13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
Սիրելի՛ հավատավոր եղբայրներ և քույրեր,
Ինչպես գիտեք այսօր Եկեղեցին նշում է հատկապես մեր՝ հայերիս կողմից շատ սիրված և սպասված Տեառնընդառաջի տոնը: Այս տոնը հատկապես շատ սիրվեց հայ ժողովրդի կողմից, քանի որ ներդաշնակորեն միահյուսեց քրիստոնեականն ու ազգային գեղեցիկ ավանդականը: Ուրախությամբ լի այս տոնը ոչ միայն հոգևոր, այլև տեսանելի լույս բերեց յուրաքանչյուր հայ օջախից ներս՝ հույս և հավատ պարգևելով վաղվա օրվա նկատմամբ: Այս տոնը Հայաստանում հատկապես շատ սպասելի է նորապսակ զույգերի համար, քանի որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ այն հայտարարվել է նորապսակների օրհնության օր, և բոլոր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցիներում, Սուրբ Պատարագի ավարտին կատարվում է նորապսակների օրհնության կարգ:
Արդ, դառնալով տոնի բուն էությանը, այն է Տիրոջն ընդառաջ ելնելու խորհրդին, հարկ է, որ դառնանք դարերի խորքը, հասնենք մինչև մարդու արարչագործության սկիզբն ու հասկանանք, թե ինչ կատարվեց այն ժամանակ և ինչու կարիք առաջացավ Աստծուն ընդառաջ գնալու: Վստահ եմ բոլորիդ էլ քաջածանոթ է Ծննդոց գրքի բովանդակությունը, որտեղ պատմվում է, թե ինչպիսի սիրով արարեց Տերը, և ինչպես սիրեց Իր արարածներին: Հիշո՞ւմ եք այն տողերը, երբ նախամարդիկ լսեցին Աստծո դրախտում շրջելու ոտնաձայները (Ծննդ. 3:8): Պատկերացնո՞ւմ եք Աստծո այն կենդանի, անմիջական ներկայությունը, որ վայելում էին մարդիկ, և այն սարսափելի դատակությունը, որ զգացին դրախտի սահմաններից անդին, երբ Աստված այլևս Իր արարածների մեջ չէր: Հենց այն պահին, երբ մարդկության նախահայրը հայտնվեց դրախտի դարպասներից դուրս՝ նրա սրտի խորքերից ելած վշտալի հառաչը նշանավորեց Աստված և մարդ վերստին հանդիպման սպասումի սկիզբը: Իսկ այդ հանդիպումն անկասկած կայանալու էր, քանզի Բազումողորմ և Սիրող Հայրը երբեք չէր կարող լքել Իր զավակին, որքան էլ, որ նա անհնազանդ գտնված լիներ:
Սպասված հանդիպման մասին հարցրեք մորը, ով առաջին անգամ տեսնում է իր նորածին զավակին: Հարցրեք հորն, այն պահին, երբ իր կարոտած բազուկների մեջ է առնում բանակից զորացրված որդուն: Հանդիպման մասին հարցրեք հիվանդին, ով ծանր վիրահատությունից հետո առաջին անգամ բացում է աչքերն ու հոգատար ժպիտ տեսնում գլխավերևում… Եվ այդ բոլորի ապրած զգացումները բազմապատկեք բյուրապատիկ և այնժամ միգուցե ստանաք մարդ-Աստված հանդիպման սքանչելի քաղցրությունը…
Նախահայր Ադամից սկսյալ, նրա հաջորդ սերունդները, Աստծո արդարներն ու մարգարեները, ողջ մարդկությունը կարոտով սպասում էր այն օրվան, երբ կրկին երես առ երես Իր Արարչին պետք է հանդիպեր: Անցնում էին դարեր: Աստծո հետ հանդիպմանը սպասողները կնքում էին իրենց մահկանացուն՝ հանդիպման հույսն իրենց զավակներին փոխանցելով: Սակայն մարդու անկատար բնությանը համապատասխան, ժամանակի ընթացքում ոմանք կորցրեցին իրենց հավատը, ոմանք՝ հույսը, երրորդների մոտ էլ այն ձևախեղվեց՝ Աստծո հետ հանդիպմանը սպասելու փոխարեն, սկսեցին երկրային ազատարարի սպասել, ով պետք է բիրտ ուժի գործադրմամբ իր թագավորությունը հաստատեր երկրի վրա: Սակայն, բարեբախտաբար, երկրի երեսին դեռ մնացել էին Աստծուն հավատարիմ և արդար մարդիկ, ովքեր պահպանել էին ճշմարիտ հավատն ու հույսը և աղոթքների մեջ հարատևելով՝ սպասում էին իրական Փրկչին: Այս արդարների շարքում Ավետարանը հիշատակում է Սիմեոն անունով մի աստվածավախ ծերունու, ում Սուրբ Հոգին խոստացել էր, որ մահ չէր տեսնելու, մինչև Աստծո Օծյալին չտեսնի (Ղուկ. 2:22-33): Եվ ահա, երբ լրանում են Աստվածամանուկ Քրիստոսի ծննդյան քառասուն օրերը, Մովսեսի հաստատած օրենքին հնազանդվելով, Հովսեփն ու Մարիամ Աստվածամայրը Մանկանը տաճար են տանում Աստծուն ընծայելու համար, քանի որ օրենքում ասվում էր. «Պետք է Տիրոջը նվիրվի ամեն արու զավակ, ով իր մոր առաջին զավակն է» (Ղուկ. 2:23): Եվ ահա, Երուսաղեմի գլխավոր տաճարում ներկա բազմության մեջ Սիմեոն ծերունին, Սուրբ Հոգուց առաջնորդվելով, անսխալ կերպով գտնում է Աստվածամանուկին, իր գիրկն առնում Նրան և գոհանալով Աստծուց, խնդրում իրեն խոստացված մահը պարգևել, քանի որ ինքն արժանի եղավ այդքան սպասված Մարմնացյալ Աստծուն տեսնել:
Սիմեոն ծերունին մարմնավորեց Ադամի դրախտից վտարման օրվանից ի վեր Տիրոջ հետ հանդիպմանը սպասող մարդկությանը: Ի դեմս արդար Սիմեոնի՝ ողջ հավատացյալ մարդկությունն ընդառաջ ելավ Աստծուն, ականատեսը դարձավ Նրա խոստման իրականացմանը, վերջապես կրկին հանդիպեց Իր Արարչին, ում կորցրել էր իր իսկ անհնազանդության պատճառով: «Ես եկա, որպեսզի կյանք ունենան» (Հովհ. 10:10),- ասում է Քրիստոս: Սա այն հավիտենական կյանքն է, որ մի օր կորցրեց մարդը, և հազարամյակներ անց կրկին վերագտավ՝ Տիրոջ անսահման ողորմածության շնորհիվ: Սիմեոն ծերունու և մարմնացյալ Աստծո միջև կայացած հանդիպումը դարձավ աշխարհի պատմության այն կարևորագույն դրվագը, որը շրջադարձային դեր խաղաց համայն մարդկության և յուրաքանչյուր անհատի կյանքում: Քանզի այն օրվանից ի վեր մարդն այլևս կարիք չունի երկար ու ձիգ սպասման մեջ տրտմելու. Սիրող Հոր և զավակի հանդիպումը կայացած փաստ է այլևս, և յուրաքանչյուր ոք, իր կյանքի ճանապարհին բազմիցս հանդիպում է Քրիստոսին: Սակայն միմիայն իրենից է կախված կկայանա՞ և կարմատավորվի՞ արդյոք այդ հանդիպումը, թե՝ ոչ:
Աստվածային անսահման սերն Իր արարածի նկատմամբ ազատ կամք պարգևեց նրան, որպեսզի մարդ ոչինչ հարկադրաբար չանի, քանզի Աստված, ի դեմս մարդու, Իր զավակին տեսավ, այլ ոչ թե՝ գերու կամ ստրուկի: Նույնիսկ փրկությունն Աստված չի պարտադրում մարդուն, այլ հնարավորություն է տալիս ընտրելու: Նույնն է պարագան նաև Քրիստոսի հետ հանդիպման հարցում: Աստված բազում կերպերով՝ Սուրբ Գրքի, Եկեղեցու, սրբերի, հարազատ մարդկանց, կյանքի զանազան հանգամանքների, ուրախության ու վշտի և այլնի միջոցով հրավիրում է մեզ Իր հետ հանդիպման: Սիրող Հայրը մշտապես սպասում է մեզ և միայն մեզնից է կախված կքայլե՞նք Տիրոջն ընդառաջ, թե այլ ճանապարհով կընթանանք: Այս մասին Սիմեոն ծերունին Մարիամ Աստվածածնին ասաց. «Ահա՛ սա նա է, որ պատճառ է դառնալու Իսրայելի մեջ շատերի անկման ու բարձրացման, և նշան՝ հակառակության» (Ղուկ. 2:34): Ինչպես գիտենք Հիսուս Քրիստոսի երկրային կյանքից հետո Աստծո խոստումները, որ տրվել էին Իսրայելի ժողովրդին, տարածվեցին մյուս ազգերի և ողջ աշխարհի վրա: Ուստի, արդար Սիմեոն ծերունու այս մարգարեական խոսքերը ոչ միայն այն օրերի մասին էին, այլև այսօր էլ արդիական են: Այսօր էլ բազմաթիվ են մարդկանց սրտեր, որ կարծես թե արտաքին բոլոր նախադրյալներն ունեն Մարմնացյալ Աստծուն հավատալու համար, արի ու տես, որ անհաղորդ են մնում Հիսուս Քրիստոսի ակնհայտ և անհերքելի աստվածության լույսին և դա էլ պատճառ է դառնում նրանց հոգևոր ու բարոյական անկման: Եվ հակառակ դրան՝ որքա՜ն են մարդիկ, որ ծնվել ու մեծացել են ճշմարիտ հավատքից հեռու, անբարենպաստ պայմաններում, սակայն Ամենակալը գտել է աստվածային ճշմարտությունը փնտրող նրանց սրտերն ու կայացել է այնքան բաղձալի հանդիպումը: Այդ մարդիկ, Կենարար Աղբյուրից խմելով, բարձրացել են հոգու և մարմնի խավարից, և բազմաթիվ փորձությունների միջով առ Աստված ունեցած հավատով և վստահությամբ անցնելով՝ իրենց կյանքով են վկայել, որ Հիսուս Քրիստոս է միակ և ճշմարիտ Աստված: Ուստի միայն մեզանից է կախված՝ մեր հավատից, մեր գործերից և մեր ընտրությունից, թե որոնց թվին մենք կպատկանենք:
Արդ, սիրելի՛ հավատակից եղբայրներ և քույրեր, աղոթում եմ այսօր Բարձրյալին, որպեսզի աստվածավախ և արդար ծերունի Սիմեոնի օրինակը մեր առջև ունենալով, մենք էլ ձգտենք դեպի կյանքի սրբության: Աստծո հանդեպ ունեցած սերն արտահայտենք Նրա պատվիրանների կատարմամբ, որպեսզի մենք էլ կարողանանք մինչ Քրիստոսին ընդառաջ ելնելը՝ մեր սրտերում արդեն Նրան կրողները լինել: Քանի որ Աստծուն միայն արտաքնապես առնչվելն անօգուտ է մարդու համար, եթե ներքուստ սեր և հավատ չունի: Ինչպես որ Քրիստոսի ժամանակակիցներից շատերը տեսան Նրան և լսեցին ուսուցումները, սակայն նրանց սրտերը կույր և խուլ մնացին Տիրոջ հանդեպ, այդպես էլ մեզ հետ կարող է պատահել, եթե Աստծուն միայն արտաքին կերպերով պաշտենք, իսկ մեր սրտերն անմասն մնան Տիրոջ լույսից: Ուստի թող սրտերի խորհուրդներն իմացող Սրբուհի Մայրն այսօր բարեխոս լինի յուրաքանչյուրիս համար, որպեսզի մեր սրտերը բաց լինեն Տիրոջ հետ հանդիպման առջև: Որպեսզի այդ որոշիչ պահը մեր ընթացքն ուղղի դեպի երանելի հավիտենություն և մեզանից յուրաքանչյուրն իր անձնական Տեառնընդառաջի տոնը նշի ի փառս Ամենասուրբ Երրորդության՝ Հոր, Որդու և Սուրբ Հոգու, այժմ, միշտ և հավիտյանս հավիտենից, ամեն:
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան