Գրքեր

Տեառնընդառաջի նախատոնակ. լուսավորենք մեր հոգու կանթեղները Տիրոջով

Փետրվարի 14-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնախմբում է Տեառնընդառաջը՝ քառասնօրյա մանուկ Հիսուսին տաճարին ընծայելու տոնը: Ամեն տարի փետրվարի 13-ին հանդիսավոր ժամերգությամբ ազդարարվում է տոնի նախատոնակը: Այս տարի ևս Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում մեծ թվով հավատավոր հայորդիներ իրենց մասնակցությունն էին բերել հանդիսավոր ժամերգությանը՝ Փրկչին ընդառաջ գնալու կոչին ունկնդիր: Ժամերգության ընթացքում հնչեցին օրվա պատշաճ աղոթքներ և շարականներ: «Համբարձի» շարականի երգեցողությունից հետո բացվեց Սուրբ Խորանի վարագույրը և տեղի ունեցավ նախատոնակ ու անդաստան: Ժամերգության ավարտին եկեղեցական թափորը, հոգևորականների գլխավորությամբ, Քրիստոսին խորհրդանշող Սուրբ Սեղանի կանթեղի լույսով և «Քրիստոս փառաց թագաւոր» տաղի երգեցողությամբ եկեղեցու բակում վառեց Տեառնընդառաջի խարույկը:

Այնուհետև եկեղեցու խորհրդակատար Տեր Հայկազուն քահանա Մկրտչյանը, տոնի խորհրդին անդրադառնալով, իր պատգամն ուղղեց ներկաներին. «Այսօր նախատոնակն է քառասնօրյա մանուկ Հիսուսի տաճարի ընծայման: Երկու հազար տարիներ առաջ Երուսաղեմ քաղաքի բնակիչները վառվող ջահերով և ճրագներով տաճար գնացին, երբ տաճարի արևելյան դարպասը դղրդյունով բացվեց, և Տերը մուտք գործեց տաճար՝ Եզեկիել մարգարեի խոսքի համաձայն (Եզեկիել 44:1-3): Ժողովուրդն ընդառաջ դուրս եկավ Տիրոջը՝ միմյանց ասելով՝ «Տերը անցավ այս դռնով»: Տեառնընդառաջի տոնը լույսի և հույսի տոնն է, մեր փրկության հույսի տոնն է: Եվ լույսը, որ այսօր մենք վառեցինք Սուրբ Սեղանի կանթեղից և փոխանցեցինք հավատացյալներին, խորհրդանշում է Քրիստոսի ճշմարիտ լույսը: Ուստի մեր հոգու խավարած կանթեղները ևս վառենք Տիրոջով, ապրենք Իր պատվիրանների համաձայն՝ հեռու վանելով մեզանից խավարը՝ Տիրոջ խոսքի համաձայն. «Ես եմ աշխարհի լույսը, ով որ Ինձ հետևի, խավարի մեջ չի քայլի, այլ կունենա այն լույսը, որ առաջնորդում է դեպի կյանք» (Հովհ. 8:12): Թող Տիրոջ լույսը առաջնորդի մեզ՝ Տիրոջ ճշմարիտ հետևորդը լինելու և արժանանալու Իր կողմից խոստացված հավիտենական կյանքին»:

Ազգային կոլորիտով զարդարված եկեղեցու բակում լույսի տոնախմբությունը համեմվեց ազգային երգ ու պարով: Տեառնընդառաջի ավանդական խարույկի շուրջ «Թամզարա» և «Տոնական» ազգային պարերով հանդես եկան Կենտրոն վարչական շրջանի ենթակայության ներքո գործող «Մանկապատանեկան ստեղծագործության և գեղագիտական դաստիարակության կենտրոն»-ի «Արմենիա» պարային համույթի սաները:

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու տիկնանց և երիտասարդաց միությունների անդամները, ժողովրդական ավանդույթի համաձայն, ներկաներին բաժանեցին աղանձ և սուրբգրային մեկական համար: Տիկնանց միությունը կազմակերպել էր նաև ցուցահանդես-վաճառք, որտեղ տիկնայք ներկայացրել էին իրենց կողմից պատրաստված տոնի խորհրդանիշ հուշանվերներ:

Քրիստոնյայի մեծ ձգտումն է ամեն օր ընդառաջ գնալ Տիրոջը՝ արժանանալու Նրա հետ հանդիպման ուրախությանը և այդ հանդիպումներից վերջինի ժամանակ լսելու Տիրոջ կողմից շնորհվելիք բաղձալի խոսքը, թե՝ եկե՛ք, Իմ Հոր օրհնյալներ և ժառանգեցե՛ք այս արքայությունը, որ պատրաստված է ձեզ համար աշխարհի սկզբից ի վեր (Մատթ. 25:34):

 

Կարինե Սուգիկյան

13.02.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․