղետ տարիների ամենադաժան փորձությանց մեջ անգամ չլռեց Փրկչին ուղղված մեր ժողովրդի հոգու օրհներգը: Մեր Տիրոջ հետ գտանք ոգին և ուժը վերածննդի, պետականություն կերտեցինք, ազգային մեր կյանքը բարձրացրեցինք, մեր իրավունքների համար պայքարեցինք հավատով, որ արդարության և ճշմարտության ուղիները պիտի կերտեն բռնությունից զերծ, մարդասեր ու խաղաղ աշխարհ…»:
Ս. պատարագի ավարտին Տ. Նավասարդ Սրբազանը կատարեց Ջրօրհնեքի կարգ, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը: Այս տարի ԱՀԹ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցու ջրօրհնեքի խաչքավորը ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանն է:
Շնորհավորելով Սեյրան Օհանյանին խաչքավորի քաղցր պատասխանատվությունը ստանձնելու համար՝ Տ. Նավասարդ Սրբազանը մասնավորապես ասաց. «Քրիստոս Ծնաւ եւ Յայտնեցաւ. ձեզ, մեզ մեծ Ավետիս: Շնորհավորում ենք այս պահին մեր այս հավաքական, բազում հայորդիներին, որ գտնվում են առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցու խնկաբույր կամարների ներքո:
Շնորհավորենք այս տարվա՝ 2015-ի խաչքավորին՝ Սեյրան Օհանյանին, և աղոթք բարձրացնենք առ Աստված, որ մեր աչքի լույսը հանդիսացող հայոց բանակը մնա միշտ մեր մտքում, սրտում, հոգում և հայցենք Տիրոջից, որ պահպանի մեր բանակը, առաջնորդի մեր բանակը և մարտակից լինի մեր բանակին:
Թող Աստծո օրհնությունը այս Սուրբ Ծննդյան Ավետիսով ներթափանցի մեր էության մեջ, տարրալուծվի և մեզանով տարածվի: Քրիստոս Ծնաւ եւ Յայտնեցավ յուրաքանչյուր հայի մեջ: Քրիստոսի Սուրբ Ծննդյան բարի Ավետիսը թող լինի հայոց հավիտենական ընթացքը երկրից դեպի երկինք, որովհետև մենք հավատքի ժողովուրդ ենք. տանջվել ենք, նահատակվել ենք, բայց նորից հարություն ենք առել: Մեր հավատքը մեզ կպահի երեկ, այսօր, վաղը և ընդմիշտ: Ամեն:
Մինչև հունվարի 13-ը այս խաչը կմնա խաչքավորի տանը: Նրա առաջարկով խաչը կգնա դիրքեր, զորամասեր, և մեր երիտասարդները, մեր բանակայինները կօրհնվեն նրանով: Այնպես, որ այս խաչի ճառագայթներն ու ջերմացնող զորությունն այնտեղ էլ կզգան»:
Արարողության ավարտին Սրբազան հայրը պահպանիչ աղոթքով արձակեց հավատավոր ժողովրդին:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին