23 Դեկտեմբեր, Բշ
Հոկտեմբերի 27-ին Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սբ. Պատարագ: Պատարագիչը Տաթևի վանահայր Միքայել վարդապետ Գևորգյանն էր, իսկ դպրաց դասի երգեցողությունը կատարում էր Տաթև վանական երգչախումբը գեղարվեստական ղեկավար Լուսինե Սարգսյանի գլխավորությամբ:
Երգչախումբը հոկտեմբերի 24-ից յոթօրյա ուխտագնացությամբ, լինելով Արարատյան Հայրապետական թեմում, Սբ. Պատարագի մասնակցեց թեմի չորս եկեղեցիներում՝ կատարելով դպրաց դասի երգեցողությունը: Տաթևի վանական երգչախումբը ստեղծվել է 2013 թվականի տարեվերջին՝ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի կողմից իրականացվող «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում:
Երգչախմբի վերջին ուխտավայրը ԱՀԹ-ի եկեղեցիներից Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցին էր: Հայր Միքայելը մինչ քարոզը շնորհակալություն հայտնեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանին, ում բարի կամեցողությամբ առիթ ունեցան միասնական աղոթքի կանգնել այդ սրբավայրում:
«Երանի՜ այն աչքերին, որ կտեսնեն այն, ինչ դուք տեսնում եք։ Ասում եմ ձեզ, որ բազում մարգարեներ և թագավորներ կամեցան տեսնել այն, ինչ դուք տեսնում եք, բայց չտեսան, և լսել՝ ինչ դուք լսում եք, բայց չլսեցին» (Ղուկաս 10:24): Օրվա ավետարանական այս հատվածին անդրադառնալով՝ Հայր Սուրբը քարոզին մասնավորապես ասաց. «Ոչ ոք չի կարող շոշափել Աստծուն, որովհետև Նա անսահման է, անպարփակ, բայց մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, դարձավ Հաց և Գինի՝ բազմելով Սուրբ Սեղանին: Ճաշակելով Տիրոջ Մարմինն ու Արյունը՝ մենք թե՛ հոգեպես և թե՛ ֆիզիկապես միաձուլվում ենք Նրան: Քրիստոսով զգեստավորվելով՝ դառնում ենք քրիստոնյա, այսինքն՝ Քրիստոս ի նա՝ Քրիստոս նրա մեջ: Քրիստոս մեզ առավել երանի համարեց, երբ դիմելով Թովմասին՝ ասաց՝ դու հավատացիր, որովհետև Ինձ տեսար, չէ՞. երանի՜ նրանց, որոնք հավատում են առանց տեսնելու: Մեր հոգու աչքերով մշտապես տեսնելով մեր Փրկչին՝ փառաբանում ենք Նրան»:
Հայր Միքայելը, մեջբերելով Սբ. Գրիգոր Տաթևացու հետևյալ խոսքը, ասաց, որ երբ մանուկը ձևավորվում է մոր արգանդում, առաջինը սիրտն է գոյանում, հետո նրա միջոցով ամբողջ մարմինը: Ապա այս օրինակը զուգահեռեց մկրտության Սուրբ ավազանից հոգևոր ծնունդի հետ՝ ասելով, որ Աստված առաջինը մեր մեջ Քրիստոսի սիրտը դրեց, որն է՝ հավատը, հույսը և սերը:
Իսկ երեկոյան էլ՝ խոկման արարողությանը, Հայր Միքայելը քարոզխոսությամբ անդրադարձավ հոգու հանգստությանը:
Տաթև վանական երգչախումբը Սբ. Պատարագի երգեցողությունը կատարեց Մակար Եկմալյանի մշակմամբ: Թե՛ հոգևորի և թե՛ հոգևոր երգի նկատմամբ սերն է այս աղջիկներին միավորել Տաթև վանական երգչախմբում, քանի որ Տաթև գյուղից նրանք ամեն անգամ, հաղթահարելով դեպի Տաթևի վանք տանող բարձունքը, մասնակցում են երգչախմբի փորձերին: Երգչախումբը նաև եռաձայն կատարում է Կոմիտասյան պատարագը: Ինչպես նշեց խմբավար Լուսինե Սարգսյանը երգչախումբը ունի նաև զանգակներով մի քանի համերգային կատարումներ՝ հոգևոր, ժողովրդական և ազգային: Նրանց զանգակները նվիրել է երեք ամիս առաջ ԱՄՆ-ի հոգևոր սպասավոր Տեր Հովհան քահանան: «Նրանք միայն չեն երգում, այլ երգելով աղոթում են»,-ասաց երգչախմբի խմբավարը:
Կարինե Սուգիկյան