Աստվածածինը քրիստոնեական եկեղեցու խորհրդի կրողն է, սրբուհի, երկնային և երկրային թագուհի ու բարեխոս: Սուրբ Գրքի շատ մարգարեություններ Սուրբ Կույսին են վերաբերվում. «…Թագուհին Քո աջ կողմում է կանգնած» (Սաղմոս 44:10): Սուրբ Կույսը բոլոր սրբերի թագուհին է: Պատկերագրության մեջ Աստվածածինը ներկայացվում է Թագուհու կերպավորումով: Թագուհի Աստվածածնի պատկերագրական տիպի առաջացման հիմքում ընկած են 3-րդ Տիեզերական ժողովի ընդունած դավանաբանական որոշումները, որով եկեղեցին Մարիամին հռչակեց որպես Աստվածածին: Հայ արվեստում Թագուհի Աստվածածնի պատկերագրական հիմնական կառույցը հետևյալն է. գահակալ, Մանուկ Հիսուս գրկում Աստվածածնին թագադրում են հրեշտակները: Հաճախ թագակիր պատկերվում է Մանուկ Հիսուսը: Մինչդեռ արևմտաեվրոպական արվեստում (12-րդ դարից սկսած) լայն տարածում են գտել պատկերագրական հետևյալ տարբերակները, որոնցից մեկում ծնկաչոք, աղոթող Աստվածածնի գլխին թագ է իջեցնում Հիսուս Քրիստոս, մյուսում՝ Մարիամը թագադրվում է Ս. Երրորդության կողմից: Բյուզանդական արվեստում Թագուհի պատկերագրական կերպավորումով Աստվածածինը ներկայացվում է որպես երկնային Թագուհի՝ կայսրուհու նման բազմած մարգարտազարդ գահին, գեղաշուք հանդերձանքով ու գոհարազարդ թագով, ոտքերի տակ պատվանդանով: Երբեմն հրեշտակները պսակ են իջեցնում նրա գլխին կամ թագ մատուցում, իսկ ձեռքին հիմնականում իշխանություն խորհրդանշող գավազան է կամ տիրագունդ: Մինչդեռ հայկական պատկերաքանդակներում խաչանիշ տիրագունդը մշտապես Մանուկ Հիսուսի ձեռքում է՝ խորհրդանշելով Քրիստոսի տիեզերական իշխանությունը: Հայ արվեստում կարևոր նշանակություն ունեն և մեծ հետաքրքրություն են ներկայացնում Ագուլիսի, Ցղնայի, Աստապատի Թագուհի Աստվածածնի պատկերաքանդակները: Ցղնայի Ս. Աստվածածին վանքի (12-րդ դ.) պատկերաքանդակում Մանուկ Հիսուսը պատկերված է ձախ ձեռքին՝ խաչանիշ տիրագունդ, իսկ աջն օրհնելու դիրքով բարձրացված: Հորինվածքի կենտրոնում հանդիսավոր բազմած Աստվածածինն, իրար վրա դրված ձեռքերով, պահում է ձախ ծնկին նստած Մանկանը: Վերևի անկյուններում փոքր չափերով պատկերված մեկական հրեշտակ թագ են իջեցնում Մարիամի գլխին: Նրանց ազատ մնացած ձեռքը մի կողմից դրված է Աստվածածնի ուսին, մյուս կողմից՝ Մանկան գլխին: Այստեղ թագակիր է նաև Մանուկ Հիսուսը:
Աստապատի Ս. Վարդան եկեղեցու Թագուհի Աստվածածնի պատկերաքանդակը նորություն է իր պատկերագրական տիպով, քանի որ հայ միջնադարյան արվեստում առաջին անգամ է հանդիպում աշխարհիկ անձի պատկերում Քրիստոսի և Աստվածածնի պատկերագրությանը բնորոշ խորհրդանշաններով (ծաղիկ, ծաղկեպսակ, հրեշտակի կողմից թագադրում): Դեպի Աստվածածինը կիսադեմով շրջված, ծնկաչոք, ձեռքերն աղոթողի դիրքով բռնած պատկերված է մի տղամարդ: Վերջինիս գլխավերևում հրեշտակը մի ձեռքին շուշան է բռնած, մյուսով թագ է իջեցնում նրա գլխին: Նորություն է նաև Մանկան և Մարիամի դիրքերը: Հորինվածքի ձախ մասում պատկերված են Աստվածածինը և նրա աջ թևին նստած, գլուխը մոր այտին հպած Մանուկ Հիսուս, որոնց գլխավերևում երկու հրեշտակ թագ են բռնել Ս. Կույսի գլխին և ազատ մնացած ձեռքերում ծաղկեպսակ է: Մանուկ Հիսուսը ներկայացված է լուսապսակով:
Ագուլիսի պատկերաքանդակում Մարիամի գլխին թագ են իջեցնում թռչնաթևերի մեջ վերցված հրեշտակների փոքրիկ գլուխներ: Մանուկ Հիսուսը, ինչպես Աստապատի պատկերաքանդակում, այստեղ ևս ներկայացված է լուսապսակով:
Ուշագրավ է Ցղնայի Ս. Աստվածածին եկեղեցու պատկերաքանդակներից մեկը, որի վրա Թագակիր Աստվածածինը ներկայացված է Խաչելության տեսարանում: Այս բացառիկ պատկերաքանդակում թագակիր Աստվածածինը ձեռքերը կրծքին խաչած (սգի արտահայտություն), մեկուսի կանգնած է: Սովորաբար Տիրամայրը նման դիրքով է պատկերվում Խաչելության տեսարանում:
Մանրանկարչության մեջ գահին բազմած և թագակիր Աստվածածնի պատկերների հանդիպում ենք Գլաձորի նշանավոր վարպետ Թորոս Տարոնացու նկարազարդած ձեռագրերում: Թագուհի Աստվածածնի պատկերները հայ միջնադարյան արվեստում տարածում են գտել 17-18-րդ դարերում, մասնավորապես հաստոցային սրբանկարչության մեջ:
Կազմեց Գայանե Սուգիկյանը